Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարկ խոսակցություններից և պտտվող ստվերային գումարներից զատ՝ ոչինչ չկա

Դատարկ խոսակցություններից և պտտվող ստվերային գումարներից զատ՝ ոչինչ չկա
08.08.2008 | 00:00

ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՕՐԵՆՔԸ
Ամառվա շոգից տապակվող հայ իրականության մեջ այսօր, չգիտես ինչու և որտեղից, ծնվեց, սկսեց քննարկվել և, ի վերջո, քաղաքական գործընթացի վերածվեց «երրորդ ուժի» գաղափարը։ Իբր իշխանության և ընդդիմության միջև ամիսներ շարունակվող լարված հակադրությունը լիցքաթափելու համար այլևս հրատապ անհրաժեշտություն է դարձել «երրորդ ուժի» կամ, այսպես կոչված, կառուցողական-հայրենասիրական ընդդիմության ձևավորումը, որը իշխանությունների սխալները մատնանշելով հանդերձ, միաժամանակ իր քննադատության սլաքները կուղղի դեպի արմատական ընդդիմություն, պայքարի մեջ կմտնի վերջինիս հետ ընտրազանգվածի նվաճման համար, և այդպիսով կձևավորվի երրորդ ուժային կենտրոնը կամ բևեռը։
Այնուամենայնիվ, տարօրինակ մարդիկ են մեր այդ քաղաքական գործիչները։ Նրանց թվում է, թե իրենք ապրում են արաբական հեքիաթում, ուր կարելի է շուրջը հավաքել 10 համակիր (հիմնականում՝ վճարովի), մի քիչ փող (որպես կանոն իշխանությունից կամ դրսից մեկանգամյա գրանտի ձևով ստացված), ստեղծել որևէ քարոզչամիջոց, և ... Սեզամը կբացվի։ Հայաստանի քաղաքական երկնակամարում անմիջապես կծնվի «երրորդ ուժը» և, փողփողացնելով դրոշները, իր շուրջը կհամախմբի անիծյալ իշխանությունից ու ազգադավ արմատական ընդդիմությունից մինչև հոգու խորքը վերջնականապես զզված ժողովրդական լայն զանգվածներին։
Բայց երբ անհիմն ճառերից փորձում ենք վերադառնալ իրական դաշտ, առաջանում է մի պարզ ու հասարակ հարց՝ այդ ո՞ր ընտրազանգվածի մասին է խոսքը, որի շահերը պիտի պաշտպանի կառուցողական-հայրենասիրական մեր ապագա ընդդիմությունը։ Եթե դատելու լինենք նախագահական վերջին ընտրությունների պաշտոնական արդյունքներով, ապա առաջին չորս տեղերը գրաված թեկնածուները միասին հավաքել են բնակչության ձայների 95%-ից ավելին։ Էլ ո՞ր ընտրազանգվածը մնաց որպես «երրորդ ուժի» հենարան։ Իսկ եթե գնանք քիչ ավելի հեռավոր անցյալը և դատողությունները փորձենք կառուցել 2007-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հիման վրա, ապա կպարզվի, որ խորհրդարանում ընդգրկված հինգ կուսակցություններից, որոնցից չորսը իշխանական կոալիցիայի մասն է կազմում, մեկը՝ արմատական ընդդիմության, ոչ ոք նույնիսկ ցանկություն չունի հավակնել «երրորդ ուժի» դերակատարությանը։ Եթե փորձենք ուսումնասիրել խորհրդարան չանցած, բայց առավելագույն ձայներ ստացած կուսակցությունների ցանկը, ապա կպարզվի, որ նրանցից միայն ՄԱԿ-ն է հաղթահարել 4%-ի սահմանագիծը, 3%-ի շրջանակում ձայներ են հավաքել ՆԺԿ-ն, «Ազգային միաբանությունը» և Տիգրան Կարապետյանի ԺԿ-ն։ Որքանով հայտնի է, այս չորս ուժերից ոչ մեկն էլ չի հավակնում «երրորդ ուժի» դերակատարության, թերևս քաջ գիտակցելով, որ ունեցած ձայների բազան, այնուհանդերձ, դրա համար անբավարար է։
Բայց դրա փոխարեն «երրորդ ուժի» գործառույթներ ստանձնելու իրենց հավակնությունների մասին ակտիվորեն խոսում, քննարկում-հանդիպումներ են անցկացնում այն կուսակցությունների առաջնորդները, ովքեր անցած երկու ընտրարշավներին ընդհանրապես կամ գրեթե մասնակցություն չեն ունեցել։ Այսինքն՝ նրանց թիկունքում ընդհանրապես գոյություն չունի թեկուզ ընտրությունների պաշտոնական արդյունքներով ֆիքսված որևէ զանգված, որը կարելի է ներկայացնել իբրև սոցիալական հենարան։ Տրամաբանորեն «երրորդ ուժի» դերակատարություն ստանձնելու հավակնություններ դրսևորող կուսակցապետերը պետք է որ ընդհանրապես խուսափեին այդպիսի հայտ ներկայացնելուց՝ առնվազն ծիծաղելի չդառնալու համար։ Բայց պարզվում է, որ այս երկրում նման բաները վաղուց արդեն ծիծաղելի չեն։ Որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի «հնաբնակ» և «նորաբնակ» այդ կարգի գործիչները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ ո՛չ փողով, ո՛չ քարոզչամիջոց ունենալով, ո՛չ էլ որևէ կուսակցության լիդերի անձնական ճանաչումից ելնելով «երրորդ ուժ» ձևավորել հնարավոր չէ։
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ուժն ու կարողությունը չափվում է շատ պարզ մեխանիզմով. անհրաժեշտ պահին այդ քաղաքական ուժի կոչով որքա՞ն մարդ կամավոր կգա մասնակցելու որևէ քաղաքական միջոցառման։ Ինչպես նաև, թե որքանով է ունակ տվյալ կուսակցությունը համապետական ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ընտրատեղամասում նշանակել թեկուզ մեկ վստահված անձ, որն այդտեղ է հայտնվել իսկապես տվյալ կուսակցության դիրքորոշումը և ընտրություններում արդարությունը պաշտպանելու, ոչ թե օրավարձի կամ էլ իշխանության կողմից ավելի մեծ գումարով կաշառված լինելու համար։ Մինչդեռ բոլորին էլ պարզ է, որ Հայաստանում գրանցված 70-ից ավելի կուսակցությունների երկու երրորդն այս անհրաժեշտ չափանիշն ապահովել չի կարող երբեք։ Բայց միաժամանակ դրանց ղեկավար շրջանակները չեն ուզում հասկանալ, որ անցյալից ինչ-որ «բագաժ» ունեցող լիդեր, թղթի վրա գրված ծրագիր և կանոնադրություն, անգամ գրասենյակ ու քարոզչամիջոց ունենալն իրականում բավարար չէ քաղաքական կազմակերպություն դառնալու համար։ Կուսակցությունն ամենից առաջ մարդիկ են, որ հավանություն են տալիս տվյալ գաղափարախոսությանը, տեսնում դրա գործնական իրականացման ուղիներն ու հնարավորությունները և իրենց մտավոր, ֆիզիկական, ինչու չէ, նաև նյութական կարողությունները պատրաստ են ծառայեցնել այդ գործին։ Նույնը, ինչպես եկեղեցին, դա շինության պատերը չեն, այլ հավատացյալները, որ շունչ ու կենդանություն են տալիս այդ պատերին։
Սեփական անձի անփոխարինելիության մարմաջով հիմնավորապես տոգորված մեր քաղաքական գործիչների հիմնական մասն ընտրությունից ընտրություն ջախջախիչ պարտություններ կրելով, վարկանիշն ու հեղինակությունը կորցնելով, միևնույն է, համառորեն չի ցանկանում գիտակցել վերոնշյալ տարրական իրողությունները։ Դրա համար էլ քաղաքական դաշտը չի կայանում։ Այսօր «երրորդ ուժ» ձևավորել փորձող ուժերի շրջանակում էլ իրականում չկա ոչինչ, բացի դատարկ խոսակցություններից և պտտվող ստվերային գումարներից։ Որպես կանոն, եթե իշխանությունը փորձում է հենվել թղթի վրա գոյություն ունեցող, բայց իրականում հանրային կյանքում որևէ հեղինակություն չվայելող կառույցների վրա և դրանք արհեստականորեն ակտիվացնելու միջոցով նախաձեռնում է ինչ-որ քայլեր, հետևանքը լինում է հանրային անվստահության առավել մեծացումն այդ նույն իշխանության նկատմամբ։
Հարկավ, հետընտրական գործընթացների արդյունքում կարող է առաջանալ կամ արդեն առաջացել է մի իրավիճակ, երբ հասարակության որոշակի խավ կամ շերտ ունի «երրորդ ուժի» պահանջարկը։ Բայց միաժամանակ փաստ է, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ հատկապես նախագահական ընտրությունների արդյունքում միայն երկու քաղաքական ուժ կար, որն ընդունակ էր ստանձնել այդ գործառույթը և դառնալ յուրօրինակ հավասարակշռող բևեռ իշխանության և ընդդիմության միջև։ Դա «Օրինաց երկիրն» էր, որը խորհրդարանական ընտրություններում ստացավ 6, բայց թեկնածուն նախագահական ընտրություններում ապահովեց 11% քվե։ Եվ ՀՅԴ-ն, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ուներ 13%, իսկ նախագահական ընտրություններում՝ մոտ 7%։ Եթե այս երկու կուսակցությունները մաս չկազմեին կառավարող կոալիցիայի, առանձին-առանձին կարող էին հավակնել «երրորդ ուժի» դերակատարության՝ դառնալով այն առանցքը, որի շուրջը կհամախմբվեին ավելի մանր ու սահմանափակ վարկանիշ ունեցող կազմակերպությունները։ Բայց ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիայում են, հետևապես «երրորդ ուժի» ձևավորման հնարավորությունը ոչ միայն գործնականում, այլև նույնիսկ տեսականորեն բացառված է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ