«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
03.04.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը` թիվ 22-ում)
ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մեր ազգի քրիստոնեական սովորություններից է նաև ննջեցյալին իր մահվան տարելիցին հիշելը։ Սուրբ հայրերի խորհրդով պետք է ննջեցյալի մահվան օրը միշտ հիշել որպես նրա հոգու ծննդյան օր և աղոթքներ անել նրա համար ու ողորմություն բաժանել չունևորներին։ Այդ ժամանակ նրա հոգու համար օգտակար է քահանա հրավիրել գերեզման և աղոթքներով խնկարկել շիրմաթումբը, քանի որ այդտեղից է լինելու նրա հարությունը, երբ գա բոլոր մեռելների հարության օրը։ Անշուշտ, այս խոսքերը շատ ընթերցողների հեքիաթ են թվում, բայց չէ՞ որ մեր նախահայր Ադամը նույնպես հողից արարվեց, ու նույն Արարիչը մի՞թե չի կարող այդ հողից նորից մեզ կյանքի կոչել, մանավանդ որ Հիսուս Քրիստոսից անսուտ խոստում ունենք, որ ասվեց ի լուր ամենքիս. «Ինչո՞ւ եք զարմանում, որովհետև պիտի գա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա (Աստծո Որդու) ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են գործել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար» (Հովհ., 5,15)։
Իսկ Պողոս առաքյալն ավելացնում է. «Եթե քարոզվում է, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում, թե մեռելներից հարություն չկա։ Եթե մեռելներից հարություն չկա, ապա Քրիստոսը հարություն չի առել։ Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, զուր է մեր քարոզչությունը, և զուր է ձեր հավատը։ Եվ մենք Աստծո սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին։ Եթե Քրիստոսը հարություն չի առել՝ ունայն է ձեր հավատքը և դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, ավելի ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ Եթե մեռելները հարություն չեն առնում, «ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք»։ Բայց եթե մեկն ասի, թե ինչպես են հարություն առնում մեռելները, կամ ինչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։ Ինչ որ սերմանում ես, սերմանվածը այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է, այլ մերկ հատիկ՝ լինի ցորենի, թե այլ սերմերի։ Եվ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է, և սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը։ Ամեն մարմին նույն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց, և այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների, և այլ է մարմինը ձկների։ Կան նաև երկնավոր մարմիններ, կան նաև երկրավոր մարմիններ...
Այսպես է նաև մեռելների հարությունը. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության, սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով, սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ, սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին»
(Ա.Կորնթ., 15,12-44)։
Իսկ Հովհաննես Մաշկեվորցի վարդապետն այդ բացատրում է այսպես. «Մեր մարմիններից ոչ մի մասնիկ չի կորչում, որքան էլ դրանք փտեն կամ այրվեն, քանզի դրանք փոխադրվում են այնտեղ, որտեղից երբեմնի վերցվել են Ամենակարողի Ձեռքով»։
Նաև տեղեկացնենք, որ ըստ Աստվածաշնչի` աշխարհի արարումից մինչ այսօր, մարմնով երկրից երկինք է տեղափոխվել ընդամենը երեք հոգի, մինչ օրենքի ժամանակներում՝ Ենովքը, օրենքի շրջանում՝ Եղիան, իսկ օրենքից հետո Հիսուսը՝ հարությալ մարմնով։ Իսկ մահկանացուներից միայն Մարիամ Աստվածածնի մարմինն է արժանացել առանց ապականություն տեսնելու՝ գերեզմանից վերափոխվելու դեպի երկինք, քանզի այդ կույսի որովայնն իր մեջ կրեց միայն Սուրբ, միայն Տեր Հիսուս Քրիստոսին և ինքն էլ դարձավ իր Որդու խոստացած հարության առաջին պտուղը։
Ասենք նաև, որ շատ ննջեցյալ սրբերի մարմիններ չնայած մահացած վիճակում, բայց և այնպես մնացել են անապական, այսինքն չեն հոտել ու փտել ինչպես սովորաբար լինում է, և երբ բացել են տարիներ հետո նրանց շիրմափոսերը, ապա այնտեղից խիստ անուշահոտ բուրմունք է բարձրացել, որն ամենահայտնի վկայությունն է եղել այդ երանելիների սրբության (ինչպես, օրինակ, սրբուհի Բեռնադետի, սուրբ Նեկտարիոսի, սուրբ Շարբելի մարմինները)։ Քիչ չեն եղել նաև այդպիսի սրբերի մասունքներին հպվող և զանազան անբուժելի հիվանդություններից ապաքինվողները։ Եվ դա թող անհավանական չթվա, որովհետև երբ նույնիսկ Պետրոս առաքյալի ստվերն ընկնում էր հիվանդների վրա, կամ էլ Պողոս առաքյալի թաշկինակը դնում էին դիվահարների վրա՝ նրանք իսկույն առողջանում էին, էլ չեմ ասում Հիսուսի Խաչի գյուտի մասին, երբ գտնված երեք խաչերից չգիտեին որն է պատկանում Տիրոջը, այդ ժամանակ մի մեռած պատանի էին տանում, և երբ նրան հերթով դրեցին խաչափայտերի վրա, Հիսուսի Խաչին հպվելուց անմիջապես հետո նա կենդանանում է։
Վերջաբանում ավելացնենք, որ ըստ մեր առաքելական եկեղեցու կանոնների, տարեկան հինգ անգամ տաղավար տոների հաջորդ օրը համարվում է «մեռելոց», երբ բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում ննջեցյալների համար, ու հոգեհանգստյան այդ արարողությունից հետո մարդիկ գնում են իրենց հանգուցյալների գերեզմաններին այցելության, որտեղ խնկարկություն է արվում և աղոթքներ մատուցվում։
Իհարկե, այդ բոլորն առաջ կատարվել է քահանաների կողմից, բայց, դժբախտաբար, այժմ քահանաները սակավ են, իսկ ննջեցյալները` բազում։
Մի սխալ սովորություն է ևս արմատացել մեր ժողովրդի մեջ, երբ Սուրբ Զատիկի կամ Սուրբ Խաչի օրը (որ սխալմամբ կոչում են «սբխեչ»), նորոգ հանգուցյալի գերեզմանն են այցելում, փոխանակ ողջերի Սուրբ պատարագին մասնակցելու։ Այդպես պետք չէ անել, որովհետև ասացինք, որ ննջեցյալների համար եկեղեցին հատուկ արարողությամբ հաջորդ օրը նշում է նրանց հիշատակը և այն կոչում են «Հոգեհանգիստ վասն համօրեն ննջեցելոց» կամ «Հիշատակ մեռելոց»։
Իսկ մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոները հետևյալք են.
1. Հիսուսի ծնունդը - հունվարի 6-ին (անշարժ տոն),
2. Զատիկ կամ հարություն Տեառն - մարտ, ապրիլ, մայիս ամիսներին,
3. Վարդավառ - հուլիս ամսվա առաջին կիրակին,
4. Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեք)-օգոստոսի 15-ին մոտ կիրակին,
5. Խաչվերաց (Սուրբ Խաչ) - սեպտեմբերի 14-ին մոտ կիրակին։
Իսկ վերջում, այս բոլորից հետո, օգտակար է կարդալ մեր սուրբ հայրերի խրատները վշտի և մահվան մասին, քանզի նրանք չվախեցան մահից ու հավատքով պատերազմելով բարի պատերազմը, արժանացան Հիսուս Քրիստոսի խոստացած անմահության պսակին.
U Հոգին ու մարմինը հյուրեր են, մեկը երկնային, մյուսը` երկրային։ (Բարսեղ Մեծ)
U Չափազանց արագահոս է մեր կյանքը, բայց նրանում են ձեռք բերում հավիտենական կյանքը։ (Եփրեմ Ասորի)
U Ինչպես որ անհնար է` մարդը մահվան համը չառնի, նույնպես էլ անհնար է, որ առանց վշտերի ապրի։
U Չկա մեկը, որ թե այստեղ՝ այս աշխարհում, թե այնտեղ՝ այն աշխարհում, լինի ուրախության մեջ։
U Մահը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկարատև քուն։ (Հովհաննես Ոսկեբերան)
U Չկա մի ակնթարթ, որ չկարողանա վերջինը լինել մեր կյանքի համար։ Միգուցե մեզանից ոմանք, որ այս տողերը կարդացին, չտեսնեն վաղվա օրը։
U Չիմանալով որտեղ և երբ է մեզ սպասում մահը, սպասենք այն ամեն ժամանակ և ամեն տեղ։ (Սուրբ 0գոստինոս)
U Երբ բաժանվես մարմնիցդ, այդ ժամանակ կափսոսաս, որ այդքան հոգս ես արել այնպիսի բաների մասին, որոնք քեզ ոչ մի օգուտ չեն տվել։ (Հայր Եսայի)
U Մոտալուտ մահվան սպասողը շատ մեղքերի մեջ չի ընկնի։ (Հայր Եղիսե)
U Ով ապրում է այն մտքով, որ ինքը հավետ պիտի ապրի, մահվանից չի՛ վախենա։ (Իսահակ Ասորի)
U Սա՛ էլ է Աստծո ողորմությունը, որ մարդը չգիտի, թե երբ պետք է մեռնի։ Ուրեմն, քանի որ վերջին օրն անհայտ է, ապա ուշադիր լինենք ամեն օրվա համար։ (Հովհաննես Մաշկեվորցի)
U Քրիստոս մեռավ և մահվամբ մահը մեռցրեց և մեզ կենդանացրեց, քանզի մահվան համար Նա մահ եղավ, իսկ մեռյալներիս համար՝ կենդանություն։
U Մահը մուտք է դեպի հավիտենականություն, որը լինելու է երկուսը՝ կամ հավիտենական երջանկություն, կամ հավիտենական տանջանքներ։ (Գրիգոր Տաթևացի)
U Ինչպես սատանան տեսնելով, որ մարդու կյանքի վերջն է մոտենում և ամեն ջանք գործադրում է, որ նրան կորցնի, այդպես էլ Աստված մահվանից առաջ յուրահատուկ մի միջոց է ուղարկում նրա փրկության համար։ (Անանուն հեղինակ)
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4904

Մեկնաբանություններ