Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ստամբուլում ամրագրվեց գլխավոր սկզբունքը` «վստահության վերականգնում»

Ստամբուլում ամրագրվեց գլխավոր  սկզբունքը` «վստահության վերականգնում»
01.05.2012 | 00:00

Աշխարհը թեթևացած շունչ քաշեց. մինչև վերջերս կարծես անխուսափելի թվացող պատերազմը հետաձգվում է։ Թեև պարզ չէ, թե որքան ժամանակով։ Բայց, առայժմ, երևում է, բոլորը գոհ են։

Վերջերս Իրանի միջուկային ծրագրի հարցով Ստամբուլում կայացած հանդիպումից հետո բոլոր կողմերը լավատեսությամբ էին շնչում։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը նշեց, որ բանակցությունները եղել են կառուցողական և օգտակար, Սպիտակ տունը նույնպես արձանագրեց, որ Իրանի հետ երկխոսությունում «արվել է առաջին դրական քայլը», իսկ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալին հայտարարեց, որ «առաջընթաց նշվեց, կային տարակարծություններ, բայց կարևորն այն հանգամանքներն են, որոնց շուրջ մենք համաձայնության եկանք»։ Եվ իհարկե, առանձնապես ուրախացան թուրքերը. բա ո՜նց, չէ՞ որ Բոսֆորի ափին տեղի էր ունեցել 15 ամսվա ընթացքում առաջին ուղղակի հանդիպումը Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ, գումարած Գերմանիա) ներկայացուցիչների միջև, ընդ որում, բոլորն էլ նշել էին, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռում հասնելու խնդրի քաղաքական կարգավորման։ Եվ Անկարայում հուզվելու պատճառ ունեին։ Բառացիորեն բանակցությունների նախօրեին Թեհրանը հայտարարել էր, թե «Ստամբուլն ամենահարմար վայրը չէ», և իրեն դուր չի գալիս Անկարայի դիրքորոշումը Սիրիայի առնչությամբ, իսկ «վեցյակը» սրացման չգնաց և առաջարկեց հանդիպումն անցկացնել Վիեննայում կամ սկանդինավյան որևէ երկրի մայրաքաղաքում։ Էրդողանն անգամ վրդովված նկատել էր, թե «Իրանը կորցնում է միջազգային վարկն այն պատճառով, որ շարունակ փոխում է դիրքորոշումը»։ Բայց կա՛մ Իրանն էր մի քիչ հոգնել պատժամիջոցներից և Արևմուտքի հետ սրվող գժտություններից, կա՛մ ազդեց ԱՄՆ-ի նախազգուշացումը, թե «դիվանագիտության պատուհանը փակվում է», ու պատերազմն էլ, կարծես, անխուսափելի էր դարձել, ամեն դեպքում, անցկացման վայրի շուրջ համաձայնություն կայացվեց, ինչն Անկարայի համար, որը մի շարք լուրջ հարվածներ էր ստացել իր արտաքին քաղաքական հավակնությունների պատճառով, «երկնային մանանա» դարձավ։

Խիստ հատկանշական է, որ ոչ ոք, կարծես, ստամբուլյան հանդիպումից ճեղքում չէր սպասում։ Փորձագետների մեծ մասը կանխատեսում էր, որ բանակցությունների նոր փուլը կհանգեցնի մասնակիցների դիրքորոշումների կրկնության, որ դիվանագիտության հնարավորությունները, ըստ էության, սպառված են, և խուսափել Թեհրանի դեմ ուժային գործողությունից, ինչն ավելի ու ավելի հաճախ են ակնարկում Իսրայելն ու ԱՄՆ-ը, արդեն շատ ավելի դժվար կլինի։ Ավելին, առայժմ ԱՏԷՄԻԳ-ի վերջին ծայրաստիճան կոշտ զեկույցը, չնայած Չինաստանի և Ռուսաստանի բոլոր ջանքերին, չէր մեղմացվել, ինչպես չէին վերացել այն կասկածները, թե Թեհրանը ձգտում է խաղաղ ատոմային ծրագրի քողի ներքո միջուկային զենք ստեղծել։ Հիշեցնենք` անցած տարեվերջին Իրանի վերաբերյալ միջազգային գործակալության ներկայացրած հաշվետվությունն իսկական ռումբի տպավորություն գործեց։ Հաղորդվում էր, որ մեկ տարուց ավելի միջազգային տեսուչներն ընդարձակ տեղեկություններ են հավաքել ոչ միայն բուն Իրանում, այլև նրա շրջակայքում։ Դրա շնորհիվ ԱՏԷՄԻԳ-ի պաշտոնյաները ստացել են ամենագաղտնապահված նյութերը, որոնց համապատասխան, իրանական փորձարկումները, իբր, ներառել են այնպիսի մոդելների ստեղծում, որոնք կարող են օգտագործվել միայն միջուկային պայթուցիչի մշակման համար։

Բացի այդ, ասվում էր, որ Թեհրանն արդեն կառուցել է պողպատակուռ մի մեծ կոնտեյներ` միջուկային զենքում օգտագործվող գերպայթուցիկ նյութերի փորձարկումների համար, ավելին, կատարել է բալիստիկ հրթիռների միջուկային պայթուցիչի հավաքման համակարգչային մոդելավորում։ Ընդ որում, զեկույցում ընդգծվում էր, որ տվյալները բացարձակ վստահելի են և ունեն ամենահուսալի աղբյուրները (հետաքրքիր է, թե այդ պնդումներն ինչպես են համատեղվում իրաքցի գիտնականի վերջերս արած խոստովանության հետ, որը մամուլին հաղորդել է, թե բացառապես անձնական հետաքրքրությունից դրդված կեղծել է Սադամի զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ լուրերը, դրանք փոխանցել է արևմտյան հետախուզությանը և, փաստորեն, գիտակցաբար հրահրել ներխուժումն Իրաք)։ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ երբևէ ներկայացված այդ ամենակոշտ զեկույցին հետևեց միջազգային պատժամիջոցների ուժեղացումը, որոնք վերաբերում էին ֆինանսական հատվածին, նավթի-գազի ճյուղին, մի շարք անձանց ու հիմնարկների։ Այդ ժամանակ աշխարհում այն կարծիքն էր գերիշխող դարձել, թե Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունն ավելի մեծ է, քան փոխգործակցության դիվանագիտական եղանակները։ Չէ՞ որ Արևմուտքի փորձագետները հաշվարկել էին, որ Իրանին ամենաշատը մեկ տարի է մնացել միջուկային զենք ստեղծելու համար, իսկ Թեհրանը, ինչպես միշտ, ամեն ինչ հերքում էր, մեղադրելով աջ ու ահյակ, և, ինքնըստինքյան հասկանալի է, պնդում էր, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակների է հետամուտ։ Այսինքն, ոչինչ չէր կանխագուշակում իրավիճակի դույզն-ինչ լիցքաթափում, ու թվում էր, թե նոր ձախողումը վերջնականապես ուղի կհարթի Իրանի դեմ ռազմական գործողության համար։

Սակայն Ստամբուլում կայացած տասժամյա բանակցությունները, ինչպես նշում են աշխարհի բոլոր լրատվամիջոցները, սենսացիա առաջացրին։ Դրանց մասնակիցներն առաջին քայլն արեցին իրանական ծրագրի խաղաղ բնույթի ամրագրման ճանապարհին և պայմանավորվեցին երկխոսությունը շարունակել մայիսին Բաղդադում։ Առանձնապես ընդգծվում է, որ թեև մեծ հաշվով ճեղքում տեղի չունեցավ, սակայն բանակցությունների մթնոլորտը սկզբունքորեն տարբերվում էր նախորդ փուլից, որն անցյալ տարվա հունվարին տեղի էր ունեցել նույն Ստամբուլում և ավարտվել էր ձախողմամբ։ Ավելին, շատերի համար անսպասելիորեն, կողմերը գոհունակություն հայտնեցին միմյանց գործողությունների առթիվ։ Չափազանց կարևոր է երկու հանգամանք. նախ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետագա աշխատանքը կշարունակվի միջուկային զենքի չտարածման պայմանագրի հիման վրա, և երկրորդ, բանակցողներն ընդունեցին խաղաղ միջուկային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը։ Եվ, ամենագլխավորը, կողմերը հայտնեցին պատրաստակամություն «վերսկսված երկխոսությունը կայուն զարգացման հիմքի վրա դնելու»` փուլայնության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։ Այսինքն, կազմվելու է փուլային պլան, որը ենթադրում է «գործողություն գործողության հետևից»։ Բացի այդ, Իրանն առաջարկել է մինչև 3,5 տոկոս հարստացված ուրանը փոխանակել ռուսական կամ ֆրանսիական արտադրության վառելիքով, իսկ մինչև 20 տոկոս հարստացվածը ԱՏԷՄԻԳ-ի հսկողությամբ ինքնուրույն վերամշակել վառելիքի համար։ Իսկ ընդհանուր առմամբ, Ստամբուլում ամրագրվեց գլխավոր սկզբունքը` «վստահության վերականգնում»։

Այսպիսով, թեև որոշ փորձագետներ ու զինվորականներ, հիմնականում պաշտոնաթող, անմիջապես ենթադրեցին, թե «իրանցիները հնարավորություն ստացան ժամանակ ձգելու և առաջ շարժվելու ուրանի հարստացման ճանապարհով», թե «իրանցիները նման խաղերում անգերազանցելի վարպետներ են», և որ տարածաշրջանի մի շարք երկրներ «արյան ծարավի» են ու կհասնեն դրան, այդուամենայնիվ, ակներև է, որ Թեհրանն առնվազն ժամանակ շահեց` անորոշ հեռանկարով հետաձգելով ռազմական սցենարը։ Կկարողանա՞, արդյոք, Իրանը վերջնականապես բռնել միջազգային մեկուսացումից դուրս գալու ուղին։ Դա, թվում է, պարզ կդառնա մոտ ժամանակներս։ Բայց ակնհայտ է դարձել նաև այն, որ բուն «վեցյակում» ոչ ոք պատերազմ չի ուզում և պատրաստ էլ չէ դրան։ Եվ ապա` բանակցային ամբողջ գործընթացի բարենպաստ ելքի դեպքում, ամենայն հավանականությամբ, Թեհրանին իրական հնարավորություն կընձեռվի վերադառնալու մեծ աշխարհաքաղաքականության ոլորտ, ինչն անմիջականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի մոդելավորման վրա։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ