Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Երիտասարդ սերունդն ինձ չի ճանաչում, չի կարդում, մյուսները մոռացել են»

«Երիտասարդ սերունդն ինձ չի ճանաչում, չի կարդում, մյուսները մոռացել են»
16.12.2008 | 00:00

«ՈՒՂԻՂ ԵՎ ՀՊԱՐՏ ԵՄ ԱՆՑԵԼ ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Ավագ և միջին սերնդի ներկայացուցիչները լավ են ճանաչում, հիշում և սիրում «Կարոտ», «Ծարավ», «Խաչուղիներ», «Կեռմաններ» և այլ վեպերի ու վիպակների հեղինակ ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆԻՆ։ Թերևս ոչ բոլորը գիտեն, որ տիկին Սահինյանը եղել է լավ լրագրող, խմբագրել է «Արարատ» շրջանային թերթը, «Պիոներ» ամսագիրը, երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, էսսեներով անդրադարձել է հասարակությանը հուզող խնդիրներին։ Մեզ հիացրել են նրա քաղաքացիական համարձակ կեցվածքը, ինքնատիպ լրագրողական ոճը։ Հիշենք նրա հուշերն իր ժամանակակիցների մասին, բաց նամակները և ռեպլիկները` ուղղված երկրի ղեկավար այրերին, որոնցից մեկը` հացն անխղճորեն շռայլելու մասին, արժանացել էր Անտոն Քոչինյանի ուշադրությանը և շնորհակալական հեռախոսազանգին։
Անցյալ տարվա հունիսի 20-ին լրացավ ճանաչված արձակագրի 90-ամյակը։ Սպասվում էր, որ աշնանը գրողների տանը վաստակին արժանի մեծարանքով կնշվի այդ հոբելյանը։ Սակայն այդպես չեղավ։ Բացի գրող հարազատներից և մտերիմներից, ոչ ոք չմասնակցեց այդ համեստ արարողությանը։ Զարմանալի էր նաև, որ դրանից հետո կենսասեր, միշտ երկրի բոլոր իրադարձությունների կիզակետում գտնվող, ոչ մի երևույթի կողքով անտարբեր չանցնող արձակագրին այլևս չէինք տեսնում որևէ միջոցառման ժամանակ։ Լինելով նրա երկրպագուներից` վաղուց որոշել էի հանդիպել իմ սիրելի գրողին, զրուցել և պարզել նրա մեկուսանալու պատճառները։ Թեև ուշացումով, բայց դա ինձ հաջողվեց։ ...Դուռը բացեց ծերունազարդ արձակագիրը։ Ապշահար էի. օրիորդական ճկուն կազմվածքով և թեթևասահ քայլվածքով միշտ բոլորից տարբերվող և, թվում էր երբեք չծերացող տիկին Սահինյանն այժմ հենասայլակի օգնությամբ էր մոտեցել դռանը։ Պարզվեց, որ շուրջ մեկ տարի է, ինչ նա իր հինգերորդ հարկի բնակարանից դուրս գալ չի կարողանում` տեղաշարժվելու հետ կապված դժվարությունների պատճառով։ Նրան խնամում է տիկին Ջուլիետան, հրաշալի ու բարի մի կին, որն անսահման նվիրված է գրողին և միշտ պատրաստ օգնելու։ Ընդարձակ հյուրասենյակը համեստ կահավորանք ուներ, բայց փայլում էր մաքրությունից։ Սենյակի աջ պատի կեսից ավելին զբաղեցնում են հարուստ գրապահարանը և բազում լուսանկարներ, որոնց մեջ առանձնանում են գրողի եղբոր` ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի և վերջինիս կողմից վերականգնված Գառնիի տաճարի լուսանկարները։ Հակադիր պատին գրողի վաղամեռիկ ամուսնու լուսանկարն է, մյուս պատերին` գեղանկարչական աշխատանքներ, տարբեր նկարիչների նվերներ։ Փոքրիկ սեղանիկին այն գրքերն են, որոնք վերջերս են նրան ջերմ մակագրություններով նվիրել Կլարա Թերզյանը, Գեղունի Չթչյանը, իր ծննդավայր Ստեփանավանի հուշալբոմը կազմողները։
Ի դեպ, տիկին Սահինյանն ամենից շատ ուրախանում է, երբ իրեն գրքեր են նվիրում, նոր լույս տեսած գրքեր։
Այժմ ներկայացնեմ պատառիկներ մեր զրույցից, որը հաճախ ընդհատվում էր հեռախոսազանգերով և այցերով։
-Տիկին Սահինյան, Դուք պատկանում եք այն սակավաթիվ, բայց երջանիկ արվեստագետների թվին, ովքեր Մարիետա Շահինյանի և Մարտիրոս Սարյանի նման արդեն հատել են 90-ամյակի շեմը։ Ձեր կարծիքով` ի՞նչն է ամենից շատ նպաստել Ձեր երկարակեցությանը։
-Դա երջանկություն չէ, դա դժբախտություն է, ես շատ կուզենայի հիմա լինել իմ գրչակից քույրերի` Սիլվայի, Մարոյի և մյուսների կողքին։ Նրանք մեռան ժամանակին։ Իսկ ես հիմա ապրում եմ, բայց հուսալքված, որովհետև երիտասարդ սերունդն ինձ չի ճանաչում, չի կարդում, մյուսները մոռացել են, չեն հիշում և չեն այցելում։ Նման կյանքով ապրելը հաճելի չէ ոչ մեկի համար։
-Երևի Ձեզ վշտացրել է այն, որ Ձեր հոբելյանին ԶԼՄ-ները չանդրադարձա՞ն։
-Ես դրանից չեմ դժգոհում և ամենևին շքեղ արարողությունների կողմնակից չեմ եղել։ Գրողների միությունից եկան ինձ շնորհավորելու իմ ծննդյան օրը, և այդքանն ինձ գոհացնում է։
-Դուք համամի՞տ եք, որ գրողների միությունն ավելորդ կառույց է։
-Ոչ։ Ամենևին։ Այդ միությունը չի ստեղծվել մեկ-երկու հոգու կարծիքով և միշտ պետք է գոյություն ունենա` անկախ որոշ մարդկանց ցանկությունից։
-Իսկ ի՞նչ կարծիքի եք պետական մրցանակների շնորհման մասին։
-Ես կողմ եմ, եթե ընտրությունը ճիշտ կատարվի, և մրցանակներ ստանան արժանավորները։
-Լրագրողական աշխատանքն օգնե՞լ է Ձեզ հղկելու Ձեր ինքնատիպ ոճն ու գրական վարպետությունը։
-Իհարկե, օգնել է, շատ է օգնել։
-Ձեր ստեղծագործական բազմաբնույթ աշխատանքներում նկատելի է փաստավավերագրական ճշգրտություն։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել. Ձեր երկարատև կյանքում Դուք օրագրե՞ր եք պահել, թե՞ ավելի շատ հիշողությանն եք ապավինել։
-Երկուսը միասին, թեև հիմա արդեն երբեմն հիշողությունս դավաճանում է։
-Կյանքում Դուք Ձեզ ուժե՞ղ, թե՞ թույլ կին եք համարում։
-Իհարկե` ուժեղ։ Նախ` ուղիղ և հպարտ եմ անցել իմ ճանապարհը, ամեն ինչի հասել եմ սեփական աշխատանքով և տքնանքով։
-Վերջերս լույս տեսած Անտոն Քոչինյանի «Անավարտ հուշեր» գրքում կարդացի նաև Ձեր հուշերը պետական այդ գործչի մասին, որին Դուք անվանում եք «նվիրյալ զավակը երկրի ու ժողովրդի»։ Ինձ առավելապես հուզեց այն փաստը, որ Քոչինյանն անձամբ կարդացել է Ձեր «Կարոտ» վեպը և անմիջապես հանձնարարել ընթացք տալ ութ տարի հանիրավի ձգձգվող Ձեր վեպի տպագրությանը։
-Այո, նման բան եղել է, ես այդ մասին վաղուց եմ գրել, մի՞թե նման գիրք է տպագրվել, շնորհանդես է եղել, բա ինչո՞ւ ինձ մի օրինակ չեն նվիրել (ես խոստացա սեփական ուժերով այդ բացը լրացնել-Մ. Հ.)։
-Տիկին Սահինյան, մեր զրույցի ավարտին կուզենայի իմանալ, թե ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ սխալը, որի համար Ձեզ չեք ներում կամ էլ հետադարձ հայացքով զղջում եք։
-Լավ է պատասխանել Սիլվա Կապուտիկյանի տողերով.
«Ես չեմ ասում` ափսոս արածներիս համար,
Ասածներիս համար ես չեմ ասում` ափսոս»։
ԻԲՐԵՎ ՎԵՐՋԱԲԱՆ
Ի՞նչ է անհրաժեշտ մարդուն և հատկապես ծեր ու միայնակ մարդուն, որ նա իրեն ավելորդ կամ մոռացված չզգա։ Շատ քիչ բան` մի փոքր ուշադրություն մեր բազում հեռուստաընկերությունների, մշակութային թերթերի, ամսագրերի կողմից։ Նա չի ակնկալում նյութական աջակցություն, ցանկացած այցելություն ջերմացնում է նրա դառնացած հոգին և համոզում, որ ինքը մոռացված չէ։ Ես տեսա, թե ինչպես փայլեցին գրողի աչքերը, երբ նրան այցի եկավ իր եղբոր թոռնիկի կինը` երիտասարդ, հաճելի Նոնան, որի համար իր սիրելի Անիկ մորաքույրն անփոխարինելի է որպես զրուցակից և խորհրդատու։ Իզուր չէ նա իր դստրիկին անվանել տատիկի անունով։ Մի՞թե «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Շահվերդյանը չի կարող այցելել տիկին Սահինյանին և նրա խոսքը լսելի դարձնել հեռուստադիտողին։ Դեռևս երեք տարի առաջ ես «Ազգ» թերթում մեր հրաշալի մեծերի մի ցուցակ էի ներկայացրել, ուր առաջինը նշված էր Անահիտ Սահինյանի անունը։ Ինչո՞ւ ենք մենք մահից հետո ասում մեծարանքի խոսքեր, իսկ կենդանության օրոք մի փոքրիկ վավերագրական ֆիլմ անգամ չենք նկարահանում գրականության մեջ մեծ ավանդ ներդրած և կանանց հիմնախնդիրներով շահագրգիռ ծերունազարդ կին գրողի մասին։ Բազում կեռմաններով և խաչուղիներով անցած գրողն ամենից շատ կարոտ և ծարավի է ուշադրության ու ընթերցողի։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5163

Մեկնաբանություններ