Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.11.2009 | 00:00

(ընդհանուր ներածություն)
Այդ փրկության համար է, որ փնտրտուքներ կատարեցին և քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ։ Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո` Նրա փառքի մասին։ Աստված նրանց հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, Ով ուղարկվեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել (Ա. Պետրոս Ա10-12)։
ԲԱՌԸ: Հրեաները մարգարեներին nabi (նաբի) էին կոչում, այսինքն՝ «խոսող»: Այս բառի բայարմատն արաբերենում ցայսօր պահպանված nabaa-ն է, որ նշանակում է «լուր տալ»: Nabi եզրի ճշտության օգտին են խոսում ասուրերեն համապատասխան nabu՝ «կոչել», ինչպես նաև հաբեշերեն nababa՝ «խոսել» բառերը: Բայց եթե «խոսողներ» (nebiim) (նեբիիմ) մակդիրը լոկ առանձին անձանց էր տրվում, ապա դրա տակ, հավանորեն, նկատի էին առնվում հատուկ մարդիկ, ովքեր իրենց խոսքով արժանանում էին բացառիկ ուշադրության ու հարգանքի, մի խոսքով՝ սրանք Աստծու կողմից Իր կամքը հայտնելու համար առաքված մարդիկ էին: Այսպիսով, nabi բառը աստվածային հայտնությունների բանբերի նշանակությունը պիտի ունենա: Նույն իմաստն ունի նաև հունարեն եզրը, որով Յոթանասնիցի թարգմանիչները թարգմանեցին եբրայական nabi բառը: Բացի այդ, հրեաները մարգարեներին roe՝h՝ տեսանող և choze՝h՝ կանխատես էին անվանում: Այս երկու անվանումները վկայում են, որ մարգարեները հայտնում են այն, ինչ տեսնում են տեսիլքի մեջ կամ սաստիկ հուզման վիճակում (տե՛ս Թվեր ԻԴ 3): Բայց քանի որ մարգարեի հայացքն ուղղվում էր նաև հրեական պետության արտաքին կյանքին, նույնիսկ նրա ապագային, ապա մարգարեներին երբեմն կոչում էին zophim, այսինքն՝ հսկիչներ, պահապաններ (Երեմ. Զ 17, Եսայի ԾԶ 10), սրանք պետք է իրենց ժողովրդին նախազգուշացնեին վերահաս վտանգի մասին: Մարգարեները կոչվում էին նաև հովիվներ (Զաք. Ժ 2, ԺԱ 3, 16) (որոնք պետք է հովվեին իրենց հանձնված ոչխարներին՝ իսրայելացիներին) ու Աստծու այրեր և այլն:
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ: Եթե մարգարեները պարտավոր էին մարդկանց հաղորդել Աստծու հայտնությունները, ապա ակներև է, որ Աստված սերտ հաղորդակցության մեջ էր մտնում նրանց հետ: Աստված պետք է որ խոսեր նրանց, նրանք էլ՝ Աստծու հետ: Եվ Աստված իրոք այցելում և խոսում է նրանց` իբրև Իր բարեկամների հետ այն մասին, թե Ինքն ինչ է մտադիր անել և բացահայտում Է Իր ծրագրերը: Սա է մարգարեության իսկական էությունը: Այդ իսկ պատճառով Աբրահամը կոչվում է Աստծու մարգարե և բարեկամ (Ծննդ. Ի, Հակ. Բ 23): «Մի՞թե ես,- ասում է Աստված,- իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ» (Ծննդ. ԺԸ 17):
Մյուս նահապետներին ևս Տերը կոչում է «Իմ մարգարեներ» (Սաղմ. ՃԴ 14, 15): ՈՒստի, եթե մարգարեները հանդես են գալիս իբրև իրենց ժողովրդի ուսուցիչներ և առաջնորդներ, ապա նրանք արտահայտում են ոչ թե իրենց անձնական համոզմունքներն ու մտքերը, այլ այն, ինչ Աստծուց են լսել: Իրենք՝ մարգարեները, հստակորեն գիտակցում էին, որ իրենց շուրթերով Աստված է խոսում: Այդ իսկ պատճառով նրանց մարգարեական ճառերում հաճախ է հանդիպում «Աստված ասաց» արտահայտությունը: Աստված Իր խոսքը նրանց լեզվի վրա էր դնում (Երեմ. Ա 9), և նրանք վստահաբար խոսում էին իրենց՝ Աստծու կողմից առաքված լինելու մասին (Բ Թագ. ԻԳ 2, Դան. Բ 27): Առավելապես սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրանք իրենց վերապահում էին նաև «տեսանող» անվանումը, ինչն առավել ցայտուն է արտահայտում մարգարեական ներշնչանքի աստվածային ծագումը, քան մյուս choze՝h՝ բառը, որը երբեմն գործածվում էր սուտ մարգարեներին մատնանշելու համար, ովքեր, գայթակղված լինելով, կարծում էին, թե իրենց միջոցով Աստված է խոսում (Եզեկ. ԺԳ 2, 6):
ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԶԱՆԱԶԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ: Թեև բոլոր մարգարեները վկայում են` «Աստված ասաց ինձ» կամ «Այսպես է ասում Աստված», սակայն, այնուամենայնիվ, նրանք տարբերվում էին մեկը մյուսից մարգարեական ինքնագիտակցության և իրենց նկատմամբ Աստծու վերաբերմունքի հարցում:
ա) Անկասկած, բոլոր մարգարեներից բարձր է կանգնած Մովսեսը, որի հետ Աստված դեմ առ դեմ, բացեիբաց էր խոսում և որին հայտնվում էր Իր պատկերով (Թվեր ԺԲ 8): Մովսեսի ծառայությունը թե՛ օրենսդրի և թե՛ դատավորի, քահանայի, առաջնորդի և մարգարեի պաշտոններում նույնպես գերիվեր էր ըստ ամենայնի (Բ Օրենք ԼԴ 10): Նա բնականոն, սթափ վիճակում էր հայտնություններ ստանում Աստծուց: Աստված նրա հետ որպես բարեկամը բարեկամի հետ էր խոսում՝ անմիջականորեն հայտնելով Իր հրամանները: Սամուելը նույնպես հստակորեն էր լսում Աստծու խոսքը, բայց ոչինչ չէր տեսնում (Ա Թագ. Գ 10): Սակայն Աստծու անսքող փառքը նույնիսկ Մովսեսը չտեսավ (Ելք ԼԳ 20, 23):
բ) Այս ներշնչանքին անհամեմատ զիջում էր այն տեսակը, երբ Աստված մարգարեների հետ խոսում էր տեսիլքում կամ երազում (Թվեր ԺԲ 6): Տեսիլքների, սաստիկ հուզման և հափշտակության վիճակում մարդու հոգին վեր է բարձրանում տարածության ու ժամանակի սովորական սահմաններից, կյանքի ամենայն ժամանակավորությունից և հոգով ապրում անդրաշխարհում կամ տեղափոխվում ապագա (Գործք ԻԲ 17, Հայտ. Ա 10): Այն, ինչ նա տեսնում կամ լսում է այդ վիճակում, կարող է հետո հաղորդել նաև ուրիշներին՝ կարգի բերելով իր ողջ լսածը և դրան հաղորդելով քիչ թե շատ կուռ տեսք:
գ) Երբեմն ներշնչանքը կամազրկում է մարդուն, և վերջինս ասում է ոչ այն, ինչ կուզեր ասել կամ էլ բոլորովին չի հասկանում իր իսկ մարգարեությունները: Այսպես, Բաղաամը օրհնում էր հրեաներին այնժամ, երբ նրանց նզովելու ցանկություն ուներ: Նա նույնիսկ ուշաթափ գետին էր տապալվում, երբ Աստծու Հոգին հանգչում էր նրա վրա (Թվեր ԻԴ 3, 4): Մի անգամ նմանօրինակ պասիվ ներշնչանքի մեջ է եղել Սավուղ թագավորը (Ա Թագ. ԺԹ 24): Սակայն Սամուելի, Եսայու և մյուս մարգարեների պարագայում միանգամայն այլ երևույթի ենք հանդիպում: Նրանցում մարդկային հոգին Աստծու Հոգու ներգործությամբ լոկ աննկատելիորեն արագացնում էր իր կենսագործունեության ռիթմը: Նրանց հոգևոր գործունեությունը Աստծու Հոգու այդ ազդեցության շնորհիվ աշխուժանում էր, նրանց հոգում նոր տրամադրություններ էին ծնվում, մտքի առջև բացվում էին նոր հորիզոններ: Սակայն նրանք հայտնություններ ստանալիս, այնուամենայնիվ, ի զորու էին ի վերուստ տրվածը զանազանելու իրենց անձնական հոգևոր գործունեության արգասիքից (Եսայի Զ 5, Երեմ. Ա 6, Բ. Պետ. Ա 20, 21): Այստեղ աստվածային ներգործությունը հենվում է առավելապես մարդու բնատուր անհատական հոգևոր ընդունակությունների, նրա ստացած կրթության վրա (հմմտ. Դան. Թ 2, և Երեմ. ԻԵ 11), ինչը և պայմանավորում է մարգարեների մոտ երբեմն հանդիպող նախկին, նրանց, իհարկե, հայտնի մարգարեությունների գրեթե բառացի կրկնությունները (հմմտ. Եսայի Բ 2-4 և Միքիա Դ 1): Սակայն կրթվածությունն աստվածային հայտնություն ընդունելու անհրաժեշտ պայմանը չէր. այս մասին է վկայում Ամոսի օրինակը, որը մինչ մարգարեական ծառայության կանչվելը հասարակ հովիվ էր (Ամոս Է 14, 15): Սակայն բոլոր մարգարեները պետք է անվերապահորեն հնազանդվեին Աստծու կամքին (Միքիա Գ 8) և մշտապես հոգ տանեին իսրայելական ժողովրդին Տիրոջը հնազանդվելու այդ նույն ուղուն դարձնելու մասին:
ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ա) Մարգարեները հաճախ հայտնություններն ստանում էին տեսիլքների, պատկերների, առակների, խորհրդանշանների ձևով, որոնց մեկնությունը բավականին խրթին էր, ուստի դրանց վերաբերյալ համապատասխան բացատրություններ էին տրվում (Ամոս Է 1-Ը 2, Դան. Ը 15 և հաջորդ համարներ, Զաք. Ա 9): Այդ իսկ պատճառով մարգարեներն իրենք էլ հաճախ են պատկերներով խոսում, կատարում խորհրդանշական գործողություններ: Ընդսմին, մարգարեների խոսքերում արտացոլվում են նրանց անհատականության յուրահատկությունները, իսկ իրենք գործուն մասնակցություն էին ունենում հայտնությանը որոշ ձև տալուն: Խորհրդանշական գործողությունները նրանք երբեմն մարդկանց առաջ էին կատարում, իսկ երբեմն պատմում դրանց` իբրև իրենց ներքին կյանքի իրադարձությունների մասին (Երեմ. ԺԹ 1 և հաջորդ համարներ, Եսայի Ի 2, Օսեե Ա 2, Եզեկ. ԺԲ 1):
բ) Մարգարեները տեսնում էին իրենց կանխասաց գալիք իրադարձություններն այնպես, ինչպես իրենց կենդանության օրոք կատարվողները կամ նույնիսկ անցյալում արդեն կատարվածները:
Այսպես, Եսային Քրիստոսի մահվան մասին այնպես է խոսում, ասես Նրա տառապանքների ականատեսն է եղել (Եսայի ԾԳ): Նրանք իրենց կանխատեսություններում գալիք իրադարձությունները վկայելու համար հաճախ գործածում են անցյալ ժամանակը, որն այդ իսկ պատճառով կոչվում է մարգարեական անցյալ (perfectum propheticum):
գ) Մարգարեները հայում են հեռանկարայնորեն, այսինքն՝ նրանց հայեցողությունը բոլոր առարկաներն ընկալում է մի նկարի մեջ զետեղված, ընդհանուր գծերով, եթե նույնիսկ դրանք տարբեր ժամանակաշրջանների են վերաբերում: Բայց և այնպես նրանք կարողանում են զանազանել իրենց առջև բացվող նկարի առաջին պլանը հետինից: Թեպետ և բաբելոնյան գերությունից ազատագրվելը և մեսիական փրկությունը հաճախ էին միատեղվում նույն նկարում, բայց, այնուամենայնիվ, մարգարեները դրանք չեն միաձուլում, այլ առաջինը ներկայացնում են սոսկ որպես երկրորդի ստվերը:
դ) Մարգարեներից յուրաքանչյուրը մարդկանց մեծ ապագայի որոշ մասերն էր միայն տեսնում, ուստի և մարգարեական հայեցողությունը կցկտուր էր (Ա Կորնթ. ԺԳ 9), և մի մարգարեն լրացնում էր մյուսին:
ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ: Մարգարեությունը աստվածային փրկագործության ընդհանուր ծրագրի ամենակենսական տարրն էր և Իր ժողովրդի հետ Աստծու հաղորդակցության առավել ցայտուն դրսևորումը: Մովսեսի օրենքում աստվածային կամքի հայտնությունը հաստատուն հիմքի վրա էր կառուցված, բայց որպեսզի այդ օրենքն արմատավորվեր ժողովրդի սրտում, անհրաժեշտ էր, որ Աստված անդադրում վկայեր Իր՝ որպես Իսրայելի թագավորի մասին: Այդ էր մարգարեների առաքելության նպատակը: Նրանք շարունակ բյուրեղացնում էին Իսրայելի գիտակցությունն առ այն, որ նա իրենից աստվածապետություն է ներկայացնում: Նրանք պետք է պահպանեին օրենքը, ի հայտ բերեին նրա պատվիրանների ոգին ու զորությունը (Բ Օրենք Ժ 16, Լ 2), օրենքի տեսանկյունից քննարկեին հասարակական կյանքի երևույթները Իսրայելում, հետևեին թագավորների ու հոգևորականների վարքին, ովքեր հաճախ խոտորվում էին Մովսեսի օրենքի՝ իրենց իսկ համար նախասահմանված ուղուց, և հաղորդելով ժողովրդի ապագա կացությանը վերաբերող Աստծու կամքի վճիռները, առհասարակ կենդանի պահեին աստվածապետական ոգին:
ՈՒստի մարգարեները կանչվում էին միմիայն ընտրյալ ժողովրդի միջավայրից (Բ Օրենք ԺԸ 18): Իսկ նրանց գլխավոր խնդիրը ժողովրդի մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատի ամրապնդումն էր: Քրիստոսը և Նրա արքայությունը՝ մարգարեների կենտրոնական խնդրո առարկան, ուշադրության միջնակետն էր:
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Մարգարեներն իրենց կանխասացություններում նկարագրում էին Աստծու արքայության պատմությունն այնպես, ինչպես նա եղել է և պետք է լիներ Իսրայելում ու համայն աշխարհում՝ իրենց առանձնակի ուշադրությունը դարձնելով այդ արքայության բոլորմանը: Նրանք, սակայն, չեն սահմանափակվում ապագայի ընդհանուր ուրվագծերով, այլ մանրամասնորեն նկարագրում են այն մասնավոր հանգամանքները, որոնք էապես առնչվում են Աստծու արքայության պատմությանը: Բեթղեհեմում մարգարեն Հոսիա թագավորի անունը հայտնում է վերջինիս ծննդից 300 տարի առաջ (Գ Թագ. ԺԳ 2), Եզեկիելը առանձնահատուկ կերպով մատնանշում է Երուսաղեմին սպասող իրադարձությունները (Եզեկ. ԻԴ 2, 25-27), Դանիելը կանխատեսում է հրեաների կյանքում կատարվելիք իրադարձությունների մանրամասները (Դան. ԺԱ 10, 11):
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՈՉՄԱՆ ԱՆԵՐԿԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ: Մարգարեներն իրենց՝ Աստծու կողմից կանչված լինելու իսկությունն ապացուցում էին Աստծու զորությամբ կատարվող մեծ հրաշագործությունների միջոցով: Բացի այդ, այս դեպքում հարկ է ուշադրության առնել նրանց ուսմունքը և կյանքի անաղարտությունը (Բ Օրենք ԺԳ 2, 5, Ա Թագ. Ժ 6, 9, հմմտ. Մատթ. ԻԴ 24): Հրաշագործության բացառիկ ձիրքով էին օժտված Մովսեսը, Եղիան և Եղիսեն: Իրենք՝ մարգարեներն էին իրենց կանխասացությունների կատարումը որակում իբրև իրենց աստվածընտիր լինելու իսկության ապացույց: Երեմիան ասում է. «Իսկ այն մարգարեն, որ խաղաղություն է գուշակում, և այդ մարգարեի խոսքը կատարվում է, ապա այդ մարգարեին ընդունում են իբրև մեկի, որին իսկապես Տերն է ուղարկել նրանց մոտ» (Երեմ. ԻԸ 9):
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ: Քանի որ մարգարեներն Աստծու ձեռքին կամքից զրկված ու անգիտակից գործիքներ չէին և իրենց ստացած հայտնությունները շարադրելիս պահպանում էին ինքնագիտակցությունն ու իրենց հատուկ անհատական հատկությունները, ապա հասկանալի է, որ մարգարեների լեզուն ևս կատարելության տարբեր աստիճաններով էր օժտված՝ առօրյա արձակ խոսքից հաճախ հասնելով ճարտասանության և պոեզիայի բարձր ոլորտներ: Հովիվ Ամոսն իր պատկերները փոխ էր առնում գեղջուկ կյանքից, Դանիելը՝ խոսում իբրև պետական այր: Վաղ շրջանի մարգարեները բարբառում էին մաքուր եբրայերենով, ուշ շրջանի մարգարեներն այս կամ այն չափով օգտվում էին քաղդեերենից կամ արամերենից: Խոսքի յուրահատուկ նրբագեղությամբ ու անաղարտությամբ առանձնանում է Եսայի մարգարեի գիրքը, որին այդ առնչությամբ ոմանք անվանել են «մարգարեների արքա»: Մարգարեական բազում ճառեր իրենցից իսկական պոեմներ են ներկայացնում՝ ընդսմին պահպանելով հրեական պոեզիայի բոլոր առանձնահատկությունները:
ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Մարգարեների գրքերն արդեն իսկ կարևոր են դրանցում բովանդակվող ուսուցողական նյութի առատությամբ: Այդ գրվածքներում մենք Աստծու էության ու Նրա հատկանիշների՝ հզորության, սրբության, ամենագիտության, բարեգթության և այլնի վեհասքանչ նկարագրություններ ենք գտնում: Դրանք մեզ պատեհություն են ընձեռում մտահայելու անտեսանելի աշխարհը և մարդկային սրտի առեղծվածային խորքերը: Պատկերելով Իսրայելի ամբարշտությունն ու խստասրտությունը՝ մարգարեները դրանով ասես հայելի են պահում մեր առջև, որում կարող ենք տեսնել նաև մեր կյանքի արտացոլումը: Բայց մարգարեական գրքերն առանձնապես կարևոր են մեզ՝ քրիստոնյաներիս համար, քանզի դրանցում գտնում ենք հրեաներին և այլ ժողովուրդներին վերաբերող բացարձակ ճշտությամբ կատարված մարգարեություններ և, որ գլխավորն է, Քրիստոսի մասին կանխասացություններ: Տեր Հիսուս Քրիստոսն Ինքը մատնացույց էր անում մարգարեությունները` իբրև Իր և Իր գործունեության մասին վկայող ամենահավաստի աղբյուրներ. «Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39): Վերջապես, մարգարեությունները մեզ համար կարևոր են նաև այն պատճառով, որ դրանցում հաճախ հանգամանորեն բացահայտվում է այն, ինչը Նոր Կտակարանում լոկ ակնարկներով ու սեղմ շարադրանքով է նշված: Այսպես, օրինակ, Եսայի մարգարեի գրքի ԾԳ գլուխը մեզ պարզաբանում է Քրիստոսի տառապանքների ճշմարիտ պատճառն ու նպատակը, ինչպես նաև մեկնում Քրիստոսի մասին Հովհաննես Մկրտչի ասած խոսքերը. «Սա է Աստծու գառը»:
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4831

Մեկնաբանություններ