Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ  եկավ «ադրբեջանցի»  կեղծանվան  տեր ժողովուրդը
20.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

Տասը տարի հետո` 1822-ի վերջերին, Ջաֆալ Ղուլին նման մի խաղ էլ ինքն է սարքում Մեհտի Ղուլիի դեմ: Արդեն Ղարաբաղի իրական տերը գեներալ Մադաթովն էր: Մադաթովի հետ մինչև ուշ գիշեր թղթախաղով զբաղվելուց հետո Ջաֆալ Ղուլին ուղևորվում է տուն: Ճանապարհին կրակոցներ են լսվում, Ջաֆալ Ղուլին ինքն իրեն թեթևակի վիրավորում է և հայտարարում, թե մահափորձը կազմակերպել է Մեհտի Ղուլի խանը: Հենվելով այդ հայտարարության վրա՝ Մադաթովը ձերբակալում է խանի մարդկանցից մի քանիսին: Մեհտի Ղուլի խանը սեփական անձը փրկում է Պարսկաստան փախչելով, իսկ ցարական կառավարությունն էլ, պահը հասունացած համարելով, վերացնում է Ղարաբաղի խանությունը: Երբ 1826-ի հուլիսի կեսերին սկսվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, Աբաս Միրզայի բանակում էր նաև Շուշու փախստական խանը՝ զորքով ու տեղի ապստամբ զորաջոկատներով: Ահա այսպիսին են եղել ժամանակի իրական պատմական անցուդարձերը:

Բայց, ո՜վ զարմանք, 200 տարի հետո Քյուրուքչայի դաշնագիրը բարձրացրել են ազգային տոնի մակարդակի՝ առանց կշեռքի նժարի վրա դնելու այն ճշմարտությունը, որ դրա բուն էության գնահատականը տվել է ցարիզմի նվաճողական քաղաքականությունը կյանք մտցնող Ցիցիանովը: «Լսվա՞ծ բան է աշխարհի վրա, որ ճանճը բանակցի արծվի հետ. ուժեղին հատուկ է հրամայել, իսկ թույլը ծնվել է նրա համար, որ հպատակվի ուժեղին»:

Բայց ինչո՞ւ են երեկվա «ճանճերն» արծիվ դարձած դիմել Քյուրուքչային: Որովհետև ուրիշ հարմար վայր չեն ճարել, որտեղից կարողանան թուրքավարի ոռնոց բարձրացնել «ագրեսիվ ու վտանգավոր» հայ ժողովրդի դեմ: Եվ ահա համազգային տոնահանդեսը բացում է Միլի մեջլիսի պատգամավոր, «գիտության» վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Յաղուբ Մահմուդովը: Նա հանդիսավոր տոնով հայտարարում է ի լուր աշխարհի. «Հարավային Կովկասում, այդ թվում նաև` ներկայիս Հայկական Հանրապետությունում հայերը էթնիկական առումով բնիկներ չեն… Այսօր Հարավային Կովկասի լարվածության հիմնական օջախը, որ առաջացել է հայկական թերաճ պետության ստեղծմամբ, սկսվել է դեռևս 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի միջև բորբոքված նվաճողական պատերազմների ժամանակ՝ երկրատարածքին տիրելու նպատակով: Այդ ընթացքում Ռուսական կայսրությունը Հարավային Կովկասում քրիստոնեական հուսալի հենարան ստեղծելու նպատակով կազմակերպեց հայերի զանգվածային տեղափոխություն Իրանի և Թուրքիայի տարածքներից Հյուսիսային Ադրբեջան և հատկապես Երևանի, Նախիջևանի ու Ղարաբաղի խանություններ: Որպեսզի հայկական ներգաղթյալներին հակադրի տեղական թուրք-մուսուլմանական բնակչությանը, հենց ադրբեջանցիների ժողովրդական տոնի՝ Նովրուզ բայրամի օրը, 1828 թ. փետրվարի 21-ին Նիկոլայ Առաջինը հրապարակեց հրովարտակ` ադրբեջանական հողերի հաշվին Երևանի և Նախիջևանի խանությունները դարձնելով հայկական մարզ: Այդ քաղաքական քայլը Ռուսաստանի կողմից իր տեսակի մեջ հանգուցալուծող ակտ էր, որը թույլ էր տալիս Ադրբեջանի դարավոր տարածքում հիմնավորված հայերին անցնել այդ տարածքը ադրբեջանցիներից մաքրելուն` իրականացնելով դեպորտացիա ու գենոցիդ» («Ղարաբաղ-Քյուրուքչայ -200», էջ 3-4): Իսկ ինչպե՞ս կարող է Մահմուդովը երախտամոռ հայերին չհակադրել նաև իրենց գերագույն մարդասիրությունը: «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-ի մայիսի 29-ին, Հարավային Կովկասի խաղաղության ու բարեկեցության համար, հումանիստական նպատակով հայերին է զիջել ադրբեջանական հնագույն քաղաք Երևանն իր շրջակա տարածքների հետ: Այդպիսով առաջին անգամ Հարավային Կովկասում ստեղծվել է Հայկական պետություն»:

Լրբության բոլոր սահմանները ոտնատակ տվող այս լկտիությանը, որպես եզակի բացառության, մենք պետք է անդրադառնանք հենց իրենց բառապաշարով ու ոճով:

Բարաքյալլա, իշու քուռակներ, դուք միայն զռալը գիտեք։ Գոնե մի անգամ հետ նայեք, թե երկրամասի ժողովուրդներին իր հինգ մատի պես իմացող Ստալինը ինչ է գրել. «Եթե 65 միլիոն ոչ վելիկոռուս բնակչությունից հանենք ՈՒկրաինան, Բելոռուսիան, Ադրբեջանի մի աննշան մասը (այսինքն՝ Հայոց Բաքուն ու Գանձակը- Ա. Հ.), Հայաստանը…, ապա մնում է մոտ 25 միլիոն առավելապես թուրքական բնակչություն, որը մեծ մասամբ պահպանել է անասնապահական տնտեսությունը և նահապետական-տոհմային կենցաղը կամ կիսանահապետական, կիսաֆեոդալական կենցաղի նախնադարյան ձևերից այն կողմ չի անցել (Ադրբեջան, Ղրիմ և այլն), բայց արդեն ներգրավված է սովետական զարգացման ընդհանուր հունի մեջ» (Ի. Ստալին, հ. 5, էջ 28-29: Առաջին անգամ հրապարակվել է 1921 թ. փետրվարի 10-ին «Պրավդայի» թիվ 29-ում):

«Տոհմային կենցաղի նախնադարյան ձևերից» ձեզ ու ձեր մակարդակի ժողովուրդներին ժամանակակից հասարակությանը մոտեցնելու համար Ստալինը մշակեց միջոցառումների ծրագիր՝ առաջին պլան մղելով «տնտեսական, քաղաքական ու կուլտուրական օգնություն ցույց տալու» դեղատոմսը: Ավելի քան 15 տարի Ստալինը գործեց այդ ուղղությամբ, բայց, տեսնելով, որ տեղից չեք շարժվում, դիմեց այլ միջոցի:

1935-ին Ստալինը պատմաբանների մի հանձնաժողով ստեղծեց Դյակոնովի գլխավորությամբ և հանձնարարեց ձեզ համար պատմություն սարքել: Առաջին օրինակը հենց ինքը տվեց՝ պարսից մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևուն հայտարարելով ադրբեջանցի բանաստեղծ: Դրա համար նա նեղություն չի կրել, պարզապես գիտեր, որ միևնույն Գանձակ անունով քաղաք կա և՛ Պարսկաստանում, և՛ Հարավային Կովկասում, որով և հարցը լուծեց: Ադրբեջանցի պարոն դոկտոր-պրոֆեսոր-ակադեմիկոս-գիտության վաստակավորներ, ուշադիր կարդացեք Նիզամու ստեղծագործությունները ու տեսեք, թե Հարավային Կովկասը հիշեցնող որևէ բան, թեկուզ և հետքի մակարդակով, կարո՞ղ եք ճարել այնտեղ: Մենք, որ անցյալ դարի 40-ականներին ենք կարդացել Նիզամուն, նման հետք չենք ճարել: Հույս չդնեք ձեր բարձրացնելիք հերթական դեմագոգիայի վրա. Նիզամին պարսկերեն է գրել և բուն սկզբնագրերը Պարսկաստանում են:

Դյակոնովի գլխավորությամբ գործող պատմաբանների հանձնաժողովն այսօր ձեր տարածքը դարձված Աղվանից աշխարհ աշխարհագրական անունով, երբեմն շրջանառված Հայոց Արևելից Կողմանց պատմությունը, գրչի մի հարվածով նվիրեց ձեզ, և արդեն 50 տարի է, որ ձեր բունիաթովշչինան կողոպտում է մեր պատմությունն առանց նույնիսկ աչք թարթելու: Բայց, իմացած եղեք, որ այդ նենգափոխված պատմության ստեղծման գործում դուք մասնակից չեք եղել, այն ստեղծել են Դյակոնովի հանձնաժողովի պատմաբանները՝ ձեզնից ոչ պակաս նենգափոխումներ կատարելով, և ինչպես ժողովուրդը կասեր, ծամած վիճակում դրել ձեր բերանը: Յամպոլսկին էր, որ հայոց պատմիչ Մովսես Կաղանկատվացուն դարձրեց Գարգար, նրա գրած պատմությունը` գարգարերեն գրված, որը հայ հոգևորականները թարգմանել են հայերեն, իսկ բուն գարգարերեն բնագիրն էլ ոչնչացրել, հետքը կորցրել: Տեսնո՞ւմ եք, որ ձեզնից ոչ պակաս նենգափոխումներով են ձեզ համար պատմություն մոգոնել: Բայց բնորոշն ու խոսունը այն է, որ երկար ժամանակ դուք չեք կարողացել նույնիսկ հասկանալ ձեզ նվիրվածի արժեքը, այդ մակարդակին հետո հասաք: Հիշեք, թե ինչպես էր Միր Ջաֆար Բաղիրովը մտրակահարում ձեր մտավորականներին այն բանի համար, որ 1950-ին ծավալված լեզվաբանական բանավեճի ժամանակ գոնե մեկը չճարվեց ձեր միջից, որ կարողանար առանց տառասխալների մի երկու էջ ներկայացնել: Դուք այդ կեղծված պատմության տերը դարձաք 60-ական թվականներից՝ հանրահայտ Բունիաթովի կնքահայրությամբ, և հասաք սանձարձակության այն աստիճանին, որ այսօր Գանձասարի վանական համալիրը ձեր ժողովրդի մշակույթի կոթող եք համարում:

Դուք միայն նախորդ դարի 50-ականների վերջին ազատագրվեցիք ձեր տոհմացեղային մտածելակերպից, հասկացաք, որ արդեն ձևավորվող ժողովուրդ եք և գլխի ընկաք, որ Ղարաբաղի խանության մասին Միրզա Ջամալի ու Ահմեդբեկ Ջավանշիրի գրած պատմությունները ձեր նախնիների պատմությունն են, տեր կանգնեցիք դրանց ու շրջանառության մեջ դրիք 1959 և 1961 թվականներին:

Տեսնո՞ւմ եք, ձեր հռչակավոր ծնոտի ոսկորի կողքով չենք էլ անցնում: Է՜հ, եթե դուք այսօր 9 միլիոն դոլար եք տալիս, որ «բոքսի» մրցումների ժամանակ ձեր մի պատանու հակառակորդը ստից պառկի մրցագորգին ու հաղթանակ պարգևի ձեր պատանուն, ի՞նչ մի մեծ բան է դրա տասնապատիկը տալ այլազգի մեկին, որ ձեզ համար մոգոնի ծնոտաոսկրաբանական մի զրնգացող տեսություն, որով «ապացուցեք», թե Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության հայերի ծնոտի ոսկորներն իրարից տարբեր են, որովհետև Ղարաբաղի հայերը հայացված թուրքեր են:

Մեր կյանքի 80 տարիներին մենք անընդհատ բախվել ենք ազերթուրքական ստի ու կեղծիքի հետ, բայց երբևէ չենք կարողացել դրանցում հայտնաբերել ճշմարտություն հիշեցնող, բանական մտածողության որևէ հետք: Այս հերթական ոսկրաբանության առնչությամբ մեր չաղ-չաղ աֆերիմները հղելով մեր անփոխարինելի ու հարազատ համշարիներին` փակում ենք այս խոսակցությունը, որպեսզի կարողանանք շարունակել մեր գործը:

Եվ այսպես, արդեն ժամանակն է աչքի անցկացնելու, թե Խորասանից և Պարսկաստանի այլ վայրերից Նադիր շահի` Մուղանի դաշտ մտցրած թրքախոս ցեղերը քաղաքակրթական ի՞նչ ներուժ են իրենց հետ բերել երկրատարածք: Դեռևս անցած դարի 30-40-ական թվականներին իրենց դպրոցական դասագրքերում հպարտորեն գրում էին, թե առաջին բանաստեղծը, որ գրել է ադրբեջաներեն, Վագիֆն է՝ սպանված 1797 թվականին: Մեզ, որ 40-ական թվականների Ղարաբաղի աշակերտներից ենք, ստիպում էին անգիր սովորել այն, այսօր տեսնում ենք, որ Վագիֆի կատարածը նախափորձեր էին միայն՝ հաջողությամբ օգտագործած տառերի առումով: Խանի վեզիրության պաշտոնում Վագիֆին փոխարինած Միրզա Ջամալ Ջավանշիրը, որ հաջողությամբ պարսկերեն ու արաբերեն բանաստեղծություններ էր գրում, Վագիֆից 50 տարի հետո իր «Ղարաբաղի պատմությունը» գրեց պարսկերենով: Նույնիսկ 19-րդ դարի 50-ական թվականներին դեռ չէին կարողացել արաբական այբուբենը հարմարեցնել իրենց լեզվին:

Այդ հարցում մեզ փառավորապես օգնում են հենց իրենք՝ ազերթուրքերը, իրենց դպրոցական դասագրքեր մտցնելով ճշմարտություններ, որոնք ցուցադրում են իրենց քաղաքակրթական մերկությունը: Ահա թե ինչ են գրում 1976-ին տպագրված «Ադրբեջանի պատմություն, դասագիրք 7-8-րդ դասարանների համար»-ում. «19-րդ դ. 30-40-ական թվականներին կատարվեցին ադրբեջաներեն մամուլ ստեղծելու առաջին փորձերը: Բայց այդ փորձերն այն ժամանակ ապարդյուն եղան: Ադրբեջանի կյանքը իր արտացոլումն էր գտնում Կովկասի ռուսական մամուլում: 50-ական թվականներին Ադրբեջանում ստեղծվեցին առաջին տպարանները, բայց դրանք ադրբեջաներեն գրքեր չէին տպագրում» (էջ 147):

Որպես վերոգրյալը հիմնավորող փաստաթուղթ, տողատակին փոքրատառերով տալիս են նաև Ա. Բաքիխանովի՝ 1832 թ. ցարական իշխանություններին ներկայացրած նախագծից մի հատված, որում հիմնավորվում է Բաքվում մուսուլմանական ուսումնարան ստեղծելու անհրաժեշտությունը: Ըստ այդ նախագծի` բացվող ուսումնարանը պետք է բաժանված լինի 3 դասարանի 3 ուսուցչով, մեկը՝ ռուս, երկուսը՝ մուսուլման: «Մուսուլման ուսուցիչները առաջին դասարանում սովորեցնում են այբուբենը, պարսկերեն և թաթարերեն (ադրբեջաներեն- խմբ.) աղոթքներ: Երկրորդ և երրորդ դասարաններում մուսուլման ուսուցիչները սովորեցնում են գրելը, պարսկական քերականություն և տարբեր շարադրություններ…»: Մուսուլմանական բաժնում սովորողների երրորդ դասարանցիների մի մասը «մնում է ինձ մոտ 4-րդ դասարանում՝ արաբերեն և այլ գիտություններ սովորելու համար» (էջ 148):

Ինչպես տեսնում ենք, Բաքիխանովի ներկայացրած ծրագրում դեռևս խոսք չկա «ադրբեջաներենի» ուսուցման մասին, պարսկերենի քերականության, շարադրությունների, արաբերենի ուսուցման կողքին ներկայացվում է ընդամենը ազերթուրքերի լեզվով բանավոր աղոթքներ սովորելու հարցը, նրանց համար դեռ չի ստեղծվել գրավոր խոսք: Թե կոնկրետ ո՞ր թվականին ազերթուրքերը կարողացան արաբական տառերը հարմարեցնել իրենց լեզվին ու գրել իրենց լեզվով, չենք կարող ասել: Հայտնի է միայն, որ ադրբեջաներեն առաջին թերթի առաջին համարը լույս է տեսել 1875-ին` «Աքինչի» («Երկրագործ») վերտառությամբ:

Միայն այն փաստը, որ Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքում արձանագրում են, թե 19-րդ դարի 50-ականներին Ադրբեջանում ստեղծվեցին առաջին տպարանները, բայց դրանք ադրբեջաներեն գրքեր չէին տպագրում, իսկ գրքի մի այլ էջում էլ գրում են, որ ադրբեջաներեն առաջին թերթի առաջին համարը լույս է տեսել 1875-ին, վկայում է այն մասին, որ ադրբեջանցի մտավորականներն արդեն 60-70-ականներին կարողացել են արաբական տառերը հարմարեցնել իրենց լեզվին և մայրենի լեզվով ստեղծել գրավոր խոսք, գրականություն: Իսկ թե լեզվագիտական կտրվածքով ինչ մշակման է ենթարկվել այդ լեզուն, չգիտենք: Միայն անցած դարի 60-ականներին, Ղազարոս Աղայանի ստեղծագործության գիտական հրատարակությունը պատրաստելիս, նրա վաղ շրջանի ստեղծագործություններում տեղ գտած որոշ թուրքական բառերի իմաստները ճշգրտելու համար դիմեցինք Երևանի մանկավարժական ինստիտուտի ադրբեջանական բաժնի ադրբեջաներենի դասախոսի օգնությանը: Վերջինս ոչ միայն չկարողացավ մեր ներկայացրած բառերի իմաստները բացատրել, այլև հայտնեց, թե իրենց լեզվի համար դեռևս բացատրական բառարան չի ստեղծվել: Վերջերս իմացանք, որ 1966 թ. Բաքվում տպագրվել է այդպիսի բառարան:

Իսկ թե ադրբեջանական մտավորականության համառ ջանքերով ստեղծված գրավոր խոսքը, գրականությունը, կրթությունն ու լուսավորությունն ինչ արձագանք ու ընդունելություն գտան ժողովրդական լայն զանգվածների մեջ, 100 տարի առաջ սպառիչ ներկայացրել է ադրբեջանական պոեզիայի փայլուն ներկայացուցիչ Սաբիրը: Ահա այն.

Օխութմրամ, ալ չաքի

Օղուլ մանին դըր, ագար, օխութմրամ, ալ չաքի,

Էյլամայըն դանգասար, օխութմրամ ալ չաքի:

Բաս քի ուշաղ դըր հալա, յախշը յաման

սանմայըր,

Էլմին աբաս օլդըղան, ալդամայըր, գանմայըր,

Քյաֆիր օլա բիր նաֆար, օխութմրամ, ալ չաքի,

Էյլամայըն դանգասար, օխութմրամ ալ չաքի՝


Չեմ կրթելու, ձեռք քաշեք

Եթե իմն է երեխան, չեմ կրթելու, ձեռք քաշեք,

Ինձ մի տանջեք, չեմ կրթելու, ձեռք քաշեք:

Բայց դեռ մանուկ է նա, լավն ու վատը չի

ջոկում,

Ազգին նեցուկ լինելուն կեսկատար է, չի

հասկանում,

Թեկուզ սրիկա ինձ կոչեք, չեմ կրթելու,

ձեռք քաշեք,

Ինձ մի տանջեք, չեմ կրթելու, ձեռք քաշեք:

Այս տողերը հասարակական կյանքում թանձր նստվածք ունեցող խավարի ու հետամնացության դեմ ստեղծված երգիծանք չեն միայն, այլև ներկայացնում են իրականության իսկական պատկերը: Ժողովրդական զանգվածները մտավոր-քաղաքակրթական այս ներուժով են մուտք գործել սոցիալիստական հասարակարգ: Իսկ նրա առաջնորդները 21-րդ դարում այդ ժողովրդի նախնիներին են վերագրում շումերական քաղաքակրթության ստեղծման պատիվը։

Ստալինի հանձնարարությամբ ազերթուրքերի համար այստեղից ու այնտեղից ծաղկաքաղ արված պատմությունը նման ընթացքով հետագայում ևս ինչպիսի զարգացումներ էլ ունենա, մնում է մի պատմություն, որը որևէ առնչություն չունի այդ ժողովրդի անցած ուղու հետ. այնտեղ ամեն ինչ կա, բացի այդ ժողովրդի ներկայությունից: Այդ պատմության մեջ բացակա է ադրբեջանցի կոչվող թուրքը:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ