Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՍԵՐ ԵՎ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

ՍԵՐ ԵՎ ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
30.03.2010 | 00:00

Ծաղկազարդով Հայոց առաքելական սուրբ եկեղեցում ավարտվում է Մեծ պահքը և սկսվում է Ավագ շաբաթը, որը Քրիստոսի չարչարանքների շաբաթն է, և յուրաքանչյուր օրն իր առանձին խորհուրդն ունի՝ հոգի մխիթարող, հոգի հասունացնող արարողակարգերով: Եվ բարի է, եթե մարդ հնար ունենա մեր եկեղեցու վեհ ու կենդանի բոլոր այդ արարողակարգերին հոգով մասնակից լինելու: Մարդու համար լավ է ամեն անգամ հիշելը, որ Քրիստոսի Խաչելության ծանր գնով գնվեց իր կյանքը և քավությունն իր մեղքերի:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Ավագ երեքշաբթի օրն ավետարանական ընթերցումներում շարունակում է Դատաստանի թեման, այն երանգավորվում է հիշեցումով, որ կգա օրը, երբ Իր ամբողջ փառքով, Իր ամբողջ վսեմությամբ Աստված կծառանա արդեն հայտնապես ոչ միայն մարդու խղճի, այլև ամբողջ աշխարհի առջև։ Եվ այդ ժամանակ, ինչպես ասվում է Ավետարանում, երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն (Մատթ. 24, 30), յուրաքանչյուր մարդ կկանգնի այդ վերջին Դատաստանի առջև։ ՈՒ սարսափելի է այդ դատաստանը ոչ թե նրանով, որ Դատավորը խստասիրտ է, կամ նրանով, որ օրենքը դաժան է, Դատաստանը սարսափելի է նրանով, որ այդ ժամանակ մեր առաջ կբացվի այն, որ կյանքի միակ իմաստը սերն էր` անձնազոհ, հեզ, գորովալից, ճշմարտացի, և որ մենք անցանք այդ սիրո կողքից։ Եվ ուրիշ տեսարաններ էլ են հայտնվում մեր առաջ` Քրիստոսին ուզում էին ծուղակը գցել, բռնել խոսքի մեջ, որ կարողանան սպանել։ Դրա համար Նրա հակառակորդները դիմում էին ստի, կեղծավոր հարցմունքների, սպասելով, որ Նա կպատասխանի «ոչ այնպես», ու կարելի կլինի մերկացնել Նրան։ Մարդուն ոչնչացնելու այդ տարբեր միջոցները հիմա էլ կան, ավելի ճիշտ, ի սարսափ մեզ, խաղում են իրենց կործանիչ դերը մարդկանց հոգիներում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորհրդածի` արդյոք ապրո՞ւմ է ճշմարտությամբ։ Որովհետև ստի մեջ չի կարելի ապրել, կարելի է միայն սպանել ու մեռնել` սպանել սեփական հոգին և սպանել ուրիշ մարդու։ Չի կարելի խորամանկել, եթե ցանկանում ենք լինել ազնիվ, բարի մարի, չի կարելի դավաճանել, մինչև իսկ չի կարելի փրկել սեփական կյանքը, մահվան մատնելով անմեղին, ինչպես վարվեցին Քրիստոսի հետ։ Ամեն։
ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Ավագ շաբաթվա չորեքշաբթի օրը շատ տաճարներում կատարվում է վերջին օծման խորհուրդը։ Վերջին օծման խորհուրդն աղոթքի կարգ է, սրբազան ծես, որն ուղղված է առ Աստված` բոլոր մարդկանց հոգու և մարմնի ապաքինման համար։ Առաջին անգամ այդ սրբազան ծեսը կատարվեց ամբողջ ժողովրդի առաջ Սևաստոպոլի պաշարման ժամանակ։ Այդ ժամանակ բոլորն ապրում էին մահացու վտանգի ենթարկվելով, հիվանդությունները տարածվել էին ամբողջ քաղաքում, վիրավորները մեռնում էին, կենդանի մնացածները սպասում էին իրենց վախճանին։ Եվ ահա տեղի եպիսկոպոսը կոչ արեց բոլորին` սեփական մեղքերը խոստովանել, մաքրել իրենց խիղճը, և կատարեց եկեղեցական ապաշխարանքի ծիսակատարությունը։ Այդ խորհուրդն ամենից առաջ ապաշխարանքի ծես է, և, ի պատասխան մեր զղջմանը, Տերը զեղում է մեզ վրա Իր շնորհը, որով ներվում են մեր մեղքերը և ապաքինվում մեր մարմինները։ Այդ ծիսակատարության հիմքն ու միջուկը մեր զղջումն է։ Եվ նախընթաց օրերի ընթացքում մենք լուրջ խորհում էինք սեփական կյանքի իմաստի մասին, կանգնում սեփական խղճի դատաստանի առաջ, տեսնում Տիրոջ գալուստը և սիրո ու ճշմարտության վերջին դատաստանը մեզ վրա, որը պիտի նախապատրաստի մեզ հատկապես անհատական ապաշխարության։ Մարդուն ֆիզիկապես սպանում է ոչ միայն ատրճանակի գնդակը կամ հիվանդությունը, ֆիզիկապես մարդուն կործանում է և բարոյական վիճակը, նախանձը, ատելությունը, դառնությունը, զայրույթը թունավորում են մարդուն ոչ միայն հոգեպես, այլև մարմնապես։ Զարմանալի չէ, որ նախքան Աստծուն մոտենալու, բերելու Նրա առաջ սեփական մարմինը` հիվանդ ու տառապող, աղաչում ենք. «Տե՛ր, բժշկի՛ր»։ Բժշկի՛ր, այսինքն` դարձրո՛ւ ինձ ամբողջական, առողջացրո՛ւ ինձ մինչև վերջ, թող իմ մեջ լինի մարմնի, հոգու և ոգու կատարյալ ներդաշնակություն, թող ես մտնեմ կատարյալ ներդաշնակության մեջ Աստծո հետ, ինչին և կոչված է մարդը։ Այսպիսով, եթե ձեզնից որևէ մեկը, որն այսօր լսում է ինձ, մոտենա այս խորհրդին, թող անի ինքն իր վրա ուշադիր, խիստ դատաստան, բայց դատաստան, որը կբերի մեզ Աստծո մոտ, լցված հույսով ու վստահությամբ, ու մեզնից յուրաքանչյուրին տերը կասի. «Գնա՛ խաղաղությամբ, քո հավատը քեզ փրկեց» (Մարկ. 5, 34)։ Ամեն։
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Ավագ հինգշաբթի օրը կարդացվում է պատմությունը Տեր Հիսուս Քրիստոսի վերջին հանդիպման մասին Իր աշակերտների հետ` Զատկի սեղանի շուրջը, սարսափելի գիշերվա մասին, որը Նա անցկացրեց Գեթսեմանի այգում, պատմությունն Իր խաչելության և Իր մահվան մասին։ Մեր աչքերի առջևով անցնում է այն տեսարանը, թե ինչ կատարվեց Փրկչի հետ` մեր հանդեպ սիրո պատճառով։ Նա կարող էր խուսափել այդ ամենից, եթե միայն նահանջեր, եթե միայն ցանկանար փրկել Ինքն Իրեն ու ավարտին չհասցնել այն գործը, ինչի համար եկել էր։ Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում Նա չէր լինի մեր Փրկիչը` Աստծո սիրո մարմնավորումը։ Բայց ինչքա՜ն թանկ է նստում սերը։ Քրիստոսը մոտեցող մահվան հետ դեմ առ դեմ ահավոր մի գիշեր է անցկացնում ու պայքարում է այդ մահվան դեմ, որն անողոք է։ Բայց մարդը պարզապես մահանում է` մահանում անպաշտպան, իսկ այստեղ կատարվում էր ինչ-որ շատ ավելի ողբերգական բան։ Մինչ այդ Քրիստոսն ասաց Իր աշակերտներին. «Ոչ ոք չի վերցնի կյանքն Ինձնից, այլ ես Ինքս եմ այն տալիս» (Հով. 10, 18)։ Եվ Նա ազատորեն, բայց ինչպիսի սարսափով էր տալիս այն։ Առաջին անգամ Նա աղերսում էր. «Հա՜յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի»։ ՈՒ պայքարում էր։ Երկրորդ անգամ աղոթում էր. «Հա՛յր իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ»։ Եվ միայն երրորդ անգամ` նոր պայքարից հետո, Նա կարողացավ ասել. «Քո կամքը թող լինի»։ Մենք պետք է լուրջ մտածենք այս բաների մասին։ Մեզ միշտ կամ էլ հաճախ թվում է, թե Նրա համար հեշտ էր զոհաբերել Իր կյանքը, քանզի Նա աստված էր, Ով դարձել էր մարդ։ Բայց մեր Փրկիչը մեռնում էր որպես մարդ` ոչ թե Իր անմահ Աստվածությամբ, այլ Իր մարդկային, կենդանի, իրոք մարդկային մարմնով։ Եվ հետո մենք տեսնում ենք խաչելությունը, տեսնում ենք, թե ինչպես են Նրան սպանում դանդաղ մահով, և ինչպես է Նա առանց կշտամբանքի տրվում տանջանքին։ Միակ բառերը, որոնք Նա ասաց Իրեն տանջողների մասին, հետևյալն էին. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Ահա թե ինչը մենք պետք է սովորենք` հալածանքի, նսեմացման ու վիրավորանքի ենթարկվելով. նայելով այն մարդուն, որը վիրավորում, անպատվում է մեզ ու ցանկանում է ոչնչացնել, մենք պետք է հոգով շուռ գանք դեպի Աստված և ասենք. «Հա՛յր մեր, ների՛ր նրան, քանզի չգիտի, թե ինչ է անում, նա չի հասկանում իրերի իմաստը»։ Ամեն։
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
Մենք այսօր երեկոյան տեսանք Քրիստոսի մահը, բայց հայտարարում ենք, որ նույնիսկ դագաղում Քրիստոսի մարմինը չէր քայքայվել, քանզի Իր Աստվածությունը թափանցել էր Իր մարմնի մեջ նույնքան կատարյալ և հավիտյան անբաժան, ինչպես Այն թափանցել էր Իր մարդկային հոգու մեջ։ Քրիստոսը մեռավ, և հիմա մենք դիտում ենք Քրիստոսի կերպարը դագաղի մեջ, բայց հիշենք Նրա խոսքերը. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12, 24)։ Միայն այն կարող է վերակենդանանալ հավերժության մեջ, ինչը մահացել է ժամանակավոր կյանքում։ Եվ այդ ժամանակ, երբ մենք դիտում ենք Քրիստոսին դագաղի մեջ, ՈՒմ մարմինը հանգչում, հանգստանում է տառապանքներից, Իր հոգին փայլելով աստվածային փառքով, իջնում է այն տեղը, որը մենք կոչում ենք դժոխք կամ շեոլ, մի տեղ, որտեղ գտնվում են բոլոր մարդկանց հոգիները, արդար կամ անարդար, որոնք սկսեցին մեռնել այն բանից հետո, երբ մարդկությունն անջատվեց Աստծո հետ շփվելու կատարելությունից։ Եվ Նա լցնում է այդ տեղն Իր ներկայությամբ, այնպես որ դժոխք այլևս չկար, հաղթանակը դժոխքի հանդեպ Քրիստոսի վերջնական հաղթանակն է, քանզի մահը վերջնականապես պարտվեց։ Դա մենք կլսենք վաղը գիշերը, բայց պատարագը վաղն առավոտյան, ասես, շարունակելով հաղթական «Ալելուիան», որն արդեն Հարության հռչակումն է, կկատարվի, Առաքյալի թուղթն ընթերցելուց հետո, սպիտակ զգեստներով, որովհետև մենք գիտենք Քրիստոսի հաղթանակի մասին, չնայած դեռ կանգնած չենք եղել այդ հաղթանակի ամբողջ փառքի առաջ։ ՈՒրեմն, մոտենանք կենարար դագաղին, երկրպագելով նրա առաջ, երկյուղածությամբ Աստծո սիրո նկատմամբ, Ով տվեց Իր Որդուն մեռնելու մեզ համար, և խոնարհվենք միաժամանակ Իր հաղթանակի խորհրդի առջև և սպասենք այն պահին, երբ Հարության լուրը կհասնի մեզ։ Մոտենանք լռությամբ ու երկյուղածությամբ, շնորհակալությամբ, խոնարհությամբ և ուրախությամբ մեր սրտերում։ Ամեն։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Երանելի ենք մենք այն ժամերի ընթացքում, որոնք բաժանում են մեզ Քրիստոսի Հարության հռչակումից։ Մենք սպասում ենք դրան, մենք գիտենք, որ այն կատարվել է, գիտենք, որ դժոխք իջնելը դժոխքին հաղթելն է, այլ ոչ թե վերջնական պարտությունը Հիսուս Մարդու, Ով խաչվեց Գողգոթայում։ Առաքյալները չգիտեին դա` այս ժամերի ընթացքում, որոնք մենք կանցկացնենք կանխավայելելով գալիք գիշերվա ուրախությունը, որ նրանք անցկացրել են խավարի, անհուսության և սարսափի մեջ։ ՈՒ երբ պարզվեց, որ իրենց վախն իզուր էր, որ սպասվող պարտության փոխարեն հաղթանակ եղավ, նրանք բերեցին մեզ բարի լուրը։ ՈՒրեմն, անցկացնենք մնացած այս ժամերը ջերմ, երախտագիտության զգացումով, սպասելով, որ լուրը հասնի մեզ, բայց և ուրախանալով միլիոնավոր մարդկանց համար, որոնք մահվան ստվերում էին, Աստծուց հեռացած խավարի մեջ, մինչև որ Ինքն Աստված չեկավ հանկարծ ծայրահեղ լքված այդ տեղը։ Եկեք մտածենք նրանց մասին, և շնորհակալություն ասենք Աստծուն նրանց համար և բոլոր նրանց, ովքեր գնացին այս կյանքից, բայց չմեռան, այլ քնեցին խաղաղ մահվան քնով. մեր մահացած ծնողների, մեր նախնիների, ընկերների, այս եկեղեցու անդամների, մեզ ծանոթ և անծանոթների համար այլևս մահ չկա։ Որովհետև մահվան խայթոցը Աստծուց հեռանալու և մեր մերձավորներից բաժանված լինելու մեջ է, ու դա այլևս գոյություն չունի։ Հիմա դա միայն հոգու և մարմնի ժամանակավոր անջատումն է, ժամանակ, երբ մարմինը կհանգստանա ու փոշեցրիվ կլինի, մինչդեռ հոգին ավելի ու ավելի կվերակենդանանա, ինչպես բոցավառվող կրակը, մինչև այն օրը, երբ կվերականգնվի ամբողջականությունը, երբ մենք հարություն կառնենք և կապրենք հավիտյան Աստվածային կյանքով։ Ամեն։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ