Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԱՐՏԻ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ «ԾԵՐՈՒՆԻՆԵՐՈՎ»

ՄԱՐՏԻ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ «ԾԵՐՈՒՆԻՆԵՐՈՎ»
20.01.2012 | 00:00

2012-ի մարզական տարվա ամենախոշոր իրադարձությունը, անշուշտ, Լոնդոնի օլիմպիական խաղերն են: Որ դրանց արդեն իսկ մասնակցություն ձեռք բերածների կողքին Հայաստանն էլի ներկայացուցիչներ կունենա, կարծում ենք, որևէ մեկը կասկած չունի: Խնդիրը պարզապես շատի ու առավել շատի մեջ է, թեպետ մեր պարագայում այդ շատ ասվածը խիստ հարաբերական է` շատ հասկանալի պատճառով: Չմոռանանք, որ մեծ սպորտը հարուստ երկրի բան է` ասվածի ուղղակի ու անուղղակի առումներով, և այս առնչությամբ մենք բավականաչափ «ծակ գրպան» ենք, թեպետ, այդպիսին լինելով, մեր առավելությունն էլ ուրիշ է` ունեցածներս հո՞ ունեցած է: Սակայն, բոլոր դեպքերում, եկեք զարգացումներից առաջ չընկնենք, մանավանդ որ… Այս «մանավանդ որ»-ը մասնավորապես վերաբերում է մեր օրվա նյութին, որը բռնցքամարտի Հայաստանի ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզչի` ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ` հավաքականից ունեցած ակնկալիքների մասին է աշխարհի վերջին առաջնության սառը ցնցուղից հետո:
-Բաքվում մեր մարզիկների ճնշող մեծամասնությունը դուրս մնաց առաջին իսկ մարտից, ինչը չափից ավելի անպատվաբեր է մարզաձևում կայուն ավանդույթներ ունեցող հայերիս համար: Լոնդոնի համար վարկանիշային արժեք ունեցող այդ առաջնությունում մեր ընտրանուց միակ երջանիկը էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը եղավ (75 կգ), այն էլ` ոչ մեդալային ելույթով: Փաստորեն, եթե Ռուսաստանի հավաքականի կազմում չլինեին մեր հայրենակիցներ Միշա Ալոյանն ու Դավիթ Հայրապետյանը, «յան»-ով վերջացող ազգանուններ չէինք ունենա մրցանակակիրների մեջ (Ալոյանը դարձել է աշխարհի չեմպիոն, Հայրապետյանը` բրոնզե մեդալակիր - Մ. Հ.):
-Եկեք անցյալը չփորփրենք, որովհետև դրանից ոչ տաք է լինելու, ոչ սառը: Իմ նշանակումից հետո հենց այս մոտեցումն է դրված եղել նաև հավաքականի տղաների հետ ունեցածս առաջին հանդիպման ու զրույցի հիմքում, որի ժամանակ հստակ ձևակերպել եմ խնդիրը` սկսում ենք մաքուր էջից:
-Եվ ո՞րն է այդ «մաքուր էջի» փիլիսոփայությունը:
-Չկա նախկինում ունեցած վաստակ, ինչպես որ չկա նախկինում ունեցած անհաջողություն: Ով ինչ ունի ապացուցելու, կապացուցի հունվարի 23-29-ին կայանալիք հանրապետական առաջնությունում, որի արդյունքներով էլ կկազմավորվի ընտրանին:
-Ասում եք` անցյալը չփորփրենք: Համաձայն եմ` չփորփրենք, եթե դա վնասելու է ընդհանուր գործին, բայց Լոնդոն տանող գնացքում հայտնվելու մեր վերջին հույսն ապրիլին Ստամբուլում կայանալիք վարկանիշային մրցաշարն է, որին, որքան ես եմ հասկանում, նոր անուններով չենք ներկայանալու, որովհետև պահանջվող «հումքը» չունենք:
-ՈՒնենալը` ունենք, հայոց արգանդը դեռ չի չորացել, շարունակում է մնալ բեղուն, և ունենք լավ հերթափոխ, պարզապես նրանց կտրվածքով տարվող հաշվարկն ավելի շատ վաղվա օրվա ժամանակացույցով է: Ես նկատի ունեմ տղաների` միջազգային ռինգի պահանջներին համապատասխան հասունանալը, իսկ փորձառությունը մեր գործում զորեղ կռվան է ոչ միայն ռինգում, այլև նրան մերձ ու շուրջ զարգացումներում: Ինչ վերաբերում է հավաքականի հնաբնակներին, այնպես չէ, որ նրանք հայկական բռնցքամարտի երեկվա օրն են: Նրանք լրջագույն խնդիր ունեն լուծելու Ստամբուլում:
-Դուք Ձեզ չե՞ք հակասում:
-Ի՞նչ առումով:
-Հենց թեկուզ Ստամբուլի:
-Իսկ ո՞վ ասաց, որ, օրինակ, Վլադիմիր Սարուխանյանը, Հրաչիկ Ջավախյանը կամ Արթուր Խաչատրյանը հենց այնպես զենքերը վայր են դնելու: Նրանք իրենց քաշային կարգերում եղել և մնում են լիդերներ, ուրիշ բան, որ լուրջ խնդիր ունեն հոգեբանորեն ավելի պնդանալու, թաքնված պոտենցիալը վերհանելու, նորովի բացահայտվելու առումով: Այնպես որ, բոլոր դեպքերում Թուրքիա մարտի ենք գնալու «ծերունիներով», ասել է թե` փորձառուներով, թեպետ հավաքականի դռները բաց են նոր ուժերի առաջ:
-Հունվարի 23-29-ը նոր անուննե՞ր է ի հայտ բերելու:
-Հարկավ: Զորօրինակ, մեզ համար միշտ էլ առանձնահատուկ քաշ ու կշիռ ունեցած 49 կիլոգրամ քաշային կարգում ես անհամբերությամբ եմ սպասում հավաքականի հնաբնակ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանի ու պատանիների աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանի մենամարտին: Չկարծեք, թե լարված պայքար եմ սպասում միայն 49 կգ քաշային կարգում: Շատ հետաքրքիր իրավիճակ է մեզ մոտ և՛ 52 (Դերենիկ Գիժլարյան, Նարեկ Աբգարյան, Բարեղամ Հարությունյան), և՛ 56 (Հովհաննես Բաչկով, Ալեքսան Շախյան, Արամ Ավագյան), և՛ 64 (Հրաչիկ Ջավախյան, Արա Պլուզյան, Արթուր Քիրաջյան) քաշային կարգերում, այնպես որ, տեսնենք, թե ովքեր են հաստատելու իրենց լիդերությունը: Նոր անունների ենք սպասում նաև մյուս քաշային կարգերում: Մի խոսքով, գործընթաց է` լարված, հետաքրքիր, պատասխանատու, սպասումներով լի:
-Նորից անդրադառնանք Ստամբուլով Լոնդոն տանող ճանապարհին: Սպասվելիք վարկանիշների համար պայքարողների թեկնածությունը որոշելու համար հանրապետության առաջնությո՞ւնն է լինելու վճռականը:
-Մինչև Թուրքիա մեկնելը տղաներն ունեն երկու խոշոր միջազգային մրցաշար` Բուլղարիայինն ու Ֆինլանդիայինը: Օրը կգա, բարին հետը, կորոշենք, թե ում ուր ենք ուղարկելու:
-Իսկ հայտնի՞ է արդեն, թե առաջիկա վարկանիշայինում որ տեղերն են լինելու անցողիկ:
-49-ում` 1-5-րդ տեղերն են, 60-ում` 1-4-ը, 64-ում` առաջինը, 81-ում` 1-3-րդը, +91-ում` 1-2-րդը: Ընդ որում` ամեն քաշային կարգ ունի իր յուրօրինակ բարդությունը: Եթե 64-ի համար ամեն ինչ միանշանակ պարզ է, ապա Վլադիմիր Սարուխանյանի քաշային կարգում թող էյֆորիայի էֆեկտ չթողնի հատկացված չորս տեղը: Այստեղ մեր տղային աշխարհամասի վերջին առաջնությունում հաղթած ո՛չ թուրք մարզիկն է իր վարկանիշը ձեռք բերել, ո՛չ անգլիացին, ո՛չ էլ ռուսը: 81-ում անցողիկ է լինելու մաքուր երրորդը:
-Այսի՞նքն:
-Դե, ո՞նց է առաջնություններում, բրոնզ ստանում են և՛ երրորդ, և՛ չորրորդ տեղը գրավածները, իսկ Թուրքիայում լրացուցիչ մարտ կանցկացվի մաքուր երրորդ տեղի համար:
-Հեշտ չէ:
-Կարծում եմ, որ եթե կարողանանք մեկ կամ երկու վարկանիշ էլ բերել, արդեն իսկ պիտի համարենք, որ հաջողել ենք:
-Փաստորեն, ապրիլը պիտի համարենք հույսի ամիս:
-Ստացվում է այդպես:
-Մարզումամրցումային ի՞նչ պլան է նախատեսված լոնդոնյան օլիմպիադայի վարկանիշ ունեցող մեր միակ մարզիկի համար:
-Առայժմ` միակ:
-Շատ լավ, առայժմ` միակ:
-Անդրանիկ Հակոբյանը մարզվում է առանձին գրաֆիկով: Մարզավիճակը պահպանելու համար մինչև օլիմպիական խաղեր մենք նրան 4-5 մարտ վարելու հնարավորություն կընձեռենք: Կարծում եմ` այդպիսին կլինի Ֆինլանդիայում անցկացվելիք մրցաշարը։
-Որքան էլ դեմ եք անցյալը փորփրելուն, բոլոր դեպքերում, հետևյալ հարցը չեմ կարող չտալ` ի՞նչ արժանիքների համար Ձեզ վստահեցին հավաքականի գլխավորի պաշտոնը և ո՞ւմ նախաձեռնությամբ:
-Նախաձեռնությունը Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահինն էր, դե ես էլ, բնականաբար, շնորհակալ եմ վստահության համար ու ավելի քան պարտավորված: Ինչ վերաբերում է, ինչպես Դուք եք ասում, արժանիքներիս, ես հանրապետության վաստակավոր մարզիչ եմ, ի դեպ` նաև Ադրբեջանի: Ազգային հավաքականում մարզիչ աշխատելու տասներկու տարվա փորձ ունեմ, տվել եմ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ, իմ սաները հանրապետություն են բերել տասից ավելի մեդալ: Երևի սրանք են եղել վճռորոշ գործոնները:
-Մի հարց էլ, և ավարտենք զրույցը` ապագայում լավ առիթներով հանդիպելու, մարզասերին ուրախացնելու ակնկալիքով: Ձեզ վստահել են անչափ պատասխանատու աշխատանք, վստահելուն զուգահեռ տվե՞լ են նաև լծակներ, գործունեության ազատություն:
-Այլ պայմաններում համաձայնելն անիմաստ կլիներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ