Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երբ գտնենք հենման կետը, բրաբիոնը կծաղկի ոչ միայն մեր հիշողության դաշտերում

Երբ գտնենք հենման կետը, բրաբիոնը կծաղկի ոչ միայն մեր հիշողության դաշտերում
24.04.2012 | 00:00

Երեք տարի հետո, իսկ ժամանակը մեր օրերում շատ է արագացել, կլրանա 100 տարին 20-րդ դարի առաջին ցեղասպանության, որի զոհերը դարձանք հայերս: Ընդամենը երեք տարի հետո: 97 տարի անց աշխարհի բազում երկրներ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են 1915 թ. Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունը: Շնորհակալություն նրանց մարդկության դեմ կատարված ոճրագործության նկատմամբ իրենց ըմբռնումի ու գիտակից վերաբերմունքի համար: Տրամաբանորեն, սակայն, իր տարածքում կատարված ցեղասպանությունն առաջինը պիտի ընդուներ ու դատապարտեր Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքական Հանրապետությունը: 1918 թ. թուրքական ռազմական տրիբունալը Էնվեր, Ջեմալ և Թալեաթ փաշաներին, դոկտոր Նազըմին, որոնք, իբրև բարձրաստիճան պաշտոնյաներ, կայացրել և իրագործելու հրաման էին տվել հայերին ոչնչացնելու որոշմանը, դատապարտեց մահվան: Հետո Թուրքական Հանրապետությունը մոռացավ իր պատմությունը, այնքան մոռացավ, որ սկսեցին հնչել իրադարձությունների ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման կոչեր, ազգային հատկանիշով զանգվածային սպանություններն առավելագույնը որակվեցին «ողբերգություն»:

Տրամաբանությունը թելադրում է, որ պատմաբանները կարող են ուսումնասիրել թուրքական պետության և այլ երկրների արխիվները, ժամանակակիցների վկայությունները և եզրակացություն ներկայացնել, նրանք չեն կարող իրավական գնահատական տալ: Ցեղասպանության իրավական գնահատականը պետք է տրվի միջազգային իրավունքի հիման վրա: Հիմա ինձ թույլ եմ տալիս անել ընդամենը երեք մեջբերում:

ՄԵՋԲԵՐՈՒՄ 1- «1915 թ. թուրքական կառավարությունը սկսեց անխնա իրականացնել դեպի Փոքր Ասիա հայերի տխրահռչակ ընդհանուր կոտորածն ու տեղահանությունը: Խելամիտ հիմքեր չկան կասկածելու, որ այդ ոճրագործությունը ծրագրվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»: Այս խոսքերի հեղինակը աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է, որ նաև պատմաբան էր: Նրա անունը ՈՒինստոն Չերչիլ էր:

ՄԵՋԲԵՐՈՒՄ 2 - 1938 թ. մյունխենյան իր ելույթներից մեկում նա հարցնում էր` ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը: ՈՒ ինքն էլ իրեն պատասխանում էր` ոչ ոք: Հետո հենց այդ համոզմունքով նա ծրագրեց և իրականացրեց հրեաների հոլոքոստը, որը, ի դեպ, ընդունեցին, դատապարտեցին և հրեաներից ներում խնդրեցին իր երկրի իրեն հաջորդած ղեկավարները: Նրա անունը Ադոլֆ Հիտլեր էր:

ՄԵՋԲԵՐՈՒՄ 3 - Ցեղասպանության մասին կոնվենցիայի իրավական ճարտարապետ Ռաֆայել Լեմկինը վստահ էր, որ հայերին տեղահանող թուրքական կառավարության նպատակը ռասա ոչնչացնելն էր: 1933 թ. նա գրում էր. «Աշխարհը նոր օրենքի կարիք ունի, որով կարգելվեն ռասայական և կրոնական խմբերի արյունոտ ռեպրեսիաները, զգուշացնելով, որ դա անհրաժեշտ է` կանխելու կրկնությունը այլ դեպքերում, այլ վայրերում»: Կոնվենցիայի պրեամբուլայի տողերը` «Ընդունելով, որ ամբողջ պատմության ընթացքում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը», ուղղակի վերաբերում է պատմության այն շրջանին, երբ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կեսը սպանվեց կամ մահացավ:

1915 թ. հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հաստատող հազարավոր փաստեր կան, այդ թվում` Վատիկանի արխիվներում, որոնք նոր միայն բացվում են: Հայերիս համար նման հարց գոյություն չունի: Բայց գոյություն ունի մեկ այլ հարց` ի՞նչ ենք մենք հասկանում Հայոց ցեղասպանության ճանաչում ասելով, և այս հարցը նույնքան պատասխան ունի, որքան հայ կա աշխարհում: 97 տարին բավարար ժամանակ էր, նույնիսկ հասարակարգից հասարակարգ անցնելու, երկու անգամ անկախություն վերահաստատելու ու երրորդ անգամ անկախանալու պարագայում, այդ հարցի ընդհանրական պատասխան ձևավորելու համար: Ի՞նչ ենք մենք` 1909-1923 թթ. (նույնիսկ այս հարցում միասնական տեսակետ չկա. որոշ պատմաբաններ ազգային հատկանիշով հայերի պարբերական կոտորածները Օսմանյան կայսրությունում թվագրում են 1898, 1909, 1915-1918, 1915-1923 թթ.) մեկուկես միլիոն (այս հարցում էլ, բնականաբար, կան տարբերություններ` նայած ինչ թվային ընդգրկում է վերցվում) զոհված հայերի ժառանգներս, սպասում թուրքերի ժառանգներից: Որ նրանք իրենք իրենցից հասուն կլինեն, կհամարձակվեն ընդունել, որ իրենց նախնիները մարդասպան ու կողոպտի՞չ են եղել, ու մեզնից ներողությո՞ւն կխնդրեն: ՈՒ հետո մենք նրանց կասենք` լա՞վ, վե՞րջ: Թե՞ ուզում ենք մեր պատմական տարածքների վերադարձը, որտեղ եթե ոչ անցյալ դարասկզբին, 20-րդ դարում գոմերի ու ախոռների էին վերածված մեր եկեղեցիներն ու տաճարները, ավերված էին մեր նախնիների գերեզմանները, իսկ մեր պապերի կառուցած շենք-շինություններում Թուրքիայի պետական կառույցներն էին գործում: Նյութական, ֆինանսակա՞ն փոխհատուցում ենք ուզում, ու եթե ազգային-միջազգային դատարաններով ապացուցենք ժառանգ լինելու մեր իրավունքն ու ստանանք մեր հայրենակիցների թուրքական ու եվրոպական-ամերիկյան բանկերին պահ տված միլիոնների ինչ-որ մասը, համարելու ենք մեզ բավարարվա՞ծ:

Եվ` միասնակա՞ն են Հայաստանի Հանրապետությունում, սփյուռքում ու Թուրքիայի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների պատկերացումները:

Ե՞րբ ենք այս հարցերին հուզական-պատմական դաշտից դուրս պատասխան տալու: Ռեալ: Շիտակ: Անցյալի ու ապագայի հետ հաշտ:

Վստահ եմ` այն ժամանակ, երբ քաղաքական անկախությունն ամրակայվի տնտեսական ու ռազմական հզորությամբ, երբ խոսքն ու գործը պատճառահետևանքային կապի մեջ լինեն, երբ Հայաստանը միջազգային ասպարեզում գիտակցվի իբրև հավասարը հավասարների մեջ, այս ու ածանցյալ այլ հարցերը պատասխան կստանան: ՈՒ կարևորը այս պարագայում բնավ էլ «երբ»-ը չէ, ի տարբերություն մարդկանց, պետություններն ունեն իրենց կյանքի ժամանակն ու տրամաբանությունը: Համենայն դեպս, համաշխարհային պատմության վկայությամբ:

Եվ հետո` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երբեք ու երբեք նպատակ չպիտի լինի, այլ միայն ու միայն միջոց, որովհետև նպատակը ցեղասպանության հետևանքների վերացումը կարող է լինել, տևական ժամանակի մեջ ցեղասպանության հետևանքների վերացումը, ցավոք, չի կարող վերաբերել մարդկային կորուստների վերականգնմանը, կարող է առնչվել միայն տարածքներին ու պատմամշակութային արժեքներին: Եվ որքան էլ արտառոց հնչի, ցեղասպանության հետևանքների վերացման ամենաազգային ծրագիրը կարող էր ու պետք է ժողովրդագրականը լիներ: Մենք սովորաբար նշում ենք, թե որքան են եղել ցեղասպանության զոհերը, բայց չենք հաշվում, թե որքան կարող էր լինել հայ բնակչության թիվը: Որքան կարող էր լինել, եթե նրանք չսպանվեին և չտարրալուծվեին այլ ազգությունների մեջ: Իսկ կորուստները վերականգնելու ու նոր ձեռքբերումների ամենաուղիղ ճանապարհը ուղղակի գոյություն ունենալն է:

Երբեք ուշ չէ սեփական պատմության աչքերին ուղիղ նայելը: ՈՒ եթե մենք այդ սխրանքն ակնկալում ենք Թուրքիայից ու թուրքերից, ինքներս պիտի կարողանանք դա անել: Մեր պարագայում դա նշանակում է պատմական հիշողության ու պատմական ճշմարտության սերնդեսերունդ փոխանցման գործընթացում անցյալի ծանրության տակ չճկվելու կարողություն ու առաջ գնալու ուժ: Հաջողության հասած որևէ ժողովուրդ ապրելու իր բանաձևը չի կառուցում անցյալի կորուստներից քամված էներգիայի վրա, այլ առաջընթացի ավյունը որոնում ու գտնում է ներկայում ու ապագայում:

ՈՒ եթե մեզ իրականում այդքան մտահոգում է, թե Թուրքիան երբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, պիտի գիտակցենք, որ կճանաչի այն ժամանակ միայն, երբ հասկանա, որ ոչինչ չի վտանգում: Երբ դա իր պետական շահերից կբխի և այլևս անդառնալի հետևանքներ չի ունենա:

...Եփրատի այն ափին ծաղկում է բրաբիոնը: Եփրատի այն ափին ապրող քրդերը «անիծված հողեր» են անվանում մեր Մշո դաշտն ու չեն հերկում: Վանա տառեխը շարունակում է մնալ աշխարհի ամենաաղի ու ամենահամեղ ձուկը ու չի մտածում ԱՄՆ-ի որ նախագահը կհամարձակվի իր ամենամյա ուղերձում ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն: Ժամանակակից Կարս քաղաքում պատմական հուշարձան է այն վագոնը, որտեղ կնքվել է Կարսի պայմանագիրը: Ժամանակակից Կարս քաղաքում երիտասարդ աղջիկներն ինքնասպան են լինում, ու թուրք գրող Օրհան Փամուկը նրանց մասին վեպ է գրում, որտեղ համարյա ամեն էջում հարցնում է` որտե՞ղ են այն հայերը, որ ապրել են այս քաղաքում: ՈՒ տարագիր թուրք գրող Օրհան Փամուկին այդ վեպի համար Նոբելյան մրցանակ են շնորհում: Ժամանակակից Կարս քաղաքի Առաքելոց վանքի խաչքարերից գիշերները լույս է կաթում: 20-րդ դարի հանճարեղ հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը պնդում էր, որ ցեղասպանությունը չի կարող ու չպիտի գեղարվեստական գրականության թեմա լինի: ՈՒ հիմնավորում էր` ինչու: Ճիշտ ու համոզված: Իսկ հետո գրեց «Մեծամորը»: Ճշգրիտ ու համոզիչ:

Ճշմարտությունը ճշմարտություն չի որոնում, որովհետև ինքն իր տեղը գիտի ու ինքն իրեն տեսնելու համար հայելու կարիք չունի: Մենք ունենք, որովհետև մեր ճշմարտությունը դեռ ընդամենը վերադարձի ճշմարտություն է: Որովհետև մեր վերադարձը մենք ուղեգծում ենք` առաջ դեպի անցյալ: ՈՒ երբ գտնենք հենման կետը` հետ դեպի ապագա վերադառնալու համար, բրաբիոնը կծաղկի ոչ միայն մեր հիշողության դաշտերում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ