Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մարդու իսկական արժանապատվության մասին

Մարդու իսկական արժանապատվության մասին
10.07.2009 | 00:00

ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿԻ
Դարերի ընթացքում մենք եկեղեցում փորձում էինք Աստծուն մեծարել` մարդուն նսեմացնելով։ Դա կարելի է տեսնել մինչև անգամ արվեստի գործերում, երբ Տեր Հիսուս Քրիստոսը պատկերվում է մեծ, իսկ Իր արարածները` շատ փոքր, Իր ոտքերի մոտ։ Դրանում ձգտում կար ցույց տալու, թե ինչքան մեծ է Աստված, բայց դա հանգեցրեց սխալ, գրեթե սրբապիղծ պատկերացման, թե մարդը փոքրիկ է, կամ այն Աստծու մերժման, որը մարդկանց վերաբերում է այնպես, կարծես նրանք ոչ մի արժեք չունեն։ Այդ երկու ընկալումներն էլ սխալ են։
Առաջինը սկիզբ է առել այն մարդկանցից, ովքեր իրենց համարում են Աստծո զավակներ, Աստծո ընտրյալ ժողովուրդ։ Դա եկեղեցին է։ Նրանք իրենց նսեմացնելու հնար գտան մարդկանց մասին սեփական պատկերացման չափով, և նրանց համայնքները դարձան իրենց պես փոքրիկ ու սահմանափակ։ Երկրորդ ընկալումը մենք գտնում ենք եկեղեցուց դուրս` ագնոստիկների, ռացիոնալիստների ու աթեիստների մեջ։ Մենք պատասխանատու ենք այդ երկու մոտեցումների համար էլ և պիտի հաշիվ տանք դրա համար թե՛ պատմության առաջ և թե վերջին Դատաստանի։ Այնուամենայնիվ, դա չի համապատասխանում այն բանին, թե ինչպես է Աստված տեսնում մարդուն։ Երբ ձգտում ենք հասկանալ, թե մարդուն ինչ նշանակություն է տալիս Ինքն Աստված, տեսնում ենք, որ գնված ենք թանկ գնով, որ Աստծո համար մարդկային գինն Իր Միածին Որդու ամբողջ կյանքն է ու ողբերգական մահը խաչի վրա։ Ահա ինչպես է Աստված մտքով պատկերացնում մարդուն` որպես Իր բարեկամի, ում ստեղծել է, որ նա Իր հետ կիսի հավիտենությունը։ Եվ դարձյալ, երբ դիմում ենք Ավետարանին, անառակ որդու մասին առակին (Ղուկ. 15.11-32), տեսնում ենք, թե ինչպես այդ մարդը, ընկնելով և զրկվելով իր որդիության վսեմությունից, իր կոչումից, վերադառնում է իր հոր մոտ։ Ճանապարհին նա պատրաստվում է խոստովանության։ Նա պատրաստ է ընդունելու, որ մեղք է գործել երկնքի ու իր հոր դեմ։ Նա պատրաստ է խոստովանելու, որ այլևս արժանի չէ որդի կոչվելու։ Սակայն երբ հանդիպում է հորը, վերջինս որդուն թույլ է տալիս միայն խոստովանել իր անարժանությունը և իր մեղքը, որ գործել է երկնքի և հոր դեմ, բայց հայրը չի կարող թույլ տալ, որ որդին խնդրի Արքայությունում որդիությունից ցածր տեղ («ընդունի՛ր ինձ որպես վարձկան»)։ Նա կանգնեցնում է որդուն այն պահին, երբ պատանին խոստովանում է իր անարժան լինելը, որովհետև չի կարող թույլ տալ իր որդուն` առաջարկել այլ պայմաններ իր պաշտոնը վերականգնելու համար, որովհետև դրանք պատշաճ չեն այն առաջնային, նախնական, հավիտենական հարաբերություններին, որոնց նա կոչված է։ Նա կարող է լինել անարժան զավակ, նա կարող է լինել ապաշխարող որդի, նա կարող է վերադառնալ հայրենական տուն, բայց միայն որպես որդի։ Ինչքան էլ անարժան որդի լինի նա, երբեք չի կարող դառնալ արժանի վարձկան։
Ահա այդպես է Աստված դիտում մարդուն` իր որդիության հեռանկարում, որը շնորհված է մեզ Տեր Հիսուս Քրիստոսի մարմնավորումով, որը դրված է արարման ակտում և համապատասխանում է մեր կոչմանը` հաղորդակից լինել Աստծո բնությանը (2 Պետր. 1.4), որդեգրված լինել Միածին Որդու և միակ Որդու մեջ։
Դա մեր կոչումն է։ Դա այն է, ինչը մենք պետք է լինենք։ Ավելի քչին Տերը համաձայն չէ։ Արդ, ուրեմն, մարդուն այդպես պատկերացնելն անհամատեղելի է այն նսեմ պատկերացման հետ, որը հաճախ ձևավորվում է մեր մեջ սխալ ուսմունքի և Տիրոջը ստրկաբար մոտենալու հետևանքով։ Այդ պատճառով արտաքին աշխարհը չի կարող ընկալել մեր քարոզը։ Այդ քարոզը սուտ է դարձել, որովհետև ոչ մեկը նրանցից, ով ըմբռնում է ինքն իր մեջ մարդկային ոգին, երբեք չի համաձայնի, որ իրեն դիտեն ավելի ցածր, քան նա ինքը գիտի իր մասին։ Մարդը հանդիպման վայր է` հավատացյալի և անհավատի, հավատքի մարդու և անաստվածի միջև, հնարավորություն է հանդիպման և ընդհանուր մտածողության։ Դուք, հավանաբար, հիշում եք այն տեղը Գործք Առաքելոցում, որտեղ ասվում է, թե ինչպես Պողոս առաքյալն Աթենքում գտավ մի զոհարան, որը նվիրված էր «անծանոթ Աստծուն» (Գործք. 17.23)։ Չի՞ հանդիսանում, արդյոք, մարդն այդ «անծանոթ Աստվածը»։ Մեր ժամանակներում դա թվում է ավելի ստույգ, քան երբևէ։ Նրանք, ովքեր ուրացել են Աստծուն և հրաժարվել Քրիստոսից, մարդուն դարձրել են իրենց աստվածը, բոլոր իրերի չափանիշը։ Եվ, անշուշտ, նրանք ճիշտ են այն բանում, ինչը վերաբերում է այն կեղծ պատկերացումներին, որոնք ժամանակ առ ժամանակ առաջարկվում են իրենց։ Նրանք մարդուն դարձրել են իրենց աստվածը և բարձրացրել զոհասեղան, սակայն մարդը կուռք է։ Դա երկչափ մարդն է` երկու չափումների` ժամանակի և տարածության գերին։ Դա մարդն է, որը դարձել է աստված. նա զուրկ է խորությունից։ Դա մարդն է, ում մենք տեսնում ենք հասարակ, գործնական, էմպիրիկ կյանքի ընթացքում, մինչև չհայտնաբերենք, որ մարդն ունի խորություն։ Նա կալանված է այդ երկու չափումների մեջ, ունի ծավալ, տեղ է գրավում, ունի ձև, շոշափելի է և տեսանելի, բայց նա անբովանդակ է։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ նա պատկանում է երկրաչափական աշխարհին, որտեղ կարելի է խոսել ծավալների մասին, բայց այդ ծավալները դատարկ են` ոչինչ չի կարելի ասել այն մասին, թե ինչ է այդ ծավալների ներսում։ Եվ մարդը, որը դիտվում է միայն տարածության և ժամանակի տեսակետից, կոորդինատների երկչափ համակարգում, միայն պատյան է, արտաքին ձև։ Նա միմիայն առկա է, և նրա առկայությունը կարող է լինել հաճելի և անհաճո։ Չկա խորք, ինչի մեջ կարելի կլիներ թափանցել, չկա խորություն, ինչը հնարավոր կլիներ ճանաչել կամ ընկալել, քանզի մարդկային խորությունը չի վերաբերում ո՛չ տարածությանը, ո՛չ ժամանակին, այնտեղ հնարավոր չէ հայտնաբերել այն։
Երբ Աստվածաշնչում ասվում է, որ մարդկային սիրտը խոր է (Սաղմ. 63.7), խոսքն այն խորքի մասին է, որը չի տեղավորվում երկրաչափության մեջ, որը երրորդ` հավիտենության և անսահմանության չափումն է, դա Աստծո սեփական չափումն է։ ՈՒստի, երբ մարդուն բարձրացնում են զոհասեղան, որ երկրպագեն նրան միայն որպես պատմական էակի, որն ապրում է տարածության և ժամանակի մեջ, պարզվում է, որ նա արժանի չէ երկրպագության։ Միայն այն դեպքում, երբ մարդն ունի այդ երրորդ չափումը` անտեսանելի, անընկալելի խորության և բովանդակության, անսահմանության և հավերժության չափումը, միայն այդ ժամանակ մարդն ավելի է, քան տեսանելին, և նա, թեկուզ նվաստացման ենթարկվելով, հասնում է վսեմության։ Անգամ պարտված լինելով, նա կարող է լինել ավելի մեծ, քան նա, ով առերևույթ հաղթել է իրեն։
Աստծո հայտնությունը Քրիստոսի մեջ կամ հավերժության և անսահմանության բացարձակ չափումը Քրիստոսի մեջ կապված է պարտվածության և ստորացման հայտնության հետ։ Նրանց համար հեթանոսական աշխարհում և հրեական ավանդույթում, որոնք Աստծուն պատկերացնում էին հնարավոր ամենամեծ վեհատեսությամբ, որոնք իրենց բոլոր նկրտումներն ամբողջությամբ տեսնում էին Աստծո մեջ, այն ամենը, ինչը նրանց սքանչացրել է արարչության մեջ, այդ մարդկանց համար Աստծո հայտնությունը Քրիստոսի մեջ վիրավորական էր և սրբապղծություն, նա անտանելի էր, որովհետև իրենց պատկերացրած մեծագույն, հաղթական, գեղեցիկ և զորավոր այդ Աստվածը հայտնվում է նրանց պարտված, անպաշտպան, խոցելի, հաղթահարված, և այդ պատճառով` քամահրանքի արժանի։ Եվ դրա հետ մեկտեղ մենք ի հայտ ենք բերում Նրա մեջ ծայրագույն վեհություն, որովհետև այդ ամենի մեջ` Նրա երևութական պարտության մեջ, տեսնում ենք սիրո հաղթանակը, այն սիրո, որը, հասնելով մինչև վերջին կետը` վերջին հնարավորությունը կամ մինչև իսկ ծայրահեղ աստիճանի հնարավորության, եթե մենք նկատի ունենք ինքներս մեզ, մնում է անհաղթահարելի և հաղթական։ «Ոչ ոք չի խլում ինձնից կյանքը,- ասում է Քրիստոսը,- այլ ես ինքս եմ այն տալիս» (Հով.10.18)։ «Ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հով. 15.13)։ Երևութական պարտություն` սիրո կատարյալ հաղթանակ, որը փորձվեց մինչև վերջին սահմանը։
Այդ մարդուն` Հիսուս Քրիստոսին, մենք նույնպես բարձրացնում ենք զոհասեղան։ Նա նույնպես մեզ համար բոլոր իրերի չափանիշն է։ Բայց Նա բոլորովին այն ողորմելի կուռքը չէ, որի առաջ անաստված աշխարհը հրավիրում է մեզ երկրպագել և զոհ մատուցել ինքներս մեզ և ուրիշներին։ Այդ պատճառով մենք` քրիստոնյաներս, կարող ենք գնալ անկեղծ հանդիպման անհավատների հետ, նրանց հետ, ովքեր գտնվում են փնտրտուքների մեջ, և նրանց հետ, ովքեր դեռ ոչինչ չեն փնտրում, և մեր հանդիպման վայրն է մարդկային պատկերը։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք պնդելու, որ մարդն ավելի մեծ է, քան նրան ներկայացնում է անհավատի երևակայությունը։
Մեր պատկերացումը մարդու մասին շատ ավելի վեհ է, քան նրանց պատկերացումը, ովքեր ձգտում են մարդուն առավելագույնս մեծ դարձնել երկչափ աշխարհում, որտեղից Աստված հեռացված է։ Եվ դրա հետ հենց այդ կետում` մարդկային երևակայության մեջ, մենք կարող ենք հանդիպել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե մարդն իրավունք ունի լինելու մեծագույն և լինելու պաշտամունքի առարկա, որովհետև մենք խոնարհվում ենք Նրա առաջ, Ով Մարդ է, մենք երկրպագում ենք Նրան, Նա մեր Աստվածն է։
Եվ հիմա ես մոտենում եմ այս խորհրդածության երկրորդ կետին։ Որքա՞ն հեռու մենք կարող ենք գնալ վերջնական, ամբողջական, լիակատար համերաշխության զգացումի մեջ նրանց հետ, ովքեր ժխտում են վեհության և խորության չափման հենց հնարավորության գոյությունը։ Իր ժամանակին Պողոս առաքյալը, խոսելով հրեաների մասին, պատրաստ էր նզովվելու Աստծուց, եթե դրանով կարող էր փրկվել Աստծո ամբողջ ժողովուրդը (Հռոմ, 9.3)։ Չե՞նք կարող մենք գնալ ավելի հեռուն և Քրիստոսի հետ, այլ ոչ թե Նրա դեմ, Աստծո հետ, այլ ոչ թե Նրա դեմ և ասել. «Թող իմ կյանքը լինի փրկագին աշխարհի կեցության համար»։ Երբ ես ասում եմ «աշխարհի կեցություն», նկատի ունեմ ոչ թե ժամանակավոր գոյությունը, այլ մարդկության համընդհանուր ճակատագիրը։ Կարո՞ղ ենք, արդյոք, մենք հասնել այնպիսի պատրաստականության, որ ստանձնենք համերաշխության ծայրահեղ ռիսկը` կամ միասին փրկվել, կամ միասին կորցնել ամեն ինչ։
Եկեք տեսնենք, թե ինչ համերաշխություն է դա, որն Աստված Քրիստոսի մեջ ցուցաբերում է մարդկանց նկատմամբ։ Այդ համերաշխությունը երևան եկավ արդեն արարչության պահին, երբ Աստված բոլոր իրերին կոչեց լինելության, ու երբ մարդը կոչվեց ոչ թե անցողիկ երևութական գոյություն, ոչ թե իբրև էքսպերիմենտ, այլ կոչվեց լինելու, և լինելու հավիտյան` որպես մասնակից Կենդանի Աստծո հավիտենության մեջ։ Դա մի պահ էր, երբ Աստված և մարդն իրար «կապվեցին» (եթե կարելի է այստեղ օգտագործել այս բառը) միևնույն ռիսկով, քանզի հենց արարչության պահին Աստված ստանձնում է ոչ միայն մարդու արարման հետևանքները, այլև հետևանքներն այն բանի, թե ինչ կանի մարդը ժամանակի և հավերժության հետ։ Ամբողջ Աստվածաշնչի ընթացքում մենք տեսնում ենք, որ Աստված երբեք չէր հրաժարվում ո՛չ պատասխանատվությունից, ո՛չ էլ համերաշխությունից մարդու հետ, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նա գործում տարբեր իրադրություններում, որոնք ստեղծում է մարդը, ինչպես է Նա հարմարվում դրանց, որպեսզի իրագործի մեր փրկությունը, որը մարդու նախասահմանման վերջնական կատարումն է։ Սակայն իրական իրադարձությունը, համերաշխության էական ակտը Բան Աստծո մարմնավորումն է։ Աստված դառնում է մարդ։ Աստված մուտք է գործում պատմության մեջ։ Կարելի է ասել, Նա ստանձնում է ժամանակավոր ճակատագիրը։ Նա դառնում է ձևավորման պահ կամ մաս։ Բայց ինչքա՞ն հեռու է Նա գնում այդ համերաշխության մեջ։ Սովորաբար քարոզներում մենք ընդգծում ենք կամ լսում ուրիշներից, որ Նա մասնակցում է մարդկային ամեն ինչին` բացառյալ մեղքը։ Եվ եթե հարցնենք, թե ինչ է այդ «մարդկայինը», որին նա մասնակցում է, մեզ կասեն, որ դրանք ժամանակի և տարածության սահմանափակումներն են, մարդկային կյանքի պայմաններ` հոգնածություն, սով, ծարավ, թախիծ, մենակություն, ատելություն, հալածանքներ և, վերջապես, մահ խաչի վրա։ Բայց ինձ թվում է, որ, ասելով այդ ամենը, մենք բաց ենք թողնում ինչ-որ էական բան, որն ընկած է հիմքում, որը թվում է ավելի կարևոր, քան նշված վիճակներից յուրաքանչյուրը։ Այո՛, Քրիստոսը, վերջին հաշվով, ստանձնեց ոչ միայն մարդկային կյանքը, այլև մարդկային մահը։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Ինչպիսի՞ համերաշխության մասին է դա վկայում։
Եթե մենք դիմենք Աստվածաշնչին, ապա կտեսնենք, որ մահը և մեղքը, այսինքն` մահը և Աստծուց անջատված լինելը, մահը և Աստծուց զրկվելը, այն, ինչը ստուգաբանորեն կարելի է կոչել աթեիզմ (աստվածամերժություն), անխզելի միասնության մեջ են։ Մահվան հիմնական պատճառն Աստծուն կորցնելու մեջ է, Նրանից հեռանալու մեջ։ Սուրբ Մաքսիմ Խոստովանողը իր գրություններից մեկում շատ ուժեղ է արտահայտվում այդ բանի մասին. մարմնավորման հետ կապված նա ասում է, որ հենց հղիացման պահին Քրիստոսը, մինչև իսկ Իր մարդեղության մեջ, անմահ էր, որովհետև հնարավոր չէ ենթադրել, որ մարդկային մարմինը, Աստվածության հետ միացած, ենթակա է մահվան։
Այնուհետև, երբ խոսում ենք խաչելության մասին, գիտակցում ենք, որ խաչի վրա Քրիստոսի մահը անմահ հոգու և անմահ մարմնի աներևակայելի պատռվելն է, դա կյանքի մարումը չէ, դա դրամատիկ, անհնարին իրադարձություն է, որը Աստծու կամքով կատարվեց նրա հետ, Ով հավասարապես կատարյալ Աստված էր և կատարյալ մարդ։ ՈՒրեմն, Քրիստոսի խոսքերը խաչի վրա ստանում են ավելի խոր և սարսափելի նշանակություն, քան մենք կարող ենք պատկերացնել։ Երբ Տերն ասաց. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (ՄԿ. 15.34), այդ պահին մետաֆիզիկ, անբացատրելի կերպով (որովհետև մենք ոչինչ չենք կարող բացատրել Քրիստոսի գաղտնիքի մեջ), խաչին գամված Հիսուսը կորցնում է Աստծո հետ Իր միասնության գիտակցումը։ Նա կարող է մեռնել, որովհետև, մեղքից անբռնադատ, այդ պահին Նա ամբողջովին մասնակցում է մարդկային ճակատագրին, նույնպես մնում է առանց Աստծո և մահանում է։ Ահա մեզ հետ Աստծո համերաշխության չափը` ոչ միայն արյուն թափելու մեջ, ոչ միայն խաչի վրա մեռնելով, այլև խաչի վրա այդ մահվան հենց պայմանի մեջ, ընդհանրապես մահվան` Աստծուն կորցնելու մեջ։ Եվ այդ պատճառով չկա աշխարհում ոչ մի աթեիստ` ինչպես գաղափարական, այնպես էլ, եթե կարելի է այդպես ասել, «ստամոքսային», օգտագործելով Պողոս առաքյալի խոսքերը, որ «ոմանք իրենց որովայնը դարձնում են աստված» (Փիլիպ. 3.19), ոչ մի աթեիստ երբեք չէր զգացել աստծո այդպիսի կորուստ, չէր ընկել այդպիսի աթեիզմի մեջ, ինչպես Քրիստոսը, Ով զգաց այդ կորուստը և մահացավ դրանից, Նա, Ով անմահ է և Իր մարդեղության, և Իր Աստվածության մեջ։ Դա անսահմանորեն գերազանցում է համերաշխության ցանկացած ձևը։ Դա ցույց է տալիս մարդկանց նկատմամբ Քրիստոսի և Աստծո սիրո լիակատար չափն այն բանում, ինչն Աստված պատրաստ է կատարելու, դա ցույց է տալիս, թե Նա ինչքան հեռու գնալու է պատրաստ հանուն մեզ հետ միասնության։ Եվ դարձյալ, երբ մենք մտածում ենք այն մարդկանց մասին, ովքեր եկեղեցում չեն, ովքեր նրանից դուրս են, ովքեր եկեղեցու դեմ են այսօր, որովհետև մեր պատճառով աստծո անունը հայհոյվում է հեթանոսների մեջ (Հռոմ, 2.24), այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ, թե մենք որքան հեռու կարող ենք գնալ, և ինչքան մեծ պետք է լինի համերաշխության մեր ռիսկը։
Մենք պետք է համերաշխ լինենք առաջին հերթին Քրիստոսի հետ, իսկ Նրանով` բոլոր մարդկանց հետ մինչև վերջին կետը, մինչև կյանքի և մահվան լիակատար չափը։ Եվ միայն այդ դեպքում, եթե ընդունում ենք դա, մենք բոլորս` մեզնից յուրաքանչյուրը և բոլոր նվիրյալների ընկերակցությունը, Աստծո ժողովուրդը, կարող ենք աճել մինչև այն, ինչը կար Քրիստոսի և առաքյալների մեջ, այսինքն` մարդկանց մի խմբի, որոնք տիրապետում են ավելի վսեմ երևակայության, քան աշխարհը, ավելի մեծ մասշտաբով, քան աշխարհը, այնպես որ եկեղեցին հենց սկզբից կարողանա ամփոփել իր մեջ այդ ամենը, կարողանա հաղորդակից լինել մարդկային գոյության բոլոր պայմաններին ու դրա շնորհիվ կարողանա առաջնորդել մարդկությանը դեպի փրկություն։
Սակայն մենք այդպիսին չենք։ Մենք մանրացել ենք, որովհետև Աստծուն դարձրել ենք կուռք, իսկ ինքներս մեզ վերածել ստրուկների։ Մենք պետք է վերականգնենք այն վեհության գիտակցումը, որ Աստված հայտնեց Քրիստոսի մեջ, մարդկային այն վեհությունը, որը Քրիստոսը բացեց մեզ։ Եվ այդ ժամանակ աշխարհը կկարողանա հավատալ, և մենք կկարողանանք դառնալ Աստծո գործակիցները համընդհանուր փրկության գործում։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ