Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՃԱՊՈՆՈՒՀԻՆԵՐԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

ՃԱՊՈՆՈՒՀԻՆԵՐԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
19.07.2011 | 00:00

Գերմանիայում ավարտվեց ֆուտբոլի կանանց վեցերորդ առաջնությունը: Գավաթի խաղարկության եզրափակիչ մտած 16 ուժեղագույն թիմերը հունիսի 26-ից մինչև հուլիսի 17-ը Գերմանիայում նախ ենթախմբերում, որոնք չորսն էին, ապա մեկ քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում ու եզրափակիչում վիճարկեցին աշխարհի ուժեղագույն թիմի տիտղոսը:
«Իրատես de facto»-ն, սկսած մեկ քառորդ եզրափակիչից, սևեռուն ուշադրության կենտրոնում պահեց աշխարհի գավաթի խաղարկությունը` փորձելով հնարավորինս մանրամասն լինել մատուցվող տեղեկատվության մեջ, որովհետև կանանց ֆուտբոլը, որ քիչ թվով երկրպագուներ չունի մեր հանրապետությունում, շնորհիվ իր դիտարժանության, օրավուր տարածում է գտնում աշխարհում: Բավական է ասել, որ այսօր մոլորակում ֆուտբոլ է խաղում գեղեցիկ սեռի ավելի քան 29 միլիոն ներկայացուցիչ:
Երրորդ տեղի համար մրցավեճում միմյանց դեմ ելան Շվեդիայի ու Ֆրանսիայի հավաքականները, խաղն ունեցավ միանգամայն ակնկալված ավարտ: Շվեդուհիները, որ մրցակցուհիներին գերազանցում էին խաղային բոլոր բաղադրիչներով, այդ թվում նաև` դիտարժանությամբ, հաղթանակ տարան 2:1 հաշվով ու արժանացան բրոնզե մեդալների:
Ոսկե մեդալի համար պայքարը ստացվեց ավելի քան դրամատիկ: Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ աշխարհի կրկնակի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը բացահայտ առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, մի քանի անգամ դարպասաձողը օգնության հասավ ճապոնուհիներին, սակայն… Հենց այս «սակայնն» է, որ ֆուտբոլին հաղորդում է անկանխատեսելի բնույթ, խաղը դարձնում մոգական, մարզասերի համար ցանկալի ու ակնկալված:
Բազմաթիվ փորձերից հետո ամերիկուհիներին միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց բացել խաղի հաշիվը: Դա արեց Ալեքս Մորգանը` 69-րդ րոպեին: Եվ հենց այստեղ էր, որ ճապոնուհիներն «արթնացան» ու շնորհիվ իրենց ֆուտբոլային ագրեսիվության, ակտիվ խաղաոճի, խաղավարտից ինը րոպե առաջ ստիպեցին ամերիկուհիներին սխալվել: Գոլը խփեց Այա Միյաման։ Սա նման էր սառը ցնցուղի, որովհետև 1:1 հաշիվը ոչ մի կերպ չէր վկայում ուժերի ռեալ հարաբերակցության մասին:
Լրացուցիչ երեսուն րոպեն դարձյալ անցավ ամերիկուհիների թելադրանքով: Հզոր ճնշումն արդեն 104-րդ րոպեին տվեց իր արդյունքը: Էբբի Վամբախը նորից առաջ մղեց ԱՄՆ-ի հավաքականին: Սակայն խնդիր լուծելու իրենց նպատամղվածությամբ առանձնացող ճապոնուհիներն ունեցան ևս մեկ խաղային «պայթյուն» և խաղավարտից երեք րոպե առաջ նորից վերականգնեցին հավասարակշռությունը: Դա արեց Հոմարե Սավվան, ով գավաթի խաղարկությունում հինգ գոլով ճանաչվեց ոչ միայն առաջնության լավագույն ռմբարկու, այլև արժանացավ ոսկե խաղակոշիկի:
Հետխաղարկային 11-մետրանոցներում ճապոնուհիներն առավել դիպուկ էին. ֆուտբոլային «հրաձգությունն» ավարտվեց 3:1 հաշվի ժամանակ, որովհետև ԱՄՆ-ի ընտրանին այլևս անկարող էր որևէ բան փոխելու իր օգտին:
Այսպիսով, ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության պատմության մեջ Ճապոնիայի հավաքականն առաջին անգամ դարձավ չեմպիոն և իր այս կարգավիճակում Ասիա մայրցամաքի միակ թիմն է: Ավելորդ չհամարենք նշել, որ ճապոնուհիները միայն մեկ անգամ պարտություն կրեցին, այն էլ, բնականաբար, ենթախմբում: Նրանց նկատմամբ առավելության են հասել անգլուհիները, սակայն դժվար է ասել, կպարտվեի՞ն ճապոնուհիները, եթե այդ խաղը նրանց համար սկզբունքային նշանակություն ունենար, քանի որ ենթախմբային վեց միավորով արդեն իսկ նվաճել էին առաջնությունը շարունակելու իրավունքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ