Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Արցախը եղել է, կա և կլինի հայկական»

«Արցախը եղել է, կա և կլինի հայկական»
01.05.2012 | 00:00

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախընտրական քարոզչության շրջանակներում, ի տարբերություն նախորդ ընտրությունների, մնում է ստվերում: Քաղաքական ուժերը շեշտադրում են սոցիալական հարցերն ու հավուր պատշաճի անդրադառնում արտաքին քաղաքական ընդհանրական հարցադրումներին: Սակայն այս փաստն ամենևին չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը մղվել է երկրորդ պլան: Անցած տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալ-տնտեսական հիմնահարցերով փողոց դուրս չեկող ու իր իրավունքները չպաշտպանող ժողովուրդը պատրաստ է հանուն ազգային հարցերի ոտքի կանգնելու անհրաժեշտ պահին: Պարզապես աշխարհում, իրոք, ամեն ինչ հարաբերական է:

Ինչպե՞ս են պատրաստվում առաջիկա 5 տարիներին քաղաքական ուժերը լուծելու այն հարցը, որը չի լուծվել նախորդ 20 տարիներին:

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ՀՀԿ)- ՀՀԿ նախընտրական ծրագրում հստակ ձևակերպված է Արցախի խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը: Արցախը եղել է, կա և կլինի հայկական: Սա է մեր մոտեցումը, և ամեն ինչ պետք է ուղղված լինի այդ նպատակի իրականացմանը: Կարծում եմ, ճիշտ է խնդիրը դիտարկել երեք փոխկապակցված հարթություններում. առաջինը Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների առաջանցիկ լուծումն է: Արցախում ապրելը և տնտեսավարելը պետք է լինեն ավելի հեշտ և հարմարավետ, քան Հայաստանում: Առաջին հերթին հենց այս ճանապարհով պետք է կարգավորվեն ժողովրդագրական հարցերը Արցախում: Այս խնդրի լուծման համար Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայությունը պետք է ներդնեն իրենց կարողությունները: Երկրորդը հայկական երկու պետությունների պաշտպանունակության բարձր մակարդակ ապահովելն է: Սա է արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հիմնական գրավականը: Իհարկե, սա պահանջում է լրջագույն ջանքեր և ֆինանսներ, սակայն մեր տարածաշրջանում հայրենիքը երբեք այլ կերպ չի պաշտպանվել: Երրորդը խնդրի կարգավորումն է դիվանագիտական հարթության մեջ: Մենք պետք է ներդնենք լրջագույն ջանքեր, որպեսզի ապահովվի ընթացող բանակցություններին Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությունը: Արցախի շուրջ ընթացող բանակցություններում մենք ունենք որոշակի հաջողություններ` եռանախագահող երկրների ներկայացուցիչների առաջարկությունները որպես բանակցային հիմք բավարարում են հայկական կողմին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Եռանախագահողների առաջարկությունները բավականին մանրամասն իր հարցազրույցում ներկայացրել էր ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այդ առաջարկների բովանդակությունը չափազանց հեռու է այն պատկերացումներից, որոնցով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունները սնում են իրենց հասարակությանը: Պատահական չէր, որ Կազանի հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը ներկայացրեց արդեն իսկ համաձայնեցված տեքստի վերաբերյալ 10 սկզբունքային փոփոխություն, ինչով վիժեցրեց գործընթացի բնականոն զարգացումը:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ (ԲՀԿ)- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով` փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա: Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել: ԼՂՀ տնտեսական հզորացումը, նրա պետական կառավարման համակարգի զարգացումը, քաղաքական ինստիտուտների կատարելագործումը և բնակչության կենսամակարդակի անշեղ աճի ապահովումն արցախյան պետության գոյության կարևորագույն կռվաններն են:

ՕԵԿ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծումը կենսական նշանակություն ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Այն սերտորեն առնչվում է նաև ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության խնդիրներին: ՕԵԿ-ը կարծում է, որ խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծման միակ ճանապարհն է և պետք է հենվի հետևյալ սկզբունքների վրա.

. ԼՂ ինքնորոշման իրավունքն անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհով չի կարող լինել սակարկության առարկա։

. ԼՂ ժողովրդի անվտանգությունը և Հայաստանի հետ ուղիղ սահմանի կապերը չեն կարող լինել սակարկման առարկա։

. Անհրաժեշտ է հասնել ԼՂՀ ակտիվ ներգրավվածությանը բանակցային գործընթացում` որպես բանակցող կողմ:

. Անհրաժեշտ է հասնել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը և պայմաններ ապահովել դրա իրականացման համար:

ՀՅԴ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կիրականացվի` չնահանջելով Արցախի ժողովրդի համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքից: Հետ կկանչվի Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը չեն զոհաբերվի համազգային նպատակները, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ») - «Ժառանգություն» կուսակցությունը մշտապես հետամուտ է եղել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում` ինքնիշխան պետություն ունենալու իրավունքին: Բնականաբար, մեր նախընտրական ծրագրում և «Նոր Հայաստանի» ուխտում նույնպես ներառված է այս հարցը: «Նոր Հայաստանի» ուխտում նշվում է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի նրա ինքնիշխանության և ամբողջականության ճանաչման եղանակով: ԼՂՀ-ն նաև պետք է ինքնուրույն սերտաճի միջազգային և հատկապես եվրոպական կառույցներին: Ծրագրում նշվում է. «Արցախի ինքնիշխանության և ամբողջականության ճանաչում կամ նրա միացում ՀՀ-ին, եթե այդպես որոշի Արցախի ժողովուրդը: Որպես ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու գրավական` ԼՂՀ իշխանությունների մասնակցության ապահովում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին: Հայաստանը ղարաբաղյան խնդրում շահագրգիռ կողմ է` խաղաղ ճանապարհով, հանրորեն ընդունելի տարբերակով խնդրի կարգավորմանը հասնելու, շահախնդիր` Արցախի բնակչության անվտանգության և ինքնության ապահովման հարցում, և աջակից` ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Միջազգային հանրության կողմից ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավական ամրագրում` ապահովելով Արցախի հարցի այնպիսի լուծում, որը կերաշխավորի ապահով և հուսալի ցամաքային սահման Հայաստանի հետ, չի խախտի ՀՀ ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, իսկ ԼՂՀ-ն ինքնուրույն կմշակի ու կիրականացնի իր ներքին և արտաքին քաղաքականությունը, ինքնուրույն կմասնակցի Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգության համակարգերին»:

ՀԱԿ -ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ անհամատեղելի են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կողմից առաջարկվող փաստաթղթերի միաժամանակյա հղումները ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին: Դա սոսկ դիվանագիտական հնարք է` քողարկելու Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին` ինքնավարության կարգավիճակով: Խորհրդարան մուտք գործելուց հետո ՀԱԿ-ը ձգտելու է էապես փոխել «մադրիդյան սկզբունքները»: Առաջարկվող սկզբունքներում պետք է նշվի, թե ե՞րբ է տեղի ունենալու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեն, ովքե՞ր են մասնակցելու, և ո՞վ է անցկացնելու: Եթե այս հարցերը լուծում չգտնեն, հանրաքվեն ընդամենը ծուղակ է, հայ ժողովրդին խաբելու հնարք: Հայաստանի առաջին նախագահը համոզված է` Հայաստանը պետք է հայտարարի, որ խաղաղ համաձայնագիրը չի կարող ուժի մեջ մտնել` առանց Ղարաբաղի ղեկավարության հավանությանն արժանանալու:

Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ

«Թուրքիայի երկարաժամկետ նպատակը Կովկասում սահմանների բացումը և հարաբերությունների նորմալացումն է Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Բոստոնում։ - Այդ հարցում մենք հնարավոր ամեն բան արել ենք. մենք ճանապարհային քարտեզ ենք գծել, արձանագրություններ ենք կազմել ու հիմա սպասում ենք դրանց իրականացմանը: Իսկ դրանց իրականացումը կախված է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացումից: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը մենք սկսել ենք 2007 թվականից և խոսք ենք տվել, որ արձանագրությունները կիրականացվեն ադրբեջանա-հայկական հարաբերությունների նորմալացումից հետո միայն: Մենք հավատարիմ ենք մեր խոսքին և սպասում ենք ադրբեջանա-հայկական հարաբերություններում ճեղքման»: Ալի Բաբաջանը նաև ասել է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը Թուրքիայի համար կարևոր է երկրի արևելքի տնտեսական զարգացման և աշխարհաքաղաքական միանգամայն այլ իրավիճակի ստեղծման համար, իսկ Թուրքիայի արևելքում և Միջին Ասիայում ինտեգրման գործընթացների ամենակարճ ճանապարհը անցնում է Կովկասի միջով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ