Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
02.03.2012 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Ի՞նչ նկատի ունես, բարեկամս, ի՞նչ ես ցանկանում, երբ խոսում ես երջանկության մասին։ «Միանգամայն բնական է` առողջություն, որ պահանջեմ ամեն ինչ, հարստություն, որ ամեն ինչ կարողանամ անել, իշխանություն, որ հասնեմ բոլոր բաներին։ Ահա և երջանի՜կ եմ»։
Երջանի՞կ։ Հազիվ թե։ Միայն այդ ժամանակ կհասկանաս, որ քեզ չի բավականացնում ամենաէականը. դու քարշ ես գալիս հիասթափության մեծ ու լայն ճանապարհով։ Նախ և առաջ այստեղ ոչ մի «բնական» բան չկա. կենսապայմանները, որոնք երջանկություն են պարգևում, նույնքան տարբեր են, որքան և մարդիկ։ Հարստությունը և իշխանությունը կարող ենք քեզ այնքան դժբախտացնել, որ մահդ կուզես։ ՈՒ միայն հիվանդին է առողջությունը երջանկություն թվում։ Ամբողջ աշխարհը լի է առողջ, հարուստ, մեծազոր մարդկանցով, որոնք հուսահատորեն երջանկություն են փնտրում։ Մի՞թե չես նկատել դա։ «Պահանջե՛լ ամեն ինչ»։ Խեղճ մարդ։ «Ամեն ինչի» դու երբեք չես հասնի. չէ՞ որ երջանկությունը հավերժ մրցավազք չէ, կամ որս անել։ Եթե երջանկություն ես ցանկանում, սովորիր զրկանքների արվեստը։ Եվ հիվանդը ամենևին էլ չի պահանջում «ամեն ինչ», այլ միայն «առողջություն». ու եթե նա չպահպանի չափն «առողջի» մեջ, ապա կգլորվի հիվանդության գիրկը` դուրս բերելու հիվանդության միջից իր համար մի քիչ իմաստություն, առանց որի անհնար է երջանկություն։ Եվ վերջապես` ի՞նչ ես դու ուզում` անընդհատ պահանջել կամ ինչ-որ բան ստանալ։ Քանզի առանց ստանալու անդորր չկա, իսկ առանց անդորրի չկա երջանկություն։
«Հարստություն, որ կարողանաս ամեն ինչ անել»։ Դու այնքան էլ մանուկ չես, որ կարծես, թե հարուստը «ամեն ինչ կարող է»։ Նա կարող է միայն գնե՛լ։ Իսկ չէ՞ որ լավագույնը կյանքում չի վաճառվում։ Ծախու երջանկությունն ամենևին երջանկություն չէ, այն ավելի շուտ հիասթափություն է ու դժբախտություն։ Հարուստը կարող է շլացնել, այդ ժամանակ առաջ են գալիս երևութականն ու մոլորվածությունը. և դա դու կոչում ես երջանկությո՞ւն։ Հարստությունը շքեղություն է տալիս, բայց մի՞թե դու այնքան միամիտ ես, որ երևակայես, թե շքեղությունն ու երջանկությունը նույն բանն են։ ՈՒրեմն, դու չգիտես, թե որքա՛ն դժբախտ, որքա՛ն ողորմելի կարելի է լինել ճոխության ու շքեղության մեջ։
Եվ` «իշխանություն, որ հասնես ամեն ինչի»։ Մի՞թե դու այնքան կարճատես ես, որ չես տեսնում, թե իշխանությունն ինչպես է մարդու վրա բարդում «պարտականությունների» աներևակայելի բեռը։ Այդ բեռն այնքան մեծ է, որ նա ժամանակ չունի հիշելու սեփական «համարձակության» և «ունակության» մասին։ Իշխանության անհրաժեշտությունը ճնշում է նրա ազատությունը։ Ներքևից դիտելով` միամիտ խենթուկ-մարդը բացականչում է. «Աստված իմ, ինչե՜ր նա չի կարող անել»։ Նայելով ներքև, գերիշխանը հոգոց է հանում. «Տեր Աստված, ինչի ասես չեմ դիմանում, սակայն այնքա՜ն բան ինձ չի կարելի»։ Քանզի նրա մեծ «կարող եմ»-ը նրա ուժասպառող պարտքի միայն խղճուկ մասն է։ Միայն չար տիրակալների ու բռնապետերի գործն է այլ կերպ դասավորվում։ Չմտածե՞մ արդյոք, որ դու բռնապետությունը երջանկություն ես համարում։ Տեսնո՞ւմ ես, որ քո այդ ամբողջ «բնականությունից» ոչ մի հետք էլ չմնաց։ Հավանաբար այդպես լինում է բոլորի հետ. սկզբում մեզ թվում է, թե մենք իսկապես ճանաչում ենք «մեր երջանկությունը», հետո պարզվում է, որ երբեք չենք ճանաչել այն։ Այդ պատճառով սնափառություն է որոշակի կարծեցյալ «երջանկության» հետևից ընկնելը։
Ցանկանո՞ւմ ես իմանալ երջանկության գաղտնիքը։
ՈՒրեմն լսի՛ր։
Երջանկությունը հնարավոր չէ բռնել։ Մի՛ փնտրիր, մի՛ հետապնդիր նրան, թո՛ղ ջանքերդ ու տառապանքդ։ Երջանկությունը ինքն է գալիս։ Բայց մի՛ սպասիր նրան, մի՛ հարցրու նրա մասին, մի՛ պահանջիր ոչինչ։ Փնտրիր մի ուրիշ բան` ինչ-որ մի անսխալ, վեհ բան, ինչի համար արժեր ապրել, պայքարել և մեռնել։ Նվիրի՛ր քեզ այդ գործին սիրով, ապրի՛ր նրանով անձնվիրաբար, ծառայիր նրան հավատարմորեն և ինքնամոռաց, բայց «երջանկություն» մի՛ փնտրիր։
Եվ մի հրաշալի օր դու կհայտնաբերես, որ քո աջ ուսին նստած է արծիվը և շշնջում է քո ականջին սուրբ, վսեմ բաներ։ Այդ պահից սկսած դու կլինես երջանիկ, նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ անձնական դժբախտություն պատահի. որովհետև արծիվը կբարձրացնի քեզ դժբախտությունից վեր և կտա քեզ երանելի մխիթարությունը։ Դու դա չե՞ս կարող։ Կամ չե՞ս ցանկանում։ Այդ դեպքում շարունակի՛ր մնալ մոլորության մեջ։ Դու զգուշացված ես։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ