Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հողը հոգնել է, ստացված բերքն էլ մկներն են ուտում

Հողը հոգնել է, ստացված բերքն էլ մկներն են ուտում
04.09.2009 | 00:00

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ
Թեև այս տարի կարկուտի և բնության այլ անկանոն երևույթների պատճառով հայ գյուղացին միլիարդավոր դրամների կորուստներ ունեցավ, սակայն դրանցից զերծ մնացած գյուղերում էլ հիմնախնդիրները քիչ չեն:
Լոռու մարզի Օձուն գյուղում թեև նախորդ տարիների նման կարկուտ չի տեղացել, սակայն, ինչպես նշեցին գյուղացիները, անցած տարիների փորձը հաշվի առնելով, համարյա թե հողագործությամբ չեն զբաղվում, քանի որ վերջին 10 տարիներին անընդհատ տեղացած կարկուտների պատճառով կարգին բերք չէր լինում, և ծախսած փողը ջուրն էր լցվում: Դա է հիմնական պատճառը, որ այս տարի գյուղի 1200 հա վարելահողերից միայն 30 տոկոսի վրա է ցանքս իրականացվել: Ստացված բերքի մի մասն էլ դաշտերում մկներն են ոչնչացնում, որոնց թիվը վերջին տարիներին խիստ աճել է, և որի դեմն առնել անհնար է: Բավականին ցածր է նաև բերքատվությունը: Ինչպես նշեց գյուղացիներից մեկը, իր մեկ հեկտար ցորենի դաշտից ընդամենը 2 տոննա ցորեն է ստացել, կեսն էլ` անորակ:
«Հողն արդեն հոգնել, ուժասպառ է եղել, չենք կարողանում կարգին պարարտանյութ տալ,- ասաց:- Դրա մի պարկն էս տարի 8,5-9 հազար դրամ էր: Թե փող լիներ, կառնեինք, կարգին կտայինք, բայց, դե, որ փող չկա, դաշտերն ըսենց յոլա ենք տանում, ստացած բերքն էլ իր փողը չի հանում: Մյուս տարի ցորեն դժվար թե ցանեմ, ավելի լավ է յոնջա ցանեմ, անասունի կեր հավաքեմ»:
Գյուղը, որը նախկինում զգալի գյուղտեխնիկա է ունեցել, այսօր կանգնած է մեծ խնդիրների առջև: Նախկին գյուղապետն իր ղեկավարած 12 տարիների ընթացքում գյուղում եղած 9 կոմբայններից 8-ը վաճառել է հարևան գյուղերին, ինչի պատճառով օձունցին բերքահավաքի ժամանակ չի կարողանում հնձել իր արտը, սպասում է, թե հարևանները երբ կավարտեն, որ գան Օձուն և հունձ կատարեն: Նույնը նաև խոտհնձի և հավաքման ժամանակ: Տարին բարեհաջող չէր նաև անասնակերի առումով: Ամառվա շրջանում տեղացած անընդմեջ անձրևները հնարավորություն չէին ընձեռել կարգին ձմեռվա պաշար հավաքել, հնձած խոտն էլ մնում է հանդերում այնքան ժամանակ, մինչև գյուղում եղած ընդամենը 4 խոտ հավաքող և կապող մեքենաների վարորդները ժամանակ են գտնում և հավաքում գյուղացու հնձած խոտը: Օգտվելով իրենց «մոնոպոլ» վիճակից, մեխանիզացիայի տերերը տարեցտարի բարձրացնում են խոտհնձի և հավաքման գինը: Օրինակ, այս տարի, 100 կապ խոտ հավաքելու գինը դարձել էր 7 հազար դրամ անցյալ տարվա 5 հազարի դիմաց:
-Ամբողջ օրը մեխանիզացիա ունեցողների հետևից ման ենք գալիս: Իրուգունը գնում ենք պայմանավորվում, որ առավոտը կգան կանեն, բայց, դե, նրանք էլ առավոտը որոշումը փոխում ու ուրիշ տեղ են գնում: Էս քանի օրն ա, որ լավ եղանակ է անում, պետք է հասցնենք խոտը հավաքել ու պահեստավորել, թե չէ էլի անձրևները կսկսեն ու խոտն ամբողջությամբ կփչանա,- ասաց գյուղացիներից Ալբերտը, որը դիզվառելիքի 20-լիտրանոց տարայով առավոտվանից սպասում էր խոտ հավաքող մեքենային:
«Գյուղում գյուղատնտեսական կարգին մեխանիզացիա չի մնացել, ամենանորը, երևի, մի 25 տարեկան է: Վաղը չէ մյուս օրը դրանք էլ խարաբ կլինեն, ու գնա ձեռքով գործ արա»,- հավելեց մեկ ուրիշը:
Թեև Օձունում, ի տարբերություն հարևան գյուղերի, կարկուտ չէր եկել, և այգիները ծանրացել էին հասունացած բերքից, սակայն դա էլ գյուղացուն չի ուրախացնում, քանի որ մարզում չի գործում որևէ վերամշակող ձեռնարկություն, որ մթերի սալորը, տանձը, խնձորը և այլն: Օձունցին էլ ստիպված թափվող բերքը հավաքում, լցնում է օղու համար նախատեսված տարաներում: Իր այգում թափված սալորները հավաքող Սարգիս պապն ասաց, որ վերջին անգամ այսպիսի բերք մեկ էլ 7-8 տարի առաջ էր եղել, բայց ոչ կարողանում են իրացնել, ոչ էլ կարող են այդքանն ուտել, ստիպված «արաղ են քաշելու»:
Գյուղացիները դժգոհեցին նաև իրենց գրեթե միակ եկամտաաղբյուրից` անասնապահությունից, ակնկալվող եկամուտից, քանի որ կաթ մթերող ընկերությունները շատ ցածր գին են առաջարկում դրա դիմաց` ընդամենը 90-100 դրամ, թեև մայրաքաղաքի սուպերմարկետներում և խանութներում փաթեթավորված մեկ լիտր կաթն արժե 350 դրամ:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3003

Մեկնաբանություններ