Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
25.03.2011 | 00:00

Ներկայիս բարձր գնաճի արտաքին-ենթակայական պատճառներից չի կարելի շրջանցել հատկապես ապրանքների որոշ տեսակների արտադրության մեջ բացարձակ առավելություններ ունեցող երկրների կողմից արհեստական պակասուրդի ձևավորումը, որը բնավ պայմանավորված չէ ճգնաժամային իրավիճակներով:
Նման ապրանքներից են նավթը, գազը, այլ էներգակիրներ, ոսկին, ադամանդը և այլն: Նման երևույթներն առավել հաճախակի կարող են լինել հատկապես այն դեպքերում, երբ գործում են նույն ապրանքի արտադրության բնագավառում միասնական շահերով համախմբված ռազմավարական այնպիսի միություններ, ինչպես օրինակ 1960 թվականից գործող նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) և նման այլ կառույցներ: Բացառություն չեն նաև սննդամթերքի շուկաները: Ներկայումս լրջորեն վտանգված է ոչ միայն պարենային, այլև տնտեսական անվտանգությունը պարենով հարուստ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք ավանդաբար նաև սննդամթերք արտահանող երկրներ են: World Food Program միջազգային պարենային ծրագիրը, որը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ներկայիս պարենային ճգնաժամն անվանել է «անաղմուկ ցունամի», որը կարող է առնվազն 100 միլիոն մարդու գցել սովի ճիրանների մեջ: Goldman Sachs հայտնի ներդրումային ընկերության տնտեսագետները ներմուծել են տնտեսագիտական նոր տերմին` ագֆլյացիա (agriculture և inflation բառերից), որով բնութագրվում է սննդամթերքի գների բարձր թռիչքը: Մանհեթընում հիմնված այս ընկերության փորձագետների վկայությամբ, 2006 թ. ագֆլյացիան կազմել է 26 տոկոս, 2007 թ.` 41 տոկոս, 2008-2009 թթ. այն փոքր-ինչ նվազել է, սակայն 2010 թ. մոտեցել է 49 տոկոսին, որը ռեկորդային է: Այն լրջորեն մտահոգում է նաև զարգացած երկրներին և միջազգային կառույցներին: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը սննդամթերքի գների թռիչքը նույնքան վտանգավոր է համարում, որքան և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի համոզմամբ` սննդամթերքի նման գնաճը համընդհանուր ճգնաժամ է, այն կարող է լուրջ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանն ու միջազգային անվտանգությանը, ուստի անհրաժեշտ են համախմբված գործողություններ այն զսպելու համար: Ի դեպ, ավելի քան 50 երկիր արդեն սանկցիաներ է կիրառում` սեփական երկրից սննդամթերքի արտահանումը կասեցնելու նպատակով: Իսկ ԱՄՆ-ում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թերևս, առաջին անգամ, կիրառվում են սննդամթերքի վաճառքի սահմանափակումներ, ներառյալ հայտնի Costco և Sam’s Club մեծածախ խանութների ցանցում:
Ակներև է, որ ագֆլյացիան ներկայումս խիստ բնորոշ է նաև Հայաստանի տնտեսությանը: Միջազգային միտումների գնահատման հետ մեկտեղ պակաս կարևոր չէ նաև գնաճի ներքին պատճառների վերլուծությունը: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ներքին պատճառներն իրենց հիմքում նույնպես ունեն ինչպես առարկայական, այնպես էլ ենթակայական հիմքեր:
Նախ` առարկայական հիմքերի մասին: Դրանց մի մասը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ներքին ազատականացված շուկան ուղղակիորեն կապված է համաշխարհային շուկային, այլև այն փաստով, որ առայժմ ոչ թե Հայաստանի տնտեսությունն է արտահանվող ապրանքների գծով գներ թելադրում, այլ ավելի շատ ընդունում է համաշխարհային շուկայում ձևավորված գները: Ավելի հստակ պատկերացնելու համար համաշխարհային շուկայի գներից հիշյալ կախվածության աստիճանը, հարկ է հաշվի առնել ԱՀԾ պաշտոնական տվյալներն առ այն, որ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ, ներմուծման ծավալները (3782,9 մլն դրամ) գրեթե քառապատիկ գերազանցում են արտահանման ծավալները (1011,4 մլն դրամ), ուստի տեղական սպառողը վճարում է ապրանքների համար համաշխարհային շուկայում ձևավորված և տրանսպորտային ծախսերով, մաքսատուրքով և ներկրող շահույթով (հաճախ` գերշահույթով) ամբողջական տեսք ստացած գները: Այս ամենը, իհարկե, տեսականորեն բացառում է մենաշնորհների, ստվերային տնտեսության և մաքսանենգության որևէ տարր և ենթադրում, որ բոլոր տնտեսավարողները և ներմուծողները գործում են լիակատար օրենսդրական և իրավական դաշտում: Հակառակ դեպքում գնաճի վրա ազդող գործոններն առանձին վերլուծության առարկա են: Այս ամենով հանդերձ, արտաքին շուկաներից ներքին գնաճը կարող է լինել, մի կողմից, անկանխատեսելի, երբ հաշվի չեն առնվում համաշխարհային շուկայի զարգացումներն ու միտումները, մյուս կողմից` կանխատեսելի և որոշակի սպասումներ ձևավորելով, պետական կառավարման մարմիններին և տնտեսավարողներին հնարավորություն ընձեռել համապատասխան քայլեր ձեռնարկելով, խուսափելու հնարավոր ցնցումներից:
Հաջորդ առարկայական գործոնը գնաճի բարձր տեմպերը զսպելու համար անհրաժեշտ պետության ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակությունն է: Դրանից բխում է նաև կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների համապատասխան ինդեքսավորման անկարողությունը: Վերջապես, չի կարելի շրջանցել եղանակային անբարենպաստ պայմանները, որոնք հնարավորություն չեն ընձեռում գյուղացիական տնտեսություններին անգամ մասամբ փոխհատուցելու համաշխարհային տնտեսությունից «ներմուծած» գնաճը: Կան նաև այլ առարկայական պատճառներ, որոնք նվազ կամ աննշան ազդեցություն ունեն գնաճի վրա (օրինակ, որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատում, դրանց մի մասի ժամանակավոր մաշվածությունը և այլն): Մեր հաշվարկներով, 2003-2010 թթ. շուրջ 50 հազար հեկտարով կրճատվել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները, իսկ 2010 թ. մոտ 10 հազար հեկտարով պակասեցին կարտոֆիլի ցանքատարածությունները` նախորդ տարվա կարտոֆիլի գնանկման, ուստի և շահութաբերության կտրուկ նվազման պատճառով: Էապես կրճատվել են նաև բանջարեղենի ցանքատարածությունները: Սա էլ իր հերթին բերում է նրան, որ որոշ մթերքներ պարզապես շատ քիչ են արտադրվում, ինչը հանգեցնում է դրանց գնաճին:
Ինչ վերաբերում է ներքին ենթակայական կամ կամայական պատճառներին, ապա դրանց թվարկումն անգամ կարող է հակակշռել ինչպես արտաքին-առարկայական և արտաքին- ենթակայական, այնպես էլ ներքին առարկայական պատճառները և դրանց հետևանքով առաջացած վնասները:

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ