Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԻ` ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԱՐՔԱՅԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԻ` ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ԱՐՔԱՅԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
10.02.2012 | 00:00

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՀՌԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԻՄՆՈՎԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԱՆՏԻԿ ՔԱՂԱՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ
«Տիգրանակերտը հերթական անգամ ապացուցում է, որ, այսպես կոչված, վիճելի տարածքները բնիկ հայկական են»:
Հին դարերում ընդունված ավանդույթ էր միապետի անունով բազմաթիվ քաղաքների կառուցումը: Առավելապես պատմությունը հարուստ է հելլենիստական միապետերի անուններով մի քանի Անտիոքների, Սելևկիաների, Ալեքսանդրիաների գոյության մասին փաստող հիշատակություններով: Երևույթը հարազատ է եղել նաև հայերիս համար: Հունա-հռոմեական և հայկական սկզբնաղբյուրները, մասնավորապես, 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին հաստատում են, որ հայոց արքա Տիգրան Մեծը ևս հիմնադրել է իր անունով մի քանի քաղաք: Պատմիչները, մասնավորապես, վկայակոչում են, որ քաղաքներից մեկը` Տիգրանակերտ կամ Տկռակերտ անվանումով, Արցախում է կառուցվել: Սակայն Արցախի Տիգրանակերտի մասին գրավոր վկայությունները հասնում են մինչև ուշ միջնադար և լռում, քանզի բնակավայրը դադարել է գոյություն ունենալուց, իսկ դարերի ընթացքում բնակիչների լքած քաղաքն ու նրա շինությունները թաղվել են հողի հաստ շերտի տակ: Այսպես Արցախի Տիգրանակերտն անհետանում է պատմության թատերաբեմից մինչև այն պահը, երբ հինգ դար անց հայ գիտնականների կողմից ի հայտ է գալիս հայոց անտիկ քաղաքի գոյությունը հնագիտորեն ապացուցելու խիզախումը:
Եվ այսպես, 2005-ի գարնանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը, «Երկիր» միության նախաձեռնությամբ, գործի է անցնում արցախյան Տիգրանակերտը պեղել-գտնելու վճռականությամբ: ՈՒթհոգանոց արշավախումբը, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, սկսում է Խաչենագետի ներքնահովտի պատմահնագիտական միջավայրի համալիր ուսումնասիրությունը: Այդ հետազոտության արդյունքում էլ Վանքասարի և Շահբուլաղ աղբյուրի մոտակայքում հայտնաբերվում է հայոց արքայից արքա Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտներից մեկը` Արցախի Տիգրանակերտը: Նկատենք, որ այն այսօր Անդրկովկասում պեղված ամենամեծ հուշարձանն է:
Ի հեճուկս բոլոր թերահավատների, մինչ օրս կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական ահռելի նյութերը հիմնովին ապացուցեցին անտիկ քաղաքի գոյությունը և հաստատեցին, որ Արցախի Տիգրանակերտի մասին պահպանված գրավոր աղբյուրներն ու բանավոր ավանդույթները լիովին համապատասխանում են պատմական իրականությանը: Հետազոտողների աչքի առաջ, 50-60 հեկտար տարածության վրա, բացվեց մ.թ.ա. 70-ական թվականներին հիմնված և մինչև մ.թ. 15-րդ դարը գոյատևած հելլենական ոճի ընդարձակ բնակավայրն իր միջնաբերդով, կենտրոնական թաղամասով, գյուղական արվարձաններով, դամբարանադաշտերով, քարայրային-պաշտամունքային համալիրով, ժայռափոր ջրանցքով, պարսպապատերով, աշտարակներով Տիգրանակերտի` այգիների մեջ թաղված սպիտակ քաղաքի կառուցման համար օգտագործված քարերի նուրբ մշակումը, պարսպապատերի ժայռափոր հիմքերի հսկայական չափերը, հելլենիստական առաջադեմ տեխնիկայի օգտագործումը` «ծիծեռնակապոչ» կապերով սալերն իրար միացնելը, շարվածքի տեխնիկական բազմազանությունն ու կատարելությունը հետազոտող արշավախմբին թույլ տվեցին եզրահանգել, որ քաղաքը կառուցվել է ժամանակի հմուտ, առաջադեմ ճարտարապետների ու վարպետների կողմից, քաղաքաշինական բարձրակարգ հատակագծումով և շինարարական տեխնիկայով: Բացի այդ, նման հզոր պարիսպներով, ժայռափոր ջրանցքներով քաղաքի կառուցումը չէր կարող իրականացվել առանց թագավորական ու պետական նախաձեռնության, քանզի միայն արքայական ուժն ու կազմակերպվածությունը կարող էին ժամանակի բարձր տեխնիկական մտքի ու վարպետության համադրման և իրագործման գրավականը լինել:
Յուրօրինակ բացահայտում էր և բլուրի ստորոտում մեկ այլ հրաշքի` 5-7-րդ դարերում կառուցված հայկական բազիլիկ եկեղեցու հայտնաբերումը` իր իդեալական սրբատաշ պատերով ու սալահատակով: Վաղմիջնադարյան նման եկեղեցու առկայությունը փաստում է, որ Տիգրանակերտի տարածքում ոչ միայն հելլենիստական հուշարձաններ են եղել, այլև վաղքրիստոնեական: Եկեղեցին իր գոյությամբ նաև վկայում է, որ Տիգրանակերտը վաղ միջնադարում էլ պահպանել է իր նշանավոր հայկական բնակավայր լինելու կարգավիճակը:
Արշավախումբը եկեղեցու պեղումների ընթացքում հողի հաստ շերտից լույս աշխարհ հանեց մյուս բացառիկ գտածոն` կավե փոքրիկ սկավառակը, որի մի երեսին խաչ է փորագրված, մյուսին` տղամարդու դիմապատկեր և մի ուշագրավ հայերեն արձանագրություն` «Ես` Վաչե, ծառա Տեառն Աստծո»: Պատմաբանները դեռ չեն պարզել, թե ով է եղել Վաչեն և ինչ առնչություն ունի 5-7-րդ դարերում Վաչե անունով մի քանի հայտնի գործիչների հետ: Սակայն այստեղ ուշագրավը դա չէ, այլ հայերեն արձանագրության հայտնաբերումը: «Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրությունն է,- նկատում է հնագետ Համլետ Պետրոսյանը, հավելելով,- արձանագրությունը եկավ վերջնականապես փաստելու Խաչենագետի ներքնահովտի վաղքրիստոնեական-հայկական դիմագիծը»:
Արդեն 6 տարի է, ինչ շարունակվում են Արցախի Տիգրանակերտի պեղումները: Մասնագետները համոզված են, որ այն դեռ 20 տարի էլ շարունակվելու է` հողի հաստ շերտից լույս աշխարհ հանելով նորանոր արժեքավոր բացահայտումներ:
Ոգևորվում ես քաղաքի հայտնաբերմամբ, սակայն կան հանգամանքներ, որոնք մտորելու լուրջ տեղիք են տալիս, երբ տեղեկանում ես, որ արցախյան Տիգրանակերտի հետազոտման ողջ ընթացքն ուղեկցվել է արտաքին կեղծարարների, օտարին ծառա ստրկամիտ վայ-գիտնականների ու նախանձոտ կասկածամիտների հետ լուրջ պայքարով: Այդ պայքարն այսօր էլ շարունակվում է:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՆ ՈՒ ՀՀ ԳԱԱ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՂՔ ԿՈՂՔԻ
Արցախյան Տիգրանակերտի հայտնաբերումն այսօր հայերիս համար ոչ միայն պատմամշակութային հզոր արժեք է, այլև քաղաքական լուրջ հաղթաթուղթ արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին: Պատմահնագիտական փաստարկների շղթան եկավ ու անառարկելիորեն վերահաստատեց` Արցախը բնիկ հայկական տարածք է, որը մինչև 18-րդ դարն ունեցել է գրեթե միատարր էթնիկ հայկական բնակչություն: Եվ սա ոչ թե մեզ է պետք, ինչպես նեղսրտում են որոշ հայ գիտնականներ ու չգիտնականներ, թե ոգևորվե՜լ ենք, ինքներս մեզ փորձում ենք ապացուցել, թե Արցախը հայկական է: Պարզամիտ մոտեցում: Այսպիսիք մոռանում են, որ քարոզչական տարբեր մեթոդներով մեր դեմ կռիվ տվող հարևան ունենք` աշխարհը չունի: Ալիևի հերթական բարբաջանքը երևի քչերն են հիշում. «Ժամանակն է ապացույցներ գտնելու Արցախում հայերի եկվորության և ադրբեջանցիների բնիկ լինելու վերաբերյալ»: ՈՒրեմն, Արցախի Տիգրանակերտի հայտնաբերումը մեզ ու` ո՛չ միայն մեզ էր պետք: «Տիգրանակերտը հերթական անգամ ապացուցում է, որ, այսպես կոչված, վիճելի տարածքները բնիկ հայկական են: Հնագիտական այս ուսումնասիրություններով աշխարհին կարող ենք ապացուցել ազատագրված տարածքների ամեն մի քարի ու հուշարձանի հայկականությունը»,- արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն արդարացիորեն նկատում է` ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում կարևոր դերակատարում ունեն նաև պատմամշակութային բնույթի փաստերը, և ընդգծում` այստեղ Տիգրանակերտն առաջին տեղում է. «Արցախի շուրջ հայ-ադրբեջանական վեճն ընթացել, ընթանում է և տեսանելի ապագայում էլ ընթանալու է որպես պատմական վեճ: Այս առումով հայաստանյան արդի հայագիտության կարևոր խնդիրներից մեկն էլ Արցախի ընդգծված էթնոմշակութային կերպար ունեցող հուշարձանների և պատմական իրողությունների հայտնաբերումը, ուսումնասիրությունն ու դրանց ներկայացումն է աշխարհին»:
Արցախին առնչվող ցանկացած թեմա Ադրբեջանում լուրջ ջղաձգումներ է առաջացնում, էլ ո՜ւր մնաց հայկական անտիկ քաղաքի` Արցախի Տիգրանակերտի հայտնաբերումը, որից ադրբեջանցի «գիտնականների» շունչը կտրվեց: 2006 թ. պեղումներից անմիջապես հետո ադրբեջանական մամուլը հանկարծակիի եկածի պես հեղեղվեց Տիգրանակերտի մասին պատմող հրապարակումներով, դե, իհարկե, հնարավոր բոլոր միջոցներով փորձելով ժխտել քաղաքի գոյության փաստը: Տիգրանակերտի դեմ սկիզբ առած հակաքարոզչությանը միացավ և Ադրբեջանի վաստակաշատ կեղծարարների միությունը` գիտությունների ակադեմիան: Սակայն ադրբեջանական զայրույթի նոպան երկար տևել չէր կարող: Այն պահից, երբ համացանցում հայտնվեցին հայկական արշավախմբի` Տիգրանակերտի մասին պատմող նյութերն ու լուսանկարները, սրանց վայնասունը փոքր-ինչ դադարեց, կեղծարարները ստիպված էին փոխել ռազմավարությունը` ճարահատյալ խոստովանելով հնագիտական հայտնագործության փաստը։ «Այսօր այլևս դժվար Է ադրբեջանցի հետազոտողի համար պնդել, թե այնտեղ քաղաք չկա»,- նկատում է Համլետ Պետրոսյանը, բայց հիմա էլ պնդում են, թե քաղաքն աղվանական է, և ուրիշինը յուրացնելու սովորույթով քաղաքի կառուցումը վերագրում իրենց «հեռավոր նախնիներին»:
Ադրբեջանական կեղծարարությանը զուգահեռ առկա է, սակայն, առավել մտահոգիչ մեկ այլ փաստ. խոսքս ՀՀ իշխանությունների լոյալության, ՀՀ ԳԱԱ զգուշավոր կեցվածքի ու որոշ հայ գիտնականների հակատիգրանակերտյան դիրքորոշման մասին է, որ դրսևորվեց անտիկ քաղաքի հայտնաբերման հենց սկզբից: Չնայած պետք է, որ հայոց պատմական քաղաքի հետազոտական աշխատանքներն առնվեին ՀՀ պետական հովանու ներքո և գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում, բայց ոչ միայն պետությունը մի կողմ կանգնեց, այլև որոշ հայ գիտնականներ, իրենց բարձրացրած աղմուկով, ոչնչով չտարբերվեցին ադրբեջանցի կեղծարար գործընկերներից: Տիգրանակերտի հայտնաբերումից անմիջապես հետո, երբ բոլորի աչքի առաջ բացվել էին անտիկ քաղաքի հսկայական պարիսպները, երբ անգամ կարկամել էր ադրբեջանական քարոզչամեքենան, իրենց հակադիր կարծիքներով ասպարեզ են իջնում հայաստանցի որոշ գիտնականներ: Ինչպես նկատում է Համլետ Պետրոսյանը, Տիգրանակերտի հանրահռչակման գործընթացը երևան բերեց նաև հայաստանյան գիտական և մտավոր հանրույթի խայտաբղետության, գիտական հետազոտություններում սիրողականության և սնապարծության, մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության լրջագույն թերություններ: Այսպես, նախ շրջանառության մեջ դրվեց տեսակետը, թե հայտնաբերվածը ոչ թե Տիգրան Մեծ արքայի հիմնադրած Տիգրանակերտն է, այլ Տիգրան Երվանդյանի: Մինչդեռ արշավախմբի ղեկավարը պատասխանատվությամբ հայտարարում է. «Պեղումները երևան են բերել մ.թ.ա. աոաջին դարում կառուցված քաղաք, և պնդել, թե այն հիմնադրվել է մի քանի հարյուր տարի ավելի վաղ, առանց լուրջ գիտական ապացույցների, ինձ անհասկանալի է: Սա նշանակում է ուղղակի կասկածի տակ առնել Արցախի Տիգրանակերտը»:
Երկրորդ, ոչ պակաս զավեշտալի տեսակետն էլ այն է, թե Տիգրանակերտի տեղական անունը՝ Տկռակերտը, որը Սարգիս Ջալալյանցից սկսած բոլոր հետազոտողները համարել են Տիգրանակերտի տեղական հնչողությունը, ավելի մոտ է պարսկերեն Թառանյուրտին և որևէ կապ չունի Տիգրանակերտ անվան հետ: Իբրև թե այն մոնղոլների կողմից 13-րդ դարի կեսերին Դառանդաշտում կառուցված քաղաքի՝ «Դառանյուրտի» մնացորդներն են: Համլետ Պետրոսյան. «Համաձայն այս կարծիքի, ստացվում է, որ իրականում ոչ մի Տիգրանակերտ էլ չկա, մոնղոլներն այստեղ մի քաղաք են կառուցել և այն կոչել Դառանյուրտ, պարսիկներն այն քմայնացրել են ու դարձրել են Թառանյուրտ, հայերն էլ այն անվանել են Տկռակերտ: Սա իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող տեսակետ է»: Հնագետը խիստ տարակուսած է, որ Արցախի Տիգրանակերտի շուրջ ծավալված քննարկումները ոչ թե միտված են հօգուտ այդ հայտնագործման նորանոր փաստեր բերելուն, այլ ընդհակառակը. «Ես հարց եմ տալիս հայրենի գիտնականներին. երբ դեռ հնագիտորեն պարզված չէր Տիգրանակերտի տեղը, երբ դեռ պեղումներով երևան չէին հանվել նրա հզոր պարիսպները, ինչո՞ւ չէիք գրում այդ ամենի մասին: Հիմա, երբ կան այդ հզոր քաղաքի հզոր մնացորդները, ինչո՞ւ եք խանդավառությամբ լծվել կասկածամտության կառքին»:
Ինչպես նշեցինք, Տիգրանակերտի բացահայտումից հետո խիստ յուրօրինակ պահվածք որդեգրեց ՀՀ գիտությունների` ազգային համարվող ակադեմիան: Նախ, այն ժամանակվա գիտքարտուղար ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը բացահայտ հայտարարեց, թե ակադեմիան լուրջ չի վերաբերվում կատարվող աշխատանքներին: Ինչը, ի դեպ, չվրիպեց մեր «նրբանկատ հարևանի» աչքից, նոր թափ հաղորդելով սրա հակաքարոզչությանը: Այսպես, հղում անելով ՀՀ ԳԱԱ գործընկերներին, Ադրբեջանի ակադեմիան տարածեց հայտարարություն` ընդգծելով հետևյալ միտքը` ՀՀ ԳԱԱ-ն էլ է ձեռնարկված գործը անլուրջ համարում: Ադրբեջանական կողմի նման հայտարարությունները ևս չսթափեցրին ՀՀ ԳԱԱ-ին: Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ մինչ օրս էլ ակադեմիայի նախագահությունը Տիգրանակերտի հետազոտության վերաբերյալ գիտական կամ կազմակերպական որևէ քայլ չի կատարել:

ՆԱՄԱԿԱԳԻՐ ՎԱՅ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ԳՐԻԳՈՐ ԱՐԵՇՅԱՆՆ Է

Նույն ընթացքում լույս աշխարհ եկան նաև արտերկրում բնակվող ու իրենց հայ համարող գիտնականներ, ովքեր նամակներ գրեցին Տիգրանակերտի պեղումներին աջակից օտարազգի գիտնականներին, հուշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը դեմ է այդ պեղումներին, քանի որ դրանք տեղի են ունենում, այսպես կոչված, գրավյալ տարածքներում, ուրեմն, պետք է դադարեցնեք ձեր մասնակցությունը։ Նամակագիր վայ-գիտնականներից մեկն էլ Գրիգոր Արեշյանն է, ով ժամանակին զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոնը, իսկ այժմ աշխատում է Լոս Անջելեսի համալսարաններից մեկի հնագիտության կենտրոնում: Ամենայն հավանականությամբ, իր ազգային պատկանելությունն այլևս մոռացած սույն պարոնը, ամերիկյան իշխանություններին հաճոյանալու անզուսպ ցանկությամբ, սկսեց իր քաղաքական արշավը Տիգրանակերտի դեմ: Իսկ Արեշյանին ու սրա նմաններին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում գրկախառնությամբ են դիմավորում
Պեղումների սկզբից մի նամակ էլ Հ. Պետրոսյանին ուղարկեց Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, տարիներ շարունակ Հայաստանում պեղումներ իրականացնող Ադամ Սմիթը, փորձելով հեռվից ցուցումներ տալ հայ գիտնականին` դադարեցնելու Տիգրանակերտի պեղումները: Նամակում Սմիթը գրում է. «Եթե ուզում եք, որ երկու ժողովուրդները հաշտ ապրեն, չպետք է պեղեք Տիգրանակերտը»։ Ինտերնացիոնալիզմի այս բացառիկ նմուշին Համլետ Պետրոսյանը հակադարձեց կարճ ու կոնկրետ. «Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի մեջ է մտնում նաև նրա մշակութային ժառանգությունը»:
Այն, որ պատմամշակութային խնդիրը մղվեց քաղաքական հարթություն, սրա վկայությունն է և այն, որ միջազգային մի քանի կազմակերպություններ ևս հրաժարվեցին քաղաքի հնագիտական պեղումներին մասնակցելուց: Պատճառը չփորձեցին էլ թաքցնել. Տիգրանակերտը գտնվում է վիճելի տարածքում: Նույն կերպ և ամերիկացի գիտնականները հրաժարվեցին իրենց մասնակցությունից, կրկին անկեղծանալով` պետականորեն արգելվել է իրենց մասնակցությունը:
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանին այլ բան չէր մնում անելու, եթե ոչ, հանուն Տիգրանակերտի պեղումների անխափան իրականացման, դադարեցնել իր անդամությունն այն երկու միջազգային հայտնի կազմակերպություններին, որոնք պարբերաբար մերժեցին աջակցություն ցուցաբերել Տիգրանակերտի հնագիտական պեղումներին: Դրանցից մեկն էլ Project Discovery հանրահայտ ընկերությունն է:
Փառք ու պատիվ արշավախմբի նվիրյալներին, ովքեր, անտեսելով արտաքին ու ներքին խանգարիչներին, թիկունքում ունենալով Արցախի Հանրապետության ֆինանսական աջակցությունը, համառությամբ շարունակում են Արցախի Տիգրանակերտը մաքրել դարերի փոշուց: Ի պատիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, արդեն չորրորդ տարին է, որ, նրա հանձնարարությամբ, պեղումները ֆինանսավորում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը: Տեղեկացնենք, որ նույն վարչության և արշավախմբի ջանքերով բացվեց նաև Տիգրանակերտի թանգարանը: Արշավախմբի ղեկավարը մեծ ակնածանքով իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք շարունակում են նեցուկ լինել այս ազգաշահ գործին, հիշատակելով նաև ՀՀ գիտության և կրթության նախարարությունը, որը, արդեն երրորդ տարին է, ֆինանսավորում է Տիգրանակերտին նվիրված գիտական թեման: Ժամանակը չէ՞, որ հայ գործարարները ևս դեմքով շրջվեն դեպի Տիգրանակերտ` նվիրյալներին աջակից լինելու պատրաստակամությամբ:
Համլետ Պետրոսյան. «Իսկ այսօր մեզ համար ամենամեծ ոգևորիչը հայ մարդկանց այցելությունն է Տիգրանակերտ։ Գալով, տեսնելով Տիգրանակերտը` մարդիկ, նախ և առաջ, հպարտությամբ են լցվում, որ հայ են, որ ունեն ազատագրված հայրենիք, որ ունեն նման հզոր մշակութային ժառանգություն: Եվ մի՞թե սա չէ մեր մշակութային քաղաքականության ամենահիմնական նպատակներից մեկը, որ հայ մշակույթը դառնա մեր ինքնության կերտողն ու ամուր պահպանող լծակը»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ