«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՊԱԿԱՍԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՌԱՊԵԼ ԵՎՐԱ ԿԱՄ ԱՄԵՐԻԿԱՎԱԽԵՐՈՎ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՐԱՏՆԵՐԻ ՎԱՐԱԿՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՏՈՒՆ ԲԵՐԵԼ ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ

  ՊԱԿԱՍԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՌԱՊԵԼ ԵՎՐԱ ԿԱՄ ԱՄԵՐԻԿԱՎԱԽԵՐՈՎ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՐԱՏՆԵՐԻ ՎԱՐԱԿՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՏՈՒՆ ԲԵՐԵԼ ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ
01.04.2011 | 00:00

«Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:
Եդեսիայի պատմության մեջ, քաղաքի անկումից հետո, անկում, որը Շնորհալուն ստիպեց «Եդեսիայի ողբը» գրել, այսպիսի մի դրվագ կա: Երկար տարիներ այստեղ անձրև չի գալիս: Երաշտը թշվառացրել է ժողովրդին: Մի հոգևորական Եդեսիայով անցնելիս` խոսում է ժողովրդի հետ և ասում. «Երաշտը նրանից է, որ ձեր հավատն է սառել, պակասել, միաբան աղոթեք և անձրև կգա»: Հավատից անապատացած հոգիներով ժողովուրդը, ակամա և ո՛չ այնքան ջերմեռանդությամբ աղոթում է և... իջնում է կարճատև մի անձրև: Ասել է թե` առավել ջերմեռանդ, առավել հավատով, հարատև աղոթեք: Հաճախ է մեզ պետք մեր մեղքերը խոստովանել, որ հավատի քաջությամբ եղած աղոթքով քանդվեն մեր թշվառության կապանքները, և ազատվենք մեր ներքին սառցե անկենդանությունից: Ցավոք, Եդեսիան կրկին չարթնացավ: Շատ էր հաշմվել: Տա՛ Աստված, որ շատ չհաշմվենք, և անհուսության մեջ հայտնվածները հուսավորվեն, և արթնանանք ազգովին` մեր մեղքերը խոստովանելու և ապաշխարելու համար, որպեսզի բանական լուսավորության բերքն ու բարիքը առատանան Հայոց մեր երկրում` անմահության իր պտուղներով: ՈՒրեմն և` հավատից բխած աղոթքով Աստծո հետ բարեկամ, մերձավոր մնալը մշտապես անհրաժեշտ է մնում թե՛ յուրաքանչյուր երկրի, թե՛ անհատի համար, որպեսզի լույսի մեջ անցնեն մեր բոլոր օրերը, ո՛չ թե դևերի, այլ Աստծո հետ հարաբերման կայունությամբ, լիաբաշխ Նրա ողորմածության ու մխիթարության կենդանի բժշկումներով ապրենք:
Հավատով աղոթքի զորության մասին մեկ օրինակ ևս բերեմ: Տարիներ առաջ, ԽՍՀՄ-ի օրոք, հայրն ու մայրը իրենց դստեր կորուստն էին ողբում, ասելով. «ՈՒսումը թողած` գողի հետ է փախել, գողական աշխարհ ընկել, և եթե փողոցում տեսնում էլ են, ցինիկ խնդում է ու կողքերից անցնում, հարազատների հետ էլ չի խոսում»: Մի հավատավոր եղբայր, որ բարեկամ էր և երկարատև պահքի մեջ, ասաց` խնդրենք Աստծուն, և մի քանի ժամ անց ձեր դուստրը կգա, եթե հավատաք: Եվ ծնկեց ու ի սրտե խնդրեց: Երկու-երեք ժամ անց նրանց դուստրը եկավ ու այլևս հետ չդարձավ: Ապա լսելով, որ իր այդ մոլորումից Քրիստոսի հավատով հետդարձ արեց, համաձայնեց մկրտվել և մկրտվեց:
Հավատով կենդանի կյանք, ահա թե ինչ է անհրաժեշտ ամենքիս: Ապաշխարության կյանքով ապրելով` աղոթք առ Աստված և Նա ամենքիս էլ կպատասխանի` ի բարօրություն մեր անհատական կյանքերի, անձերի և մեր հայրենիքի, հաստատելով Հիսուսի խոսքը, թե. «Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:
Այսօր քրիստոնեական հավատի դեմ պատերազմ կա: Աշխարհի ոչ բարի «քեռիները» կամ «բոբո դյադյաները» պատերազմի են ելել Աստծո Որդու և Նրա քարոզած հավատի դեմ: Ավետարանով` ապաշխարության կենդանի կյանքի դեմ: Երբ Սուրբ Երրորդությամբ է կյանքը ողջ տիեզերքում: «Բոբո դյադյաների» հայրը հակամշակույթն է, իսկ հակամշակույթը չարից է: Բոբոները մարդասիրությունն ու խղճմտանքը փոխեցին հիպնոսով ու գայթակղություններով, այնքան, որ, ցավով եմ ասում, որովհետև աշխարհում Տիրոջ այն խոսքն իրականացավ, թե «մոլորություններ պիտի գան` ընտրյալներին գայթակղելու աստիճան»: Եվ երբեմն բարձրաստիճան հոգևորական ընտրյալների մասին են խոսում, գրում, թե Տիրոջ զգուշացրած այդ մոլորումներից արդեն իսկ գայթակղվել են, շրջում են մոտ մեկ միլոն դոլարանոց մեքենաներով, մինչդեռ հոտի անդամների մեջ գուցե քաղցից մեռնողնե՞ր կան, հանապազօր գոյության կարոտ մարդիկ, ովքեր մեծատուններից հալածված, կեղեքված, նրանց հովվական ձեռքի ընկերակից հովանուն են կարոտ, կամ ասում են` կանանց հետ «ձախ են գնում» և այլն, երբ կարող էին ամուսնանալ ու ընտանիք կազմել, որ երբևէ մեղք չէ, այլ բարի արդարացում, պատիվ և օրհնված է Աստծուց: Եվ, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել»: Իսկ թե գայթակղությունից է, հարկ է ըստ Աստծո ապաշխարել, մենամարտել ու հաղթել գայթակղությանը` ամեն օր ու ժամ: Թերթերից մեր լսածների մեջ որքանն է բամբասանքի չափը, որքանը` ճշմարիտը, Աստված գիտի: Բայց ցավից լավ չէ շոու սարքել, առավել լավ կլիներ` աղոթել այդ խնդիրների համար: Եվ ամենքիս էլ օգուտ է հիշել, որ թե՛ Սուրբ գիրքը, թե՛ սուրբ հայրերն ասում են. «Սատանան նախ ընտրյալների վրա է հարձակվելու», իր «Մատյանում» մեր Նարեկացին էլ է նույնն ասում: Եվ նույն խնդրի մասին զրուցելիս, ինչպես Վաչագան հոգևոր եղբայրս հիշեց. «Այդ մարդիկ, որ հարստությամբ են գայթակղված, ըստ Ավետարանի չե՞ն մտածում, որ գանձեր պիտի հավաքել երկնքում և ո՛չ երկրի վրա»: Սակայն գայթակղությունը գայթակղություն չէր լինի, եթե գայլի պես մեզ մեր կյանքի իմացություններից դուրս չհրապուրեր, որ դրսում, դատող աչքերից հեռու` խժռի մեզ: Չարի՛ք է գայթակղությունը: Որովհետև չարը գիտի, որ ընտրյալների անկմամբ շատ շատերը կտկարանան, այդ բանի համար էլ նախ նրանց վրա է հարձակվում: Եվ այդ էլ նշանակում է, թե` շատ շատերս Աստծո երկյուղով հարկ է արթնամիտ լինենք` գայթակղության դևերին մեր կյանքի մեջ փոքր-ինչ տեղ չտալու համար, եթե ոչ, նրանք իրենց հետ «լեգեոններ կբերեն», դևերի պիղծ գնդեր:
Ի վերջո, Տիեզերք Կերտողը մարդանալով` էշով շրջեց և ո՛չ թե հրեղեն ձիով: Էշով, որպեսզի ավելի մոտ լիներ աղքատին ու կարիքավորին, և նրանց հոգևոր կարիքները հոգար և ո՛չ թե հրեղեն ձիով սլանալով` անցներ կեղեքվածների և վերք ունեցողների կողքով: Իսկ նման նպատակի համար էշով դանդաղ ընթանալն ավելի էր իմաստուն և հարմար: Իսկ ես ապաշխարող եմ և ո՛չ թե դատավոր: Եվ այսօրվա ավելի մեծացող գայթակղությունների հրապույրները շատերիս համար են վտանգավոր, ուստի միայն առաքելական հիմնավորումներով ապրելը կազատի մեզ` դրսից մեր երկիր եկող անբարո հեղեղներին կուլ գնալուց: Իսկ թե գայթակղվածները չդառնան, այդժամ մենք մեր խղճմտանքի առաջ մեծ մեղք գործած չենք լինի, քանի որ` ի սրտե աղոթեցինք, որ մոլորություններից հեռանան և զգուշացրինք, ըստ Հոգու առաջնորդման և խրատի:
Համահարթեցման ելած հոգևոր մշակույթը խառնակ դարձնողներն իրենց գրքերում և ծրագրերում գրել են. «Եկեղեցիները չենք վերացնի, թող մնան, բայց կհաշմենք մարդկանց հավատը, և եկեղեցիները կդառնան զվարճավայրերի նման»: Իմ բարեկամներից մեկը պատմեց, թե արտասահմանում նման մի եկեղեցի են հրավիրել, ուր հակամշակույթիչները սկսել են խորապես եղծված այդ եկեղեցում ռոքնռոլ պարել: Երբ «ռոքը», ըստ քրիստոնեական վաղուց հայտնի դիտարկումների, համարվում է հակամշակույթ: «ռոքի» մեջ հույսն ասպնջական է, հավատը` կորուստ, ոռնոցը` ընկածության և ո՛չ թե հույսի արտահայտություն: Հավատը կորցրածի կամ դարձ անտեսողի սրսփյունների և բողոքների արտահայտություններ են այդ երաժշտության արմատական տեսակի մեջ: Եվ երբ ռոք երգերն ավարտվում են, կատարողները սկսում են ջարդել իրենց գործիքները, մի բան, որ անհուսության հանդեպ կորստալի հիացմունք է, և, ցավոք, վտանգավոր մեծ կորստի: Որևէ ճշմարիտ հնձվոր հունձն ավարտելուց հետո իր գերանդին չի ջարդի:
Նոր, գլոբալացվող եկեղեցին կամ Էկումենիկ շարժումը արժեքն ու անարժեքը համահարթեցնող «բոբո դյադյաների» դրդումով, սկսեց Քրիստոսի սուրբ եկեղեցու մեջ մեր հավատը հաշմել և ակնածությունը վերածել զվարճանքի, հավատի կենդանությունը որպես անլուրջ մի խաղի: ՈՒզենք, թե չուզենք` մենք այդ ժամանակների մեջ ենք ապրում: Հիսուս Քրիստոս եկող և արդեն աշխարհ եկած նման այլասերված գալիքները դիտելով, ասաց. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»: Խոստովանենք, որ զարհուրելի ժամանակների մասին է խոսքը, որին հարկ է մեր հավատը պահպանելով նախապատրաստվել, հավատով սկսել դիմագրավել: Սակայն Աստված տվել է մեզ Կյանքի բանալիները, այդ խրատներն ու առակներն են Նրա, և որ` հարատևորեն աղոթենք մեր բարձրաստիճան հոգևոր դասի, մեր երկրի իշխանությունների և մեր ժողովրդի համար, որպեսզի դրսի ավերող փոթորիկներից գայթակղվածների պատճառով մենք ևս մեր «փոքր հոտ» ժողովրդով` քարշ չգանք դեպի բարոյական ըմբռնումներն ատող` եկող Նեռի որոգայթները: Եթե ամոթ է միասեռականներին, որոնցից շատերը դրսից դրած գայթակղության որոգայթն ընկան, քանի որ, եթե գայթակղություն չլիներ, այդ անբնական և անբանական պղծանքի մեջ ոմանք չէին հայտնվի, ապա առավել ամոթ է, Մատենադարանի սրբակենտրոն ունեցող ժողովրդի իշխանությանը, կամ հոգևոր ընտրյալներին` մեր Մատենադարանի սկզբունքները թողած` անգամ փոքր-ինչ տուրք տալ դրսից մարմնապղծություն թելադրողներին կամ հարստության գայթակղության որոգայթ դնողներին: «Վայ պիտի լինի աշխարհին` գայթակղությունների համար, մանավանդ այդ գայթակղությունները դնողներին»,- Ավետարանում ասում է Հիսուս, ու նաև. «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով»:
Դրսի պղծալից գայթակղություններին տուրք տալն իսկ խայտառակագործություն է Մաշտոցի, սուրբ Սահակի և մյուս սրբերի դեմ, Քրիստոսի բերած առաքինության ու լույսի դեմ, Մատենադարանի և մեր Մեծ և փոքր եղեռնների դեմ: Համաշխարհային աստիճանակարգի մեր վիթխարի մեծերի ոսկին թողած` ինչո՞ւ մուրանք օտարի վատ նպատակով մեջտեղ բերած գրոշները:
Քրիստոսի պատմած «Անիրավ դատավորի առակը» մեզ հուշում է հույս դնել Արդա՛ր Դատավորի` Աստծո՛ վրա, որովհետև, եթե անիրավ դատավորը իր գլուխն ազատելու համար այրի կնոջ դատը տեսավ, ապա որքա՜ն առավել Աստված, երբ Ինքն է սպասում, որ Իրենից մի արդար բան խնդրենք: Եվ առակի մեջ համբերատարորեն շարունակ անիրավ դատավորին դիմող այրի կնոջ օրինակի խրատով, մենք էլ հարատևորեն աղոթքով խնդրենք իրավացի ու արդար Դատավորին` մեր հայրենիքի բոլոր խնդիրների համար, և մեր անձերի ապաշխարության:
ՈՒղիղ հավատը, ուրեմն, խարիսխն է մեր ժողովրդի, ողջ կենդանի մեր եկեղեցու: Մեր ժողովրդին մնում է հույսն առ Աստված, հավատն առ Աստված, սերն առ Աստված, և միմյանց ծառայելով միմյանց սիրելը և ո՛չ միայն մեծաբերան խոսքերով, որ հաճախ կուսակցություններն են առանց Աստծո կամքի հենարանի արտահայտում:
Հարկ է Աստծու` մեզ լքելուց վախենալ, Նրա, որ ստեղծեց Երկինքն իր բնակիչներով և երկիրն իր բնակիչներով, և որ` ողջ Տիեզերքի բնակիչներն են Սուրբ Երրորդության արարչությանը պարտական իրենց գոյությամբ, և լավ չէ մեզ ու պակասամտություն է տառապել եվրա կամ ամերիկավախերով ու նրանց արատների վարակները Հայոց Տուն բերել:
«Անիրավ դատավորի և այրի կնոջ» առակի մեջ, քանի որ Տերը և Փրկիչն աշխարհի խոսում է հավատի կործանման մասին, որ կայանում է քայլ առ քայլ` մարդկության, մանավանդ` քրիստոնեության դարավոր դժվարությամբ ձեռքբերումները դեպի կորստի զվարճանքը որոգայթելու, գայթակղելու, հիպնոսով իր հետևից վիշապի նման քարշելու միջոցով, ապա հարկ է յուրաքանչյուր ազգի, մանավանդ մեզ (որ արդար Նոյի հայրենիքն ենք), քրիստոնեական հավատը պահպանել, հավատն առ ճշմարիտ Հայրը և Հոգին Սուրբ:
Իսկ որպեսզի մեր հավատի հենարանները վերստին ամրացնենք, քանի որ Գրքում ասվում է. «Հավատը առաջանում է (նաև պահպանվում) Աստծո խոսքը լսելով», մենք էլ, ըստ այդմ), մի քանի քայլ միասին քայլենք մեր Տեր Աստծո Ավետարանի հավատի էջերով, և քաջ լինենք` այդ օրինակներով ևս զորավորել մեզ, քանի որ առակի խորհուրդն իսկ լավ ու աներեր հավատ ունենալով խնդրանքների մասին է։ «Ով որ հավատա և մկրտվի, նա պիտի փրկվի»,- քարոզում է մեզ Հիսուսը` Աստծո Որդին: Իսկ ով իր մկրտությանն է հավատարիմ, նա Աստծո Որդու քարոզած Ավետարանին է խոնարհվում և մնում հավատարիմ: Այսինքն, ավետարանաընդդեմ բաներ չի անի, եթե ոչ, այդպես ուրացած կլինի իր փրկության մկրտությունը: Որովհետև «Երկու տիրոջ ո՛չ ոք չի կարող միևնույն ժամանակ ծառայել»:
Իսկ այս խոսքը վերաբերում է հավատը թողած սոցիալական խոստումներ տվողների հետևից վազողներին.
«Թերահավատնե՛ր: Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք են: Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»:
Եվ չպիտի մոռանանք, որ քրիստոնեությունը քաջության ճանապարհ է, քաջության ճակատամարտ, որ մեր հավատի որոշումներով մեզնից, անգամ ընկած մարդկանցից` օգտակար անհատներ է կերտում, վերստեղծում, և մեր թե՛ յուրաքանչյուր օր, թե՛, մանավանդ ապագան, կազմված է մեր հավատի չափի գիտակցությունից: Աստծուց ինչ չափի հավատով երբ խնդրում ենք, այդ չափով ենք ստանում և ոչ ավելին.
«Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ»,- ասում է Հիսուս` Ավետարանով: Այսինքն, Աստված խնդրածդ բարին տալիս է լիովին, մենք պիտի հասու լինենք մեր հավատը զորացնելուն, որ առավել լիարժեք բարիքներ ստանանք Նրանից, քանի որ, ըստ խոստումների` Աստված ո՛չ մեկին և ոչի՛նչ չի մերժում, եթե խնդրանքը բարի է և լիարժեք հավատով և առաքինության սահմաններից ներս:
Ավետարանը նաև մեր հավատը քաջալերելու ուսուցման դասընթաց է: Տերն այն օրինակն եղավ մարդկանց մեջ, որ իր նմանությամբ մարդիկ վերակերտվեն` նաև Իր նման զորեղ հավատ ունենալով, և թերահավատությունը ո՛չ այլ բան, քան «վախկոտություն» անվանելով. «Եվ աշակերտները մոտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»: Նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախկոտ, թերահավատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին և ծովին, ու մեծ խաղաղություն եղավ»: Ավետարանից վերցված այս վկայության օրինակը միայն այն բանի համար չէ, որ Տիրոջ ամենազորությամբ հիանանք, այլ այն բանի, որ ինքներս էլ քաջ լինենք` իր նմանությամբ, ինքներս էլ Նրա խրատներով կարողանանք մեզ հավատի մեջ դաստիարակել: Եվ այդ ճշմարտությունն ակնհայտորեն երևում է այն հանդիմանանքում, որ կա Տիրոջ խոսքում: Հասկացնելով, թե` ինչո՞ւ եք դեռ այդքան տհաս, քանի որ անգամ տարերքների վրա Աստծով իմաստնացածներն իրավունք ունեն և կարող են իշխել, բնականաբար, միայն ի բարին հավատի զորությունն ուղղորդելով:
Եվ կամ կույրերին բժշկելիս. «Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»: Եվ բացվեցին նրանց աչքերը»:
Այսինքն, այնքան, որքան մենք մեր հավատով աջակցենք Աստծուն, այդ չափով էլ բարիքներ ենք ստանում Նրանից, և ո՛չ թե Աստված է մերժում տալիս, եթե առաքինի է մեր խնդրանքը, այլ մենք հոգ չենք տարել, որ մեր հավատքն ըստ Քրիստոսի խրատների աճի ու հասակ առնի: Առակի մեջ այրի կնոջ խնդրանքին հավատարմելու օրինակը ևս հավաստում է, որ մեր հավատը պահպանելը հարատևության հավատարմություն է պահանջում և երբևէ ձանձրալի չէ, ինչպես ոմանք են սոցիալական խնդիրներից բռնելով, կարծում ու մտածում, քանի որ մեր հավատը Աստծո շնորհներով ու իմաստություններով է ուղեկցվում, և, ըստ էության, իր բուն վիճակի մեջ չկա մի բան, որ այդքան երանելի լինի, քան իսկական հավատով ապրելը, որ նախադուռն է աստվածասիրության ու այնկողմնային կյանքի երևման սկիզբ, որոնց հասնելու համար մեծ ժամանակներ չունենք, որ (Աստված ո՛չ անի) ժամանակ կորցնենք այսաշխարհային անօգուտ և հոգեվնաս հրապույրների մեջ:
«Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- վստահեցնում է Հիսուս: Մեզ ամենքիս էլ լիարժեք հավատալ է պետք` այդ վստահությունը մեր կյանքի մեջ որպես լույսի հաղթանակ գործադրելու համար: Եվ տա՛ Աստված, ամեն օր ու ամեն ժամ ունենանք սրբազան հավատի հաղթանակներ, հիշելով Տերունական խոսքը, թե. «Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի...»:
Առանց մեր իսկ առաքինի հավատի հենարանն ունենալու` գիտակցական ըմբռնում չի առաջանա, որ մեր խնդրանքը հասանելի լինի Աստծուն, որովհետև հավատն աշխատեցնում է մեր գիտակցությունը և, մտքի թռիչքի արագությամբ, խնդրանքդ հասցնում է Տեր Աստծուն: Այսինքն, ո՛չ թե շատ բառեր է պետք մարմնավոր շուրթերով ասել, այլ քիչ, նպատակայինը` հոգևոր շրթունքներով, և խոսքերն այդ` գիտակից սիրով, գիտակից խոստովանությամբ ուղղորդելով առ Աստված:
«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լերանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի»: Ինչպես տեսնում ենք, Հիսուսն իր այս խոսքերով մեզնից կամենում է կերտել բնական մարդու կերպար, տիեզերքի քաղաքացիներ և Աստծո որդիներ. «և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի»,- ասել-խրատելով մեր այդ նոր մարդու տեսակի մասին:
Պողոս առաքյալն է ասում` Հավատը գործերով է կենդանի, եթե ոչ` մեռած հավատ կլինի: Հավատի դիակ:
Հայերիս առաքելական, կենդանի հավատ է անհրաժեշտ, բարի գործերի կյանք ապրելով հավատ:
Սակայն մեզ ու մեր Հայրենին ճնշող անօրենություններն էլ կթուլանան, իրենց որոգայթների թփուտներից հայտնի կդառնան, և ամոթի մեջ կընկնեն դրանք գործողները, եթե հավատարմենք ապրել հարատև աղոթքներով, երևույթները Աստծո առջև քննարկելով ու Նրանից արդարացի լուծման օգնություն խնդրելով: Այս է նաև խրատում, մեզ ըմբռնելու հանում Տերունական առակը:
Վերջում, քանի որ հարատև աղոթքով խնդիրներ լուծելու մասին է այսօրվա խոսքը, հիշեցնենք, որ ամեն օր, ժամը 20.00-20.30, աղոթում ենք մեր հայրենիքի խնդիրներն ըստ քրիստոնեական պատվիրանների և ըստ առաքելական հավատի լուծելու համար, և ով կամենա, թեկուզ և մեկ այլ ժամի, իր աղոթքով կարող է միանալ մեր խնդրանքներին: Աստծո բարին` մեր Հայոց ողջ ազգին և մեր առաքելական սուրբ եկեղեցուն: Ամե՜ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ