USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-5

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-5
21.02.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

(սկիզբը` նախորդ համարում)

ԿՈՒՌՔԸ

Կիրակին, երկուշաբթին և երեքշաբթին շատ բուռն ու լարված անցան: Նախ և առաջ բարեհաջող հողին հանձնեցին Ռենային, շրջկոմի բյուրոն միաձայն հաստատեց առաջնորդի ծննդյան 118-ամյակին նվիրված միջոցառումների գլխացավանք ծրագիրը: Բացահայտվեց ուսուցչուհու սպանությունը: Կիրակոսյանը թոշակավորվեց, Ասլանյանը նշանակվեց օպերգծով տեղակալ: Շրջկենտրոնն էլ արդեն երեք օր էր, ինչ ապրում էր առանց Սվետոզորովա տականքի, և տպավորությունն այնպիսին էր, կարծես թե նա երբեք էլ գոյություն չէր ունեցել:
Չորեքշաբթի առավոտյան, ինչպես միշտ, Հայկազունին ծառայողական մեքենան չնստեց, ոտքով գնաց աշխատանքի:
Պայծառ, թարմությամբ լեցուն առավոտ էր: Մայթերին շարված սլացիկ բարդիները երկու օրում, առանց ժամանակ կորցնելու, արդեն տերևակալել էին: Նրանք հավասար շարքերով կանգնած, մեղմ հովիկին արձագանքելով իրենց լեզվով՝ սոսափյունով, յուրօրինակ տաղ էին ասում: Բնությունը, գարնան գալուստով, ձմռան շնչից ոչինչ չէր ուզում թողնել:
Հասնելով ներքին գործոց բաժնի դիմացի պուրակին` Հայկազունին մի պահ կանգնեց: Դիմացը, փողոցի հակառակ մայթին, ակումբի նոր շենք էին կառուցում: Նորակառույցի հարևանությամբ, պուրակում, մոտ երեքմետրանոց քարե պատվանդանի վրա կանգնած էր մեկ մարդահասակ բարձրություն ունեցող Լենինի գիպսե արձանը, որը ներկած էր ալյումինի փոշով: Այն, չնայած իր համեստ չափսերին և անհամեմատ մեծ ու անճոռնի պատվանդանին, բավականին խրոխտ ու միաժամանակ զվարճալի տեսք ուներ: Առաջնորդը կանգնած էր գլխաբաց, չկոճկված բաճկոնով և մինչև վերջին կոճակը կոճկված ժիլետով ու փողկապով, իսկ ոտքերին հաստ տակով կլորաքիթ կոշիկներ էին: Նրա ձախ ոտքը համարձակ մեկ քայլ առաջ էր դրված աջից, ձախ ձեռքի բութ մատը խրված էր ժիլետի չեղած թևի հիմնամասում, իսկ առաջ պարզած աջ ձեռքի բաց ափով ցույց էր տալիս մարդկության պայծառ ապագան: Նման արձանների կարելի էր հանդիպել ՍՍՀՄ-ի ցանկացած քաղաքում, սակայն այս մեկը մյուսներից տարբերվում էր նրանով, որ գլխից ծիլ էր տվել: Այո, բառիս իսկական և լայն իմաստով առաջնորդի գլուխը ծլարձակում էր:
Հայկազունին չէր հավատում իր տեսածին: Հեռվից նայողին կարող էր թվալ, թե առաջնորդի գլխին աղջկական երկու կանաչ մեծ բանտիկներ էին կապել:
Տեսնելով, որ պետը կանգնած է, Ազատը մեքենայից իջնելով՝ մոտեցավ նրան:
-Ազա՛տ,- առանց շրջվելու հարցրեց Հայկազունին,- ի՞նչ ես տեսնում առաջնորդի գլխին:
Ազատը նայեց արձանին և քիչ մնաց փռթկոցից խեղդվեր, բայց արագ հավաքելով իրեն, լրջորեն ասաց.
-Գարուն է, ընկեր պետ, ամեն ինչ էլ կծլի:
-Ինչ ես հիմար-հիմար դուրս տալիս,- խոսքին հնարավորինս լուրջ երանգ հաղորդելով` ասաց Հայկազունին:
-Կներեք, ընկեր պետ, բայց ես ասացի այն, ինչ աչքիս առաջ է: Ծննդին հազիվ լոզունգներ են աջ ու ձախ կպցնում: Դրա փոխարեն որ գային տիրություն անեին, առաջնորդի գլխին էլ ծառ չէր բուսնի,- խոսքին շինծու կարեկցանք տալով՝ ավելացրեց Ազատը:
-Այստեղ դեռ երեք օր առաջ երկու մետր ձյուն էր նստած, ինչպե՞ս պետք է տիրություն անեին: Շտապ հասիր գործկոմ և գտիր Անդրանիկյանին, եթե մոտը այցելուներ լինեն, նրանց ներկայությամբ չպատմես: Կասես, որ ես այստեղ սպասում եմ, թող շտապ գա:
Պուրակում ձյունը դեռ պահպանվել էր կղզյակներով: Նոր ծլած կանաչ թավիշը ողողված էր ձնհալի ջրերով: Առաջնորդի արձանը Հայկազունին մինչ այդ տեսել էր միայն հետևից, և այն, ինչ տեսավ դիմացից, անսպասելի էր:
Առաջնորդն իր բարի կերպարից միանգամից վերածվել էր իսկական հրեշի: Նրա գլխի կենտրոնից մինչև քթի հիմքը մի լայն ակոս էր իջնում: Գլխի ակոսի միջից մի ամուր, կանաչ ցողուն էր ծիլ տվել իր երկու լայն կանաչ, անսովոր մեծ տերևներով: Դրանք էին, որ հեռվից աղջնակի բանտիկներ էին հիշեցնում, իսկ աչքերը ոչ մի կերպ չէին համապատասխանում մարդու անատոմիական պահանջներին, քանի որ շատ էին հեռացել քթի երկու կողմերից, որտեղ բնությունը կամ Աստված նախասահմանել են մարդու համար այդ շատ կարևոր օրգանների տեղը՝ դեռ Ադամից ու Եվայից սկսած։ Այդ տեղափոխությունն առաջնորդի դեմքի վրայից ջնջելով մարդուն, նրան վերածել էր անդրշիրիմյան աշխարհից դուրս պրծած ճաղատ, վիրավոր հրեշի: Այժմ այս ճաղատ հրեշն էր իր իսկական կերպարի մեջ մտած, աջը առաջ պարզած՝ շրջկենտրոնի բնակչությանը ցույց տալիս պայծառ ապագայի հորիզոնները: Կոստյումը, ժիլետը, փողկապը, այլանդակված գլխով հանդերձ, իրենց մեջ մահազդու գրոտեսկ էին պարունակում: Այս այն դեպքերից էր, երբ մարդ չէր իմանում՝ ծիծաղե՞ր, թե՞ վախենար: Եթե այս ամենին գումարենք նաև, որ անդրշիրիմյան խորխորատներից դուրս պրծածն ինքը՝ ողջ առաջադեմ մարդկության առաջնորդն է, երբ պուրակից դուրս անտեղյակ հասարակությունը դեռ տոգորված էր կոմունիզմի շինարարության վեհ գաղափարներով, ապա ծիծաղելու քիչ բան էր մնում:
Ազատը մեքենան արգելակեց պուրակից քիչ հեռու: Այն դեռ լրիվ կանգ չէր առել, երբ Անդրանիկյանն իրեն արագորեն դուրս նետեց և, հաշվի չառնելով խոտի մեջ առաջացած լճակները, շտապեց Հայկազունու մոտ:
-Բարև ձեզ, ընկեր Հայկազունի,- ձեռքը պարզելով՝ շնչակտուր արտաբերեց նա:
-Բարև ձեզ, ընկեր Անդրանիկյա՛ն,- ժպիտը դեմքին նրա ձեռքը սեղմեց Հայկազունին:
-Եթե ժպտում եք, ուրեմն ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ընկեր Հայկազունի,- շնչառությունը կարգավորելով՝ ասաց Անդրանիկյանը:
Հայկազունին հասկացավ, որ խեղճ մարդը չի համարձակվել նույնիսկ արձանին նայել: 1937 թ. աշնանը «սև ագռավը» գիշերով նրանց տանն էլ էր հյուրընկալվել: Այդ չարաբաստիկ օրվանից հետո յոթ տարեկան Անդրանիկյանը, նրա փոքր եղբայրն ու քույրն այլևս իրենց ծնողներին չպետք է տեսնեին: Անդրանիկյանը մեծացել էր որբանոցում, տարիներ անց նրան հաջողվեց գտնել եղբորն ու քրոջը, բայց գտնել ծնողների հետքը անհնար էր: Չնայած այն հանգամանքին, որ նա տակավին երեխա էր, այդ սարսափելի գիշերը հիշում էր իր բոլոր մանրամասներով: Չեկիստները, ներս մտնելուն պես, հրացանի խզակոթով հարվածել էին հոր դեմքին ու գցել կարպետին: Տեսնելով այդ, նա հարձակվել էր հորը հարվածողի վրա և անմիջապես մի հարված էլ ինքն էր ստացել, որի հետքը մնացել էր նրա վերին շրթունքին: Տարիներ էին անցել, սակայն պարբերաբար երազներում նա տեսնում էր այդ գիշերը: Եվ ամեն անգամ չեկիստի հարվածից վեր էր թռչում անկողնում՝ մինչև լույս հիշելով հորն ու մորը, որոնց դեմքերն անհետանում էին «սև ագռավի» մեջ: Անդրանիկյանը տանն ուներ առաջին դասարանի ավարտական լուսանկարը: Լուսանկարում չորս երեխաների դեմքերին թանաքով խաչեր էին քաշված: Խաչերի տակից երեխաների դեմքերը չէին երևում: Խաչված դեմքերով երեխաները հայրենիքի դավաճանների զավակներն էին: Լուսանկարների տերերը պարտավոր էին դավաճանների երեխաների դեմքերը դաջել, ջնջել, հակառակ դեպքում նրանց էլ քրեական պատասխանատվության կենթարկեին որպես հայրենիքի դավաճանների: Այդ լուսանկարը տարիներ անց Անդրանիկյանին նվիրել էր իր համադասարանցին և ներողություն խնդրել ընկերների դեմքերը թանաքով խաչելու համար: Անդրանիկյանը չէր նեղացել համադասարանցուց։ Ի՞նչ նեղանար օտար մեկից, երբ իր բարեկամներն ու հարազատներն էլ էին ոչնչացրել իր հոր և մոր լուսանկարները, երբ ծնողներին տանելուց հետո վախեցել էին հովանավորել անչափահաս երեխաներին: Նրանց մի քանի տարի պահել էր հարևանուհին՝ Փառանձեմ տատիկը, որի ամուսնուն, երեխաներին, ծնողներին ու հարազատներին 1915-ին Ալաշկերտում սրի էին քաշել թուրքերը: Փառանձեմն էր, որ թքած ուներ իշխանությունների վրա, և նույն գիշերը նա տեր էր կանգնել որբացած երեխաներին: Երկու տարի անց, Փառանձեմ տատիկի մահանալուց հետո, Անդրանիկյանը եղբոր ու քրոջ հետ հայտնվեց մանկատանը:
Տարիներ անց նա կարգի բերեց Փառանձեմ տատիկի գերեզմանը և այնպես էր այցելում գերեզմանոց, ինչպես որդին կայցելեր իր մոր շիրմին: Շատերը նույնիսկ կարծում էին, որ գերեզմանոցում նրա մայրն է հանգչում:
-Ընկեր Անդրանիկյան, այստեղ բանը բանից անցած է, հիվանդին փրկել չի լինի: Հարկավոր է հաշտվել կորստի հետ և մտածել առաջնորդին նոր արձան կանգնեցնելու մասին: Նայեք, ընկեր Անդրանիկյան, միայն թե նախապես ասեմ, որ նման դժոխային արարած դեռ տեսած չկամ:
Անդրանիկյանն անհանգիստ շարժվեց տեղում, նայելով չորս կողմը:
-Հանգիստ, ընկեր Անդրանիկյան, այստեղ մենք երկուսով ենք և կարող ենք խոսել այն, ինչ մտածում ենք այս մարդու մասին: Երկու ոտքով ջրի մեջ ես, դիրքդ փոխիր, կոշիկներդ ափսոս են,- ասաց Հայկազունին՝ բարեկամաբար ժպտալով:
Այն, ինչ տեսավ Անդրանիկյանը, դուրս էր նրա երևակայությունից:
-Էս ո՞վ սրան էս օրը գցեց, ընկեր Հայկազունի, ի՞նչ ենք անելու: Սա գործկոմի բալանսի վրա է նստած, հիմա կմեղադրեն, որ ժամանակին տիրություն չենք արել: Էս ո՞վ արեց, սրա համար հերներս կանիծեն:
-Նախ` ասեմ, որ այս ամենի հեղինակները ոչ մեկի հանդեպ պարտավորություններ չունեն. սրան էս օրն են գցել Նորին գերազանցություն ժամանակը և Նորին բարեծնություն գարունը: 37-ը անցել-գնացել է գրողի ծոցը, ընկեր Անդրանիկյան, այժմ գորբաչովյան «պերեստրոյկա» կոչվածն է, համոզված եմ, որ Գորբաչովն ինքն էլ չի իմանում` ինչ է անում: Այնպես որ, հանգիստ, եղբայրս: Նոր արձան կկանգնեցնես հնի տեղը, և սրանով ամեն ինչ կավարտվի,- ասաց Հայկազունին` լայն ժպտալով:
-Ասենք թե նորը պատվիրեցինք, նախ, դրա համար ժամանակ է հարկավոր, սա էս անմարդկային տեսքով հո չի՞ մնալու այստեղ կանգնած: Հանեցինք, հետո ի՞նչ պետք է անենք, ջարդել չի կարելի, թաղել՝ նույնպես: Այնպես որ, թանկագին Հայկազունի, կրակն ենք ընկել: Այստեղ հերթապահ կանգնեցրու, թող առայժմ մարդ չմոտենա, տեսնենք ինչ ենք անում:
-Հերթապահ որ կանգնեցնեմ, անմիջապես կգան տեսնելու, թե ինչ է պատահել, շրջակայքի ջուրը լավագույն հերթապահն է, ընկեր Անդրանիկյան:
-Համաձայն եմ, գնանք Շավարշյանի մոտ, զեկուցենք, նա է որոշում ընդունողը:
(շարունակելի)

Դիտվել է՝ 1902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ