«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
18.03.2011 | 00:00

Գնաճն ինքնին չի կարելի դասել տնտեսական սպառնալիքների շարքին: Ավելին, ժամանակակից պայմաններում, երբ թղթադրամն այլևս ապահովված չէ ոսկով կամ այլ ապրանքներով, որոշակի առումով իրենից ներկայացնում է պետական պարտավորություն, գնաճը կարելի է անգամ խթան համարել ազգային տնտեսության դինամիկ զարգացման համար, մասնավորապես, տարեկան միանիշ` մինչև 5-6 տոկոսի սահմաններում: Բնական կարելի է համարել նաև այն երևույթը, որ տարվա վերջին սովորաբար ավելանում են ինչպես ապրանքների սպառումը, այնպես էլ ընկերությունների արտադրական ծախսերը, որոնք լրացուցիչ դրամական զանգված են պահանջում: Գիտակցելով, որ դրամական զանգվածը չի կարող բավարարել տարեմուտի առևտրի համար նախատեսված ապրանքների ծավալները, զարգացած երկրներում, սովորաբար առևտրային ընկերությունները սպառողներին էական զեղչեր են առաջարկում` նրանց սահմանափակ գումարներն իրենց շահույթի վերածելու համար: Հայաստանում գները ճիշտ հակառակ (աճի) միտում են արձանագրում, քանզի վաճառողները գրեթե համոզված են, որ հայ սպառողն ամեն գնով (երբեմն` պարտքով) պատրաստ է ձեռք բերելու դրանք:
Որոշ դեպքերում գնաճն օգտակար է անգամ տարեկան մինչև 10 տոկոսի սահմաններում, պայմանով, որ գնաճն ամսվա մեջ 1 տոկոսի սահմաններից չանցնի: Համաչափ, դանդաղ շարժման պատճառով այն երբեմն անվանում են նաև «սողացող» գնաճ: Այն ուղեկցվում է դրամական զանգվածի համապատասխան աճով, որն արագացնում է վճարման շրջապտույտը, էժանացնում է վարկավորումը, ինչն էլ նպաստում է ներդրումներին, արտադրության աճին, արտադրության արդիականացմանը և տնտեսության մրցունակության բարձրացմանը: Իսկ արտադրության աճը, ինչպես հայտնի է, վերականգնում է ապրանքային և դրամական զանգվածների հավասարակշռությունը համեմատաբար բարձր գների պայմաններում: Իհարկե, միշտ առկա է «սողացող» գնաճի` պետական վերահսկողությունից դուրս գալու վտանգը, մասնավորապես այն երկրներում, ուր արտադրության մակարդակը ցածր է և տնտեսության կառուցվածքային ձևախեղումների պայմաններում դեռևս մշակված չեն տնտեսական գործունեության կարգավորման հստակ մեխանիզմներ:
Ընդսմին, առնվազն երկու հավանական իրավիճակներում գնաճը կարող է լրջորեն վնասել երկրի տնտեսական անվտանգությունը: Առաջինն այն իրավիճակն է, երբ այն դառնում է երկնիշ և հետզհետե դառնում անկառավարելի` վնասելով միաժամանակ և՛ տեղական սպառողին, և՛ տեղական արտադրողին: Մյուսը, այսպես կոչված, ստագնացիան է, երբ տնտեսության ներսում առկա գործազրկության բարձր մակարդակը զուգորդվում է բարձր գնաճով: Ակնհայտ է, որ Հայաստանում առկա են նշված անցանկալի երևույթներից միանգամից երկուսը:
Կարևոր է, թե ինչպես է բնութագրում ներկա գնաճը պաշտոնական վիճակագրությունը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների` Հայաստանում դեկտեմբեր ամսին գներն աճել են 1,8 տոկոսով, ինչը 0,2 տոկոսով ավելի է, քան նոյեմբերին: Նման աճը պայմանավորված է հիմնականում պարենային ապրանքների թանկացմամբ` 3,7 տոկոսով, իսկ ոչ պարենային մթերքի գների ավելացումը` 0,1 տոկոսով: Դրան զուգահեռ 0,2 տոկոսով նվազել է ծառայությունների արժեքը:
Ավելի երկարաժամկետ հատվածի դիտարկման արդյունքները վկայում են, որ ամբողջ տարում թանկացումը կազմել է 9,8 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 14,6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 5,6 տոկոս, ծառայությունների սակագներինը` 4,2 տոկոս: Ի դեպ, քանի որ բոլոր համեմատությունների համար հիմք է ծառայում 2005 թ. բազիսային տարին, ապա նշենք, որ համաձայն ԱՎԾ 2011 թ. հունվարին հրապարակած զեկույցի, ընդհանուր առմամբ սպառողական գներն աճել են 37,7 տոկոսով, իսկ պարենային ապրանքներինը` 44,3 տոկոսով: Տնտեսական անվտանգության առումով վերջին թվերը, ինչ խոսք, հեռու են բոլոր թույլատրելի սահմանային մեծություններից: Հիշեցնենք, որ գնաճի ցուցանիշն արդեն անցել է «2010 թ. ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում ամրագրված 5՞1,5 տոկոսի սահմանից: Մեր կարծիքով, խնդիրը ոչ միայն այն է, որ գնաճն ինքնին միայն հետևանք է և իր հիմքում ունի կարևորագույն տնտեսական պատճառներ, այլև այն, որ վերջինս տնտեսագիտորեն մեթոդաբանական ճշգրտման կարիք ունի:
Քչերն են իրազեկված, որ գնաճը բնավ էլ առաջին անհրաժեշտության այն մեկ տասնյակ ապրանքների գների տատանումները չէ, որոնցով կարելի է դատողություններ անել աղքատության մակարդակի և կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին: Գնաճն այսօր ներառում է 470 ապրանք և ծառայություններ, որոնց մեծ մասը միջին, իսկ առավել ևս` աղքատության շեմին կամ դրանից ցածր մակարդակում հայտնված մարդկանց առօրյա գնումների մաս, մեղմ ասած, չի կազմում (մասնավորապես, պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն): Արդյունքում, սպառողների շրջանում մեծ պահանջարկ չունեցող հիմնականում ոչ պարենային ապրանքների և ծառայությունների մի մասի գնանկման համապատկերում կարելի է ստանալ շատ «զուսպ» գնաճի ցուցանիշ, իսկ երբեմն էլ, ինչպես արձանագրվել է առանձին տարիներին, նույնիսկ միջինացված գնանկում: Այլ խոսքով, տեսականորեն կարելի է ստանալ հավասարակշռված գնաճ (երբ առանձին ապրանքների գների աճն ուղեկցվում է այլ ապրանքների գների անկումով) անգամ այն պայմաններում, երբ պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքների գների երկնիշ աճ է գրանցվել:
Այս ամենով հանդերձ, միջազգային կառույցների կողմից քաջալերվող նման հաշվարկը, ինքնին մեծ մոլորության չէր մատնի սովորական քաղաքացուն, եթե 470 ապրանքների ինդեքսի հետ մեկտեղ հանրությանը ներկայացվի, ասենք, առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճը, և քայլեր ձեռնարկվեն դրանք թիրախավորելու և մեղմելու ուղղությամբ: Իսկ նշված ապրանքների գները, միայն ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն, 2010 թվականին հետևյալ թռիչքն են արձանագրել. հացամթերք` 12,7 տոկոս, մսամթերք` 16,4 տոկոս, ձկնամթերք` 5,3 տոկոս (գնանկում), կաթնամթերք` 20 տոկոս, ձու` 27,4 տոկոս, կենդանական և բուսական յուղ` 10,6 տոկոս, միրգ` 22,6 տոկոս, բանջարեղեն և կարտոֆիլ` 35,6 տոկոս, շաքարավազ` 1,9 տոկոս, սուրճ, թեյ, կակաո` 1,9 տոկոս, հրուշակեղեն` 6,5 տոկոս, այլ մթերք` 2,5 տոկոս, ոչ ոգելից խմիչք` 0 տոկոս: Գրաֆիկական պատկերը հետևյալն է`
Մեթոդաբանության առումով կարևոր է հաշվի առնել նաև ապրանքատեսակների սպառումն ըստ համայնքների (ակնհայտ է, որ Երևանում և հեռավոր գյուղական համայնքներում այդ ցուցանիշները խիստ տարբեր են), մինչդեռ ԱՎԾ կողմից յուրաքանչյուր մարզից ընտրվել է մեկական ոչ թե գյուղ, այլ համեմատաբար բարվոք միջին կենսամակարդակ ունեցող քաղաք: Բացի այդ, բնական է, որ սպառողների տարբեր խմբեր նույն ապրանքատեսակների սպառման տարբեր հակումներ ունեն. օրինակ, աղքատության շեմին գտնվող սպառողներ, միջին խավ, հարուստներ և այլն: Հասարակության բևեռացման հանգամանքը ևս հաշվի չի առնված, ԱՎԾ կողմից այն միջինացված է ներկայացված: Մեթոդաբանության խոցելիությունը մասամբ փորձում է հաղթահարել 2011 թ. հունվարի 25-ին ԱՎԾ կողմից «Տարվա ընթացքում ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշների հավաքագրման, ամփոփման և հրապարակման աճողական մեթոդից դիսկրետ (զուտ ամսական) մեթոդին անցման մասին» ընդունած որոշումը, համաձայն որի, հունվար ամսից հաշվարկվելու է նոր` տնտեսական ակտիվության ցուցանիշ:
Այս ամենով հանդերձ, տվյալների հավաստիության աստիճանը բնակչության շրջանում առանձնապես աճի միտում չի արձանագրում: Ակնհայտ է, որ կարտոֆիլի գները ոչ 18,8 և ոչ էլ 35,6 տոկոսով են աճել: 2009 թ. համեմատ դրանք բարձրացել են առնվազն հինգ անգամ, ասել է թե` 500 տոկոսով, հնդկացորենի գինը` 300 տոկոսով, խնձորը` 500 տոկոսով: Նման անճշտություններ կան նաև այլ ապրանքների (պանիր, ձու, մսամթերք) գնաճի ցուցանիշներում: Սակայն միջինացնելով կարելի է գնաճի ավելի «համեստ» ցուցանիշ արձանագրել: Հարկ է նշել նաև, որ ձկնամթերքի տարեկան գնանկման ցուցանիշը բնավ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ առանձին ամիսներին համեմատաբար էժան գներով ներկրված սառեցված ձկնատեսակների սպառման ծավալներն ուղղակի անհամադրելի են, ասենք, տարեմուտին միանգամից թռիչք արձանագրած և սպառողին հարկադրված վաճառքի ծավալների հետ: Հետևաբար, իրականում ձկնամթերքի ոչ թե գնանկում, այլ զգալի գնաճ է արձանագրվել: Նույնը` այլ ապրանքատեսակների գծով: Սպառման ծավալները տարվա տարբեր ամիսներին ևս մեթոդաբանական լուրջ խնդիր են, որը ենթակա է հանգուցալուծման:
Գնաճի նպատակադրման ներկայումս գործող ռազմավարության ներքո թիրախավորվում է գների մակարդակի 12-ամսյա ցուցանիշը (տվյալ տարվա գնաճի ցուցանիշի համադրումը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին, որը, որպես կանոն, նորմատիվային է դառնում տարվա դեկտեմբեր ամսվա ցուցանիշի համադրմամբ, իսկ կենտրոնական բանկը տարվա ընթացքում գների մակարդակի տատանումների վերաբերյալ արձագանքումն իրականացնում է վերլուծության մակարդակով), ինչը մի կողմից, ամբողջական պատկերացում չի տալիս գնողունակության իրական մակարդակի վերաբերյալ: Մինչդեռ կարևոր է նաև դիտարկել միջին գնաճի ցուցանիշը, ինչի թիրախավորումից շեղվելը կարևոր ազդակ է կենտրոնական բանկի և կառավարության միջամտության համար:

Դիտվել է՝ 2587

Մեկնաբանություններ