Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Համարյա հանցագործություն է ճգնաժամի դրական կողմերը որոնելը, այնուհանդերձ, դրանք կան

Համարյա հանցագործություն է ճգնաժամի դրական կողմերը որոնելը, այնուհանդերձ, դրանք կան
24.04.2009 | 00:00

ՃԳՆԱԺԱՄԸ ԻԲՐԵՎ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչպես ամեն մի հասկացություն ու երևույթ, ունի երկու կողմ` դրական ու բացասական: Թեպետ համարյա հանցագործություն է ճգնաժամի դրական կողմերը որոնելը, այնուհանդերձ, դրանք կան: Այո՛, ճգնաժամը կազմալուծում է տնտեսությունը, այո՛, ճգնաժամը փլուզում է բանկային համակարգը, այո՛, ճգնաժամը ձեռնարկությունների փակման ու գործազրկության պատճառ է դառնում, այո՛, ճգնաժամը գների աճ ու գնողունակության անկում է բերում, ապրանքների ու ծառայությունների թանկացումն իջեցնում է կենսամակարդակը: Չի բացառվում, որ ֆինանսատնտեսական համակարգի փլուզմանը նաև քաղաքական համակարգի փլուզում հաջորդի:
Այս թվարկումը կարելի է շարունակել և հավելել ճգնաժամի բացասական ներգործության ևս մի տասնյակ հայտանիշներ:
Բայց կա ամենակարևորը. գլոբալ, թե լոկալ ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ կանխատեսումների, որոնք ունեն կատարվելու ու չկատարվելու 50/50 հարաբերակցություն, այլ իրականության մակարդակով ախտորոշում է տվյալ երկրի իրական վիճակը: Տվյալ երկրի տնտեսության իրական վիճակը: Տվյալ երկրի բանկային համակարգի իրական վիճակը: Տվյալ երկրի ֆինանսական իրական վիճակը: Տվյալ երկրի քաղաքական իրական վիճակը: Ճգնաժամը արտակարգ իրավիճակ է, որից դուրս գալու համար ևս պահանջվում են արտակարգ քայլեր: Սա իրականության հետ առերեսման յուրօրինակ հնարավորություն է, որի ժամանակ բացահայտվում են ճիշտ ու սխալ գործողությունները, որի ժամանակ անհրաժեշտ է համարձակություն, հաշվարկի ճշգրտություն` պլանավորման ռեալ թվեր ունենալով, և ամենակարևորը` տնտեսավարման ռազմավարության ու մարտավարության հստակ ընտրություն:
Ճգնաժամը մատնանշում է անցյալի տնտեսավարման սխալները:
Ճգնաժամը ցույց է տալիս ապագայի զարգացման ուղղությունները:
Որքան էլ տարօրինակ թվա` բայց Հայաստանի համար այս գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի մասին խոսելիս պետական ոչ մի պաշտոնյա չի մոռանում հաստատապես պնդել, որ Հայաստանի մեղքը չէ և Հայաստանը չէ ճգնաժամի ոչ հեղինակը, ոչ պատճառը, նույնիսկ դրական ներգործություն ունի: Եթե երեկ ընդամենը կանխատեսում էր, այսօր ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական աճն իր երկնիշ ցուցանիշներով իրական չէր, որովհետև հիմքում չուներ արտադրություն: Տրանսֆերների ու շինարարության հաշվին ձեռքբերված ցուցանիշները վկայում էին քանակ, բայց ոչ որակ: Իրականում Հայաստանի տնտեսությունը պարզապես ազատ նավարկության մեջ էր ճահճում, որտեղ ոչ կարող ես լողալով մեծ ծով դուրս գալ, ոչ էլ ամուր ցամաք:
Այսօր ակնհայտ է նաև, որ սխալը ոչ միայն տնտեսական էր, այլև քաղաքական: Ազատական տնտեսության մոդելի ընտրությունը, իհարկե, շատ ժամանակակից ու միակ հնարավոր քայլ կարող էր թվալ 70-ամյա պլանային փլուզված տնտեսության տակից հազիվ դուրս եկող հետխորհրդային հանրապետություններին: Հայաստանն ընտրեց շոկային թերապիան ու տնտեսության ազատականացումը, թե ինչ ու ինչպես եղավ հետո, առանձին խոսակցություն է: Բայց նույնիսկ ամենաահավոր իրավիճակը, ինչպիսին Հայաստանում չկար, կարող էր անցած տարիների ընթացքում շտկվել ու կարգավորվել, եթե ընտրվեր տնտեսության զարգացման ճիշտ ուղղություն:
1999-ի մայիսից մինչև 2000-ի մայիս այդ հնարավորությունները սկսում էին կենսագործվել. վերջապես տնտեսական զարգացման հայեցակարգում խնդիր էր դրվել արդյունաբերության վերականգնումը, ապրանքի` նյութական արժեքի ստեղծումը: Այն ժամանակ էլ հստակ գիտակցվում էր, որ դա շատ դժվար ճանապարհ է, որ ոչ միայն բնական հարուստ ռեսուրսներ չկան, ժամանակակից տեխնիկա ու տեխնոլոգիաներ, համապատասխան որակավորում ունեցող աշխատուժ, սպառման շուկաներ ու մրցունակ ապրանքի արտադրության համար ժամանակ` բրենդների ստեղծում ու ինքնահաստատում: Չկային նաև ֆինանսներ, բայց կար հստակ ըմբռնումը` երկիրը պիտի արդյունաբերություն ունենա: Դժվար, դանդաղ, բայց դա է միակ ճանապարհը: Իսկ երբ նպատակը կա, հնարավորությունները ստեղծվում են: Թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:
2000-2001 թվականներից արդեն փաստ էր` Հայաստանն ընտրեց հեշտ ու անպատասխանատու ճանապարհը: Երկիրն սկսեց ընկալվել իբրև մի մեծ ու, ինչպես հետո պարզվեց, կեղծ զբոսաշրջիկային դրախտ, հետո` սպասարկման ոլորտ: Այսպես արդյունաբերության մասշտաբային վերականգնման ծրագրերը մոռացվեցին, ու տնտեսական քաղաքականության հիմքում դրվեց արագ հարստացման քաղաքականությունը:
Այսօր Հայաստանը չունի ո՛չ համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք, ո՛չ հաստատված բրենդներ, ո՛չ ժամանակակից տեխնոլոգիաներ ու նյութատեխնիկական բազա: Այսինքն` առանց չափազանցության, ու բնականաբար, մենք վերադառնում ենք այն կետին, որտեղ կատարվեց սխալն ու շարունակվեց:
Եթե նույնիսկ 2008-ին սկսված գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, որի հաղթահարման իրական ու անիրական ժամկետներ են նշվում 2010-ից մինչև 2015 թվականները, հաղթահարման, այլ ոչ տնտեսության վերականգնման, ապա, միևնույն է, Հայաստանում սկսվելու էր լոկալ ֆինանսատնտեսական ճգնաժամ, ինչը մեր երկրի համար պակաս աղետալի չէր լինելու: Տնտեսությունը կարող է հանդուրժել քաղաքական խաղերը, կոռուպցիան, մենաշնորհները «ազատ մրցակցության» պայմաններում, անազնիվ մրցակցությունը, հարկային տեռորը, արտահանման ու ներմուծման անհամաչափությունները, արտարժույթի հետ կամայական խաղերն ու էլի տասնյակ այլ մեխանիզմների գոյությանը տնտեսությունը կդիմանա, բայց որոշակի ժամանակ: Որպես կանոն` կարճ:
Այս պայմաններում` ո՞րն է Հայաստանի համար ճգնաժամի հնարավոր դրական ազդեցությունը:
Առաջին` հանրապետության տնտեսական ու ֆինանսական իրական վիճակի արձանագրում, կրկնում եմ` իրական, այլ ոչ թե ցանկալի ու անհրաժեշտ, որի շուրջ նկարված ու ներկայացվող թվերը և տոկոսներն այլևս ոչ մեկին պետք չեն, որովհետև իրենք իրենց չեն արդարացնում:
Երկրորդ` իրական վիճակի վերլուծության ու համաշխարհային տնտեսության զարգացումների հեռանկարով առաջիկա մի քանի տարիների գերակայությունների կանխատեսում:
Երրորդ` այս հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդյունաբերության վերագործարկման քաղաքական որոշման կայացում, որը գերակա անհրաժեշտություն է, որովհետև որևէ այլ ճյուղ չի տալիս այն արդյունքը, ինչ արդյունաբերությունը:
Կարվե՞ն այս քայլերը, Հայաստանը ռեալ շանսեր կունենա ճգնաժամից իրապես հաղթած դուրս գալու, չե՞ն արվի, կշարունակենք մեծ ճանապարհի շրջմոլիկի պես ձեռքներս պարզել այս ու այն պետության գրպանը` վարկեր մուրալու, մի կերպ կցմցած թվերով բյուջե ձևավորելու, կեսը կատարելու, մյուս կեսն էլ կատարված ներկայացնելու մեր ավանդույթը` այդ ընթացքում անկեղծորեն, շատ անկեղծորեն ապշելով` ինչո՞ւ երկնիշ տնտեսական աճը ոչ մի տոկոս կենսամակարդակի վրա չի ազդում, ինչո՞ւ է արտագաղթը դատարկում երկիրը, բարոյահոգեբանական այս ի՞նչ մթնոլորտ է, ի՞նչ եղան հանդուրժողականությունն ու համերաշխությունը, և ի՞նչ է լինելու սրա վերջը:
Ճգնաժամը չարիք է, միանշանակ: Բայց ավելի խելացի է ուրիշների սխալներից սովորել, քան սեփական սխալները գործել: Ի վերջո, սեփական սխալներն ուղղելն էլ խիզախություն է: Այնպես որ, չարիքը` չարիք, բայց այս լուսնի տակ ոչինչ հենց այնպես չի լինում` սխալի դիմաց պետք է հատուցել, սխալն ուղղելու համար պետք է կամք ունենալ, ոչ լավը, ոչ վատը անհետևանք չեն անցնում:
Աշխարհում եղել են տասնյակ ճգնաժամեր, ավերիչ պատերազմներ ու տարերային աղետներ, բայց պետություններն ու ժողովուրդները չեն վերացել: Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո երկուսում էլ պարտված Գերմանիան այսօր աշխարհի հզոր տնտեսություն ունեցող երկրներից մեկն է... Սա փորձ է, որ պետք է կիրառել, ոչ թե բարձրաձայնել, հիանալ ու հեռանալ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ