Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞Վ Է ԿԱՄՈՎԻՆ ՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՐԿԵՐԸ

Ո՞Վ Է ԿԱՄՈՎԻՆ ՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՐԿԵՐԸ
18.11.2011 | 00:00

ՀՀ պետական բյուջեի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար բավարար չէ ծանոթանալ դրա նախագծին: Պետբյուջեի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան ընդունելի կլինեն, մասնավորապես գործարար պատգամավորների համար, եկող ֆինանսական տարում նախատեսվող հարկային փոփոխությունները: Չէ՞ որ կառավարությունը վերջապես վճռական քայլ է պատրաստվում կատարելու` մոտենալու խոշոր բիզնեսին և բոլոր քաղաքակիրթ մեթոդներով այն հնարավորինս հարկման դաշտ բերելու: Սա նշանակում է, որ ակնկալվում է «ստվերային տնտեսության» էական կրճատում, քանի որ «ստվերի» զգալի մասը, մեր հաշվարկներով, գտնվում է հենց խոշոր բիզնեսի ոլորտում:
Իսկապես, եթե տարեցտարի պատգամավորների գերակշիռ մասը գնալով «դժվարանում է» կարդալ երկրի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը, ապա հարկային փաթեթը «շրջանցել» և չկարդալ այս անգամ գոնե չի հաջողվի: Առնվազն ոմանք ստիպված կլինեն դիմելու տնտեսագիտական կրթությամբ առավել պատրաստված ենթականերին կամ գործընկերներին` իրենց համար ավելի մատչելի լեզվով նկարագրելու սպասվող փոփոխությունների բուն իմաստը:
Իսկ հարկային փոփոխությունների օրինագծերի փաթեթը ներառում է կառավարության մշակած մոտ երեք տասնյակ օրենքներում փոփոխությունների առաջարկներ` իրականություն դարձնելու 2012 թ. բյուջեի նախագծում ամրագրված 101 միլիարդ դրամի եկամուտների հավաքագրումը:
Տարիմաստությունն այն է, որ հարկային փաթեթը քննարկվում է բյուջեի քննարկումներից հետո, այնինչ հենց այդ փաթեթով է պայմանավորված վերջինիս կատարումը: Ակնհայտ է, որ կառավարությունն այդ հարկային փաթեթով պետական եկամուտների վերաբաշխման խնդիր է փորձում լուծել` առաջին հերթին խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր գանձելու միտումով: Ըստ այդմ, գործարարներին մտահոգում է, որ պահպանվեն հարկման արդարության սկզբունքները, ինչը ենթադրում է, որ ավելի շատ շահույթ և եկամուտ ստացողը պետք է շատ հարկ վճարի: Տնտեսագիտական լեզվով ասած` կառավարությունը փորձում է կիրառել պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ:
Ավելի կոնկրետ` փոփոխություններ են նախատեսվում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, ոգելից խմիչքների մասով հավասարեցվում են ներմուծված և տեղական արտադրանքների ակցիզները: Ի դեպ, սա կարիք չկա ամբողջովին վերագրելու կառավարության հայեցողությանը։ Արդեն մի քանի տարի է, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որին անդամակցում է Հայաստանը, պահանջում է հավասար մրցակցային դաշտ ստեղծել տեղական և ներմուծվող ապրանքների համար: Կառավարության առաջարկով, դրույքաչափերում տեղի ունեցած փոփոխությունները թույլ կտան ավելի թանկ ոգելից խմիչքներից ավելի մեծ ակցիզային հարկ գանձել:
Ակնհայտ է, որ նման փոփոխությունը կարող է լուրջ վնաս հասցնել վերջին տարիներին որոշակի առաջընթաց արձանագրած գինեգործության բնագավառին: Այս ուղղությամբ հնչած բազմաթիվ հորդորները հիմք են տվել կասկածի տակ դնելու տվյալ ոլորտում հարկային փոփոխության արդյունավետությունը: Ի բարեբախտություն գինեգործների, փաթեթի նախնական տարբերակում բարձրացված գինու համար գանձվող ակցիզային հարկը հետագա քննարկումների արդյունքում որոշվել է պարզապես հանել:
Այսուամենայնիվ, անփոփոխ է մնացել մեկ այլ դրույթ: «Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններից հետո տեղական արտադրության գարեջրի գինն անխուսափելիորեն կբարձրանա: Տարբեր հաշվարկներով` ավելացումը կարող է տատանվել մոտ 20-42 դրամի սահմաններում: Ակնկալվում է, որ մրցունակության առումով բարձր գինը կհարվածի տեղական «Կիլիկիա», «Կոտայք», «Գյումրի» և այլ բրենդներին: Նման մտահոգություն կա նաև տեղական մյուս արտադրողների շրջանում:
Իհարկե, կարելի է նկատել, որ աշխարհի տարբեր երկրներում, առաջին հերթին` զարգացած պետություններում, վառելիքից, ծխախոտից և ոգելից խմիչքներից գանձվող ակցիզային հարկերը, ընդհանուր առմամբ, արձանագրում են աճի միտում: Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ խոսքը վերաբերում է զարգացած երկրներում տեղի ունեցող հարկային բեռի ավելացմանը: Վերջինս տեղի է ունենում հիշյալ երկրներում եկամուտների ավելացման ընդհանուր համապատկերում, մինչդեռ Հայաստանում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք այլ երկրներում, պատկերը բոլորովին տարբեր է: Մեզանում առայժմ բացակայում է բնակչության եկամուտների, առաջին հերթին աշխատավարձերի և կենսաթոշակների համարժեք ինդեքսավորումը, որը լիարժեքորեն հաշվի է առնում գնաճի իրական տեմպերը: Նման պայմաններում գարեջրի գնի բարձրացումը չի կարող աննկատ լինել սպառողի համար, քանի որ վերջին տարիներին տեղի է ունենում ոչ թե եկամուտների ավելացում, այլ գնողունակության ընդհանուր մակարդակի անկում: Բացի այդ, սննդամթերքի և խմիչքի սպառման վրա ծախսվում է բնակչության եկամուտների մոտ յոթանասուն տոկոսը, իսկ գյուղական բնակավայրերում հաճախակի բնույթ է կրում պարտքով կատարվող առևտուրը` վաճառողների մոտ մշտական գրանցում ստացած «պարտքի մատյաններով»: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում նույն ապրանքների սպառման համար ծախսվում է միջին հաշվով բնակչության եկամուտների քսան տոկոսից ոչ ավելին (անգամ համաշխարհային ճգնաժամի տարբեր փուլերում): Ակնհայտ է, որ դրույքաչափերում տեղի ունեցող փոփոխությունները (այն կավելանա հիսուն տոկոսով) թույլ կտան ավելի թանկ ոգելից խմիչքներից ավելի մեծ ակցիզային հարկ գանձել, դրանով իսկ որակյալ, թանկ խմիչքները գրեթե անհասանելի դարձնել միջին և ցածր եկամուտ ունեցող խավի համար` անփոփոխ թողնելով դրա սպառումը ապահով ընտանիքների համար:
Կարևոր է նկատել, որ հարկային փոփոխությունների փաթեթը ներառում է նաև շքեղության հարկի կիրառումը: Ընդ որում, մինչև երկու տարվա արտադրության այն ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը մեծ է չորս հազար խորանարդ սանտիմետրից, կամ դրանց մաքսային արժեքը 30 մլն դրամից ավելի է, սահմանվում է քսան տոկոս ակցիզային հարկ: Մյուս կողմից` կառավարությունը եկամտահարկի մասով առաջարկում է կիրառել պրոգրեսիվ սանդղակ` 2 միլիոն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնելով 5 տոկոսով և սահմանելով 25 տոկոս: Հարց է առաջանում, նախ` թե ընդհանուր առմամբ քանի՞ հոգուց է մտադիր կառավարությունը հավաքել նախատեսվող նոր եկամտահարկը (այլ խոսքով` քանի հոգի է Հայաստանում վարձատրվում ամսական 2 միլիոն և ավելի դրամ), և երկրորդ, որքա՞ն կկազմի ակնկալվող գումարը այդ հարկատեսակի բարձրացումից։ Եվ վերջապես, կարելի՞ է, արդյոք, բացառել հարկային փոփոխության բացասական էֆեկտը, այն չի՞ խրտնեցնի արդյոք հայ գործատուին, ստիպելով նրան պահել «կրկնակի հաշվապահություն» և թաքցնել աշխատողների իրական եկամուտները:
Վերջինս ենթադրում է նաև փաստաթղթաշրջանառության բարելավում, ինչը «ստվերային տնտեսության» կրճատման առավել արդյունավետ գործիքներից մեկն է ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փոքր ու միջին ձեռնարկությունները միշտ խնդիր են բարձրացրել, որ հանրապետությունում խոշոր բիզնեսի կողմից փաստաթղթեր չեն ներկայացվում, որն է՛լ ավելի է բարդացնում ձեռնարկատիրության օրինականության պահպանումը: Հարկերի մասին օրենսգրքում ավելացվել է 28-րդ հոդվածը, որը վերաբերում է հարկային ստուգումների անճշտություններին, փաստաթղթաշրջանառություններին:
Ընդհանուր առմամբ, կառավարության մշակած հարկային փոփոխությունների փաթեթը ենթադրում է լրացուցիչ 14 մլրդ դրամի եկամուտների աճ` երկրի պետական գանձարանում: Դրական կարելի գնահատել այն իրողությունը, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարողների համար այս անգամ հարկային դրույքաչափը չի ավելացվելու: Հարկային փոփոխությունները նախատեսում են նաև շքեղ առանձնատների, թանկարժեք մեքենաների համար հարկային դրույքաչափերի ավելացում, այլ խոսքով` հարկային փաթեթը ներառում է նաև շքեղության հարկի կիրառումը:
Իրականում շքեղությունը միայն մեքենաներով չի սահմանափակվում: Կառավարությունը մեծացրել է նաև եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների պրոգրեսիվությունը, ինչն ինքնըստինքյան նշանակում է, որ ավելի բարձր եկամուտներ ստացողներն այսուհետ կսկսեն ավելի շատ հարկ վճարել, քան միջին և ցածր եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք: Դա ևս կառավարության համար շքեղության տարր է համարվում:
Չի կարելի բացառել, որ մոտ ժամանակներս կառավարությունը կապահովի նաև անշարժ գույքի մասով շքեղության հարկի տարրերի ներմուծում: Այս իմաստով, շքեղ մեքենաների առանձնացումը կարելի է դիտարկել որպես այս ուղղությամբ արված առաջին քայլ: Միջազգային փորձը վկայում է, որ շքեղության տարրեր են շարժական և անշարժ գույքը: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքահարկը և հողահարկը վերջին տարիներին դարձել են համայնքային եկամուտներ, ներկայացված փոփոխությունները կարելի է գնահատել որպես հարկային նոր բարեփոխումների առաջին քայլն այս ոլորտում, որը սկսվել է ավտոմեքենաներից և ուղղակի ստացվող եկամուտներից, սակայն կունենա իր տրամաբանական շարունակությունը: Մնում է մտահոգվել նաև բնակչության եկամուտների շարունակական բարձրացմամբ: Չէ՞ որ հենց եկամուտներից պետք է գանձվեն առաջարկվող և անընդհատ փոփոխվող հարկերը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ