Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՈՂԻ ՀԱՐՑԻ, ԱՍՏԾՈ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԵՎ Ո՛Չ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՈՂԻ ՀԱՐՑԻ, ԱՍՏԾՈ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԵՎ Ո՛Չ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
31.05.2011 | 00:00


Չթվա, թե նախկին վարչապետի առաջ քաշած բոլոր հարցերին դեմ եմ: Օրինակ, բավականին պատշաճության մեջ են ընթերցվում Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին կաթողիկոսների մասին Բագրատյանի արժևորումը, հարգանքն ու գնահատանքը: Սակայն, ըստ աստվածաշնչյան իմ գիտցած բանալիների, Բագրատյանի առաջ քաշած խնդիրների մեծ մասը ծուռ ակնոցներով դիտված կամ հաճախ էլ վայրագ երևաց ինձ: Որովհետև, եթե մեր եկեղեցու մեջ պատմականորեն բացեր կան, ապա, բնականաբար, հոգսն այսօր ամենքինս է: Առողջ մտածողություն չի լինի, եթե ասենք. «Մայրս հիվանդություն ունի, արդեն ինձ պետք չէ, հրաժարվում եմ այլևս նրա որդին լինելուց»: Բայց այդ նաև չի նշանակում, որ իշխանության մեջ մեծ բացեր ու հիվանդություններ չեն եղել կամ չկան, այն էլ` հոգևորի դեմ դրսևորած: Ըստ այդմ էլ ջանացինք առանց կողմնակալության, ըստ Աստվածաշնչի և ըստ մեր ազգի մեծերի` նախկին վարչապետի առաջ քաշած խնդիրներից մի քանիսը քննել, որպեսզի նաև հարգանքով դիտենք «Մի դատիր, որ չդատվես» իմաստուն խրատ-պատվիրանը:
Նախ, հողի մասին խնդրից սկսենք, որ նախկին վարչապետի հիմնական կռվանն է և գրեթե բոլոր հարցադրումների հիմքը: Նա կարծում է, թե հող ունենալով` շատ փող, ունեցվածք կարելի է ստանալ, որով էլ կայուն պետություն ձևավորել: Խնդիրն այն է, որ առանց Աստծուն լսելու և Նրան խոնարհ լինելու, որքան էլ հող ունենաս` ստացած բերքդ էլ կարող է բնական աղետներից` կարկուտ ու մորեխ և այլևայլ պատահմունքներով խիստ սակավանալ ու մարդկային բոլոր ճարպիկ հաշիվներդ խառնել: Օրինակ, Եգիպտոսում, ժամանակին յոթ տարի խիստ երաշտ եղավ, և եթե չլիներ Հովսեփ Գեղեցիկի Աստվածային իմաստությունը, Եգիպտոսի լայնարձակ հողերը նրան չէին փրկի սովի սպանդից: Ըստ այդմ` Աստծո կամքով ապրելն է յուրաքանչյուր պետության կայուն հիմքը և ո՛չ թե միայն շատ հող ունենալը: Սուրբ գրքով նման աղետները պատահմունքներ չեն, այլ մեղքերի վերադարձ, որն իր հետ հասանելիք աղետներն է բերում: Եթե նման վայրերում ապաշխարություն չկա, ապա աղետներից ու պատահմունքներից ազատում ևս չի լինում: Նման վայրերում բերքը պահպանվում է ծայրահեղ դարձած մեղքերի ապաշխարությամբ: Այսինքն` պետության կայունությունը հենվում է ապաշխարության և տաղանդավոր, իրենց գործին ճշմարիտ շնորհներով նվիրյալ մարդկանց արդյունավոր աշխատանքների վրա: Աղետների շրջաններում աստվածպաշտության, առաքելական եկեղեցու քարոզչությամբ ու զորացումով է երկրում կայունություն հաստատվում: Առնվազն տգիտություն կլինի, եթե որևէ մարդ պարծենա, թե ամպերի վրա կրակելով և կարկուտի աղետից ազատվելով` իսպառ աղետից կարող է ազատվել և այդպես բերքը փրկելով` հարստանալ, կամ պետություն կայունացնել: Դա արտաքին ինքնախաբեական հաջողություն կլինի միայն: Քանի որ կարկտի ամպը ցրելու դեպքում աղետը մեկ այլ տեղից կհարվածի մեղավորներին, կեղծ ապահովությունն ի հայտ անելով, նրանց դարձնելով ավելի սակավամիտ ու կույր, դարձնելով ավելի մեծ աղետների առաջ լքված ու բարոյապես ընկած, հիպնոտիկ պատրանքի հաջողություն որոնող, ընկճված ու ենթակա որս: Բան, որ կարկուտի աղետից տասնապատիկ ու ավելի անգամ վատ է: Դեղը կրկին մնում է արդեն ավելի ծանր ապաշխարությունը: Այս ապաշխարության մեջ է մտնում նաև Աստծո իմաստությանը դարձի պատվերը հողի մասին: Ասելիքս այն է, որ առատ հողեր ունենալը առանց Աստծո երբևէ հարուստ լինելու հիմք ու գրավական չէ, եթե մշակը Աստվածային իմաստություն չունի: Աստծով է հողը ստեղծվել: Եվ հողը դիտվում է որպես կենդանի ու գործուն մարմին, և ինչպես Ստեղծողի և մարդկանց համար կա հանգստյան օր, նույնպես և հողի համար կա հանգստյան տարի` Երկնքից` Աստծո բանական կարգավորմամբ նախասահմանված: Սակայն ագահությամբ բերք հավաքելու ելած պետություններն ու անգետ կամ չարաշահ մշակները, չենք լսել, որ պահեն հողի հանգստության մասին Տիեզերական օրենքը: Կարծում եմ, Բագրատյանն էլ, որպես պաշտոնյա, այդ օրենքը չէր պահում կամ չէր պահի, քանի որ, ցավոք, ո՛չ ոք չէր պահում: Աստվածաշնչից մեջբերենք այդ կարևոր օրենքը: Այն նպատակով բերենք, որպեսզի հստակ երևա, թե երբ Աստծո պատվիրանները չենք պահում, ապա մեր վերլուծությունները, այս դեպքում` պարոն Բագրատյանի, ցավոք, նմանվում են վայրագ դիրքորոշման` իր հոգևոր Ծնողի` Մայր Եկեղեցու դեմ, քանի որ քննությունները 60 տոկոսով (տնտեսագետի հետ տոկոսով խոսելը ավելի հասկանալի կլինի) առանց Աստծո է կատարում. «Վեց տարի կը մշակես քո արտը, վեց տարի կ՚էտես քո այգին և կը հավաքես դրանց բերքը: Յոթներորդ տարին հանգստյան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում: Քո արտը չես մշակի, քո այգին չես էտի: Քո արտում ինքն իրեն աճած բույսը չես հնձի, Տիրոջը նվիրաբերվելիք խաղողը չես քաղի, քանի որ այդ հողի հանգստյան տարին է: Հանգստյան տարվա ինքնաբույս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մոտ բնակություն հաստատած օտարականի, քո անասունի և քո երկրի գազանների համար: Նրա տված ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար» (Ղևտացիներ, 25-րդ գլուխ):
Պարոն Բագրատյանն այն ոճով է հող ասում, որ հրապարակման մեջ փող է կարդացվում` դրամ: Բայց այդ ասում է Աստծուց բավականին գլուխը հետ շրջած։
Աստծո իմաստության արթնացնողները թե՛ իշխանավորների մեջ, թե՛ ժողովրդի` Նրա եկեղեցիներն են` օրհնաձեռ իրենց քահանաներով, քաջ և իմաստուն հոգևորականներով: ՈՒստիև Աստծո իմաստություններին մեր դարձն է ապաշխարություն և պետության հիմքերը կայունացնողը և ո՛չ միայն հող կամ շատ հող ունենալը, ինչպես պարոն Բագրատյանն է կարծում: Այդ մասին մարգարեություններում այսպիսի մի խոստում կա. «Եթե վերադառնաս իմ պատվիրաններին, այն հողային տարածությունները, որ քեզանից վերցրեցի իմ պատվիրաններից երես թեքելուդ պատճառով, նորից քեզ պիտի վերադարձնեմ»: Այսինքն, շատ հող ունենալը, մեր կորցրած երկիրը հետ բերելը ևս կախված են Աստծուն դառնալու և ո՛չ թե Նրա հանդիման կամ Նրա եկեղեցիների նկատմամբ ընդոստնելուց:
Հաջորդ ցավոտ հարցը, որ ջանում է քննարկել պարոն էքսվարչապետը եկեղեցու ունեցվածքի դեմ է, և կրկին, մեծ մասամբ հողերի հետ կապված: «Երբ եկեղեցին հողերի տեր է դառնում,- ասում է նա,- տկարանում է պետությունը»:
Նախ այդպես, կարծելը մասամբ է ճիշտ, քանի որ եկեղեցին իր իմաստությունների շտեմարանից օգտվելով, հողը կմշակի, բնականաբար և առավել օրհնառատ արդյունքի հասնելով այդ ասպարեզում ևս: Սակայն, ըստ աստվածային կարգերի, եկեղեցու առաքելությունը ամենևին էլ հող մշակելը չէ, այլ իր իմաստություններով օգնելը, որ այդ գործը իշխանություններն անեն: Եկեղեցու առաքելությունից դուրս է, որ ինքը հող մշակի, այլ նրան Աստված տվել է, որպես հողի տեսակ` մարդկանց մշակել, նրանց ծառայելով, ըստ Աստծո` բանավոր մշակության:
Ըստ առաքելական կանոնների` հոգևորականները բացի իրենց հոգևոր մշակությունից, այլ բաներով հարկ չէ որ զբաղվեն, և ձեռնադրվում էին անընչասերները: Ցավոք, ես քիչ գիտելիք ունեմ այն մասին, թե մեր առաքելական եկեղեցին այս կամ այն դարում որքան հողատարածքներ է ունեցել, ինչպես պարոն Բագրատյանն է ասում, և այժմ էլ չգիտեմ` ունե՞ն, թե՞ չունեն: Կարծում եմ, որ այսօր չունեն: Բագրատյանն ասում է, թե ունեն. «Գործարան-գործարանի հետևից, տարածք-տարածքի հետևից»,- գրում է նա: Վարչապետ է եղել, այս հարցն ավելի լավ կիմանա: Ինքս էլ համամիտ չեմ, որ եկեղեցին գործարան, գործարաններ` արտադրություն ունենա, մի բան, որ մեր եկեղեցու վերին, բանավոր կոչմանն անհարիր է: Եվ առաջին անգամ եմ լսում, որ եկեղեցին գործարան- գործարաններ ունի: Նման հոգևորականը, լավ է, որ եթե արտադրություն է սիրում, դուրս գա իր հոգևոր ծառայությունից և արտադրությամբ զբաղվի` օգնելով նաև իր հայրենի եկեղեցուն: Շնորհալու ասածի նման, մնալով այդպես. «Աստծո բարեկամ», որովհետև այդ ավելի լավ չէ՞, քան վատ բանավոր մշակ լինելը: Եվ կամ թող թողնի արտադրությունը` ամբողջովին նվիրվելով Աստծո գավազանին: Իսկ այսօրվա եկեղեցու տարածքների մասին, որ գրում է Բագրատյանը, հույս ունենանք, որ եկեղեցիներ կառուցելու տարածքների մասին չի խոսում: Եթե ոչ, անբարի բարք կամ գայլի աչք դրսևորած կլիներ եկեղեցու առանց այն էլ սակավ տարածքների վրա, մի բան, որ ո՛չ մի շնչավոր արարածի պատիվ չի բերում, առավել ևս` թեկուզև արդեն նախկին պաշտոնյային, թեկուզև միայն նրա բարձրաձայն նման մտածողությամբ և ո՛չ թե արդեն գործով:
Քրիստոնյաներիս համար միշտ էլ ակնածելի են եղել և են այն հոգևորականները, ովքեր ունեցվածքի հետևից չեն ընկնում: Այդ առումով մեջբերեմ ոսկեհոգի և ոսկեխոս մեր Շնորհալու «Թուղթ ընդհանրականից» մի շատ կարևոր հատված, ուր խոսվում է անընչասեր կրոնավորի և «Աստծո բարեկամ» այն ունևորների մասին, որոնք իրենց ունեցվածքով օգնում են եկեղեցուն. «Այժմ թեև Քրիստոսի առաջին կամքն ու հրամանն այն է, որ կրոնավորը բնավ ստացվածք չունենա, ...որպեսզի նյութականի մասին հոգալով, աստվածային առաքինությունների աննյութական հոգսերից չկտրվի` ինքն իրեն գցելով բազմաթիվ վնասների, հոգսերի ծանրության տակ, այլ, ըստ առաքյալի հրամանի, միաբանական կյանքին վայել կերակուր ու հանդերձ ունենա և դրանով գոհանա: Բայց քանզի սա բոլորի համար չէ, այլ նրանց, ովքեր Աստծու սիրո համար ատեցին աշխարհը և այնտեղից հեռացան և ո՛չ ուրիշ պատճառով: ՈՒստի և մենք այն կրոնավորներին, ովքեր երկկենցաղ կենդանիների նման ցամաքային են արտաքինով և ծովային` աշխարհի ծովի զբաղմունքներով, աշխարհիկների օրենք ենք դնում և ոչ թե գերաշխարհիկների:
...Քանզի հանուն Աստծո կամավոր աղքատը նմանվում է Քրիստոսին, Ով մեզ համար աղքատացավ, ինչպես ասվում է Սուրբ գրքի մեջ, իսկ աղքատին ողորմողը Քրիստոսին բարեկամ է կոչվում, բայց ո՛չ հենց Քրիստոս»:
Որ այսօր մեր եկեղեցին աշխարհի ամենաաղքատ եկեղեցիների մեջ է մտնում, այդ հայտնի բան է, երբ եկեղեցիներ կառուցելու անհրաժեշտությունը Հայաստանով մեկ այսօր անհամեմատ ավելի է մեծ, պահանջը շատ և կառուցումները հնարավոր, եթե... դրամական հնարավորությունները բավարարեն: Շնորհալու ասածի հանգույն. «Աստծո բարեկամների» շատացման, առատացմանն է այսօր կարոտ մեր եկեղեցին և ո՛չ «Խաչերի ջարդ» հիշեցնող քարկոծմանը, որ, ցավոք, Բագրատյանն է անում:
Ասելիքս այն է, որ մեր եկեղեցու աղքատությունը չպիտի նույնական դիտել որոշ անհատ հոգևորականների հարստությունների հետ, որոնք նույնպես, կարծում եմ, չափազանցված են, և ոմանք ասողներից գուցե ավելի՞ն ունեն, քան նրանք, ում մեղադրում են: Բայց մի բան ակնհայտորեն ճիշտ է, որ հոգևորականի վարքին ու առաքելությանը անհարիր է հարստությունների հետևից ընկնելը: Նման հոգևորականը կիսատ-պռատ է լինում:
Չի կարելի չհամաձայնել էքսվարչապետի այն հարցադրմանը, թե հարկ չէ, որ հոգևորականը բիզնեսներով զբաղվի: Որքան բիզնեսով զբաղվի, այդքան իսկ պակաս պիտի գտնվի իր կոչման մեջ, որպես Աստծո դաշտում բարի մշակ: Սակայն, ինչ խղճմտանքի հարցերին է վերաբերում` դրանք բիզնեսի հետ կապ չունեն և դուրս են հաշվումներից: Որովհետև շնորհը չի կշռվում մարմնային կարգով, և դրա դիմաց կտրոն պահանջելը, որ պարոն էքսվարչապետն է ակնարկում, եկեղեցին այս աշխարհային բիզնեսի մի հիմնարկ դիտել կլիներ կամ այդպիսին դարձնելու անօրեն փափագ ունենալ, և որ անպատվություն կլիներ բանական մարդու համար: Նույնպես և դրսի «բոբո դյադյաների» ներմուծած լկտիություն է եկեղեցին ու մշակույթը դիտել որպես բիզնես` ՀԴՄ-ներով և կտրոններով: Երբ ճշմարիտ մշակույթի դերը դիմացինի հոգևոր մշակումն է դեպի վեհություն և ո՛չ թե դիմացինի ցանկությունը կատարելու չափի իջեցումն ու նվաստացումը` դառնալով սմքած ու անորակ արտադրանք, որ դրսի «բոբո դյադյաներն» են իրենց դրամի վնասարար հիպնոսով արբեցնում` առաջ բերելով հակամշակույթ կամ ատելության մշակույթ: Մեքենայական այդ քայլերով չէ՞, որ այսօրվա մշակույթը թաղվել է բազմաթիվ հիպնոտիկ շոուների աղբ ու զիբիլի մեջ: Գուցե մուրացկանների՞ն էլ կամենան ՀԴՄ մեքենաներ բաժանել, որ նրանք ողորմություն տվողներին կտրոններ տան: Դրանք, այդպիսի մտածումները, խեղ հարումներ են Նեռի համակարգին, որ դրսից պարտադրվեցին` մեքենայության մղելով շնորհ, խղճմտանք ու հոգի, հոգևոր մշակույթ ու ընտանեկան սեր, մարդուն մարդ դիտելու աստվածընծա յուրաքանչյուր դրսևորում, մղելով արդեն հիպնոսվածներին չարով ուրախանալ, լկտիությամբ զվարճանալ, այդպես մարդկանց ջանալով մոտեցնել անասուններին և նրանցից անգամ ավելի ցած էլ մղել և, ի վերջո, կործանել: Քրիստոնեությամբ Տերը ուղարկում է իրեններին, որպես «ոչխարներ գայլերին քարոզելու», իսկ հիպնոսի անմիտ հիացմունքով լցված «Համաշխարհային իշխանության» համակարգը խղճմտանք կամ սեր մարդու մեջ անզոր է կերտել, և ինչպես Գրվածքն է ասում. «Անկումից է բարձրացել և դեպի անկումն է գնում», քանի որ այսօր գայլերն են որոնում ոչխարներին քարոզել: Բագրատյանին նկատի չունեմ, այլ «Համաշխարհային իշխանության» ծնողուրաց համակարգը, որին որս է ո՛չ միայն Բագրատյանը:
Ասելիքս այն է, որ աստվածաշնչյան շատ և շատ զգուշացումներից հեռու մնալով կամ, ցավոք, դրանք անտեսելով, պարոն նախկին վարչապետն իր հայացքների վաթսուն տոկոսի չափով, ցավոք, դեռ շեղընթաց է` եկեղեցու դեմ ունեցած իր բարկությամբ: Պարոն Բագրատյանին այլ բան չենք մաղթում, քան ապաշխարություն իր Ստեղծողի` Աստծո առաջ, քանի որ տաղանդավոր մարդ է: Աղոթենք, որ իր մոլորումներից Տիրոջով դարձի գա, դառնալով սուրբ Ավետարանի լավ քարոզիչ և ոչ թե մնա քարկոծիչ: Նույնը և ամենքիս եմ մաղթում` մեր բոլոր այն խնդիրներով, որ կարոտ են Աստծո առաջ ապաշխարությունների:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ