Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԿՇՏԱՄԲԱՆՔ

ԿՇՏԱՄԲԱՆՔ
14.09.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Ով էլ որ լինես, պատրաստ եղիր` նախատինքը քեզ էլ կհասնի: Դրա առաջ անդրդվելի մնալը բնավորության զորության նշան է, իսկ այն ստեղծագործաբար օգտագործելը` ապրելու արվեստ: Պարզ է, որ մեզ համար հեշտ չէ տանել այն: «Ես հաղթահարեցի բոլոր դժվարությունները, հնարավորինս լավ արեցի ամեն ինչ, իսկ ինձ ասում են` վատ է: Այդ փնթփնթաննե՜րը: Նրանք ինձ վիրավորում են: Նրանք կաթվածահար են անում իմ թռիչքն ու ոգևորությունը: Նրանք արգելքներ են ստեղծում իմ ստեղծագործական ուժերի համար: Նրանք թաղում են իմ ինքնավստահությունը: Ի՞նչ անեմ` հուսահատվեմ և հրաժարվե՞մ: Կամ` ինչպե՞ս դեն նետեմ այդ կշտամբանքի խայտառակ բեռը: Այդպիսի պահերին ուզում ես ջախջախել քեզ կշտամբողին: Մոտավորապես այսպես. «Ո՞վ եք դուք, որ անարգում եք ինձ: Ո՞վ է ձեզ իրավունք տվել վերահսկելու և նախատելու ինձ: Դուք ինքներդ անպիտան մարդիկ եք: Ձեր քննադատությունը նախանձոտ է և անազնիվ: Բոլոր ձեր հավակնությունները պարզապես անառողջ բծախնդրությունից են»: Դրանք միանգամայն անլուրջ և անտեղյակ քննադատներ են. դրանք քննադատամոլներ են, չարակամ փնթփնթաններ, ու նրանց բծախնդրությունն ամեն բառի նկատմամբ քամահրելի խարդավանք է»: Երբե՛ք մի գնացեք այդ ճանապարհով: Երբեք այդ աստիճանի չնվաստանա՛ք: Անթիվ նախանձողներ, բծախնդիր ու քմահաճ մարդիկ վազվզում են չորս կողմը և մաղձ թափում, և նա, ով չի դիմանում այդ մաղձին, սկսում է նմանակել նրանց: Իսկ նա, ով սկսում է ստեղծագործել, թող սկզբից զինվի բարի կամքով: Ով անկեղծորեն բարին է ցանկանում, նրան ոչ մի բծախնդրություն, ոչ մի քննադատամոլություն չեն կարող հունից հանել: Այն, ինչը ես, իրոք, ցանկանում էի, գիտենք միայն ես և Տերը իմ վերևում. այն, ինչը ինձ հաջողվել է, թող քննադատեն: Այդ դեպքում արդեն էլ չի լինի քննադատություն, որ կարողանա խլել ինձնից վստահությունս իմ հանդեպ, իմ կյանքի թռիչքը, որ ես հուսահատվեմ ու հրաժարվեմ: Այդ հանգստաբեր հավասարակշռությունն ավելի ուժեղացնելու համար խորհուրդ է տրվում կտրել այն հոգևոր պորտալարը, որը կապում է ինձ աշխատանքիս հետ, բայց ոչ շուտ, քան աշխատանքի վերջնական ավարտին, և այդ պահին միայն վճռականորեն կտրել այն ու հեռանալ, որ այդ աշխատանքը, որպես ավարտուն և հաղթահարված մի բան, ընկալվի, ինչպես իմ անցյալը, որի մասին ես դատում եմ տիրոջ և վարպետի պես, «քանզի հիմա ես կարող էի դա անել շատ ավելի լավ»: Այդ ժամանակ արդեն ինձ չեն ներկայացնում որպես ինչ-որ աշխատանքների հեղինակի, ու ես արդեն անխոցելի եմ. անկախորեն վիճում եմ ուրիշ քննադատների հետ իմ աշխատանքի շուրջ` ինքս ներկայանալով որպես քննադատ. նրանք արդեն չեն դիպչում ինձ, այլ միայն իմ ստվերին, միայն իմ անցյալին, այն դեպքում, երբ ես ապրում եմ ապագայում, իմ նոր մտահղացումներում: Մեծահոգաբար և ազատ դիմավորում եմ այդ ժամանակ իմ քննադատներին և քննադատամոլներին. ես կարիք չունեմ նսեմացնելու նրանց: Գործիմացորեն և հանգիստ ունկնդրում եմ նրանց կարծիքները, նրանք կարող են ինչքան կամենան պարսավել ու կշտամբել իմ աշխատանքը: Նրանք ծառայում են ինձ և օգնում են: Եթե նրանք իրավացի են, ես կվերլուծեմ սեփական աշխատանքս և սեփական ստեղծագործական ակտը, փորձ կանեմ որոշելու, թե ինչու են այդ թերություններն ու սխալները խուսափել ինձնից, քանզի ես կատարելության էի ձգտում: Այսպիսով, ես սովորում եմ լինել համեստ և խոնարհ, որովհետև հասկանում եմ, որ նույնիսկ «ամենալավ մտադրությունները» չեն փրկում ինձ անկատարությունից: Եթե քննադատներն իրավացի չեն, ես վարժվում եմ նրանց այլանդակ ճաշակին: Միայն չնեղանալ: Մնա՛լ հանգիստ: Հանգստությունը հայացքին տալիս է ազատություն, որը տանում է դեպի անաչառություն: Իսկ ում մեջ կա անաչառություն, և ով ծառայում է նրան, նրա մեջ կա արքայական ինչ-որ բան. նա նման է «ծպտյալ խալիֆի»: Այո՛, ծպտյալ, քանզի ուրիշներին բոլորովին հարկավոր չէ իմանալ դա:
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ