Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔԻ ՕՐԸ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄԸ

ՀԱՂՊԱՏԱՎԱՆՔԻ ՕՐԸ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄԸ
20.09.2011 | 00:00

ՈՒխտագնացություն էր հայտարարվել դեպի Հաղպատավանք: Եվ պատահական չէ, որ Հաղպատավանք էին եկել հարյուրավոր ուխտավորներ Երևանից, Գյումրուց, Վանաձորից, հեռու-մոտիկ բնակավայրերից:
ՈՒխտագնացները շտապում էին մայր եկեղեցի, ուր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ Սուրբ պատարագ պիտի սկսվեր, որին արդեն հարևան Համազասպ եկեղեցում հաջորդելու էին սայաթնովայական երգերի, բանաստեղծությունների կատարումները: Այն յուրովի ազատ հարթակ էր, ուր հենց իրենք` ուխտավորները կարող են երգել, ասմունքել: Այստեղ թևածող ոգին մեծն Սայաթ-Նովայինն է` իր անզուգական ստեղծագործություններով, որի կյանքի ավելի քան քսան տարիները կապված են Հաղպատավանքի հետ: Հենց այստեղ` այս եկեղեցուն կից խցում են ծնունդ առել սայաթնովայական անմահ ստեղծագործությունները:
Այնուհետև ուխտավորները տեղափոխվում են Հաղպատավանքի զանգակատան շրջակայքը, ուր օրվա հանդիսութային մասի հարթակն է:
Օրվա խորհուրդը ներկայացնում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Նա, ներկայացնելով Հաղպատավանքի տոնի և Սայաթ-Նովայի հիշատակի օրվա խորհուրդները, ասաց, որ նման ուխտագնացությունների միջոցով է պետք տիրանալ հոգևոր և արվեստի տաճար տանող ճանապարհներին: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, իր օրհնությունը բերելով ուխտավորներին, ողջունեց ուխտագնացության մասնակիցներին` տեղեկացնելով, որ նման տոնախմբությունները մեծ ոգի ունեն, քանի որ մարդիկ գալիս են այստեղ, բազում լիցքեր ստանում:
Տոնախմբություններին ներկա էին Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչները` ճանաչված հայ բանաստեղծ , թարգմանիչ Գիվի Շահնազարի գլխավորությամբ: Նա ասաց, որ ինքը Հաղպատ է եկել մեծ երկյուղածությամբ, սրտի թրթիռով: «Ես եկել եմ Սայաթ-Նովայի բանաստեղծությունները վրացերենի թարգմանած ժողովածուով,- ասաց նա։- Սայաթ-Նովան հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մեծ ջատագովն էր, հենց այդ բարեկամությունը կռողը և կոփողը: ՈՒրախ եմ, որ, թիֆլիսյան Վարդատոնից բացի կա նաև մի տոն, այն էլ` Հաղպատավանքում` մեր ժողովրդի կողմից սիրված, ամենաճանաչված սրբավայրերից մեկում: Ովքեր ավելի մոտիկից գիտեն Սայաթ-Նովայի կյանքն ու գործը, գիտեն նաև, որ Լոռին հազար թելերով կապված է մեծն Սայաթ-Նովայի հետ: ՈՒրիշ բան չլինի` այգեհատցի Մարմարը չորս զավակ է պարգևել նրան (Մելիքսեթ, Սառա, Օհան, Մարիամ)»:
Օրվա մյուս բանախոսները` թիֆլիսցի նկարիչ Մ. Շահումյանը, լրագրող Վ. Սանթրյանը, բանաստեղծ Ս. Մուրադյանը ոչ միայն կարևորեցին Հաղպատավանքի տոնը և Սայաթ-Նովայի հիշատակի օրը, այլև ընդգծեցին այն նախաձեռնողական գործունեության կարևորությունը, որ իրականացնում է «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հենց հայրենի եզերքը հանրությանը ներկայացնելու առումով: «Այդ նախաձեռնողական գործունեությունը բազմաթիվ միջոցառումների է սկիզբ տալիս,- ասում է բանաստեղծ Սուրեն Մուրադյանը,- և դա` տարին բոլոր. միայն վերջին մեկ ամսում «Լոռվա ձոր»-ը հասցրել է բացել Հրանտ Մաթևոսյանի արձանը Մոտկորում, նկարչական ցուցահանդես Լոռիում («Դեբեդի հովտի ամառային գույները»), ցուցահանդես ՀՀ նկարիչների միության գլխավոր ցուցասրահում:
Հոկտեմբերի 2-ին կնշվի Թումանյանական օրը` Դսեղում: Սա այն ամենը, ինչ տեսանելի է, իսկ անտեսանելին ավելի շատ է»:
Այնուհետև տոնակատարության հարթակը տրամադրվեց Հայաստանի գուսանական և ժողովրդական երգերի պետական համույթին, որը ներկայացրեց Սայաթ-Նովայի անմահ ստեղծագործությունները:
Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ