Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԳՈՒՅՆՆ ՈՒ ԲՈՒՅՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԳՈՒՅՆՆ ՈՒ ԲՈՒՅՐԸ
09.09.2011 | 00:00

Փորձենք մտովի կերտել` հայկական էկրանը հոմո-սափիենսի կերպարով։ Փորձը փորձանք չէ, բայց այդ դեպքում փորձությունն անխուսափելի է։ Զի այն, ինչը մատակարարում է հայոց օրըստօրե տհասացող հեռուստաէկրանն առանձին հեռուստաընկերությունների մատուցմամբ (գլխավորապես «Հ1», «Արմենիա», «Դար 21», «Հ2»), տրամադրում է երկու բանի` կամ առհասարակ հայկական հեռուստաեթերը հայտարարում ես «պերսոնա նոն գրատա» կամ... փոխում ես բնակությանդ վայրը։ Ցավոք, հոգեվերլուծաբաններն ու սոցիոլոգներն այս երևույթը խոհեմաբար անտեսում են։ Այնինչ բավականին ուշագրավ փաստի կառնչվեինք. հեռուստատեսային վակխանալիան ինչ ազդեցություն է գործում արտագաղթի ցուցանիշների վրա։ Մասնավորապես ծանոթ հոգեվերլուծաբաններից մեկն իմ հետաքրքրությունը բավարարեց անսպասելի հնարքով` շոշափեց զույգ դաստակիս զարկերակը։ Նրան շատ էր զարմացրել, որ ազգային-հասարակական խնդիրների պահպանության շարքայիններից մեկը (ինչպիսին ինձ է համարում) առհասարակ ծանոթ է հայկական հեռուստաէկրանին։ Հետո խոստովանեց, որ ինքը հայկական հեռարձակումներից դիտում է ֆուտբոլի միջազգային մրցաշարերը։ ՈՒ երբ խնդրեցի չխուսափել հարցից, ասաց, որ արտագաղթի հոգեբանական դրդիչների շարքում երկրորդական չեն հեռուստաընկերությունները, որոնք, ի վերջո, հիմարացնում են հասարակության գիտակից ու գործունյա խավին` ժամանակն ու իրականությունը ներկայացնելով շրջադարձված արժեքներով և մարդկանց ավելի ու ավելի համակելով հոռետեսությամբ, թե գեղեցիկ մի օր կհաղթանակեն արդարն ու բարին։
Ինչն է զարմանալի, հեռուստատեսային պարտադրված պատերազմների հրադադարներում էկրան բարձրացող հանրային ծանոթ ու որոշակի տեսակարար կշիռ ունեցող դեմքերը, ոտն ի գլուխ խոտանելով հեռուստաեթերը` որպես մատաղ սերնդի ուծացման, ազգային արժեքների խեղաթյուրման և հասարակական աշխարհայացքի խեղանդամման օջախներ, զարմանալի անփութությամբ (գուցե թե նպատակային խոհեմությամբ) չարիքի մարմնացումների դերում տեսնում ու պարսավում են սլաքավարներին, չափի ու ամոթխածության սահմանները խոտորած «փոփ կուռքերին» (ի դեմս սնկի համառությամբ դուրս պրծնող անհաշիվ աստղերի և ասուպների), երգիծանքն ազգային տարրական արժանապատվության ոտնահարման միջոց դարձրած քլաբականներին և, երբեմն էլ (ու բավականին չքմեղացած) հեռուստաընկերությունների տնօրեն-սեփականատերերին։
Սակայն չէ՞ որ սա նույնն է, թե երթուղային տրանսպորտում առկա բազմաբնույթ «այիբները» շտկելու բողոքով շուլալել վարորդի օձիքը։
Վերջերս նկարիչների միության արվեստաբանական բաժնի նախագահ, ճանաչված արվեստաբան և փորձագետ Մարինա Ստեփանյանի հետ, ի թիվս հանրային բարոյականն արատավորող երևույթների, անդրադարձանք հեռուստաեթերին։ Արվեստաբանի դիտարկումը որքան դրվագային, նույնքան էլ դիպուկ էր։ Ասաց, գիտես, ցանկացած երթուղային տաքսում, ցանկացած օր հանդիպում ես հռոմեական պատրիկի դեմքի վեհության դրոշմը կրող երկու-երեք հայի։ Սակայն հեռուստաէկրանին ինչ-որ խառնածինային դեմքեր են, ժամանակակից հայը կերպավորված է որպես անհասկանալի դիմապատկերով մի սուբյեկտ կիսաքրեական, անառողջ բնազդներով լի և պարզապես տգեղ, վանող, անհրապույր։ Ասվածին հեռուստալսարանը, համոզված եմ, համաձայն է։ Եվ ահա փորձում եմ հարցախույզի միջոցով «ըմբռնել անըմբռնելին», թե ինչ է իրենից ներկայացնում հայկական հեռուստաէկրանը և ինչ կարգի խնդիրներ է առաջադրում մեզ։ Հիշեցնեմ ընթերցողին, որ հարցախույզի մասնակիցներն էին և՛ անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալները, և՛ մտավորականության որոշ շերտեր և ուսանողներ։
Զենքի պաշտամունքը, շատերի կարծիքով, ձևավորում է բռնի ուժի թելադրանքով ակնթարթորեն հաղթանակ շահածի տեսակը։ Այս պահին հիշենք նշանավոր քրեական արքա Ալ Կապոնեի «իմաստնությունը». քաղցր խոսքով ու ատրճանակով ավելի շուտ բանի կհասնես, քան միայն քաղցր խոսքով։
Նաև հիշելի է տխրահռչակ խեղկատակությունը «Բանակում» հեռուստաֆիլմաշարում։ Սա հայկական (և հաղթական) բանակի գրոտեսկն է և, շատերի կարծիքով ոչ անտեղի, կարծես պատվիրված է հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից և հեռահար նպատակներով ցուցադրվում է Հայաստանում ու նրա սահմաններից բավականին հեռու։ ՀՀ ՊՆ-ին կից Հասարակական խորհուրդը կա՛մ լռում է, կա՛մ համաձայն է վերոնշյալի հետ։ Մի բան, որ քիչ է հավանական։
Նույնքան էլ անհավանական է, որ «Ճիշտ և սուտ» «պլագիատը» բուժիչ բալասան է հեղհեղուկ արժեհամակարգերի տիրակալության օրերում։ Սուտ է և սնանկ։ Ընդամենը խնդիր է դրված առավել մեծ չափաբաժնով հասարակական արժեհամակարգը խեղաթյուրված կերպավորել։ ՈՒ այն, ինչը խորթ է հայ տեսակին, դարձնել հարազատ ու միանգամայն սովորական։ Բայց կարծես թե մեզ հատուկ է սեփական խնդիրներն ու հոգսերը պարփակել ու լուծել մի մաքրամաքուր եզերքում, որ ընտանիք, օջախ, ավանդույթ և տոհմ է կոչվում։ Ո՛չ, հաղորդաշարի խնդիրն աղտոտ սպիտակեղենի հանրահռչակումն է, գովքը, բարոյալքված ընտանիքների օրինակով հասարակությանը բարոյալքելն է, ա՛յ, հենց սա եք դուք, սիրելի հայրենակիցներ։ Ա՛յ, հենց սա է նորանկախ հայ հասարակությունը, իր կենցաղում վաճառաշահ, սոցիալական դրսևորումներում նենգաբարո, առհասարակ ծույլ, ուծացվող և անհեռանկար։
Մեղադրել այս ամենում որևէ հեռուստաընկերության ղեկավարի անիմաստ է, անարգանքի սյունին գամել խեղկատակությամբ գումար վաստակող շոումենին` առավել ևս։
Եվ ասվածի ավելի քան համոզիչ ապացույցն է օր օրի լրբացող հեռուստաընկերությունների տիրակալների խոստովանանքը, թե իրենք իրենց զավակներին և թոռներին մղոններով հեռու են պահում հենց այն հաղորդաշարերից և սերիալներից, որոնք ամենաբարձր վարկանիշն ունեն։
Այս խմորը շաղախվել է դեռ 1992-ին։ Մեկ-երկու ժամ էներգամատակարարում ունեցող Հայաստանի մեկ-երկու (հիշենք, միայն պետական) հեռուստաալիքներով ցուցադրվում էր «Հիմնական բնազդ» ֆիլմը, որ հանված էր ԱՄՆ-ի հնարավոր բոլոր հեռուստաէկրաններից օրենքի ուժով։
Եվ դա պատահական չէր, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը շուկայական լուրջ մրցակցության մեջ է, մեղմ ասած, գերազատական արժեքներ քարոզող մասնավոր հեռուստաընկերությունների հետ ազատական-այլասերումների ներկայացման մրցավազքում։ Եթե «Հ1»-ի դեմքը տխրահռչակ երգիծական-հումորային մանկլավիկն է, սերիալային բանդագուշանքն ու արգահատելի այլ մղձավանջները, ապա ենթադրելի է, որ այս ամենը հանրապետության իշխանա-կառավարական վերին օթյակներում թխված թեփախառն գարեհացն է, որ մեզ է մատուցվում թոնրի անուշաբույր գաթայի տեսքով։
Այս ամենին անտարբեր ու հլու են խորհրդարանականները, անփույթ-հնազանդ է կառավարությունը։ ՈՒ ինձ (նաև հարցախույզի շատ մասնակիցների), իրոք, անհայտ է, թե մեր բարեփոխիչ-նախագահը, անվտանգության խորհրդի օրինապահ քարտուղարը, մեր ցեղակրոն ուսմունքի «առաքյալները» առհասարակ հեռուստացույց ունե՞ն իրենց տանը կամ աշխատավայրում և արդյոք հայկական ծրագրերին երբևէ հետևո՞ւմ են։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ