Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հոգիները դրախտում և դժոխքում

Հոգիները դրախտում և դժոխքում
27.03.2009 | 00:00

ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
(սկիզբը` թիվ 18-ում)
ՄԵԾ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նժդեհ իմաստունը, հարաբերվելով հայ մեծ ննջեցյալների կենդանությանը, վկայեց. «Մի ժողովրդի հզորագույն զինակիցները պատերազմի ժամանակ իր մեծ մեռելներն են (մեծ ննջեցյալները- Մ. Ո.)։ Խեղճ է այն ժողովուրդը, որն իր պայքարի և խոյանքների ժամանակ չի զգում, թե իրեն աներևութաբար զորավիգում են իր մեծ մեռելները (մեծ ննջեցյալները- Մ. Ո.)...»։ Մեծերից հետո, ըստ իրենց աստիճանակարգերի, գալիս են ավելի փոքրերը, թեկուզև միայն ընտանեկան, մերձավորական իրենց կորստով, փոքր զորավիգությամբ: Սակայն այստեղ է, որ պիտի խոսենք նրանց համար պահեցողության կարևորության մասին: Ինչպես տեսնում ենք, ննջեցյալները դասերի են բաժանվում ըստ իրենց բանական սիրո կյանքի չափանիշների: Պողոս առաքյալն ասում է. «Մարդը մեռնում է, և սկսվում է նրա դատաստանը», որ դեռ մարմնական դատաստանն է և ոչ թե մեծ դատաստանը, որ հոգիները պիտի հարություն առնելով դատվեն իրենց չապաշխարությունների դիմաց: Մարմնի դատաստանը մարմնի մահն է և հողի վերածվելը, որ յուրաքանչյուր մեռնող պիտի կրի: Քրիստոնյայի համար այդ դատաստանն ավելի դյուրին է, քանի որ հոգին մարմնից դյուրին անջատվելով` մարմնի դատաստանից անցումն հոգու կյանքին այդքան հանգիստ է տանում:
Ընդհանրապես մահը, ըստ Աստծո պատվիրանների, չապրելու դատաստանն է: Մահից հետո պատվիրանների պահանջը ննջեցյալից չի վերանում, այլ ավելի է զորանում, քանի որ իմաստուն գրքերն են ասում. «Ինչի մեջ անգետ էինք` անհետանում է»: Մարդն արդեն սկսում է հասկանալ թե՛ պատվիրանը, թե՛ իր պատժի արդարությունը, սակայն մարմնով պիտի պատվիրան պահեր: Պահեցողը, որքան հնարավոր է, եթե ապաշխարում է ննջեցյալների մեղքերի համար, նրանց հոգիներն այդքան առողջանում են այնկողմնայինում:
Մեր պահեցողությունները, մանավանդ Մեծ Պահքի շրջանում, ինչպես արդեն գիտենք, նաև ննջեցյալ հոգիների համար են, որ իր արդյունավետ պտուղն ունի, քանի որ նրանց հոգիների բարելավումը բարերար է անդրադառնում մեր կյանքին: Մեր պահքով մաքրվող, առողջացող ննջեցյալների բանական դաշտն առավել հասունությամբ է սկսում հարաբերվել մեզ, մասնակցել մեր կյանքին, իրենց շնորհներով իսկ ավելացնելով մեր շնորհները: Երբ Մեծ պահքը համաժողովրդական հարգանքով կայանա, այդքան կզորանան ժողովուրդն ու մեր Հայրենին, կավելանան հոգևոր բժշկություններն ու մխիթարությունները: Եվ բազում չարիքներ չեն կայանա, կամ կսակավանան վատ երևույթները, և լինում են նաև գոհության երևումներ:
«ՏԵ՛Ր, ԻՆՔԴ ԲԺՇԿԻՐ ԻՆՁ»
(պատմում է Երևանի ճարտարագիտական համալսարանի ավագ դասախոս Արամ Գրիգորյանը, որ կլինիկական քսանյոթ մահ է տարել)
-Այն, ինչ բժիշկները կլինիկական մահ էին գրանցում, ինձ համար մարմնիս ցավերից ազատվելով տեղափոխում էր մեկ այլ, լուսապայծառ ու անդորր վայր: Բժիշկները հենց ինձ վերադարձնում էին, կրկին հայտնվում էի մարմնիս ցավերի մեջ: Առաջին անգամ երբ կլինիկական մահից հետ դարձա, վերևից տեսնում էի իմ մարմինը, որի վրա բժիշկները հավաքված ջանում էին իմ սիրտն աշխատեցնել:
Արամն այնկողմնայինում տեսավ մեկ այլ կենդանի աշխարհ, թե՛ դրախտի և թե՛ դժոխքի արժանացածներին, իրենց վախերից խրատվողներին: Հրեշտակների պաշտպանության տակ էր, եթե ոչ, այնտեղի վատ վայրերում ևս իրեն կարող էին վնասել: Զարհուրելի ու զզվելի էր այն ամենն այնտեղ, ինչ Աստծունը չէր: Անդորր, անցավ և երանելի` ինչ Աստծունն էր: Երբ աջ ու վեր էին ընթանում, դեպի արքայություն էր, և այդ ընթացքը հավերժության նշանի հետագիծն էր, իսկ երբ ձախ ու վար, դեպի դժոխայինն էր ու զզվելին, որ հավերժության նշանի հակառակն էր:
-Այն կողմում ամենածանր պատժով պատժվում է պոռնկությունը,- վկայում է Արամը և ավելացնում.
-Ամուսնական անկողինը պահպանում է Աստծո հրեշտակը, իսկ արտաամուսնական կապերի ժամանակ «Այնտեղի» և «Այստեղի» բոլոր այն ուժերը` մահացած պոռնիկների հոգիները և աշխարհում դեռ ապրող պոռնիկները, որոնք այդ մեղքը չեն հաղթահարել, գալիս մասնակցում են այդ ձախ ակտին: Պոռնկական այդ համախումբ աղտոտումով երկրի ապականումը արդյունքում ծնում է համաշխարհային աղետ: Ցանկացած հղիության ընդհատում մարդասպանություն է: Այնտեղ ծնողները հանդիպելու են իրենց սպանած զավակներին:
Փաստենք, որ մինչ կլինիկական մահը Արամը խմող էր, գոռոզ, ասել էր` Աստված չկա, իսկ այժմ ամաչում էր, որ չի հասկացել ինչ է ասել: Սակայն այդ ամենը տեսնելուց հետո ինքը պիտի որոշեր` որն ընտրել: Պիտի հրաժարվեր իր թերի կողմերից, որ արքայականին արժանանար, որ ցույց տրվեց իրեն, հակառակ դեպքում, ասացին, սա է քո նմանների տեղը և ցույց տվեցին մի զզվելի վայր: Ընտրեց Աստծունն ու նրան հետևորդելը: Խնդրեց. «Տե՛ր, ինքդ բժշկիր ինձ»: Եվ անմիջապես էլ պատասխանը հետևեց. «Առողջացի՛ր»: Այդ պահից իսկ ուռած, փուչիկի նմանված մարմինն սկսեց արագ իջնել...
Արամն իր մահերի ժամանակ այնկողմնայինում գտնվելով, թե ինչեր տեսավ, տա Աստված, որ գրքույկով էլ հրատարակվի, ու շատերս կարդանք, սակայն նրա հայտնած մի քանի խոսքն իսկ արդեն զգոնացնում է մեզ, որ այն կողմի տարածաչափերում ոչ միայն բարի հոգիներ են ու բարի գործերի իրականացում, այլ նաև մարդկայինից էլ առավել դաժան չարության իրականացումներ: Ըստ սուրբ գրքերի հայտնած տեղեկատվության` այս տարածաչափերից քրիստոնյան անցնում է Աստծո հրեշտակի օգնությամբ ու Քրիստոսին իր մեջ ունենալու նրա ներքին լույսով, որից դիվական երևույթները վախենում ու գերադասում են հեռու մնալ: Նույնն է վկայում նաև Արամը: Կլինիկական մահերի ժամանակ ճշմարտությունը ճանաչելով` Արամը, գիտնական լինելով, հասկանալի ու վստահեցնող սիրով, անդենային համոզիչ իր վկայություններով քարոզեց Քրիստոսին: Եվ Արամը Համաշխարհային Նեռի համարակալումը Հայաստանում տեսնելով` հանգամանալից նկարագրեց դրա ծանր հետևանքները, Հովհաննեսի Հայտնության Գրքի միջոցով ինքը ևս բացելով այն որոգայթը, որ ամբողջ աշխարհի ու Հայաստանի համար սարքվում է: Եվ գիտնական Արամ Գրիգորյանը, որ նախկինում ասել էր, թե Աստված չկա, ահա կլինիկական մահով, Տիրոջ զորությամբ տեսավ դրախտն ու դժոխքը և դարձավ Քրիստոսի վառ անհատականություն ունեցող վկաներից: Իսկ Արամի վկայությունները դրախտայինի ու դժոխայինի մասին համաքրիստոնեական նշանակություն ունեն, որ արժեր թարգմանել և համացանցի միջոցով մատուցել աշխարհին` այլ վկայությունների կողքին իր կոչված աշխատանքը կատարելու:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ