Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆինանսական շուկան դիմագրավում է լուրջ մարտահրավերների

Ֆինանսական շուկան դիմագրավում է լուրջ մարտահրավերների
17.04.2009 | 00:00

«ԿԱՊԻՏԱԼԻ ՓԱԽՈՒՍՏԸ» ԵՐԿՐԻՑ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական շուկայի վրա ներազդող կարևորագույն գործոններից առանձնանում է «կապիտալի փախուստը» երկրից: Վերջինս բուռն քննարկման առարկա դարձավ Լոնդոնում օրերս ավարտված G20 գագաթաժողովի ժամանակ: Տնտեսական անվտանգության տեսանկյունից վերջին շրջանում նկատվող վտանգավոր միտումներից են անհրապույր ներդրումային միջավայրը և անառողջ մրցակցային դաշտը, որոնք մենաշնորհների տարբեր ձևերի և մոնոպսոնիաների միջոցով ուղղակի ստեղծում են տնտեսական առումով անհանդուրժողականություն` փոքր և միջին ձեռներեցության համար, օրինաչափորեն, ի վերջո, աննպատակահարմար դարձնելով ֆինանսական միջոցների աշխույժ կիրառությունը նաև խոշոր բիզնեսի համար: Գաղտնիք չէ, որ վստահության բացակայությունը և գործարար միջավայրի անկանխատեսելիությունը երբեմն պատճառ են դառնում, որ անգամ պետական բարեհաճ հովանավորչությունը վայելող կառույցներն իրենց ֆինանսական կապիտալներն ուղղեն արտերկիր: Ոմանք կապիտալի լայնածավալ արտահոսքը բացատրում են ներքին շուկայի փոքր ծավալներով, մինչդեռ շարունակում են աճել ներդրումների նկատմամբ պահանջարկը և արտերկրից ստացվող փոխառու միջոցների ներհոսքը:
Հատկանշական է, որ երկրի բանկային համակարգի միագումար ակտիվների գրեթե կեսը գերադասում են պահել արտաքին թղթակցային հաշիվներում, որոնք ակնհայտորեն ավելի քիչ եկամուտ են ապահովում։ Փաստորեն, բանկային համակարգն այսօր դժվարություններ ունի ոչ միայն ներքին դրամական հոսքերն ու խնայողությունները համախմբելու և վերաբաշխելու, այլև ներքին միջոցների զանգվածային արտահոսքը կանխելու գործում: Այս ամենի վրա զգալի ազդեցություն ունի նաև կապիտալի շուկան, որը կոչված է արդյունավետ վերաբաշխելու հասարակության ներսում ձևավորված ֆինանսական միջոցները և ներկայացնելու շուկայի գլխավոր «դերակատարների» ֆինանսական վիճակի իրական և համարժեք պատկերը: Ներկայումս պարտատոմսերի շուկայի զարգացումը պայմանավորված է բաժնետիրական ընկերությունների կապիտալի կենտրոնացման մակարդակով և մարդկանց կողմից արժեթղթերի ձեռքբերման հակումներով, որոնք, իրենց հերթին, կախված են ներդրումների տարբեր ձևերի նկատմամբ ձևավորված վստահության աստիճանից: Մինչ տեղական ներդրումները կրում են խորհրդանշական ծավալներ, իսկ արտաքին ներդրումները հիմնականում քաղաքականացված բնույթ են կրում, կապիտալի շուկայում կարևոր դերակատարություն ունեցող բնակչության բավարար գնողունակ մի զանգվածը, այնուամենայնիվ ձեռք է բերում արժեթղթեր, միայն թե նախընտրում է ոչ թե տեղական, այլ արտերկրի հայտնի ընկերությունների բաժնետոմսեր:
Միջավայրի առողջացման գործում պակաս կարևոր չէ իրականում գործող և իրավաբանորեն գրանցված իրականում չգործող ընկերությունների տարանջատումն ու դրա մասին հասարակությանն իրազեկումը, միաժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացվող «զտումը»: Համաշխարհային փորձը վկայում է, որ առանց ներդրումային ընկերությունների, փայատիրական և համատեղ ֆոնդերի իրականում անհնար է դառնում միջին խավի ֆինանսական միջոցների ներգրավումը, որն այլապես կարևոր գործոն կարող է դառնալ տնտեսության ներսում: Ինչ վերաբերում է հիշյալ միջոցների ներգրավման ձևերին ու մեթոդներին, ապա դրանք կապված են շուկայում իրացվելի ֆինանսական գործիքների առկայության հետ: Տեղական ընկերությունների արժեթղթերը, պետական կարճաժամկետ փոխառությունները, արժութային ֆյուչերսները և այլ գործիքները կարող են հաջողությամբ իրացվել ոչ միայն ներքին ֆինանսական շուկայի պայմանների բարելավման արդյունքում, այլև համագործակցելով արտերկրի արժեթղթեր թողարկող հայտնի ընկերությունների հետ։ Առավել ևս գնահատելի է տեղական արժեթղթերի շուկայի մասնավորեցումն ու կառավարման ստանձնումը որոշակի փորձ կուտակած ՕMX ընկերության կողմից (թեև խնդրի նման մասնակի հանգուցալուծումը չի կարող հանգեցնել ֆինանսական շուկայի կայացմանն առանց տնտեսության մյուս կարևոր գործոնների առկայության): Հայաստանի ֆինանսական շուկայի փոքր ծավալների դեպքում հնարավոր է դառնում համեմատաբար ավելի մեծ շուկաներից ներդրումների ներգրավումը։ Պակաս կարևոր չեն նաև ժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցվածության խնդրի լուծումը (այդ թվում` վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգի տարածմանն օժանդակելու պետական քաղաքականության իրականացման, աշխատանքի և այլ վարձատրության համար էլեկտրոնային համակարգի պարտադիր օգտագործումը ներդնելու միջոցով կանխիկ դրամաշրջանառության կրճատում) և դրանով պայմանավորված` գործարքների իրականացման սպասարկման արդյունավետության բարձրացումը: Արտերկրի ընկերությունների միջոցով այլ ֆինանսական շուկաների հետ շփումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն այլ երկրների ընկերությունների արժեթղթերի իրացումը Հայաստանում, այլև, որ ավելի կարևոր է, հայկական ընկերությունների արժեթղթերի նկատմամբ պահանջարկի ձևավորումն ու սպառումը երկրից դուրս, որը, իր հերթին, կարող է նպաստել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանն ու դրանց արդյունավետ ներդրումներին ներքին շուկայում:
Երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերում (ներառյալ` արդյունաբերական) ֆինանսական միջոցների ներգրավման առումով չի կարելի թերագնահատել ֆինանսա-արդյունաբերական խմբերի գործունեությունը, որոնք ներկայումս ֆինանսական շուկայի առավել էական հատվածն են կազմում: Դրանց ներսում կարող է կատարվել գործարարության տարբեր բնագավառների փոխադարձ ֆինանսավորում, ընդ որում խոշորամասշտաբ ծրագրերի դեպքում հաճախ ներգրավվում են միաժամանակ մի քանի ֆինանսական խմբեր, որոնք որոշակի անկախություն ունեն ֆինանսական շուկայի ավանդական կառույցներից։ Այս իմաստով ֆինանսական բաց շուկայի քաղաքականության իրականացումը թույլ կտա ապահովել կապիտալների փոխներթափանցում` առավել զարգացած ֆոնդային շուկաների հետ մեր երկրի տնտեսական և տեխնոլոգիական ինտեգրացման շնորհիվ, որը, ի վերջո, իրացվելի գործիքների ձևավորման միջոցով կհանգեցնի ֆինանսական շուկայի ակտիվացմանը, հետևաբար, հնարավորություն ստեղծելով արտերկրի շուկաները հայկական թողարկող կառույցների համար օգտագործել որպես կապիտալացման լրացուցիչ աղբյուրներ։
Հետևաբար, բանկային համակարգի անկատարությունը կամ բանկերի կողմից շուկայում տեղ գտած միտումներին ոչ համարժեք արձագանքները հանգեցնում են նոր լուծումների որոնման` տնտեսության իրական հատվածի ներսում արդյունավետ տեղաբաշխելու ֆինանսական միջոցները: Ի տարբերություն պաշտոնական օղակների որդեգրած խրթին ընթացակարգերի, ֆինանսա-արդյունաբերական խմբերն աշխատում են համեմատաբար ավելի պարզ եղանակով, որը թույլ է տալիս ներգրավել զգալի միջոցներ ոչ միայն հարկվող, այլև ոչ պակաս արագ տեմպերով զարգացող ստվերային տնտեսությունից: Վերջինիս տեսակարար կշռի կրճատումը պայմանավորված է «Բազել-2» համակարգի ներդրմամբ, որը լրացուցիչ խթաններ կստեղծի բարձրացնելու երկրի տնտեսությանը բնորոշ կորպորատիվ կառավարման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության բնագավառում ֆինանսական կարգապահության մակարդակը, ֆինանսական հաշվետվությունների և հաշվառման թափանցիկությունը, ինչպես նաև լրացնելու այն բացը, որն առաջացել է ֆոնդային բորսայի, ապահովագրական ու մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների զարգացման անբավարար մակարդակի ու ոչ բանկային վարկային հաստատությունների, հատկապես փոխադարձ վարկավորման հիմնադրամների և վարկային կազմակերպությունների բացակայության արդյունքում: Մյուս կողմից, բանկերի կառավարման և ներբանկային վերահսկողության ներկայիս մակարդակը, բանկային կապիտալի կենտրոնացման բարձր աստիճանը և, որպես հետևանք, բանկերի գործադիր մարմինների չափազանց բարձր կախվածությունը սեփականատերերից հանգեցրել են բանկային գործունեության նորմատիվային կարգավորման լուրջ բացթողումների, ներառյալ ընդհանուր կապիտալի մակարդակը մինչև հինգ միլիոն դոլարի հասցնելը` դրանից բխող մի շարք անցանկալի հետևանքներով:
Բացի այդ, վերջին տարիներին մի շարք բանկերի սնանկացման և ֆինանսական անվճարունակության պատճառահետևանքային կապերի վերլուծությունը վկայում է, որ բանկերի գործունեության վրա հսկողության արդիական մեթոդների օգտագործումը թույլ կտար կանխարգելելու հիշյալ բանկերի անվճարունակությունը։ Մասնավորապես կիրառելի են մակրո և միկրոպրուդենցիալ գործիքները, որոնց օգնությամբ ժամանակին բացահայտվում են ռիսկային ինսայդերական գործարքները, որոնք բանկերի մեծ մասի սնանկացման պատճառ են դարձել։ Երկրի բանկային համակարգում կուտակված փորձը հուշում է, որ պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկել բանկերի վերահսկողության ժամանակակից համակարգեր ու մեթոդներ (ֆինանսական կառույցների միասնական գործակալություն, կամուրջ բանկեր, հիվանդանոց բանկեր և այլն) կիրառող երկրների փորձը և տեղայնացնել այն` հաշվի առնելով երկրի տնտեսությունում առկա միտումներն ու ստեղծված պայմանները: Մասնավորապես, ֆինանսական կարգավորման ու հսկողության չափորոշիչների, ձևերի, մեթոդների և գործիքների ուժեղացումը, ինչպես նաև բանկային և ոչ բանկային ֆինանսական հաստատություններում պետական հսկողության գործառույթների կենտրոնացումը` հիշյալ հարցերով առանձին կառույցի մասնագիտացումը բանկերի և վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների, ռիսկերի ապահովագրման և այլ միջնորդական կառույցների գործունեության հսկողության ոլորտում թույլ է տալիս տարանջատել ֆինանսական շուկայի մասնագիտացած սուբյեկտների գործունեության կարգավորման և հսկողության, բյուջետային ու դրամավարկային քաղաքականության գործառույթները: Միաժամանակ, հիշյալ փորձի կիրառումը հնարավորություն կընձեռի ՀՀ ԿԲ-ի և պետական այլ մարմինների անկախության աստիճանի մեծացմամբ համապատասխան հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկելու և հարկ եղած դեպքում միջամտելու դրանց ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև անհրաժեշտ կապ ապահովելու ֆինանսական շուկայի օրենսդրության և կարգավորող մեխանիզմների միջև:
Ընդհանուր առմամբ, համատեղ ներդրումները խթանող կառույցների ստեղծումը կարող է մրցակցության լուրջ մարտահրավեր նետել գործող բանկային համակարգին` դրանով իսկ նպաստելով ֆինանսական համակարգի առողջացմանն ու շուկայական մրցակցային մեխանիզմների արդյունավետ օգտագործմանն ու ֆինանսական ռեսուրսների նպատակային տեղաբաշխմանը:
Կասկածից վեր է, որ այս ամենը կարիք ունի ոչ միայն ծրագրային մոտեցման և հետևողական քայլերի, այլև դրանք արտոնող համապատասխան օրենքների մշակման, ընդունման ու կիրառման: Առաջնահերթ քայլերի թվում են ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների, լիարժեք ապահովագրական ընկերությունների, փայատիրական ներդրումային հիմնադրամների, փոխադարձ հիմնադրամների ստեղծումն ու գործունեությունը, մասնավորեցման հետևանքով տեղական ընկերությունների բաժնետոմսերի փաթեթների վարույթի փոխանցման համապատասխան մեխանիզմների մշակումը և կառավարման մասնակցության առումով բաժնետերերի իրավունքների վերականգնումը: Կարևորվում են նաև ֆինանսական հաստատությունների գործունեության կարգավորման և վերահսկողության անհրաժեշտ միջոցների կիրառումը և դրանց առնչվող օրենքների բարելավումը: Որպես լրացուցիչ ազդակներ էական նշանակություն են ձեռք բերում նաև հողի և անշարժ գույքի շուկաների կայացումը, սեփականության իրավունքների անվտանգության ապահովման, գրավադրման գործիքների զարգացման և հարակից այլ գործոններ:
Կարևոր է հաշվի առնել, որ հարկային, մաքսային և այլ օրենքների նկատմամբ անհավասար պայմաններում հայտնված տնտեսավարողների առկայությունը լրացուցիչ խոչընդոտ է ֆինանսական համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված նպատակների իրականացման համար:
Ակնհայտ է, որ ֆինանսական շուկան դիմագրավում է լուրջ մարտահրավերների: Դրանց հանգուցալուծումները պայմանավորված են ինչպես համաշխարհային ուսանելի փորձի ճիշտ կիրառմամբ, այնպես էլ հնարավորինս հաշվի առնելով երկրի տնտեսության ժամանակակից առանձնահատկությունները:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 4111

Մեկնաբանություններ