Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ
27.10.2009 | 00:00

(սկիզբը՝ նախորդ համարում)

ՍԱՂՄՈՍՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄՆ ԸՍՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
Սաղմոսները 150 երգերից բաղկացած և բազմաթիվ հեղինակների կազմած ստեղծագործություններ են, որոնցից յուրաքանչյուրն ամբողջական ու ավարտուն քնարական երկ է՝ գրված որևէ հայտնի պատմական իրադարձության առիթով, և բովանդակում է կենդանի, հախուռն մտքեր ու զգացմունքներ, որոնք ապրել են դրանց հեղինակները տվյալ պարագաներում: Սաղմոսների ծագման պատմական հանգամանքների բազմազանության պատճառով վերջիններիս բովանդակությունն աչքի է ընկնում մտքերի և զգացմունքների այնպիսի հարստությամբ, որ անհնար է դառնում ըստ բովանդակության դրանց խիստ ու ճշգրիտ բաժանումը որոշակի խմբերի: Հին ժամանակներից ի վեր ուշադրություն է դարձվել Սաղմոսարանի բովանդակության բազմառարկայնության վրա:
Սուրբ Հովհան Ոսկեբերանն այս կապակցությամբ ասում է. «Սաղմոսներից մենք բազմաթիվ օգտակար բաներ ենք սովորում: Դավիթը խոսում է քեզ հետ և՛ ներկայի, և՛ ապագայի, և՛ տեսանելի ու անտեսանելի արարածների մասին, նա սովորեցնում է քեզ բազում բաներ՝ հարություն, Հիսուս Քրիստոս, հանդերձյալ կյանք, արդարների հանգիստ և մեղավորների տառապանք, ինչպես նաև բարոյական և դավանաբանական ուսմունքներ: Մի խոսքով, Սաղմոսարանում անհամար բարիքներ կգտնես: Գայթակղվե՞լ ես` նրանում լավագույն մխիթարությունը կգտնես: Մեղքի մե՞ջ ես ընկել` անհամար բժշկությունների կհանդիպես: Աղքատությունը կամ դժբախտությո՞ւնն է դուռդ ծեծում` բազում հանգրվաններ կտեսնես այնտեղ: Եթե դու արդար ես, այնտեղից ամենահուսալի քաջալերանքը կստանաս, իսկ եթե մեղավոր ես՝ ամենագործուն մխիթարությունը: Եթե քո բարի գործերը քեզ հպարտացնում են, խոնարհություն կսովորես: Եթե գլխիդ արքայական թագ կա կամ մեծ իմաստությամբ ես աչքի ընկնում, ապա սաղմոսները քեզ համեստություն կսովորեցնեն: Եթե դու հարստության ու փառքի տեր ես, սաղմոսերգուն կհամոզի քեզ, որ աշխարհում ոչ մի մեծ բան գոյություն չունի: Եթե քեզ վիշտ է համակել, սփոփանքի խոսքեր կլսես: Եթե տեսնում ես, որ արդարները մեղավորների պես զրկանքների մեջ են, ապա դրա բացատրությունը կստանաս: Եթե տեսնում ես, որ ոմանք այստեղ անարժան ձևով են երջանկությունը վայելում, կսովորես չնախանձել նրանց: Նրա յուրաքանչյուր բառը բովանդակում է մտքերի անհուն ծով» (Մեկնություն Հռոմեացիների թղթի):
Սաղմոսարանի երգերը, իբրև քնարական ստեղծագործություններ, որոնց միջոցով հեղինակները մեզ ծանոթացնում են իրենց ապրածի հետ, միշտ չէ, որ աչքի են ընկնում շարադրանքի խիստ տրամաբանական հաջորդականությամբ և բուն տոնի՝ ձայնաստիճանի հետևողականությամբ: Հաճախ մտքերի շարադրանքի մեջ չեն նկատվում աղերսները, հանդիպում են հանկարծական անցումներ մի առարկայից մյուսին, միևնույն սաղմոսի մեջ շարադրանքի տխուր բնույթը փոխվում է ուրախի և հակառակը (Բ, Դ 8-10, ԻԱ և այլն): Այս կապերի բացակայությունը մտքերի շարադրանքի մեջ հասկանալի է. զգացմունքի անմիջականությունից բխած կենդանի խոսքը և տրամաբանական կապակցվածության դատողական պահանջներն ու մտքերի ձևակերպման ստուգությունը չեն կարող միշտ ներդաշնակության մեջ լինել:
Սաղմոսների միջև, ընդհանուր առմամբ, բնական մերձավորություն է ի հայտ գալիս՝ թե՛ լեզվի, կազմության ու ձևի արտաքին նմանության, թե՛ գաղափարների, զգացմունքների, խնդիրների ու ավանդությունների միասնության մեջ: Այս խմբերի միջև փոխադարձ նմանություններ ու միաձուլումներ առաջացնող կապեր են հաստատվում: Այսպիսին են սաղմոսները: Սրանցից շատերը նախադասության կառուցվածքի ու արտահայտչամիջոցի հարցում նմանվում են իրար թե՛ կառուցվածքով և թե՛ միասնությամբ: Ենթադրվում է, որ միատեսակ ու միանման վիճակները և միևնույն թեմաներն արծարծող սաղմոսները փոխադարձաբար թափանցում են մեկը մյուսի մեջ՝ նոր ճյուղավորումներ առաջացնելով:
Այսպիսով, մենք խոսելու ենք սաղմոսների «խմբերի» մասին: Սակայն այդ խմբավորվածության մասին խոսելու ենք խիստ վերապահությամբ: Բոլոր սաղմոսները դասակարգել փորձողը պետք է գոհանա ենթադրությամբ և անգամ կռահումով: Հենվելով այս վերապահության վրա՝ առաջարկվում է սաղմոսները բաժանել երեք մեծ խմբերի՝ 1) փառաբանության սաղմոսներ, 2) օգնության, վստահության, գոհության աղոթքներ, 3) ուսուցողական սաղմոսներ:
ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐ
Այս խումբը ներկայացված է ողջ սաղմոսարանում: Ակնհայտ է, որ այս տիպի սաղմոսները ծիսական նպատակներով են կազմվել և երգվել իսրայելական տոների առիթներով: Հիմքեր կան այս կամ այն սաղմոսը որոշակի տոնի հետ առնչելու համար, բայց մենք խուսափում ենք դա ընդհանրացնելուց ու բոլոր սաղմոսների վրա տարածելուց: Սաղմոսների հստակ ու ակնհայտ խմբային բնույթն արտահայտվում է երկխոսությամբ, երգչախմբի երգեցողությամբ, կրկներգով, բացականչությամբ և «ամեն» ու «ալելուիա» բառերով: Այն արտահայտվում է նաև զանգվածային շքերթի, երթի ու հանդիսավոր ցույցերի ընթացքում՝ պարերով, ծափահարություններով, ծնրադրությամբ ու երկրպագությամբ:
Սովորաբար փառաբանական սաղմոսները միևնույն կերպն ունեն: Առաջին իսկ տներից մենք հայտնվում ենք տարբեր երկարության կրկներգի կամ թեման բացահայտող բացականչության առաջ և տեսնում սաղմոսերգուին մերթ իր անձին, մերթ հավատացյալների համայնքին, մերթ ժողովրդի մնացած խավերին ու բնության տարերքին (ՃԽԸ), անգամ երկնային սպասավորներին (ԻԸ, ՃԽԸ) կանչելիս:
Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից,
Օրհնեցե՛ք Նրան բարձունքներից։
Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլոր հրեշտակներ,
Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլոր զորություններ,
Օրհնեցե՛ք Նրան, արեգակ և լուսին,
Օրհնեցե՛ք Նրան, բոլոր աստղեր ու լույս։
Օրհնեցե՛ք Նրան, երկինքների երկինքներ,
Եվ ջրեր, որ վեր եք երկնքից։
Օրհնեցե՛ք անունը Տիրոջ,
Քանզի Նա ասաց, և դրանք ստեղծվեցին,
Նա հրամայեց, և դրանք հաստատվեցին։
Այս առաջաբանը ցնծության մթնոլորտ ստեղծելու նպատակ է հետապնդում: Բանաստեղծը երբեմն սկզբից ևեթ նշում է փառաբանության դրդապատճառները, որոնք հընթացս շարադրանքի հանգամանալից վերլուծության է ենթարկում: Բանաստեղծությունն ավարտվում է զանազան կերպ. օրինակ՝ առաջաբանի մասնակի կամ ամբողջական կրկնությամբ, դրդապատճառների ամփոփմամբ, օրհնության արտահայտություններից մեկով, աղոթքով և բարեմաղթությամբ: Սակայն գոյություն ունեն այս կաղապարային շրջանակի սահմաններից ելնող տարբերակներ. դա բացատրվում է իրավիճակների ու անձանց փոփոխությամբ. փառաբանությունը կարող է ուղղվել Աստծուն, Սիոնին, Տաճարին և թագավորին:
ՈՒխտի Տիրոջն ուղղված օրհներգությունները մի հավաքածու են կազմում (Ը, ԺԸ, ԼԲ, ՂԹ, ՃԲ, ՃԳ, ՃԺ, ՃԺԲ, ՃԺԳ, ՃԺԶ, ՃԼԴ, ՃԼԵ, ՃԽԴ-ՃԾ, տե՛ս ՀԷ և ՃԴ):
Օրհնի՛ր Տիրոջը, ով իմ անձ,
Եվ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը Նրա։
Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի մոռացիր բոլոր պարգևները Նրա,
Ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։
Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից,
Քեզ պսակում է ողորմությամբ և գթությամբ,
Որ բարությամբ հագեցնում է ցանկությունը քո,
Եվ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։
Ողորմություն ու արդարություն է շնորհում Տերը բոլոր զրկյալներին։
Տերն իր ուղիները ցույց տվեց Մովսեսին և իր կամքը` Իսրայելի որդիներին։
Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։
Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։
Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ,
Ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։
Այլ որքան բարձր է երկինքը երկրից,
Այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա։
Որքան հեռու է արևելքն արևմուտքից,
այնքան հեռացրեց Նա մեր անօրենությունները մեզնից։
Ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին,
այնպես Տերը պիտի գթա իրենից երկյուղ կրողներին։
Նա գիտե կազմվածքը մեր
և հիշում է, որ հող ենք մենք։
Մարդու օրերը խոտի պես են. նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ։
Երբ փչի քամին, նա կանհետանա,
և նրա տեղն իսկ չի երևա։
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից
իրենից երկյուղ կրողների վրա է,
և նրա արդարությունը` որդոց որդի նրանց հանդեպ,
որոնք պահում են ուխտը Նրա,
հիշում նրա պատվիրաններն ու կատարում դրանք։
Տերը երկնքում հաստատեց իր աթոռը,
Նրա թագավորությունը տիրում է բոլորին։
Օրհնեցե՛ք Տիրոջը, Նրա բոլո՛ր հրեշտակներ,
որ հզոր եք ուժով,
կատարում եք խոսքը Նրա, լսում ձայնը Նրա պատգամների։
Օրհնեցե՛ք Տիրոջը, Նրա բոլոր զորքեր,
սպասավորնե՛ր և Նրա կամքը կատարողնե՛ր։
Օրհնեցեք Տիրոջը, Նրա բոլոր գործերը,
ամենուրեք է տերությունը Նրա։
Հոգիդ ի՛մ, օրհնիր Տիրոջը։
Իսրայելն իր հավատքով գովերգում է Միակ, Մշտնջենական, Ամենակարող, Ամենագետ, Արարիչ Աստծուն՝ պատմության Տիրոջը, որ հավատարիմ է Իր իսկ կողմից և Իր համար ընտրած ժողովրդին: Այս փառաբանությունները համայնքի պատասխանն են իր իսկ Տիրոջ խոսքին և ժողովրդի արձագանքը, որն իր պատմության ընթացքում շարունակաբար հանդիպում է Կենդանի Աստծուն՝ իր Առաջնորդին, Դատավորին, Պաշտպանին ու Փրկչին: Պատմական սաղմոսները (ՀԷ և ՃԴ) օրհներգի նման բարեբանում են Նրա «գործերը», «հրաշագործությունները» և «սքանչելիքները», որոնց մենք հանդիպում ենք փրկության պատմության մեջ: Այս աստվածային գործերն ի հայտ են գալիս խոսքերում, նախանշաններում և հայտնություններում, ընդ որում, աստվածային խոսքերը հավասարազոր են գործերին: Այն, ինչը մղում է Իսրայելին փառաբանության, փիլիսոփայական խորհրդածության արդյունք չէ, այլ հոգևոր փորձառության ածանցում:
Սաղմոսերգուները բնության իրենց նկարագրությունների մեջ հակամետ ու ենթակա են իրենց ժամանակի հասկացություններին, ընդ որում, նրանք ավելի հակված են տիեզերքի կրոնական, քան մաքուր բանաստեղծական հայեցողությանը: Մթնոլորտային երևույթները, աստվածային միջամտությունը ծածկող կամ բացահայտող տարվա եղանակների հաջորդական փոփոխությունը և բնությունն անթաքույց վկայում են իրենց Արարչի ներկայության մասին:
«Թագավորության» օրհներգերը (ՂԲ, ՂԵ-ՂԸ) հար և նման են ՈՒխտի Տիրոջն ուղղված օրհներգերին: Դրանք «Սաղմոսաց» գրքում են ընդգրկվել շնորհիվ իրենց առանձնահատուկ մերձավորության, համապարփակ բնույթի և մի քանիսի մեջ առկա «Տերը թագավորեց» (ՂԲ 1, ՂԵ 10, ՂԶ 1 և ՂԸ 1) բարձրագոչ բացականչության: Օրհներգությունները ոգևորությամբ բարեբանում են Իր գահին բազմած Թագավորին՝ Իսրայելի դատավորին և բոլոր ժողովուրդների Տիրոջը: Անկասկած, դրանք կազմվել են պաշտամունքի շրջանակներում (ՂԵ 8-9 և ՂԸ 5): Ցնծություն է հորդում նրանցից, ինչպես հորդում է թագադրման օրը. Իսրայելը, ժողովուրդները, կղզիները և բովանդակ տիեզերքի տարրերը փառաբանական խոսքեր են բացականչում: Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք այս սաղմոսները, որոնք, ըստ որոշ մեկնաբանների, նման են օծման օրհներգություններին, հայտնի ծեսերի մաս են կազմել. օրինակ՝ Տաղավարահարաց տոն, Երուսաղեմի տոն և Նոր տարվա տոն: Պատասխանը ստույգ չէ, քանզի որոշ մեկնաբաններ դրանց և Եսայի մարգարեի գրքի վերջին մասի միջև (Եսայի ԾԲ 7) աղերսներ, իսկ ոմանք այս «նոր» օրհներգությունների մեջ վախճանաբանական շերտեր են տեսնում (ՂԵ 1 և ՂԷ 1): Բայց ընթացիկ պահն իսրայելական պաշտամունքի մեջ ներկա դարձած անցյալ է, իսկ ապագան՝ կանխված: Այս ծեսերը, անցյալը կյանքի կոչելու իրենց կարողությամբ, հույս ու ակնկալիք են ներշնչում:
Ինչ վերաբերում է Սիոնի երգերին, ապա նրանք բարեբանում են Երուսաղեմն ու Տաճարը (ԽԵ, ԽԷ, ՀԵ, ՁԳ, ՁԶ, ՃԻԱ, տե՛ս ԻԳ, ԿԷ և ՃԼԱ): Նրանք Սիոնին վերապահում են փառահեղ հատկանիշներ` Դավթի տոհմի մայրաքաղաք, կրոնական կենտրոն, Բարձրյալի ամենասուրբ բնակատեղի և Մեծ Թագավորի քաղաք: Ի վերջո, այս փառաբանությունների շղթան հասցեագրված է Իրեն՝ Տիրոջը: Նա է Սիոն լեռն ընտրել իբրև Իր գահանիստ վայր ու Իր հանգստատեղի: ՃԼԱ սաղմոսը, հավանաբար, ձոնված է քաղաքի և նրա թագավորի ընտրության հիշատակի ոգեկոչմանը: ԿԷ սաղմոսի հեղինակը հին օրհներգություններից փոխառած անորոշ հուշերով ծանրաբեռն վիպերգական ոճով պատմում է դեպ իր վերջին հանգրվանը շարժվող ՈՒխտի տապանակի հանդիսավոր երթի մասին:
Ամենակարողի մշտական ներկայությունն այս քաղաքի կայունության ու անվտանգության առհավատչյան է, ինչը քաղաքը վերածում է անառիկ ամրոցի: Այստեղից է սկիզբ առնում ժողովրդի կատարյալ հանգստությունը նույնիսկ ամենաճգնաժամային պահերին: Սիոնի երգերը քաղաքին՝ ժողովուրդների մայրաքաղաքին (ՁԶ) իդեալական կատարելություն հաղորդելու նախնական ձևերն են:
Աստիճանների սաղմոսների հավաքածուն (ՃԺԹ-ՃԼԳ) ներշնչանքի նույն աղբյուրից է կյանքի կոչվել: Միշնայում գրված է, որ ղևտացիներն այս օրհներգությունները երգում էին Նականորի դռան 14 աստիճանների վրա: Ենթադրվում է նաև, որ ուխտագնացները Երուսաղեմ «բարձրանալիս» այս սաղմոսներն էին երգում: Այս սաղմոսները, ինչքան էլ իրար մոտ լինեն, տարբեր գրական սեռերից են կազմված և բազմազան թեմաներ են շոշափում: Դրանք մեծ մասամբ կարճ են:
Եթե «Թագավորության սաղմոսները» բարեբանում են ամենաիդեալական Թագավորին, այսինքն՝ Տիրոջը, ապա արքայական սաղմոսները մեծարում են ժամանակավոր միապետության տիրակալներին (Բ, ԺԷ, ԺԹ, Ի, ԽԴ, ՀԱ, ՁԸ, Ճ, ՃԹ, ՃԼԱ և ՃԽԳ): Արքունիքում ու Տաճարում հանդիսությունները կազմակերպվում էին թագադրության, օծման, գահակալության, թագավորի ամուսնության, պատերազմ գնալու և հաղթանակի կամ փորձության ու հաջողության առիթներով: Օրհներգությունները փոխվում էին իրադրության փոփոխության համեմատ. թագավորի ու նրա տոհմի մեծարում, գոհություն, աղաչանք, պաղատանք, մարգարեություն և այլն: Այս օրհներգություններն աչքի են ընկնում կառուցվածքի, թեմայի և արքունիքի արարողակարգերի ազդեցությունը կրող ոճի հարուստ բազմազանությամբ: Նմանության եզրեր են նշմարվում դրանց և իրական միջավայրի՝ արքունիքի ու այն անձի՝ թագավորի միջև, որին ուղղված են սաղմոսները: Ազգի առաջնորդի մեծարումը վերագրվում է Տիրոջը, ՈՒմ անունից կառավարվում է այս ժողովուրդը: Թագավորն Աստծու որդեգրած զավակն ու ժառանգն է: Տիրոջ Մեսիան՝ Օծյալը, նստած է Բարձրյալի աջ կողմում և օգտագործում է Դավթի հավիտենական գահի կայունությունը, իսկ այդ գահը միաժամանակ «Իսրայելում Տիրոջ թագավորության գահն» է (Ա Մնաց. ԻԸ 5): Հաճախ են այս սաղմոսները խոսում Նաթանի ձեռամբ Դավթին տրված խոստման մասին (Բ 6-8, ԽԴ 7, ՁԸ 4-5):
Արքայական, թագավորության և Սիոնի երգերի միջև սերտ աղերսներ կան: Բոլոր այս սաղմոսներն իրենց մեջ կատարածի՝ վախճանի խոստում են պարունակում. դա Մեսիայի ակնկալիքն է, Աստծու վերջնական թագավորության ակնկալիքը և իդեալական քաղաքի սպասումը:
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3501

Մեկնաբանություններ