Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ապահովագրությունը՝ որպես հուսալի ճանապարհ

Ապահովագրությունը՝ որպես հուսալի ճանապարհ
21.10.2008 | 00:00

ՄԵԿՆԱՐԿ
Բանկային համակարգի կայացմանը զուգընթաց կարևորվում է ապահովագրական համակարգի զարգացումը, ինչը Հայաստանում դեռևս խմորման փուլում է։ Ապահովագրության ոլորտը, մանավանդ զարգացած երկրներում, ֆինանսական շուկայի կարևոր բաղկացուցիչներից է, և պատահական չէր, որ տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված ԱՄՆ-ի կառավարությունն առաջինը ձեռնամուխ եղավ համաշխարհային ապահովագրական համակարգի առաջատար «AIG» ընկերության փրկությանը՝ տրամադրելով վերջինիս 85 մլրդ դոլար։
Հայաստանի ապահովագրական շուկայի գրավչության և զարգացման հեռանկարի մասին է խոսում այն փաստը, որ այս ոլորտին արդեն սկսել են ուշադրություն դարձնել նաև օտարերկրյա, առաջին հերթին՝ ռուսաստանյան ապահովագրական ընկերությունները։ Օրինաչափ է, որ հայաստանյան ապահովագրական շուկայում գործող ընկերություններին միացավ ևս մեկը՝ ռուսական «Ռոսգոսստրախ» ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկությունը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Երևան քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում։ «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ, հայազգի Դանիել Խաչատուրովը ընկերության մեկնարկեքին նվիրված մամուլի ասուլիսում նշեց, թե Հայաստանում իրենց գործունեության համար ուղենիշ է հանդիսացել այն իրողությունը, որ մեր երկիրը վերջին տարիներին տնտեսական լավ ցուցանիշներ է արձանագրում։ Խաչատուրովն ընդգծեց նաև, որ վերջերս մուտք են գործել Մոլդովայի ապահովագրական շուկա և պատրաստվում են հետագայում ամրապնդել իրենց դիրքերն ինչպես ԱՊՀ, այնպես էլ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներում։ Միաժամանակ հավելեց, որ պատրաստվում է նույն ձևով գործել հայաստանյան ապահովագրական շուկայում և հասնել այն բանին, որ այդ շուկայում հաճախորդների գերակշիռ մասը վստահի իրենց։ Ավելորդ չէ նշել, որ «Ռոսգոսստրախն» այսօր ռուսաստանյան ապահովագրական շուկայի առաջատարն է և 2007-ին հավաքագրված ապահովագրավճարների մասով հատել է արդեն 2 մլրդ դոլարի սահմանագիծը։
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ներկայումս հայաստանյան ապահովագրական շուկայում դրամական զանգվածի ծավալը շատ փոքր է (մոտավոր հաշվարկներով այն կազմում է 20 մլն դոլար, որից 6-7 միլիոնը բաժին է ընկնում միայն ավիացիայի ապահովագրական վճարներին)։ Այս առումով «Ռոսգոսստրախ-Արմենիան» իր գործունեությամբ պատրաստվում է ընդլայնել շուկան՝ ավելի շատ հաճախորդներ ներգրավելով ապահովագրության ոլորտ։ Գործադիր տնօրենը փաստեց, որ իրենք Հայաստանում սկսել են գործունեություն ծավալել դեռևս սույն թվականի մայիս ամսից և այդ ժամանակահատվածում կարողացել են հավաքագրել բավականին կայուն աշխատանքային թիմ, որի հիմնական նպատակը մոտակա տարիներին հայաստանյան ապահովագրական շուկայում ամուր ու հաստատուն տեղ գրավելն է։ Երևանում արդեն բացվել է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար նախատեսված վաճառքների առաջին գրասենյակը։ Հաջորդ տարի Երևանում կբացվի ևս երկու գրասենյակ, իսկ 2010-ին «Ռոսգոսստրախ-Արմենիան» մասնաճյուղեր կունենա Հայաստանի բոլոր մարզերում։
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7733

Մեկնաբանություններ