Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վաշինգտոնին երաշխիքներ են պետք, որ Անկարան չի միջամտի Հարավային Կովկասի գործերին

Վաշինգտոնին երաշխիքներ են պետք, որ Անկարան չի միջամտի  Հարավային Կովկասի գործերին
08.05.2012 | 00:00

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Ադրբեջան կատարած այցը կրում էր գերատեսչական ստուգայցի բնույթ. Պենտագոնը որոշել էր համոզվել, որ դեպի Աֆղանստան ռազմական բեռների առաքման երթուղիներից մեկը կասկածներ չի հարուցում: Գեյթսն ընդգծել էր իր այցի գերատեսչական նշանակությունն ու իմաստը, հայտարարել էր, որ Հիլարի Քլինթոնին կհաղորդի ղարաբաղյան խնդրի առնչությամբ Բաքվի անհանգստությունը:

Այդ այցի մեջ կիզակետված էր Ադրբեջանի և ամբողջ Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության ողջ տրամաբանությունը: ԱՄՆ-ը որոշել էր Բաքվին մատնանշել իր տեղը համաշխարհային քաղաքականության մեջ` ի պատասխան հայ-թուրքական բանակցությունների առթիվ Ադրբեջանի արձագանքի, երբ ամերիկացիները չափազանց կարևոր տեղ տվեցին այդ երկրին` բանակցությունների և Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա խնդիրների կարգավորման հարցի ձախողման գործում: Բայց շատ շուտով ամերիկացիները պարզեցին, որ ադրբեջանական գործոնն առհասարակ ոչ մի նշանակություն չի ունեցել թուրքական այդ խաղում: Թուրքիան իր քաղաքականության մեջ Ադրբեջանին վերապահել էր ընդամենը պահեստային տարբերակի դեր, երբ պարզվի, որ ԱՄՆ-ը Անկարային չի երաշխավորել «փակելու» հայկական հարցը և «Օսմանյան տարածության» վերականգնմանն ուղղված թուրքական քաղաքականությանը հավանություն չի տվել: Բաքվում ևս հասկացել էին ստեղծված իրավիճակի անհեթեթությունը և պատրաստ էին ընդունելու Վաշինգտոնի ցանկացած քայլ:

Երկար մտորումներից հետո Ադրբեջանը, այնուամենայնիվ, ընդունեց ռազմական դոկտրինի մի սխեմա, որտեղ փորձ է արվում չնշել իրական սպառնալիքները: Ադրբեջանը շրջապատված է այնպիսի երկրներով, որոնք նրա հանդեպ տարածքային հավակնություններ ունեն: Դրանք են` Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Թուրքմենստանը, հնարավոր է նաև` Վրաստանը, ինչպես նաև այդ երկրների մի մասի էթնիկ տարածաշրջանները, նախ և առաջ Դաղստանն ու Թալիշստանը: Սրանք ոչ պակաս, նույնիսկ ավելի վտանգավոր մարտահրավերներ են, քան ղարաբաղյան խնդիրը:

Բրիտանական և ամերիկյան վերլուծաբանները ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրում են որպես անհետևողական, ինչը պայմանավորված է ոչ այնքան ռուս-հայկական գործընկերությամբ, որքան և շատ ավելի սկզբունքային չափով` դեպի Թուրքիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ նրա ռազմավարական կողմնորոշմամբ: Սակայն նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթանում, քանի որ Թուրքիան իր քաղաքական նպատակներն է հետապնդում Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի հետ հարաբերություններում: Ռուսաստանում քաղգործիչներն ու վերլուծաբանները սկսում են հասկանալ, որ լավագույն դեպքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարող են լինել հարթ, գործընկերային և նույնիսկ բարեկամական, բայց ոչ երբեք դաշնակցային: Ռուսական վերլուծական ընկերակցության գլխավոր նվաճումներից մեկն այն բանի ըմբռնումն է, որ Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին նվիրել Լեռնային Ղարաբաղը: Վերջին ժամանակներս Մոսկվայում նույնիսկ չեն էլ փորձում ձևացնել, թե այդ «նվերը» հնարավոր է մատուցել, ինչը կարևոր է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու համար: Մոսկվան Ադրբեջանի հետ իր խաղերում շեշտը դնում է ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի լուծման, այլ Հայաստանի կառավարող վարչակազմի զիջողականության վրա, ինչը շատ ավելի կասկածելի է: Երևում է, Բաքվում ակնկալիքներ չունեն այն առումով, թե Ռուսաստանը կհամոզի Հայաստանին զիջումների գնալու: Բաքուն հույսը կապում է ԱՄՆ-ի ավելի քան լուրջ երկյուղների հետ, թե կուժեղանա Ադրբեջանի կողմնորոշումը դեպի Ռուսաստան:

Ներքաղաքական և արտքաղաքական իրավիճակը, որում հայտնվել է Ադրբեջանը, կառավարող քաղաքական վերնախավից պահանջում է իր նպատակներն ու խնդիրները համաձայնեցնել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ` այն երկու պետությունների, որոնք ընդունակ են իրական ազդեցություն գործելու Ադրբեջանի ու նրա հասարակության վրա: «Նախիջևանյան կլանն» ու Ի. Ալիևի ընտանիքը Բ. Օբամայի վարչակազմի «նոր կուրսին» մոտեցել են ներքին ճգնաժամի, որոշակի շփոթվածության, վերահաս քաղաքական, պետական ու ազգային խոր ճգնաժամի վիճակում: Ի. Ալիևի ընտանիքին քիչ են հետաքրքրում իր քաղաքական վիճակի, ասենք, ղարաբաղյան հարցի հետ չկապված խնդիրները կամ երկրի սոցիալական իրադրությունը: «Ընտանիքի» քաղաքականությունն ուղղված է բացառապես իր դիրքերի ամրապնդմանը: Այդ միանգամայն անձնական շահերի հետ է կապված նաև Ադրբեջանի շահերի սակավարդյունավետ արտքաղաքական սատարումը, քանի որ երկրի շփումներն ու արտաքին դիրքորոշումները պայմանավորող բոլոր կապերն օգտագործվում են «ընտանիքի» շահերի պաշտպանության համար: Օրինակ, ղարաբաղյան հարցում Ադրբեջանի շահերի սատարումը իրականացվում է իբրև երրորդ կարգի խնդիր: Այս պնդումը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Բաքուն էական միջոցներ է սկսել ծախսել բառացիորեն ամբողջ աշխարհում սատարում (լոբբինգ) իրականացնելու համար: Բայց այդ սատարման էության և արդյունքների ավելի ուշադիր դիտարկումը հանգեցնում է այն հետևությանը, որ, տվյալ դեպքում, նպատակ է հետապնդվում ուղղակի աղմուկ բարձրացնել, իսկ իրականում սատարման կազմակերպիչներին «փողեր լվանալու» հնարավորություն տալ:

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը գտնվում է շատ խոցելի վիճակում, և նրան պետք է ԱՄՆ-ի պարտադիր պաշտպանությունը, մասամբ էլ` Թուրքիայի և Ռուսաստանի: Իլհամ Ալիևն սկսել է փորձեր անել` ապահովելու Իրանի աջակցությունը, բայց այդ հարցն անգամ մասնակի լուծում չունեցավ։ Սակայն միաժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի վրա հենվելը խիստ խնդրահարույց է, իսկ Թուրքիայի վրա հենվելը չի կարող փոխարինել ԱՄՆ-ի աջակցությանը։ Իրավիճակը բարդացել է նաև նրանով, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները լարվել են։ Իրաքի գործողության ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկեց Մեծ Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաների տեղաբաշխումը փոխելու ուղղությամբ, ինչը կբացառեր այսօրվա ուժեղ կախումը Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից։

Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը հաշվի է առնում ոչ միայն ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության, այլև տարածաշրջանի փոքր երկրների` Հայաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ու Վրաստանի դիրքորոշումները։ Օրինակ, ԱՄՆ-ն, այսպես թե այնպես, պետք է պահպանի հավասարակշռությունն Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններում։ Այդ հավասարակշռությունը ներառում է տնտեսական օգնությունը, քաղաքական ու ռազմական համագործակցությունը, ղարաբաղյան հարցի կարգավորումը, քաղաքական վարչակազմերի քննադատությունը և համապատասխան պահանջների ներկայացումը։ Սակայն պարզվում է, որ «հավասարակշռության» պահպանման քաղաքականության շարունակումն անհնար է։ Ամեն անգամ Հայաստանում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շրջանում ԱՄՆ-ն աշխատում է օգտվել քաղաքական պահից` Հայաստանի վրա քաղաքական լուրջ ճնշում գործադրելու համար` նպատակ ունենալով երկիրը լիովին պահել ամերիկյան շահերի ոլորտում։ Սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարեց, որ դեմ է Իրանի դեմ ագրեսիա կատարելու Միացյալ Նահանգների մտադրություններին։ Դա զգալի չափով կազմալուծում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, որը հիմնված է «հավասարակշռության» պահպանման վրա։ ԱՄՆ-ը հասկացավ, որ անհրաժեշտ է կա՛մ լիովին հրաժարվել «հավասարակշռության» քաղաքականությունից և իր համար գերակա դարձնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, լիովին անտեսելով Հայաստանը, կա՛մ փորձել վերականգնել քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ Իրանի ու Թուրքիայի հետ առճակատման պայմաններում Հայաստանից կտրվելը ոչ մի լավ բան չի խոստանում ԱՄՆ-ին։ Պարզվում է` Վաշինգտոնը «հայկական գործոնը» մշտապես օգտագործել է Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Խնդիրն այն է, թե որքան սկզբունքային ու տևական կլինի այդ «նոր» իրավիճակը տարածաշրջանում։ Մեր կարծիքով, անկախ տվյալ իրավիճակի զարգացումից, ԱՄՆ-ը միտք չունի նոր քաղաքական կուրս վարելու Հարավային Կովկասում և կձգտի շարունակել «հավասարակշռության» քաղաքականությունը։ Դա հենվում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գերակայությունների պահպանման վրա, այն է` պահպանել կայունությունը, նպատակ ունենալով ապահովել կասպյան ածխաջրածինների հաջող մատակարարումն ու ռազմական տարանցումը։ Մնացած բոլոր խնդիրները կա՛մ ենթարկված են այդ նպատակին, կա՛մ իրականում չեն մտնում ԱՄՆ-ի «կովկաս-կասպյան» խնդիրների կազմի մեջ, ինչպիսին, օրինակ, Իրանի խնդիրն է։ Եվ այնուամենայնիվ, Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունն արդեն որակապես տարբերվում է Ռուսաստանի քաղաքականությունից։ Իսկ այդ որակն այն է, որ ԱՄՆ-ը Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ վարում է (տարածաշրջանում նրա քաղաքականության սկզբնական շրջանում այդպես չի եղել), փաստորեն, ոչ փոխկապակցված քաղաքականություն, ինչպես առայժմ անում է Ռուսաստանը։ Այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ը չի դիտարկում իբրև հաղորդակից անոթների համակարգ։ Կարծում ենք` տարածաշրջանում քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը Ռուսաստանի քաղաքականությունն էլ կուղղորդի նույն մոտեցումների ու ոճի հուն։

Թուրքիայի և Հայաստանի ներգրավումն իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացում դարձավ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա ԱՄՆ-ի ճնշման կարևոր լծակ։ Հայաստանը ներգրավված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի ակտիվ քաղաքականության մեջ, որի խնդիրն է զսպել Թուրքիային, թույլ չտալ ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականության ծավալում։ Միաժամանակ, Ադրբեջանը սերտորեն կապված է այդ քաղաքականությանը և էլ ավելի մեծ կախման մեջ է ԱՄՆ-ից, քան առաջ, Ադրբեջանի ղեկավարների մեջ պատրանքներ են առաջացել, թե իրենց երկիրը միջազգային ասպարեզում ավելի անկախ է, քան Հայաստանը կամ Վրաստանը։ ԱՄՆ-ը ներկայումս, փաստորեն, իրագործել է Ադրբեջանում ունեցած իր ծրագիրը։ Նա Մեծ Բրիտանիայի հետ համատեղ լիակատար հսկողության տակ է առել նավթի ու գազի պաշարները, էներգահաղորդուղիները, ստեղծել մի շարք բազաներ` արագ արձագանքման կայանների տեսքով, հուսալի ռազմական տարանցում է ապահովել դեպի արևելք, ինչը շատ կարևոր է Հարավային ու Կենտրոնական Ասիայում իրականացվող ռազմավարության համար, և Ադրբեջանի ղեկավարությանը շաղկապել է իր քաղաքականությանը։ Հիմա ԱՄՆ-ին երաշխիքներ են պետք, որ Թուրքիան չի միջամտի Հարավային Կովկասի և մյուս տարածաշրջանների գործերին, ուր հաստատված են ԱՄՆ-ի շահերն ու ներկայությունը։ Այս կապակցությամբ ամերիկացիները ոչ միայն պետք է զսպեն Թուրքիային` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սանձով, այլև ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի միջոցով Ադրբեջանը կապեն Հայաստանի հետ առնչվող խնդիրների համալիրին։ ԱՄՆ-ը կարողացել է Թուրքիային հեռու պահել ղարաբաղյան հարցի կարգավորումից, իսկ Ադրբեջանին` հայ-թուրքական բանակցություններից։ Դա հեշտ խնդիր չի եղել, բայց ԱՄՆ-ը կատարել է այդ առաջադրանքը և բավականին հեշտությամբ։ Այդ աշխարհաքաղաքական խնդիրը սերտորեն շաղկապված է Իրանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Եվրամիության հետ կապերում Ադրբեջանի շրջափակման մյուս առաջադրանքների հետ։ Ադրբեջանական վերնախավը հասկացել է, որ իրենց երկիրը չի կարողանալու իրավամբ ընդունել Թուրքիայի խնամակալությունը, իսկ ինքը տեսանելի հեռանկարում մնալու է ԱՄՆ-ի հովանու ներքո։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի լիովին կատարել Թուրքիայից Ադրբեջանին հեռու պահելու առաջադրանքը, դրանով իսկ նա կցուցադրի Թուրքիայի անընդունակությունը` լուծելու անգամ առավել մերձավոր գործընկերոջ նկատմամբ իր գերադաս ազդեցության խնդիրը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ

նկարչի կսմիթ Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո