Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեմպիոնն «Աթլետիկոն» է, վերջին երեք տարում` կրկնակի

Չեմպիոնն «Աթլետիկոն» է,  վերջին երեք տարում` կրկնակի
11.05.2012 | 00:00

Մայիսի 9-ին հանգուցալուծվեց տարվա եվրոպական ֆուտբոլի երեք խոշոր հանդիսություններից մեկը` Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունը: Իսպանական երկու ակումբներ` Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը», պատվով անցնելով մրցափուլի ողջ ընթացքը, ուժեղագույնին ի հայտ բերելու համար Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում եզրափակիչում հանդիպեցին միմյանց հետ:

Արդեն յոթերորդ րոպեին մադրիդցիների կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն սրընթաց անցումից հետո չափազանց գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Շնորհալի այս մարզիկն առաջին խաղակեսում նույնն արեց և երկրորդ անգամ` թիմի համար ապահովելով ավելի քան բարձր խաղային տոնուս, ավելի քան իրական դարձնելով նույն Եվրոպայի լիգայում սրանից երկու տարի առաջ «Աթլետիկոյի» արածը կրկնելու հնարավորությունը:

Ասել, թե «Աթլետիկը» հեշտությամբ հանձնվեց, կնշանակի ճշմարտության դեմ մեղանչել, որովհետև դաշտում իսկապես ծավալվել էր անհաշտ մրցակցություն և խաղի 3:0 հաշիվը (մադրիդցիներից երրորդ գոլի հեղինակ դարձավ Դիեգոն) բնավ էլ չի նշանակում մեկի բացահայտ առավելություն մյուսի նկատմամբ: Պարզապես «Աթլետիկոն» շատ ավելի հաջողակ էր բասկյան ակումբի համեմատությամբ և անվրեպ օգտագործեց ընձեռված գրեթե բոլոր հնարավորությունները: Այս հաղթանակով «Աթլետիկոն» հավաստեց, որ, ճիշտ է, թեև հզորությամբ ինքը Մադրիդի «Ռեալ» չէ, սակայն մի թիմ է, որը հստակ գնում է գրանդ ակումբ դառնալու ճանապարհով և կարող է հաջողել նպատակին հասնելու մեջ, որովհետև կուռ կոլեկտիվ է, որի գլխին, ի դեմս Դիեգո Սիմիոնեի, կանգնած է իսկապես շնորհաշատ մարզիչ, ով ոչ վաղ անցյալում նաև փառահեղ մարզիկ էր (միջանկյալ նկատենք, որ մրցակից երկու թիմերի մարզիչներն էլ արգենտինացի մասնագետներ են. ավելին, ֆուտբոլիստ եղած ժամանակ Սիմիոնեն հանդես է եկել Մարսելո Բիելսայի ղեկավարությամբ): «Աթլետիկոն», այո, կարողացավ անել այն, ինչ չկարողացավ անել «Ռեալը» Չեմպիոնների լիգայում, ու եվրոպական մրցասպարեզում բարձր պահեց հայրենի քաղաքի ու երկրի մարզական պատիվը:

Ինչ վերաբերում է «Աթլետիկին», ընթացիկ մրցաշրջանում արդեն իսկ շատ բանի հասած երիտասարդ այս թիմին (կատակ բան չէ` լիգայի ընթացիկ խաղարկությունում հանդիսատեսի վերածեց «Մանչեստր Յունայթեդի» նման գրանդ ակումբը) առանձնանալու համար ուրիշ ոչինչ չի մնում, եթե ոչ փորձել հաջողության հասնել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ինչը, սակայն, չափազանց ծանր խնդիր է, եթե չասենք` անլուծելի, որովհետև այստեղ նրա մրցակիցը լինելու է ամենազոր «Բարսելոնը», որը նույնպես պարտք է երկրպագուին:

Դառնալով բուխարեստյան եզրափակչին` չենք կարող ընթերցողի ուշադրությունը չհրավիրել թվերի մոգություն կոչված երևույթի վրա: Ինչպես վերն արդեն նշել ենք, «Աթլետիկոն» դարձավ լիգայի խաղարկության կրկնակի գավաթակիր: Կրկնակի գավաթակիր դարձավ նաև Ռադամել Ֆալկաոն: Ընդ որում` երկրորդ տարին անընդմեջ (2011-ին` պորտուգալական «Պորտուի» կազմում): Խփելով երկու գնդակ` կոլումբիացի հարձակվողը, ինչպես և անցած տարի, դարձավ խաղարկության լավագույն ռմբարկուն: Ճիշտ է, նախորդ տարվա տասնյոթ գոլի կողքին տասնչորսն ավելի համեստ թիվ է (նույնքան գնդակ է խփել նաև Կլաս-Յան Հունտելարը), բայց պակաս թիվ էլ չէ: Պակաս հետաքրքրական չէ և այն, որ եզրափակիչ երկու խաղում էլ այս ֆուտբոլիստը դարձել է գոլերի հեղինակ, ինչը որոշակի միֆականություն է հաղորդում նրա կերպարին: Փաստորեն, ստացվում է, որ երբ Ֆալկաոն գոլ է խփում եզրափակիչ խաղում, նրա թիմը չեմպիոն է դառնում:

Ինչևէ: Երկու թվի բազմակի կրկնությունը պարզ զուգադիպությո՞ւն է, թե՞ թվերի մոգականության արտահայտություն, սկզբունքորեն այնքան էլ կարևոր չէ: Շատ ավելի կարևորն այն է, որ մայիսիննյան եզրափակիչում մարզասերը տեսավ դիտարժան ֆուտբոլ, սուր, անհաշտ մրցակցություն, տեսավ գեղեցիկ գոլեր, ստացավ հրաշալի տպավորություն, ունեցավ կատարյալ վայելք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ