ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Աչքակապությամբ ճգնաժամ չես հաղթահարի

Աչքակապությամբ ճգնաժամ չես հաղթահարի
26.12.2008 | 00:00

ԿԱՐՄԻՐ ՑՈՒԼԻ «ԿՈՏՈՇՆԵՐԸ»
Ավարտվում է 2008 թվականը` Մկան տարին, որն ամբողջ աշխարհի համար, համենայն դեպս, վատ չսկսվեց, սակայն վերջին ամիսներին դարձավ մեծ հոգսերի և ջանքերի առավելագույն ներդրման տարի: Դա, ինչ խոսք, պայմանավորված էր թափ հավաքած համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Այս իրողությունն իր ուղղումները մտցրեց աշխարհի շատ ու շատ պետությունների տնտեսական քաղաքականության մշակման և իրագործման մեջ, բայց Հայաստանում այս իրողությունը կամ չեն ցանկանում, կամ ցանկանում, սակայն չեն ուզում տեսնել:
Տնտեսապես հզոր այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ճապոնիան, Գերմանիան, Անգլիան, ԱՄՆ-ը, տարեվերջին մտան տնտեսական անկման` ռեցեսիայի փուլ, որը, ըստ փորձագետների, կտևի առնվազն 18-24 ամիս: ԱՄՆ-ն ապրում է վերջին 35 տարիներին գործազրկության ցուցանիշի առումով ամենավատ ժամանակաշրջանը (ըստ կանխատեսումների` Ամերիկայում կարող է գործազուրկ դառնալ աշխատունակ բնակչության մինչև 10 տոկոսը): Նույնն է նաև Ճապոնիայում, Չինաստանում, եվրոպական մի շարք երկրներում, որոնք որոշակի կախվածություն ունեն ԱՄՆ-ի շուկայից, քանի որ հենց այս երկրի բնակչությունն է աշխարհի ամենամեծ սպառողը, և նրա գնողունակությունից է կախված նաև այդ երկրների բարեկեցությունը:
Լավ ժամանակներ չի ապրում նաև Ռուսաստանը: Հուլիս ամսվա համեմատ նավթի գների մոտ քառակի անկումն իր բացասական ազդեցությունը թողեց ՌԴ-ի տնտեսության, ինչպես նաև դրա հետ սերտորեն կապված ԱՊՀ-ի երկրների վրա, քանի որ վերջին 15 տարիներին ՌԴ-ն դարձել է իր հարևան երկրների բնակչության մի մասի համար աշխատանքի և վաստակի կարևորագույն աղբյուր: Համենայն դեպս, Ռուսաստանը դեռևս նախորդ տարիներին կուտակած նավթադոլարների հաշվին ինչ-որ կերպ կարողանում է դիմակայել համաշխարհային տնտեսության ճգնաժամին, և Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությունը միջոցներ է որոնում տնտեսական բացասական հետևանքները մեղմելու համար: Մասնավորապես, ռուսական ավտոարդյունաբերությունը փրկելու համար կառավարությունը գնաց պետական միջոցներով նրա արտադրանքը գնելու և տեղացի գնորդներին խրախուսելու ճանապարհով: Նույնը նաև այն խոշոր ձեռնարկությունների պարագայում, որոնք ապահովում են ամենամեծ թվով աշխատատեղերը և խոշոր հարկատուներ են: Սակայն ԱՊՀ-ի երկրների այն բնակիչների համար, ովքեր ամեն տարի ժամանակավոր սեզոնային աշխատանքի էին մեկնում Ռուսաստան, հաջորդ տարի շատ դժվար կլինի, քանի որ Ռուսաստանում ևս բարձրանում է գործազրկության մակարդակը, և իշխանությունները որոշում են կայացրել մոտ 50 տոկոսով կրճատել աշխատանքային միգրացիային հատկացվող քվոտաների ծավալը և այն ոլորտներում, որտեղ առաջ մեծ մասամբ աշխատում էին միգրանտները, հիմնականում շինարարության մեջ ներգրավել ՌԴ-ի բնակիչներին` այդպիսով մեղմելով գործազրկության ցուցանիշները:
Իսկ ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը հաջորդ` 2009 թվականին: Ամենացավալին այն է, որ մեզ մոտ դեռ չի էլ ձևավորվել հակաճգնաժամային միջոցառումների ծրագիր: Պարզ է` Հայաստանը ոչ ԱՄՆ է, ոչ Եվրոպա և ոչ էլ, նույնիսկ, Ռուսաստան, որ պետական պահուստային միջոցների հաշվին անընդհատ դրամական ներարկումներ կատարի տնտեսության մեջ` իրականացնելով սոցիալական բազմաբնույթ ծրագրեր: Հայաստանը, իր մեկ ու կես միլիարդ պահուստային գումարներով, այս տեսանկյունից բավականին խոցելի և անպաշտպան է թվում, չնայած այն հայտարարություններին, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին փուլին մենք դիմակայել ենք` մոռանալով, որ աշխարհը սպասում է երկրորդ փուլին, որն ավելի խոր է լինելու: Կամ` այդ ինչպես է ճգնաժամն անցել Հայաստանի կողքով, երբ արդեն կրճատումներ են եղել վերջին տարիներին զարգացման ամենամեծ ցուցանիշները ցույց տվող հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում, փակվում են Վանաձորի «Քիմպրոմը», Երևանի «Նաիրիտը», այլ ընկերություններ:
Սակայն տարեվերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների մեղմացմանն օգնեց բնակչության նախապատրաստվելը Նոր տարվան, քանի որ այս ժամանակահատվածում էականորեն բարձրանում է ժողովրդի գնողունակության ցուցանիշը, թեև դրան հետևում են ոչ այնքան աշխույժ հունվարն ու փետրվարը: Կարելի է փաստել, որ Հայաստանի համար տնտեսական ճգնաժամի ամենածանր ժամանակահատվածը կլինի մարտ-ապրիլը, երբ արտագնա աշխատանքի է մեկնում 100-120 հազար ՀՀ քաղաքացի: Իսկ եթե հաշվի առնենք, որ նրանց հիմնական աշխատանքի վայրը Ռուսաստանն է, ապա պարզ է, որ մեկնողների թիվը բավականին նվազելու է: Եթե սրան գումարենք նաև դոլարային տրանսֆերտների շեշտակի անկման հավանականությունը, ապա կարելի է արձանագրել, որ վերջին տասնամյակում կառուցել ենք ոչ թե ամուր տնտեսություն, այլ ավազե մի հսկա, որը շատ արագ կարող է փուլ գալ: Իսկ եթե սրան էլ հավելենք օլիգարխիկ-մոնոպոլիստական ներքին տնտեսական համակարգը, որի ներկայացուցիչները դժվար թե հոժարակամ հրաժարվեն վերջին տարիներին դոլար-դրամ հարաբերակցության հետևանքով ստացած գերշահույթներից, ապա պարզ է, որ Հայաստանի վիճակն իսկապես կարող է լուրջ լինել:
Լավ, իսկ այս պարագայում ի՞նչ է սպասում հայկական դրամին։ Չնայած ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսներին ԱՄՆ-ի դոլարն ամրապնդվում է այլ արժույթների նկատմամբ, սակայն մեր դրամին այդ ամենը, կարծես, չի վերաբերում: Թեև լավ էլ վերաբերում է, հատկապես այդ դրամը հավաքող, հետո դոլարի վերածող սուբյեկտներին: Մյուս կողմից էլ կառավարությունը զգուշանում է, թե, այ, դոլարի փոխարժեքը կբարձրանա, դրա հետ նաև` գներն ու սղաճը: Սակայն հիշարժան մեկ փաստ: Երբ 2003 թ. աշխարհում հացահատիկի համընդհանուր թանկացման պարագայում մեկ պարկ ալյուրի գինը հասավ մինչև 13 հազար դրամի, իսկ այդ ժամանակ մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում 530-540 դրամ էր, այդ ինչպե՞ս այս տարի, 300-305 դրամի պայմաններում, ալյուրը այդ նույն գնին էր: Հասկանալի է, որ սա պարզապես արդարացում գտնելու ձև է, և նույնիսկ ազգային արժույթի կանխատեսվող թուլացման պարագայում, երբ մեկ դոլարը կարող է արժենալ 400 դրամ, թանկացումներ, հնարավոր է, ամենևին էլ չլինեն, պարզապես կառավարությունը պետք է կարողանա զսպել օլիգարխների անչափ բացված ախորժակը և չգնա ոչ այնքան մեծ պահուստային դոլարները շուկա նետելու ճանապարհով, որոնք հաջորդ տարի ավելի պետք կլինեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է նայել թեկուզ հենց Ռուսաստանի օրինակին, որը հրաժարվեց ռուբլու կուրսն արհեստականորեն պահելու քաղաքականությունից: Դոլարի փոխարժեքի բարձրացման պարագայում գոնե կարելի է հուսալ, որ անհետացման եզրին կանգնած մեր արտահանողները կարող են ինչ-որ կերպ շտկել իրադրությունը և դիմակայել ճգնաժամին:
Սակայն ամենաանհասկանալին այն է, որ մինչ ամբողջ աշխարհում կառավարությունները գնում են հարկային արտոնությունների, եկամտահարկի և շահութահարկի զեղչման ճանապարհով, տարեվերջին Հայաստանի ԱԺ-ն քննարկում է հարկային պարտավորություններն ավելացնելու մասին օրինագծերը: Սա պարզապես ցույց է տալիս, որ Ռուսաստանից, Չինաստանից կամ ՀԲ-ից ակնկալվող վարկերը ստանալուց հետո կառավարությունը ցանկանում է այդ գումարները ձեռք բերել ներքին ռեսուրսների հաշվին` միջին ու փոքր գործարարներից: Սակայն արդեն իսկ պրկված հարկային գոտին իսկապես կարող է և չդիմանալ:
Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը վերջին 600 տարիներին շատ ավելի դժվարին իրավիճակների է դիմակայել: Այնպես որ, թող գալիք տարում մեր կամքով և կորովով կարողանանք հնազանդեցնել կարմիր ցուլին և դիմակայել ճգնաժամին:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7302

Մեկնաբանություններ