Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿԱՆԽԱՎ ՏԱՆՈՒԼ ՏՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿԱՆԽԱՎ ՏԱՆՈՒԼ ՏՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
03.04.2012 | 00:00

Վլադիմիր Պուտինի անձի և նրա քաղաքականության շուրջ բանավեճն Արևմուտքում ավարտվել է, և կարելի է որոշ հետևություններ անել այդ առնչությամբ։
Պուտինը, ըստ էության, քաղաքական գործիչ չէ, նա ավելի շուտ վարչարար է։ Նրա առաջնային խնդիրն է կարգուկանոն հաստատել պետության ներսում, բարելավել իրավական ու սոցիալական միջավայրը։ Արևմուտքի քաղաքական շրջանակներում կարծիք է ստեղծվել, թե նա միջակ քաղգործիչ է, բայց տաղանդավոր վարչարար։ Կարծիք կա նաև, որ վարչական հաջողությունները կապված են ոչ թե նրա վարած համակարգային և հայեցակարգային քաղաքականության, որքան նպաստավոր պայմանների` էներգապաշարների բարձր գների և արտաքին տնտեսական իրադրության հետ։
Ռուսաստանում կոշտ պայքար է ընթանում կորպորացիաների, քաղաքական ու տնտեսական խմբավորումների միջև, ընդ որում, քաղաքական կուսակցությունները, փաստորեն, կորցնում են իրենց նշանակությունն ու վերածվում լուսանցքային ներփակ ընկերակցությունների, որոնք ունակ չեն ազդեցություն գործելու իրական քաղաքականության վրա։ Մոտ ապագայում այդ միտումները Ռուսաստանի ներքաղաքական կյանքում ավելի հստակ կուրվագծվեն։
Ռուսաստանում ձևավորվում է աջ պետական ազգայնականության գաղափարախոսություն, որը փոխարինելու է գալիս ձախ ազգայնականությանը։ Պուտինի թիմին միանում են այլ ազդեցիկ քաղաքական խմբավորումներ, որոնք ձգտում են ստեղծել նոր բյուրոկրատիա` բարձրակարգ քաղգործիչների գլխավորությամբ։ Արևմուտքի վերլուծաբանների կարծիքով, առայժմ դա այլ, ավելի ժողովրդավարական մեխանիզմների բացակայության պայմաններում երկրի արդյունավետ կառավարման միակ եղանակն է։ Միաժամանակ, կառավարության հանդեպ բարեհաճ օլիգարխիական շրջանակների ձևավորումը երկարատև ու ցավագին գործընթաց է։
Արևմուտքում հակասական գնահատականներ կան ՌԴ-ում առկա տնտեսական իրադրության վերաբերյալ։ Ռուսական ընկերությունների հետ կապված վերլուծաբանները, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում, կարծում են, որ, ըստ էության, տնտեսական աճը ՌԴ-ում զրոյական է, և ամբողջ տնտեսական ռիթմը կախված է նավթի համաշխարհային գներից։ Անգլո-սաքսոնական երկրների փորձագետները հակված են տնտեսության մեջ տիրող իրավիճակը գնահատելու ավելի լավատեսորեն։ Նրանց կարծիքով, Ռուսաստանում նկատվում է գնային նոր համամասնությունների ձևավորման գործընթաց, պետությունը հնարավորություն ունի ընտրելու զարգացման գերակայությունները և ներդրումային մանևրի որոշակի բյուջետային միջոցներ ունենալու։ Նաև նկատի է առնվում, որ կառավարությունը եկամուտների նշանակալի մասն ուղղում է սոցիալական ծրագրերի սպասարկմանը, ինչն անդրադառնում է ներդրումային հնարավորությունների վրա։ Ընդհանուր առմամբ, հաջողություններ կան սոցիալական իրավիճակի կայունացման հարցում, և Վ. Պուտինի վարկանիշն էլ, բնականաբար, պահպանվում է բարձր մակարդակի վրա։ Բրիտանիայի փորձագետները կանխատեսում են մոտակա տարիներին տնտեսության նշանակալի աճ և ընկերություններին ու բանկերին խորհուրդ են տալիս ներդրումներ կատարել Ռուսաստանում, այդ թվում` աշխատել արժեթղթերի շուկայում։ Տնտեսության աճը Ռուսաստանում գերազանցում է նորանկախ պետությունների տնտեսության աճը, ինչը նրա դրությունն ավելի նախընտրելի է դարձնում։
ՌԴ արտաքին քաղաքականությունը կենտրոնանում է տարածաշրջանների վրա, բայց Մոսկվան ձգտում է խնդիրները լուծել ոչ թե նորանկախ պետությունների, այլ արևմտյան տերությունների հետ։ Նա ավելի ու ավելի է ճնշման ուժային եղանակներ կիրառում նորանկախ պետությունների նկատմամբ, համարելով, թե գերակա իրավունք ունի այդ երկրների պաշարների նկատմամբ և ձգտում է ակտիվորեն մասնակցել դրանց շահագործմանն ու առաքմանը։
ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների միջև սկզբունքային տարբերություններ կան Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդրի առնչությամբ։ Եվրոպական պետությունները ձգտում են Ռուսաստանը ներառել համաեվրոպական ներմիավորման ծիրի մեջ։ Եվրոպացիները խիստ շահագրգռված են ռուսական հանածոներով, փոխադրական հնարավորություններով, հակամարտությունների ու լարվածության օջախները խաղաղեցնելու հնարավորություններով։ Ընդ որում, եվրոպացիներն արևելյան քաղաքականությունը վարում են երկու ուղղությամբ` Գերմանիայի ու Բրիտանիայի միջոցով, որոնք ունեն արտքաղաքական տարբեր ոճ ու ավանդույթ։ Դա նշանակում է հարաբերությունների երկու մոդել։ Ռուսաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը ենթադրում է նվազագույն միջամտություն նրա ներքին գործերին, փաստորեն, բացառում է հասարակական արժեքների շոշափումը։ Գերմանիայի քաղաքականությունը, որի հետևում կանգնած է Ֆրանսիան, ենթադրում է մարդու իրավունքների հետ կապված ներքին խնդիրների շոշափում և այլն։ Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք համերաշխ քաղաքականություն են որդեգրել Ռուսաստանի հանդեպ, ձգտում են վարել անկախ և ԱՄՆ-ի դիրքորոշումից տարբերվող կուրս, միաժամանակ, չեն շտապում Ռուսաստանին թույլ տալ մուտք գործել Եվրոպա, նրան պահելով որոշակի «տարածության» վրա։ Այդ «տարածությունը» հազիվ թե հաղթահարելի լինի Պուտինի համար։
ԱՄՆ-ի քաղաքականությունն առայժմ ենթադրում է Ռուսաստանի շահերի ու նկրտումների անտեսում` կապված ինչպես համընդհանուր խնդիրների հետ, ներառյալ ՀՀՊ-ն, այնպես էլ տարածաշրջանային։ ԱՄՆ-ը խնդիր ունի իջեցնելու Ռուսաստանի միջազգային կարգավիճակը և չխրախուսելու նրան արտաքին քաղաքականության ասպարեզում։ Հանրապետական վարչակազմը ձգտում է թույլ չտալ, որ Ռուսաստանն ակտիվ քաղաքականություն վարի նորանկախ պետությունների առնչությամբ ու Մերձավոր Արևելքում։ Սակայն ԱՄՆ-ն ունի երկու գլխավոր անելիք. թույլ չտալ Մոսկվա-Պեկին-Դելի առանցքի իրագործում և Եվրոպայի հետ Ռուսաստանի մերձեցում, այնինչ ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը ձգտում է ավելի զուսպ քաղաքականություն վարել Ռուսաստանի հանդեպ։ Եվրոպային Ռուսաստանի ներմիավորումը կարող է ուժեղացնել դոլարի դուրսմղման և եվրարժույթի դերի մեծացման միտումները։ Ռուսաստանը դիտվում է որպես եվրարժույթի դերի մեծացման ոչ առանցքային, բայց կարևոր գործոն։ Սա ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական խնդիրն է, և նա պիտի աշխատի հակասություններ առաջացնել Ռուսաստանի ու Եվրամիության միջև։
Ընդհանուր առմամբ, խիստ լարված իրավիճակ է առաջացել ԱՄՆ-ի, Եվրամիության, Չինաստանի ու Ռուսաստանի միջև։ Այստեղ ամենահնաոճն այն է, որ այդ իրավիճակում զուգորդվում են հավակնոտ աշխարհաքաղաքական և իրատեսական տնտեսական շահերը։ Այդ իրավիճակում մեծանում է լուսանցքային գոտիներում ռազմաքաղաքական հակամարտությունների ծագման հավանականությունը։
Իհարկե, տարածաշրջանների նկատմամբ Պուտինի քաղաքականությունն ավելի առարկայական է, քան այն, ինչ առաջարկում էին նրա ընդդիմախոսները Դմիտրի Մեդվեդևի թիմից, և ունի շատ առանձնահատուկ ու սկզբունքային կողմեր։ Դրանք են` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում առկա հակամարտությունների կարգավորումը, եվրոպական քաղաքականություն և եվրոպական ուժերի տեղն ու դերն Արևելյան Եվրոպայում ու Եվրասիայում. Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Կովկասում և Կասպյան ավազանում, տնտեսական գործոնների դերը եվրոպական ուժերի կազմավորման գործում և եվրոպացիների տնտեսական շահերը Եվրասիայում։
Ռուսաստանը մտադիր չէ հեռանալու Հարավային Կովկասից և իջեցնելու իր ռազմաքաղաքական ներկայության մակարդակը։ Վրաստանում ներկայումս հիմնականում ոչ էական քաղաքական գործընթացներ են տեղի ունենում` կապված Ռուսաստանի հետ առճակատման պայմաններին հարմարվելու և Արևմուտքի ավելի ուժեղ աջակցության բացակայության հետ։ Վրաստանն աշխատում է չխզել պարտավորեցնող քաղաքական կապերը Կրեմլի հետ և պատրաստ է սկսելու նոր երկխոսություն, այդ թվում` ստորագրելու համագործակցության նոր պայմանագիր։ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը դարձել է ավելի իմաստալից, բազմակողմանի և բազմագործոն։ ԱՊՀ այդ և մյուս տարածաշրջաններում Ռուսաստանի նոր քաղաքականության ամենաուժեղ կողմը դարձել է տնտեսական և աշխարհատնտեսական քաղաքականության առաջնայնությունը, որտեղ Ռուսաստանն անվիճելի առավելություններ ունի։ Կարևոր է, որ Արևմուտքը պարզել է, որ Կովկասն ու Կենտրոնական Ասիան աշխարհաքաղաքական առումով առանձնահատուկ տարածաշրջաններ են, և Արևմտյան ընկերակցությունը «ազատ մուտք» չունի այդտեղ։ Դրանք Եվրասիայի ներքին տարածաշրջաններն են, և Ռուսաստանի, Թուրքիայի ու Չինաստանի գերիշխանությունն այդտեղ ակնհայտ է։
ԱՄՆ-ն ու Եվրոպան, չնայած թվացյալ ակտիվությանը, հատուկ մշակված ծրագիր չունեն այդ տարածաշրջաններ թափանցելու և վերահսկողություն սահմանելու համար։ Տպավորություն է առաջանում, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան մտադիր չեն այդ շրջաններում վարելու հետևողական ու բազմաքայլ քաղաքականություն։ Ժամանակ առ ժամանակ կիրականացվի «բազմաբարդ» ու «խորամանկ» քաղաքականություն` որոշակի նպատակների հասնելու համար։ Միաժամանակ, այդ տարածաշրջանների որոշ պետություններ, հակառակ Արևմուտքի ու Ռուսաստանի, կարողացել են վարել համեմատաբար ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Բացի այդ, Հարավային Կովկասի դերը ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալիորեն կորցրել է իր նշանակությունը։
Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի խնդիրների կարգավորման առնչությամբ փորձագետները բավականին պահպանողական հայացքներ ունեն, համարելով, որ այդ տարածաշրջանների գործերին Արևմտյան ընկերակցության չափազանց կոշտ միջամտությունն աննպատակահարմար է ու շատ վտանգավոր։ Նրանց կարծիքով, մինչև հիմա խաղաղ կարգավորման ուղիով և իրավունքի սկզբունքների հիմքով չի հաջողվել լուծել տարածաշրջանային ոչ մի խնդիր, չի կարգավորվել ոչ մի հակամարտություն։ Փորձագետների կարծիքով, բախումնային իրավիճակները չեն վերանում, այլ գտնվում են առաջին փուլերում, և միջամտությունը կարող է հանգեցնել Արևմուտքի համար աղետալի ռազմաքաղաքական հակամարտության։ Ներկայումս ուժի գործադրումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում առհասարակ անհնար է, իսկ այդքան խորքային շրջաններում արագ արձագանքման ուժերի կիրառումն ընդհանրապես շատ դժվար է։ Արևմուտքը պետք է ռազմատեխնիկական և ֆինանսական օգնություն ցուցաբերի այնպիսի պետությունների, ինչպիսիք են ՈՒզբեկստանն ու Տաջիկստանը, մշակի հեռավոր և հատկապես խորքային տարածաշրջաններում ահաբեկչության ու արմատական շարժումների դեմ պայքարի եղանակները, բայց չպետք է համակարգված մասնակցություն ունենա ռազմական գործողություններին։
Վլադիմիր Պուտինը ձգտում է ձեռնամուխ լինել Կենտրոնական Ասիայում ռուսական քաղաքական ու տնտեսական ծրագրերի զարգացմանը, շեշտը դնելով ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության նախագծի վրա։ Նա չի կարող չհասկանալ, որ այդ տարածաշրջանում է հիմնականում լուծվում Ռուսաստանի ճակատագիրն ու նրա անվտանգության խնդիրը և կձգտի նոր վարվեցողություն մշակել։ Վ. Պուտինի թիմում կան մարդիկ, ովքեր միշտ երկյուղել են Կենտրոնական Ասիայում վարվող քաղաքականության մեջ չափազանց շատ խորանալուց, զգուշանալով Աֆղանստանի «ախտանիշից» և ձգտելով առճակատման մեջ չմտնել Չինաստանի հետ։ Ըստ երևույթին, Պուտինը Կենտրոնական Ասիան ավելի վստահորեն կներմիավորի Ռուսաստանի «քաղաքական դաշտին»։ Բայց, այսպես թե այնպես, Ռուսաստանը տնտեսական նախագծեր կառաջարկի Կենտրոնական Ասիայի պետություններին, ինչը դժվար կլինի, քանի որ Չինաստանի հնարավորություններն ու հավակնությունները շատ ավելի մեծ են ու լայնածավալ։ Այս կապակցությամբ արևմտյան փորձագետները, փաստորեն, չեն թաքցնում Ռուսաստանի ու Չինաստանի շահերի ավելի բացահայտ բախման հույսերը, իսկ ամերիկյան փորձագետներն ավելի ու ավելի են Չինաստանի «զսպման» ռազմավարության իրականացման գործում Ռուսաստանի հետ համագործակցության ակնարկներ անում։
Բավականին շատ են գնահատականները Հարավային Կովկասի և այդ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության հետևանքների վերաբերյալ ամերիկյան ու եվրոպական փորձագետների հրապարակումներում։ Նրանց կարծիքով`
-Ադրբեջանի ու Հայաստանի քաղգործիչներն ու հանրությունն ամենևին պատրաստ չեն ընկալելու կարգավորման բուն գործընթացը, որը տեղի է ունեում ոչ թե լայն հասարակական-քաղաքական ասպարեզում, այլ միանգամայն մեկուսի և «դատարկ» տեղում.
-Սերժ Սարգսյանն ու հատկապես Իլհամ Ալիևը ոչինչ չունեն առաջարկելու իրենց ժողովուրդներին, նրանք ձգտում են բանակցային գործընթացի տեմպերն ու ձևաչափը շաղկապել իրենց անձնական և քաղաքական խնդիրների ու նպատակների հետ .
-Մոսկվան կարգավորման գործընթացը ներկայացնում է որպես դիվանագիտական ու քաղաքական նշանակալի հաջողություն, առանց իրական և կոնկրետ փաստեր ու ապացույցներ բերելու, վկայակոչելով գաղտնիության հանգամանքը, բայց շատերի համար միանգամայն պարզ է դառնում, որ այդ գործընթացը ոչ մի շոշափելի արդյունքի չի հանգեցրել.
-Մոսկվայի կարևոր խնդիրներից մեկը արդարանալու և շահեկան վիճակում հայտնվելու տարբերակ ունենալն է` այն բանից հետո, երբ վերջնականապես կպարզվի, որ կարգավորման գործընթացը ձախողվել է (Ռուսաստանին պետք է պատվով դուրս գալ կանխավ տանուլ տված իրավիճակից).
-ԱՄՆ-ն իրական լծակներ ունի ճնշում գործադրելու Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի վրա, բայց ամերիկացիները հասկանում են, որ նման պայմաններում ճնշումը միանգամայն անիմաստ է, և չեն պատրաստվում ճնշման կոշտ եղանակներ կիրառել, ինչը ձեռնտու է նաև Ռուսաստանին.
-Ռուսաստանի դիրքորոշումը սպասողական է, և ռուս դիվանագետների ու քաղգործիչների վարքագիծը հաստատում է դա։ Ռուսաստանը, ասես, մի կողմ քաշված լինի այդ գործընթացից և սպասում է բանակցությունների ձախողմանը.
-ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկխոսությունից հետո Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, կփորձի երկարացնել բանակցային գործընթացի պատրանքը` Մինսկի խմբին առաջարկելով նոր առաջարկություններ մշակել և այդ դեպքում նորից կարող ենք տեսնել ակտիվ Ռուսաստան, որը նոր հնարավորություն կունենա ընդգծելու իր քաղաքական ներկայությունը.
-Եվրոպայում շատերի մեջ տպավորություն է առաջանում, թե բանակցությունների այդ փուլը տարածաշրջանը կանգնեցրել է պատերազմի շեմին, և միանգամայն հնարավոր է պատերազմական գործողությունների վերսկսումը` նախ ոչ մեծ զինված ընդհարմամբ, կամ Ադրբեջանում իշխանության սպասվող կազմաքանդման պահին։
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում Վլադիմիր Պուտինի դերը ռուսական քաղաքականության մեջ շատ ծանրակշիռ կլինի, և Ռուսաստանը կվարի խիստ կոշտ քաղաքականություն, մտքով իսկ չանցկացնելով զիջումների գնալ տարածաշրջաններում` թեկուզ որևէ ավելի խոշոր առավելության դիմաց։ Կասկած անգամ չկա, որ Պուտինի թիմը որևէ պատրանք չի փայփայում այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ