ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Քառասուն «ցմահականների» վերջին հույսը

Քառասուն «ցմահականների» վերջին հույսը
16.09.2008 | 00:00

ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
«Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը»։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
1873 թվականի հոկտեմբերի 27-ին Ամերիկայի Իլինոյս նահանգի ֆերմերներից մեկը՝ Ջոզեֆ Գլիդդեն անունով, առաջինն էր, որ իր տարածքը շրջապատեց փշալարերով՝ գիշատիչ ու վայրի անասունների հարձակումներից ֆերման պաշտպանելու համար։ Այս պաշտպանական միջոցը շատ արագ լայն տարածում գտավ աշխարհում և այսօր էլ խիստ գործածելի է։ Սակայն՝ ո՛չ հայաստանյան իրականության մեջ։ Ցավոք, մեր երկրում «օրենքով» վավերացված վայրի հարձակումները ոչ թե գիշատիչ կենդանիների, այլ բանական արարածների դեմ ունակ են տապալելու ոչ միայն ջոզեֆյան փշալարերը, այլև դարերով կանգուն Չինական պարիսպն ու մարդկային տրամաբանության հենասյուները։
Ահա այդպիսի հարձակման արդյունքում էլ արդարության փլատակների տակ հայտնվեցինք մահվան դատապարտված 42 բանտարկյալներս, և քանզի 2003 թ. օգոստոսի 1-ին դժբախտություն ունեցանք քաղաքական նպատակներով նախագահին պարտադրված «ներման» հրամանագրին արժանանալու, արդյունքում մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, նույնն է, թե աննկարագրելի տանջալից և դանդաղ մահվամբ։ Սակայն 42 դատապարտյալներս, գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակը, ըմբռնումով մոտեցանք նախագահին պարտադրված այդ վճռին, իսկ այդ ընթացքում անարդարացիորեն մահապատժի դատապարտված 53 կալանավորներից 11-ը, անասելի տառապելով, մահացան իրենց խցերում։ Մարդկությունը մինչ օրս էլ չի կարողացել վերջնական եզրակացության հանգել այն խնդրի շուրջ, թե մահապատժից ու ցմահ ազատազրկումից որ մեկն է ավելի դաժան պատիժ։ Գիտակցելով այս իրողությունը՝ քաղաքակիրթ երկրներում մահապատժի վերացումից հետո պետական այրերը մեծ նրբանկատություն ու պատասխանատվություն դրսևորեցին` նախորդ օրենսգրքերում ամրագրված հաջորդ ավելի մեղմ պատիժներն ամրագրելով մահապատժի դատապարտվածների գործերի քննության նկատմամբ կամ էլ վերանայելով մինչ այդ մահապատժի դատապարտվածների գործերը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Սա հետագայում ընդգրկվեց միջազգային իրավունքի սկզբունքների նորմատիվներում։ Եվրոպայում առավելագույն ծանր պատժաչափի վերացմանը զուգընթաց մահապատժի դատապարտվածների գործերն առանձին ու անհատական մոտեցումներով վերանայվեցին, և նրանց միայն մի մասը դատապարտվեց ցմահ ազատազրկման, մինչդեռ Հայաստանում այդ նույն ժամանակահատվածում բազմաթիվ անարդար մահապատիժներ կայացվեցին։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածում ամրագրված է. «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։
ԵԽԽՎ-ն, 2004-ի հունվարի 12-ից ի վեր, Հայաստանի Հանրապետությանը առաջադրած պարտավորությունների ցանկում բազմիցս անդրադարձել է նաև 42 դատապարտյալներիս խնդրին։ Մեջբերենք. «ԵԽ խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ 42 դատապարտյալների մահվան դատավճիռները ցմահ բանտարկության փոխող ՀՀ նախագահի` 2003-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը նրանցից ոմանց մոտ լուրջ բողոք է առաջացրել։ Խորհրդաժողովը հավատում է, որ այս խնդիրը պետք է լուծվի յուրաքանչյուր առանձին դեպքի քննարկմամբ և կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ վերաքննելու պատժի փոփոխության կամ գործի վերանայման (նոր դատավարության) դիմում ներկայացրած անձանց գործերը»։
Վերջին տարիներին ԱԺ նախագահությունն արձագանքեց դատապարտյալների արդարացի բողոքներին՝ հանդիպում կազմակերպելով 42 «ցմահականներիս» և խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի ղեկավարած հանձնախմբի անդամների միջև։ Ինչպես վերջիններիս, այնպես էլ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԵԽ դիտորդների, փորձագետների և իրավագետների բազմիցս ներկայացվել են խնդրի էությունն ու այն լուծելու ձևերի մասին հստակ պատկերացումները։ Բոլորն էլ անխտիր իրավացի են համարել նման մոտեցումները, արձանագրելով անարդարության ու օրենքների խախտման առկայության փաստեր։ Առայսօր, սակայն, ոչ մի կոնկրետ քայլ դեռ չի ձեռնարկվել արդարության վերականգնման ուղղությամբ։
Այսօր ցմահ ազատազրկման դատապարտված 40 բանտարկյալներս (2007-2008 թթ. ևս երկու դատապարտյալներ մահացան իրենց խցերում) հավատում ենք, որ միայն ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական կամք դրսևորելով, կկարողանա լուծել անլուծելի թվացող «ցմահների» խնդիրը, քանզի նա դեռ այն ժամանակ, երբ ղեկավարում էր ՀՀ ԱԱԾ և ՆԳ համակարգերը, քրեակատարողական հիմնարկներում սկիզբ էր դրել լուրջ բարեփոխումների և հոգ էր տանում հատկապես մահապատժի դատապարտվածների կեցության պայմանների բարելավման ուղղությամբ։ Հենց այս ժամանակահատվածում էր, որ մահվան դատապարտվածներիս թույլ տրվեց տեսակցել հարազատներին, և արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորություն ընձեռվեց։
Մենք գիտակցում ենք, որ այս բարեփոխումներն իրականացվել են առանց մեր բողոքների, դիմումների, ահազանգերի կամ ճարահատ հացադուլների։ Սակայն ավելի մեծ ոգևորությամբ ու վստահությամբ լցվեցինք, երբ դեռևս պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ հետամուտ եղավ ցմահ ազատազրկման դատապարտված իր երեք զինծառայողների գործերի վերաքննությանը, մեկ անգամ ևս հաստատելով մարդկային իր բարձր հատկանիշներն ու հավատարիմ մնալով օրենքի գերակայությանը։ Սա է այն հիմնական պատճառը, որ ոչ մի «ցմահական» դեռևս չի դիմել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր և իր բախտակիցների խաթարված ճակատագրերն ուղղելու և իրենց կյանքը բնականոն հուն վերադարձնելու խնդրանքով։ Համոզված ենք, որ նախագահը տիրապետում է 40 «ցմահականների» գործերի բոլոր մանրամասներին, և վստահ ենք, որ մոտ ժամանակներս դրանք իրենց արդարացի լուծումը կստանան։ Վստահ ենք Սերժ Սարգսյանի անկոտրում կամքի վրա, նաև ուզում ենք հավատացած լինել, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստնությունը երբևիցե թույլ չի տա իր կողմից ղեկավարվող ընդդիմությանը` քաղաքականացնել կամ շահարկել 40 «ցմահականների» խնդրի արդարացի լուծման ցանկացած փորձ։ Քանզի ով՝ ով, Լևոն Տեր-Պետրոսյանը լավ է գիտակցում Սուրբ Հովհան Ոսկեբերանի գրչով անմահացած ճշմարտությունը. «Նա, ով խոչընդոտում է վերքի ապաքինմանը, ավելի խիստ պատժի է արժանի, քան նա, ով հասցրել է վերքը»։
Ցմահ ազատազրկման դատապարտված 40 կալանավորներ
(ստորագրությունները պահվում են «Իրավունքը de facto»-ի խմբագրությունում)

Դիտվել է՝ 6490

Մեկնաբանություններ