Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
03.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Ղազախստանի դասերն ուսանելի են անցման շրջանի տարբեր փուլերով հանդերձ: Տնտեսության առաջընթացը, ինչպես վկայում է այս երկրի փորձը, բնորոշ է ոչ միայն շոկային թերապիայի առաջին ձախողումների կարճատև փուլը հաղթահարելուց հետո, այլև համաշխարհային տնտեսական երկու խոշոր ճգնաժամերի ընթացքում` 1998 և 2008-2010 թվականներին: Առավել հատկանշական են վերջին ճգնաժամի ընթացքում իրականացրած տնտեսական քաղաքականությունն ու դրա արդյունքները:
ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. «Կառավարվող ճգնաժամ»: Ճգնաժամն իր բոլոր դրսևորումներով, ինչպես պարզվում է, կարող է լինել կանխատեսելի և ղեկավարելի: Այլ խոսքով, «սատանան այնքան ահավոր չէ, ինչպես նրան ներկայացնում են»: Ավելին, հմուտ ղեկավարը կարող է օգտագործել «նրան» իր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով: Հատկապես այս մասին են վկայում Ղազախստանի տնտեսության վիճակագրական տվյալները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում: Տնտեսական անկման ֆոնի վրա ոչ միայն ԱՊՀ երկրներում, նաև շատ զարգացած երկրներում 2008-2011 թվականներին գրանցվեց տնտեսական աճ (տե՛ս գրաֆիկը): Նշանակալի է, որ, բացառությամբ անկախության առաջին տարիների, 2000-ից սկսած Ղազախստանում և Հայաստանում նկատվում են տնտեսական զարգացման ընդհանուր միտումներ: Անկախության տարիներին կուտակված տնտեսական առաջընթացը հնարավորություն տվեց Ղազախստանին հաղթահարելու համատարած համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը զարմացրեց հզոր տերությունների, այդ թվում` մինչև վերջին ժամանակներս բարեկեցիկ համարվող Եվրախորհրդի մի շարք երկրների: Իսպանիայում, օրինակ, գործազրկության մակարդակը հասել է 20 տոկոսի: Համատարած ճգնաժամի հետևանքով ավելի քան 34 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կորցրեց աշխատանքը: Մեկ մլրդ-ից ավելի մարդ, հիմնականում զարգացող երկրներում, սովամահ է լինում:
Այս ֆոնի վրա, իրականում, հրաշքի է նմանվում Ղազախստանի օրինակը, որը կարողացավ բարդ ճգնաժամային ժամանակահատվածում ոչ միայն պահպանել, այլև ստեղծել նոր աշխատատեղեր: Վերջին 10 տարում արտահանման մեջ ավելացել է հանքային պաշարների արտահանման մասնաբաժինը` 56-ից 77,3 տոկոս: Ինչպես վկայում է պաշտոնական վիճակագրությունը, Ղազախստանի արտահանման հոդվածներից երկրորդն իր մեծությամբ մետաղներն են և դրանցից պատրաստված իրերը: Սկսած 2000-ից` դրանց տեսակարար կշիռը արտահանման մեջ նվազել է 29-ից 12 տոկոս: Կրճատվել է նաև գյուղատնտեսական արտադրանքի տեսակարար կշիռը: Ղազախստանը պահպանում է աշխարհում իր դիրքերը մի քանի խոշոր և դինամիկ առաջխաղացում դրսևորող ապրանքային շուկաներում` նավթ, մետաղներ, հացահատիկ: Հատկապես այս դիրքերն օգնեցին երկրի վերակառուցմանը և՛ խորհրդային իշխանության փլուզումից հետո, և՛ երկրորդ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում` 20-րդ դարի վերջին և 2008-ին: Նշված ճյուղերում աշխատող կազմակերպություններն ի վիճակի են դիվերսիֆիկացնելու ոչ միայն իրենց գործունեությունը, այլև ՀՆԱ-ի ամբողջ կառուցվածքը, ինչպես նաև գրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ներդրումային պաշարներ, խթանելու նորարարությունը, ներդնելու նոր տեխնոլոգիաներ: Ճգնաժամի «կառավարման» նպատակով ծախսվել է 19 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 14 տոկոսը: Միջոցների մեծ մասն օգտագործվել է նոր արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունների, դպրոցների և հիվանդանոցների, էլեկտրագծերի, ջերմագծերի և ավտոճանապարհների կառուցման և վերանորոգման նպատակով:
Ճգնաժամն ազդեց, առաջին հերթին, տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման վրա: Եթե 2000-ից մինչև 2007-ը ՀՆԱ-ի աճի տեմպերի գործակիցը միջինով (համաձայն ՂՀ-ի վիճակագրական տվյալների) կազմում էր 10,2 տոկոս, ապա 2008-ին այդ ցուցանիշը կազմում էր 3,3 տոկոս, իսկ 2009-ին` 1,2 տոկոս: Ամբողջությամբ, Ղազախստանին հաջողվեց պահպանել աճի դրական տեմպեր: 2008-ի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1,7, գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը` 13,8 տոկոսով: 2009-ին աշխարհում առավել մեծ խնդիր էր գործազրկությունը, քան գնաճը: Հաշվի առնելով այս իրողությունը, Ղազախստանում մասնագետների զբաղվածության և վերապատրաստման ռազմավարության իրականացման համար առանձնացվել է 186,2 մլրդ տենգե («Ճանապարհային քարտեզ»), որը թույլ տվեց զերծ մնալ աշխատուժի զանգվածային պարապուրդից:
Գրաֆիկ 1. Ղազախստանի և Հայաստանի ՀՆԱ-ի աճի դինամիկան (նվազեցում)
1995-2010 թ. (տոկոսներով)
ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. Տնտեսական շահաբաժիններ և պետության հանդեպ վստահության գին: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կախված է նաև վստահության և պատասխանատվության ճգնաժամից: Դժվար է հավատալ, որ այս կարևորագույն գործոնների բացակայության պայմաններում, ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ակնկալել դրական լուրջ փոփոխություններ: Հատկապես նշանակալի և հիմնավորված է կապը տեղական և արտասահմանյան ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ, վստահությունը կառավարության նկատմամբ և ներդրումների հարցում։ Ընդ որում, մեր խոր համոզմամբ, եթե տեղական բնակչությունը ներդրումներ չի անում սեփական տնտեսության մեջ, ուղղակի և պորտֆելային արտասահմանյան ներդրումները միշտ պետք է կրեն քաղաքական բնույթ: Խոսելով Ղազախստանի իրավիճակի մասին` անհրաժեշտ է նշել, որ սեփական երկրի ծաղկման, ժողովրդի և իշխանության փոխադարձ վստահության նկատմամբ հավատը հանգեցրեց նկատելի աճի: Հատկապես տեղական ներդրումներն օգնեցին իրականացնելու առաջին հայացքից չափազանց հավակնոտ, բայց և հիմնավորված ու պահանջարկված ծրագրեր` սկսած նոր մայրաքաղաքի և մինչև 2050-ը ավարտվելիք ռազմավարական ծրագրերը: Երկու տասնամյակի անկախության ընթացքում ղազախստանյան տնտեսության մեջ արդեն ներգրավվել են 108 մլրդ ԱՄՆ դոլարի արտասահմանյան ներդրումներ: Այսպիսով, բնակչության մեկ շնչին ընկնող արտասահմանյան ներդրումների ծավալով Ղազախստանը տեղ է զբաղեցրել աշխարհի գրավիչ երկրների խոշոր եռյակում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ