Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ

ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ
29.06.2010 | 00:00

Մինչև հիմա գիտությունն իր բոլոր հնարավորություններով դեռևս չի պարզել, թե ինչն է պատճառը, որ մարդիկ ու կենդանիները քնում են, առավել ևս, անհայտ է երազների ծագման բուն պատճառը, ավելին՝ դրանց նպատակը։ Այո՛, նպատակը, որովհետև չկա հետևանք առանց պատճառի։ Գրիգոր Լուսավորիչն իր «Հաճախապատում» աշխատության մեջ անդրադարձել է գիշերային քնին. «Եվ գիշերը (Աստված) տվեց քնով հանգստի համար՝ փարատելու հոգնությունը, որ տկարությունը զորանա, և հանգստով ուժ գտնելով՝ ցերեկը նորից դառնա իր գործին, որ օգուտ ու շահ ստանա (որովհետև հանգիստն ու աշխատանքը միմյանց կարիքն են զգում)»։
Իսկ Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետը քունը դասակարգում է չորս տեսակի. երկուսը` բարի, երկուսը՝ չար. «Նախ` բնական քունը բարի է, իսկ երկրորդը՝ հավիտենականը, բարեգույն է։ Երրորդը՝ չար է մեղավորների քունը, իսկ չորրորդը՝ տանջանքների քունը, չարագույն է։ Բնական քունը բարի է, քանի որ հանգստանալով, մարդը կարող է շարունակել բարիք ստեղծել ու գործել։ Իսկ հավիտենական քունը, ըստ Հոբ Երանելու` մահը, մարդկանց հանգիստն է, քանզի զերծ է աշխարհի չարչարանքներից ու մեղքից, իսկ հարության օրը կարթնանան մեռելությունից։ Իսկ չարէ քունը, երբ մարդը մեղքերով է իջնում անրջական երազների աշխարհ, իսկ առավել չարագույն է, երբ մեղքերի բեռով, թմրած հոգով, հավիտենական քուն է մտնում ու հայտնվում դժոխքի տանջանքների մեջ»։
Մինչև այսօր պարզված չէ` Աստծո մյուս կենդանի արարածները երազներ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց որ մենք՝ մարդիկս, անընդհատ գտնվում ենք դրանց անտեսանելի ոլորտում կամ էլ իշխանության տակ, փաստ է։
Սուրբ հայրերը, որ մեզնից լավ գիտեն մարդու ներաշխարհի գաղտնիքները, երազի գոյությունը բացատրում են որպես հոգու կենդանության ամենավառ ապացույց, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը քնած է, ու այլևս չեն գործում հինգ զգայարանները, որոնցով մարդը կապվում է արտաքին՝ նյութական աշխարհի հետ, իսկ հոգին մեզ համար դեռևս անհասկանալի իմացականությամբ անհայտ աղբյուրներից գալիքի մասին տեղեկություններ է ստանում, որոնցից եզակիներն էլ մարգարեական արժեք են ստանում։
Սիմեոն Նոր Աստվածաբանը երազի խորհուրդը մեկնաբանում է այսպես. «Ինչի մասին որ մարդու հոգին զբաղված է ու խոսում է արթուն ժամանակ, այդ մասին էլ փափագում կամ փիլիսոփայում է երազում։ Եթե ամբողջ օրն անցկացնում է մարդկային հոգսերի ու գործերի մեջ, դես ու դեն ընկնում, երազում էլ է աճապարում դրանց հասնել»։ Մեր ժողովուրդն այս հոգեվիճակը բացատրել է ավելի կարճ. «Հավը երազում կորեկ է տեսնում»։
Նուրբ հոգեբան և քահանա Ալեքսանդր Ելչանինը երազի մասին այսպես է գրում. «Երազում, երբ մարում է մեր նորմալ գիտակցությունը, վերանում է մեր իսկ վրա ունեցած անձի սեփական հսկողությունը, երբ մենք լիովին անկեղծ ու շիտակ ենք դառնում, ու կեղծ ամոթխածությունը մեզ չի խանգարում, այդ ժամանակ մեր սկզբնական էության ենթագիտակցական խորքերում բացվում, մերկանում են հոգու ամենախոր շերտերը, և մենք, ավելի, քան երբևէ, դառնում ենք ինչպիսին կանք։
Մեր երազների տիպիկ պատկերները, տեսիլքներն ու հոգեվիճակը ամենաիրական, մեր անձի ոչ մի բանով չքողարկված երևակումն են»։
Իսկ երբ քրիստոնյան իր կատարելիք պարտականություններն ու գործերը կարգավորում է ըստ Աստծո պատվիրանների, ապա երազում նա առավել իմաստնանում է տեսիլքներով, իսկ արթնանալուց հետո համեմատելով դրանք Աստծո խոսքի հետ, առավել մեծ հմտությամբ ու հաջողությամբ է առաջնորդվում։ Այդպիսին են եղել Հինկտակարանային շատ ընտրյալներ` Աբրահամը, Իսահակը, Հակոբը, մանավանդ նրա որդի Հովսեփ Գեղեցիկը, որը երազներով առաջնորդվելով և Աստծո երկյուղով ու ողջախոհությամբ գայթակղիչ կնոջից իրեն հետ պահելով, ի վերջո դառնում է Եգիպտոսի ամենահարգված մարդը փարավոնից հետո։
Իսկ այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են սեփական մեղսալից ցանկություններով, միայն երկրայինն ու անցողիկը փափագելով, դրանց հասնելու համար կանգ չառնելով ոչ մի մեղքի առաջ, ընդհուպ մարդասպանության հասնելով, ի սկզբանե առաջնորդվելով չարի խորհուրդներով, ի վերջո, դառնում են սատանայի կամակատարներ ու ընկնում նրա գերության կապանքների մեջ։ Այո՛, երբեմն էլ բառիս բուն իմաստով նրա իշխանության տակ, քանի որ նման մարդիկ օրնիբուն հալածվում, տագնապում, երբեմն անելանելի վիճակներում են հայտնվում սեփական մեղավոր ձգտումների պատճառով։ Իսկ այդ ամենի իներցիան արտացոլվում և շարունակվում է նաև իրենց երազներում. իսկ նման երազները կոչվում են մղձավանջային տեսակներ, որոնք անտեսանելի կերպով ապացուցում են, որ տվյալ անձնավորությունը ներքնապես գտնվում է դիվային զորությունների կապանքների մեջ։ Եթե նման մարդիկ արթմնի վիճակում չհրաժարվեն իրենց մեղավոր ցանկություններից ու զղջումով չապաշխարեն արդեն կատարածների համար, ապա նրանք առավել դաժան գերության են տարվելու չար ուժերի կողմից, ընդհուպ դիվահարության ու նույնիսկ ինքնասպանության հասնելով։ Դրա ամենավառ ապացույցը Հիսուսի առաքյալներից մեկն է՝ Հուդան, որն իր սրտում փայփայեց երեսուն արծաթի համար իր Տիրոջը և ՈՒսուցչին՝ Հիսուսին, մատնելու ցանկությունը և վերջնականապես որոշեց կատարել մատնությունը։ Հովհաննու Ավետարանն ասում է. «Սատանան նրա ներսը մտավ» (Հովհ. 13.27)։ Իսկ այդ ամենի հետևանքը շատերս արդեն գիտենք, քանի որ Հուդան գնաց ու իրեն կախեց։
Այսպիսով, երբ մարդն իրեն չի հանձնել Աստծո Սուրբ Հոգուն (որը սկսվում է մկրտությամբ), այդ ժամանակ նման մարդկանց հեշտությամբ իշխում և երազներում հալածում են չար ոգիները, քանի որ քնած ու անպաշտպան հոգիներին հեշտությամբ են տիրում պիղծ ոգիները։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ դրանք մղձավանջային երազներով վախեցնում են մանկահասակ երեխաներին (ընտանիքի մեծերի մեղավոր արարքների պատճառով), որոնք մկրտությամբ դեռ չեն հանձնվել Աստծու խնամքին ու պաշտպանությանը։ ՈՒ բազում են օրինակները, երբ անհանգիստ ու միշտ երազներում վախից վեր թռչող երեխաներին տանում են եկեղեցի ու մկրտում Սուրբ ավազանում, դրանից հետո երեխաները հանգիստ ու անխռով քնում են մինչև առավոտ։
Լինում է, որ մարդիկ իրական կյանքում կարծես թե ողջախոհ են, իրենց հետ են պահում զանազան գայթակղություններից, բայց, արի ու տես, իրենց երազներում շնանում կամ անցանկալի արարքներ են թույլ տալիս։ Այս մասին եկեղեցու հայրերն ասում են, որ նման մարդիկ դեռևս ամբողջովին չեն մաքրել իրենց հոգիները խոր զղջումով ու խոստովանությամբ, այդ պատճառով հոգու խորքերում դեռ թաքնված են մեղքի արմատները։
Այսպիսով, մեր երազները, կարող ենք ասել, մեր հոգու հայելին են, որոնք արտացոլում են մեր իրական հոգեվիճակը։
Սուրբ Նիկիտա Ստիֆատը երազները բաժանում է երեք խմբի. ա) պարզ, բ) դիտողական, գ) հայտնութենական։
Պարզ երազները դասվում են վերը նկարագրված այն երազների շարքին, երբ մեղավոր ու ցանկասեր, միայն երկրային արժեքները փնտրող հոգին խաբվում է չար ոգիներից և ունայն բաներով է հրապուրվում նույնիսկ երազներում, դրանով իսկ իր հոգու դատարկությունն է արտացոլվում։
Դիտողական երազները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ձգտում են իրենց հոգևոր աշխարհը մաքրել կատարած մեղքերից ու անօրենություններից։ Այդպիսի մարդկանց մարդասեր Տերն ուղարկում է դիտողական երազներ, որոնց միջոցով մարդը Աստծո կամքի գիտությամբ հոգևոր ավելի մեծ բարձունքների է հասնում։ Օրինակ, Մենդելեևն իր հայտնագործած քիմիական տարրերի աղյուսակի մի մասը ստացել է երազների միջոցով։
Իսկ որպես ժամանակակից օրինակ, պատմեմ մի դեպք քրիստոնյա եղբոր կյանքից։ Նա իր երազներում հաճախ էր ընկնում շնության մեղքերի մեջ, նույնիսկ երազախաբության ախտի մեջ, չնայած նա վաղուց էր դադարել իրականում նման բան կատարել։ ՈՒ երբ հոգևոր գրականության միջոցով նա իմանում է, որ իր կատարած նախկին շնության և այլ մեղքերը դեռևս իր հոգում քավություն չեն գտել, այսինքն` խոստովանությամբ քահանայից մեղքերի արձակում չեն ստացել, այդ պատճառով սատանան դրանց միջոցով որպես ոտնահետքի տեղ ունենալով սողոսկում է իր հոգևոր ներաշխարհն ու երազում զանազան ձևերով գցում մեղքի մեջ, այդ եղբայրը գնում է և մնացած մեղքերի հետ քահանային շնության մեղքերն էլ է խոստովանում։ Երբ թեթևացած սրտով ու մաքրված հոգով նա այդ գիշեր պառկում է քնելու, երազում իրեն տեսնում է մի կամարաձև դռան առջև, որի մոտ մի պահակ կար կանգնած։ Երբ նա (խոստովանված հոգին) ուզում էր մտնել ներս, անարգել թույլ են տալիս, բայց մինչ մտնելը մի աննշան թվացող բան է կատարվում. երբ նա ուզում էր ներս մտնել դռնից, միաժամանակ մի փոքրիկ, գեղեցիկ շնիկ էլ էր ուզում ներս մտնել իր հետ, բայց պահակը ոտքով արգելում էր նրան։ Շնիկը գնում, պտտվում էր ու նորից էր ուզում ներս մտնել, բայց պահակը նորից թույլ չէր տալիս։ Այդ ժամանակ այդ քրիստոնյան, որն արդեն ներս մտնելու թույլտվություն էր ստացել, ասում է պահակին. «Ինչո՞ւ չես թույլ տալիս, որ այս գեղեցիկ ու փոքրիկ շունը ներս մտնի»։ Պահակը պատասխանի փոխարեն ոտքը հետ է քաշում, և շունն իսկույն դռնից ներս է մտնում։ Դրանից հետո այդ եղբայրն է մտնում, ու տեսնում է մի հիասքանչ ու անծայրածիր կանաչ խոտով ծածկված դաշտ, որտեղ ոչ մի փուշ ու տատասկ չկար, այլ համատարած թավշանման սարի սմբուլի նման քամուց մեղմ օրորվող հոգեզմայլ զմրուխտե կանաչություն էր տիրում։ Մինչ այդ եղբայրը հիանում էր բացված տեսարանով, հանկարծ այդ պստլիկ շունը վազում, մտնում է բարձր խոտերի մեջ ու անհետանում աչքից։ Այս ու այն կողմ նայելուց ու փնտրելուց հետո նա արթնանում է, ու առաջին միտքը իսկույն սա է լինում. «Ի՞նչ էր նշանակում այդ շնիկը, և ի՜նչ գեղեցիկ էր այդ կանաչ զմրուխտե դաշտը»։ ՈՒ քանի որ Աստված երազների միջոցով ուղղորդում է Իրեն հավատացող հոգիներին, ներքին պատասխանն այս է լինում. «Կանաչ ու անփուշ, անտատասկ դաշտը քո հոգին է, որ մաքրեցիր զղջումով ու խոստովանությամբ, իսկ այդ փոքրիկ շնիկը աննշան ու հաճելի թվացող մեղքերն է, որ քո կամքով թույլ ես տալիս քո հոգու ներաշխարհը, որոնք կարծես թե չեն երևում, բայց իրականում դրանք կան, որոնք և կխանգարեն քո հոգևոր աճին»։ Դրանից հետո այդ քրիստոնյան աղոթում և խնդրում է, որ Տերն իրեն հասկացնի, թե այդ որ մեղքն է, որ աննշան է թվում, միաժամանակ և ցանկալի, ու շուտով ստանում է պատասխանը, ու հրաժարվում է դրանից ևս։
Այդ օրվանից նրա երազները դառնում են «անմեղ ու մաքուր», և առավոտյան արթնանում է հանգիստ և ուրախ սրտով։
Թող ընթերցողն այս օրինակից ինքն էլ դաս առնի և խոստովանությամբ մաքրվի իր աննշան ու անմեղ թվացող ցանկություններից, որ երբ գա պատասխան տալու օրը, խաբված չլինենք պիղծ դևերի հնարքներից։
Երրորդ երազատեսակը, ըստ սրբի բնորոշման, ասացինք, հայտնութենականն է, ինչը լինում է Սուրբ Հոգով լցված մարդկանց հետ, ովքեր հարատև աղոթքներով, մեծ ժուժկալությամբ ու մաքուր քրիստոնեական կյանքով արժանանում են Տիրոջ հայտնությունների փոխանցողները լինելուն։ Սրա կատարյալ տեսակը տեսիլային հայտնություններն են, որոնք ոչ թե խոնջանքի ու հանգիստ քնի ժամանակ են տրվում, այլ արթմնի։ Դրա ամենավառ օրինակը Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հովհաննես առաքյալի Հայտնությունն է, որտեղ գրված է. «Ես՝ Հովհաննեսը, ձեր եղբայրը և վիճակակիցը նեղության, թագավորության և համբերության, որ են Քրիստոս Հիսուս, եղա այն կղզում, որ կոչվում է Պատմոս՝ Աստծո խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, ու իմ հետևից լսեցի փողի ձայնի նման բարձր ձայն…» (Հայտն. 1.9)։
Գալիքի մասին երազը մարդուն տրվում է Նուրբ կոչվող քնի ժամանակ, երբ հոգին խիստ զգայուն է երկնքի հանդեպ։
Ընդհանրապես երազների խորհուրդը դարերով արծարծվել է թագավորից սկսած, մինչև վերջին ռամիկը, ինչի մասին դարձյալ մեզ պատմում են աստվածաշնչային բազմաթիվ վկայությունները։ Նախկինում թագավորներն իրենց արքունիքում հատուկ երազահան իմաստուններ էին պահում, որոնք պետք է թագավորին օգնեին ճիշտ կառավարելու իր երկիրը. Նաբուգոդոնոսոր արքայի երազներն ու Դանիել մարգարեի մեկնությունները դրա ամենալավ ապացույցն են։ Իսկ այս վերջին ժամանակների համար երազների վերաբերյալ նույնպես մարգարեություն կա, քանի որ դրա միջոցով Աստված Իր կամքն է հայտնում Իրեն հավատացողներին։ Ինչպես, օրինակ, Պետրոս առաքյալն է ասում Հոգեգալստյան օրը. «Այս այն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին,- ասում է Աստված,- որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ պիտի տեսնեն, և ձեր ծերերը երազներ երազեն, և Իմ ծառաների ու Իմ աղախինների վրա այն օրերին Իմ Հոգուց պիտի թափեմ, և նրանք պիտի մարգարեանան։ Եվ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում, երկրի վրա՝ նշաններ, արյուն և հուր և ծխի մրրիկ. արեգակը խավար պիտի դառնա և լուսինը՝ արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք 2.16)։
Ահա ուրեմն երազների կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծվեց Պետրոս առաքյալի բերանով։ Բայց արի ու տես, սատանան մարդկանց մոլորեցնելու համար, օգտվելով նրանց տգիտությունից, զանազան հնարքներ է բանեցնում, որ մարդը իր երազներին սեփական մեկնաբանություններ տալով խաբվի ու ավելի մեծ մեղքի մեջ հայտնվի։ Դրա համար սուրբ հայրերը խորհուրդ են տալիս բոլոր երազներին չտրվել, այլ եղածն էլ աղոթքով Տիրոջ առջև հանել, և ասել. «Տե՛ր, այս երազը որ տեսա, եթե Քեզնից էր, ապա Դու ողորմիր և օգնիր ինձ, իսկ եթե չարից է ու մեղքերիս պատճառով, Դո՛ւ խափանիր»։ Օրինակ, Գրիգոր Լուսավորչի համար Տրդատ թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, երբ տեսնում է երազն ու պատգամ ստանում, որ գնան Գրիգորին մահվան գուբից դուրս հանեն, շատերի համար դա ցնդաբանություն թվաց, քանի որ տասնչորս տարի էր անցել։ Բայց երբ երազը կրկնվեց, ու մինչև իսկ հինգ անգամ, այդ ժամանակ մարդիկ հավատացին ու գնացին, ու մահվան գուբից կենդանի նահատակ Գրիգորին հանեցին։ Այնպես որ, Տերն Իր կամքը երազների քանակական ձևով էլ կարող է հաստատել, միայն թե մաքուր անոթներ գտնվեն։
Բայց չարի խաբկանքներից են տարբեր երազահանները, որտեղ հատորներով մանրամասնորեն նկարագրում են, թե այսինչ բանը երազում տեսնելուց այսինչ բանը կպատահի։ Սա արդեն կախարդության ոլորտին է վերաբերում, ինչից պետք է շատ զգույշ լինել ու տեղի չտալ, այլապես սատանան քո իսկ տեսած երազից օղ սարքած, քթիցդ բռնած քեզ կտանի փորձանքի։
Այդ պատճառով երանելի Հովհաննես Սանդուխքը երազների մասին գրում է. «Երազներին հավատացողը նման է այն մեկին, որ ստվերի հետևից է վազում ու ցանկանում է բռնել այն։ Փառասիրության դևերը նմանների երազներում վերափոխվում են մարգարեների ու գուշակների։ Նա, ոգի լինելով, տեսնում է շուրջը կատարվողները, և հասկանալով, որ մեկը մահանում է, տեղեկացնում է թեթևամիտներին, որ իբր տեսանող է դարձել։ Դևերը լուսո հրեշտակների կերպարանքի վերափոխվելով, երբեմն մի նահատակի կերպարանքով, գալիս են երազում ու, մեզ հետ կապի մեջ մտնելով, կեղծ ուրախության ու փառասիրության մեջ են գցում։ Մինչդեռ սուրբ հրեշտակները ցույց են տալիս տանջանքներ, մահվան վտանգ, ինչից մենք արթնանալով ահով ենք լցվում, որը մեզ ապաշխարության է տանում։
Եթե սկսենք հնազանդվել դևերին երազներում, ապա նրանք կսկսեն նաև արթուն ժամանակ մեզ ծաղրել։
Երազներին հավատացողները բոլորովին անփորձ են, իսկ չհավատացողներն իրապես իմաստուն են։ Վստահիր միայն այն երազներին, որոնք քեզ զգուշացնում են գալիք տանջանքների ու դատաստանի (Աստծո, իհարկե) մասին, իսկ եթե դրանք քեզ հուսահատության են մղում, ապա այդ երազները չար ոգիներից են»։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ