«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երեխան դառնում է ցմահ հաշմանդամ, եթե...»

«Երեխան դառնում է ցմահ հաշմանդամ, եթե...»
12.09.2008 | 00:00

ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ-ՊԱՅՔԱՐ... ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Մեր տեղեկություններով, աշնանը ՀՀ առողջապահության նախարարությունը սկսում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագիր։ Այսինքն, ամբողջ հանրապետության բնակչության որոշակի տարիքի երեխաներ պետք է ընդգրկված լինեն այս ծրագրի մեջ։ Նկատենք, որ մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ առողջապահության նախարարությունում։ Ի դեպ, նշված հիվանդությունը վարակիչ է, և ինչպես արձանագրվել է «Պոլիոմիելիտի վերացման եվրոպական տարածաշրջանային սերտիֆիկացիոն հանձնաժողովի» տարեկան խորհրդակցությունում, պոլիոմիելիտի վարակի ռիսկը բարձր է մասնավորապես Աֆղանստանում, Հնդկաստանում և Պակիստանում։ Եթե հավելենք և այն հանգամանքը, որ հատկապես Հնդկաստանից մարդկանց հոսքը Հայաստան փոքր թիվ չի կազմում, ապա պետք է ենթադրել, որ պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի պարտադիր կիրառումը շատ կարևոր է։ Թեև պետք է նկատենք, որ 2002-ին ՀՀ-ն ճանաչվեց պոլիոմիելիտից զուրկ գոտի։ Այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ կրկին պարտադիր պատվաստումներ պետք է իրականացվեն։ Խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հետ։
-Նախ` նշեմ, որ կանխարգելիչ պատվաստումների իրականացումը առողջապահության բարձրարդյունավետ ռազմավարություններից է։ Այս հարցին մատների արանքով չպետք է նայել։ Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն է կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում՝ ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Տեղին է հիշել բնական ծաղկի հիվանդությունը։ Մեր օրերում արդեն շատ քչերն են հիշում այդ հիվանդությունը և նախկինում դրա դեմ կատարվող պատվաստումները։ Այս պահի դրությամբ հանրապետության առողջապահության առջև ծառացել է մեկ այլ խնդիր՝ պահպանել պոլիոմիելիտի հետ կապված նվաճումները։ Հիշեցնեմ, որ պոլիոմիելիտը վիրուսային վարակիչ հիվանդություն է։ Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը, ինչի պատճառով կարող են զարգանալ մնացորդային կաթվածներ, և երեխան դառնա ցմահ հաշմանդամ։ Պոլիոմիելիտի առումով Հայաստանը դասվում է բարձր ռիսկերի երկրների շարքին, որոնց թվում են նաև` Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Վրաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքիան։ Ներկայումս բավականին ընդլայնվել է հանրապետության սոցիալ-տնտեսական կապը բոլոր այն երկրների հետ, որոնք համարվում են պոլիոմիելիտի էնդեմիկ օջախներ։ Ակտիվացել են բնակչության տեղաշարժը, ուսանողների ժամանումը պոլիոմիելիտի առումով անապահով երկրներից, այդ թվում նաև` Հնդկաստանից։ Ի լրումն վերջինիս, հանրապետությունում առկա է ընկալունակ երեխաների որոշակի քանակ, ովքեր չեն պատվաստվել պոլիոմիելիտի դեմ ծնողների հրաժարվելու պատճառով՝ այն հիմնավորմամբ, որ հանրապետությունում չեն արձանագրվում պոլիոմիելիտի դեպքեր։ Սակայն պոլիոմիելիտի վտանգը միշտ էլ կա, քանի դեռ պոլիովիրուսի շրջանառությունը երկրագնդի վրա չի դադարել։ Հաշվի առնելով այս հանգամանքները` հանրապետությունում պոլիոմիելիտի դեմ պայքարի գործընթացում նվաճումները պահպանելու նպատակով անհրաժեշտ է պլանային կանխարգելիչ միջոցառումների հետ մեկտեղ (պլանային պատվաստումներ, կասկածելի դեպքերի անհապաղ լաբորատոր հետազոտություններ) ձեռնարկել նաև լրացուցիչ միջոցառումներ, իրականացնել լրացուցիչ պատվաստումներ, ինչը թույլ կտա ընկալունակ երեխաների մեջ կայուն իմունիտետ ձևավորել և շրջանառությունից դուրս մղել պոլիովիրուսը։ Հակառակ դեպքում վերստին կունենանք պոլիոմիելիտի դեպքեր՝ սարսափելի հետևանքներով։
-Ե՞րբ և ի՞նչ կարգով է իրականացվելու նշված ծրագիրը, և երաշխիք կա՞, որ մարդիկ կամավոր կգան այդ պատվաստումներին։
-Որպես կանոն, ծրագիրն իրականացվում է երկու փուլով, մեկ ամիս ընդմիջումով։ Առաջին փուլը կիրականացվի սեպտեմբերի 22-26-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 27-31-ին։ Պատվաստումների առաջին օրերին կպատվաստվեն 1-5 տարեկան բոլոր երեխաները՝ անկախ պատվաստումային կարգավիճակից, ինչպես նաև 6-12 ամսական երեխաները,՝ ովքեր չեն ավարտել կամ ընդհանրապես չեն ստացել պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ։ Չեմ կարծում, որ որևէ ծնող ուզի հաշմանդամ երեխա ունենալ։ Առավել ևս, որ պատվաստանյութը որևէ կողմնակի ազդեցություն կամ բարդություն չի կարող առաջացնել և բացարձակապես անվնաս է։ Առավել քան համոզված և վստահ եմ մեր բնակչության (ծնողների) բարձր ինքնագիտակցության վրա։
-Ի դեպ, եթե խոսում ենք պատվաստումներից, ապա կցանկանայի ճշտել մեկ հարց ևս։ Անցած տարի իրականացվեցին կարմրուկի դեմ պատվաստումներ։ Ծրագիրն ունեցավ ընդդիմախոսներ, և, ըստ որոշ պնդումների, արդյունքները շատ փոքր պետք է լինեին։ Սակայն առողջապահության նախարարությունը հակառակ տեսակետին էր։ Ի վերջո, մեկ տարի անց ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին, և արդյոք այդ պատվաստանյութը բացասական ազդեցություն ունեցա՞վ հղիների վրա, ինչպես պնդում էին ոմանք։
-Նշեմ, որ 2007-ի հոկտեմբերին կարմրուկ-կարմրախտի լրացուցիչ պատվաստումների իրականացումից հետո չի արձանագրվել կարմրուկի և ոչ մի դեպք։ Մինչ կարմրուկ-կարմրախտի լրացուցիչ պատվաստումների իրականացումը` յուրաքանչյուր տարի արձանագրվում էին կարմրախտի հազարավոր կլինիկական դեպքեր։ 2008-ի անցած ամիսների ընթացքում արձանագրվել է ընդամենը կարմրախտի կասկածելի (ցանավորման) 30 դեպք, որոնցից միայն երկուսի մոտ է լաբորատոր ստուգմամբ հաստատվել «կարմրախտ» ախտորոշումը։ Հարկ է նշել, որ, առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, վերջին հինգ տարվա ընթացքում կարմրուկ-կարմրախտի լրացուցիչ պատվաստումների գործընթաց իրականացրած երկրներից Հայաստանում հետպատվաստումային անսովոր ռեակցիաները շատ ցածր տոկոս են կազմել։ Ինչ վերաբերում է հղիներին, ապա ինչպես մայրերը, այնպես էլ նորածիններն առողջ են։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6383

Մեկնաբանություններ