«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գիտելիքին սկսել են լուրջ վերաբերվել

Գիտելիքին սկսել են լուրջ վերաբերվել
11.05.2012 | 00:00

Վերջին տարիներին Հայաստանում մեծապես զարգանում է ինտելեկտուալ շարժումը, ունենք մեծահասակների ուժեղ ու շատ լուրջ թիմեր, որոնք մեր երկիրը ներկայացնում են միջազգային տարբեր մրցաշարերում և զբաղեցնում պատվավոր հորիզոնականներ։ Այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաև պատանիների և երիտասարդների շրջանում ինտելեկտուալ շարժումը զարգացնելուն։ Մասնավորապես, Գիտակների հայկական ասոցիացիան դպրոցական թիմերի ամենշաբաթյա մարզումներ է իրականացնում։ Անցկացվում են միջբուհական, դպրոցական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թիմերի առաջնություններ։

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ոչ թե բջջային հեռախոսներով, այլ սեփական գիտելիքներով ապացուցելու բան ունեն. «Փորձում ենք երեխաներին կտրել փողոցից և այլ բացասական երևույթներից, ինչպես նաև նպաստել նրանց գիտելիքների զարգացմանը։ Ի վերջո, ինձ համար շատ ավելի կարևոր են ոչ թե սպորտային արդյունքները, այլ այն, որ շատ երեխաներ ինքնահաստատվում են գիրք կարդալով, գիտելիք ձեռք բերելով, մտահորիզոնը լայնացնելով»։

Միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մեր երիտասարդական և դպրոցական թիմերի ներկայացուցիչները պետք է լավ տիրապետեն ռուսերենին։ Տիգրան Քոչարյանը նշեց, որ մեր երեխաները դեռևս կարողանում են ռուսերենով հանդես գալ այդ խաղերում, սակայն տարեցտարի նվազում է նրանց թիվը։ Նա նաև տեղեկացնում է, որ վերջին երկու տարում մեծ աշխատանք է տարվել ինտելեկտուալ խաղերը հայերենացնելու ուղղությամբ. «Այս տարի կփորձենք Հայաստանի մեծահասակների առաջնությունը նաև հայերեն անցկացնել։ 2012-ին 7 միջոցառում ենք անցկացրել, որոնցից 5-ը՝ հայերեն»։

Տիգրան Քոչարյանը նկատում է, որ վերջին շրջանում մարզերում նույնպես ինտելեկտուալ շարժումը մեծ զարգացում է ապրում։ Ի դեպ, Հայաստանում ինտելեկտուալ շարժման սկիզբը դրվել է Գյումրիում, և Գյումրիի երիտասարդական թիմը երկար ժամանակ մեծ նվաճումներ է ունեցել, մասնավորապես, ԽՍՀՄ «Բրեյն ռինգի» հաղթող է դարձել։ Ե՛վ Գյումրիում, և՛ Արցախում, և՛ այլ տարածաշրջաններում հեռանկարային թիմեր են ձևավորվում։ «Ամենակարևորը գորշ միջավայրից խելացի երեխաներին կտրելը, բացահայտելն ու միմյանց հետ ծանոթացնելն է, հուսալով, որ իրենց հետևից կտանեն նաև ընկերներին։ Ինձ համար այս շարժման մեջ թիվ մեկ խնդիրը սա է»,- ասաց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահը։

Ինտելեկտուալ խաղերի հարցերը մշակում են խմբագիրները և, հավաքելով դրանք, դարձնում ավելի մատչելի։ Հարցը պետք է գրվի այնպես, որ նաև պատասխանին հասնելու ճանապարհ ցույց տա։ Ըստ Տիգրան Քոչարյանի` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում կամ «Բրեյն ռինգում» չկան հատուկ գիտելիքներ պահանջող հարցեր։ Եթե մարդը մինչև 12-րդ դասարան դպրոցում տրվող գիտելիքների շրջանակներում կարդացել է համապատասխան գրականություն, բոլոր հարցերին կարող է պատասխանել։ Պարզապես պետք է ունենալ բազային գիտելիք և տրամաբանություն։ Նա նշեց, որ հաղթող թիմը պետք է կարողանա պատասխանել հարցերի երկու երրորդին, իսկ գիտակները, որպես կանոն, հարցերի գոնե կեսին պետք է պատասխանեն։ «Այստեղ նաև շատ կարևոր է ճիշտ թիմ ձևավորելը, որովհետև 6 անդամները միշտ չէ, որ իրար հետ շփվում են։ Պետք է կարողանալ լավ կառուցել թիմը, ունենալ թիմային ոգի և փորձել շատ կարճ ժամանակում հարցին պատասխան գտնել։ Դա ոչ միայն խաղում է պետք գալիս, այլև կյանքում, աշխատանքի վայրում։ Մեր գիտակներից շատերը բավականին լավ արդյունքների են հասել նաև ինտելեկտուալ շարժումից դուրս։ Օրինակ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ու փոխտնօրենը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Այսինքն, ամեն մեկն իր բնագավառում կարողանում է հաջողել նաև շնորհիվ նրա, որ ժամանակին եփվել է ինտելեկտուալ թոհուբոհում»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ