ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«ՄՆՈՒՄ Է ՍՊԱՍԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ»

«ՄՆՈՒՄ Է ՍՊԱՍԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ»
18.10.2011 | 00:00

Մարտունու քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի համար բեկումնային եղավ 2005 թվականը: Այդ տարի էր, որ պետբյուջեից կառավարության հատկացրած 85 միլիոն դրամն օգնեց հիմնովին վերանորոգելու վթարայինի վերածված կառույցը, հնարավորության սահմաններում բերելու արդիական տեսքի, նորից դարձնելու մարզակրթական լիարժեք գործող համալիր:
-Քայլն առանցքային նշանակություն ուներ մեր քաղաքի ու հարակից բնակավայրերի հատկապես մատաղ սերնդի համար,- ասում է մարզադպրոցի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ,- որովհետև մենք, պարզ է, մայրաքաղաք չենք, ժամանցի կազմակերպման լայն հնարավորություն չունենք` այստեղից բխող տարբեր հետևանքներով: Ես չեմ ուզում անդրադառնալ մարզադպրոցի անցած գործունեությանը, աշխատանքների կազմակերպման դրվածքին, բայց որ անգամ գույքի հարցում սկսել ենք զրոյից, անհերքելի փաստ է: Ինքնին հասկանալի է, որ եթե չլիներ պետության միջամտությունը, մենք այսօր չէինք ունենա ոչ բռնցքամարտի ռինգ, ոչ ըմբշամարտի գորգ, ոչ ծանրաձողեր, ոչ էլ մնացածը, որովհետև դրանք թանկ հաճույք են, ձեռք բերելը` համայնքի ուժերից գրեթե վեր խնդիր: Ինչ ստացել ենք մարզադպրոցի հիմնովին վերանորոգման ընթացքում, ստացել ենք, մնացածն ընթացքում փորձում ենք համալրել նաև մեր ջանքերով, քաղաքապետարանի ուժերն օգտագործելով, հովանավորներին գործի մեջ ներգրավելով: Չմոռանամ ասել, որ այս ժամանակահատվածում էական է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի օժանդակությունը: Մի խոսքով, այս ամենի արդյունքը եղել է այն, որ այսօր ունենք 270-280 սան, թեպետ սահմանային թիվը 205-ն է:
-Այսի՞նքն:
-Այսինքն այն, որ պարապել ցանկացողները շատ են, խմբերը` ծանրաբեռնված, իսկ ոչ երեխային, ոչ նրա ծնողին չես կարող մերժել` պատճառ բերելով ինչ-ինչ նորմատիվներ, սահմանափակումներ: Եվ հետո, ինչպե՞ս մերժել, երբ մարզադպրոց ընդունելով` նույն այդ երեխային կտրում ես փողոցից, այդ փողոցի հնարավոր բացասական ազդեցությունից, օգնում ես նրան մեծանալու ֆիզիկապես պինդ, կոփված, հայրենիքի պաշտպանության համար պատրաստ քաղաքացի: Չմոռանանք, որ մենք ընդամենը հարաբերական անդորրի մեջ գտնվող երկիր ենք, պատերազմը դեռ ավարտված չէ:
-Ի՞նչ մարզաձևեր են գործում դպրոցում:
-Վերջին խնդիրը մասնավորապես կարևորելով` բացել ենք ֆուլկոնտակտ կարատեի խմբեր` 30 սանի ընդգրկվածությամբ: Այստեղ արդեն ունենք Եվրոպայի չեմպիոններ, աշխարհի առաջնության սանդղակով անցնող Պարսկաստանի միջազգայինում ենք լավ հանդես եկել, ունեցել ենք հաղթողներ, մրցանակային երկրորդ, երրորդ տեղերը գրավածներ: Շոշափելի ձեռքբերումը մեծապես պայմանավորված է մեր մարզչի` սև գոտի, երկրորդ դան Արամ Գրիգորյանի բարձրարդյունք աշխատանքով: Ի դեպ, նա մարտ առանց կանոնների մրցաձևի աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր է:
Մեզանում մեծ մասսայականություն է վայելում նաև բռնցքամարտը: Եղած սուղ հնարավորությունների պայմաններում ունենք պարապող ութսունհինգ երեխա, գերծանրաբեռնված գործող երեք մարզիչ: Ի դեմս Հոխիկյան Նարեկի, Արսեն Զախարյանի ու Ավետ Գրիգորյանի, արդեն երեք հոգի ունենք Հայաստանի պատանեկան հավաքականում:
ՈՒնենք ըմբշամարտի ու ծանրամարտի երկուական խումբ` յուրաքանչյուրը երեսնական մարզիկի ընդգրկվածությամբ: Աշխատանքի արդյունավետության չափանիշ պիտի համարել այն, որ այս երկու մարզաձևից տասը սան ունենք Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիկների կազմում: Նույն այս հաստատությունում երեք սանով էլ ներկայացված ենք ծանրամարտից:
Ավելորդ չեմ համարում նշել, որ պարապմունքների անցկացման համար միայն մեր մարզադպրոցի շենքային պայմանները չենք օգտագործում: Ցանկության դեպքում էլ այդպես չենք կարող վարվել, որովհետև երեխաների ընդգրկվածությունն է մեծ: Այդ իսկ պատճառով օգտագործում ենք քաղաքի դպրոցների մարզադահլիճները, բնակավայրերից` Վերին Գետաշենի, Գեղահովտի (ծանրամարտ), Լիճքի, Վաղաշենի (ըմբշամարտ) հնարավորությունները:
Խաղային մարզաձևերից մեզ մոտ առանձնակի է ֆուտբոլը: Քաղաքի «Ալաշկերտ-94»-ը հանրապետության առաջին խմբում է խաղում: Անցած տարի հանրապետությունում գրավել ենք երկրորդ տեղը, ներկայումս չորրորդն ենք: Զիջում ենք միայն «Բանանցին», «Փյունիկին», «Միկային»: Թիմի պոտենցիալն ապահովելու համար ունենք նաև մեկ նախապատրաստական և երկու ուսումնամարզական խումբ:
Վատ չեն գործերը բասկետբոլ մարզաձևից: Անցած տարի մեր թիմը դպրոցական սպարտակիադայում երկրորդն է եղել: Այստեղ ունենք երեսունհոգանոց երկու խումբ: Այս տարվանից քայլեր ենք անում նաև ձեռքի գնդակի արմատավորման ուղղությամբ, արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, թեպետ հպարտությամբ պիտի նշեմ, որ մեր սանն է հանրապետության աղջիկների հավաքականի դարպասապահը:
-Դուք բավականին ծավալուն բաներից եք խոսում: Դրանք, այսպես ասած, որքա՞ն են ֆինանսապես ամրացված:
-Մեր սնուցումը համայնքային բյուջեից է: Աշխատավարձի մասով ուշացումներ չունենք, սակայն լուրջ խնդիր են առաջացնում գործուղման հետ կապված ծախսերը: Սահմանված մեկ միլիոն դրամից 650 հազարը գնում է ֆուտբոլային թիմի գործուղումների վրա, մնացած 350 հազարը նոր միայն բաժին է հասնում մյուս մարզաձևերին: Տեղավորվել այսքան գումարի մեջ, երբ տարեկան անցկացնում ենք կամ մասնակցում մոտ քառասուն մրցաշարի, գործնականում անհնարին է: Այստեղ է, որ օգնության են հասնում հովանավորները, քաղաքապետը: Մի խոսքով` ելքեր գտնում ենք: Ճիշտ է, մի քիչ դժվար է լինում, մի քիչ աղքատ բարեկամի կարգավիճակով ենք հանդես գալիս, բայց դե սա մեր գործն է, երեխաների համար է, պարտավոր ենք անել:
-Հովանավորների ինստիտուտը մի քիչ քմահաճ բան է…
-Բարեբախտաբար, նրանք մեզ ինչ-ինչ բաներում չեն կաշկանդում: Ասենք ազդեցության մի այնպիսի լծակ էլ չունենք, որ ստացվի «ես` քեզ, դու` ինձ»: Ի՞նչ, օրինակ, կարող ենք տալ մենք Կամո Մանուկյանին, ով Ռուսաստանում բիզնես ունի և անշահախնդրորեն օգնում է մեր ֆուտբոլային թիմին: Կամ` Վարուժան Պողոսյանին: Սրանք մարդիկ են, որ հաճույք են ստանում իրենց արած բարեգործությունից:
-Ի՞նչ որակավորում ունի մարզադպրոցի մարզչական կազմը:
-Ասեմ, որ բոլոր տասնմեկն էլ բարձրագույն կրթություն ունեն, Շահինյան Բաբկենը վաստակավոր մազիչ է:
-Դուք նախկինում եղել եք թիավար, հանրապետության հավաքականի անդամ, միջազգային մրցաշարի հաղթող, թիավարության մասնագետ եք, մինչդեռ ոչինչ չասացիք այդ մարզաձևի մասին: Չափազանց մեծ շռայլություն չէ՞ ունենալ Սևանի պես հարստություն ու այն չօգտագործել:
-Դա իմ ամենախոշոր ցավերից մեկն է, բայց դե ի՞նչ անես: Թիավարությունը չափազանց թանկ հաճույք է մեզ նման համեստ կարողությամբ մարզադպրոցի համար: Մնում է սպասել լավագույն ժամանակների:
Զրույցը` Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ