Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԶԵՐԹՈՒՐՔԵՐԻ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ»` ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ

ԱԶԵՐԹՈՒՐՔԵՐԻ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ»` ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ
01.05.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄՈԳՈՆԵՑԻՆ ԱԶԵՐԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակն է անդրադառնալու, թե ինչպես մոգոնեցին Ադրբեջանի բազմաչարչար պատմության առաջին տարբերակը: Եթե Ստալինը «ժողովուրդների հայր» կոչվելու իրավունք է վաստակել, դա, առաջին հերթին, կապված է «ադրբեջանցի» անվանակոչված ժողովրդի նկատմամբ ունեցած հոգատարության հետ: Ինչպես նախորդ հատվածում նշեցինք, դեռևս 1921 թվականի «կիսանահապետական-կիսաֆեոդալական կենցաղի նախնադարյան ձևերից այն կողմ» չանցած այդ ժողովրդին օգնելու, վեր բարձրացնելու, ժամանակակից կյանքին ինտեգրելու հարցը Ստալինը դարձրել էր կոմունիստական կուսակցության առաջնահերթ խնդիրներից մեկը, որի գործնական շարունակությունը 1935 թ. նրա ստեղծած պատմության հանձնաժողովն էր Դյակոնովի գլխավորությամբ:

Ի դեպ, դեռևս 1934-ի վերջերին Անդրկովկասի 3 հանրապետությունների ներկայացուցիչների հետ մի հանդիպման ժամանակ Ստալինն ասաց, թե ինչո՞ւ Վրաստանի բնակիչները պետք է կոչվեն վրացիներ, Հայաստանի բնակիչները` հայեր, իսկ Ադրբեջանի բնակիչները` թուրքեր. Ադրբեջանի բնակիչներն էլ ադրբեջանցիներ են: Եվ այսպես, մի հարյուրամյակի ընթացքում իրեն մուսուլման համարող ժողովուրդը չորրորդ անգամ անվանափոխվեց և կնքվեց ադրբեջանցի անունով (մուղանցի, կովկասյան թաթար, թուրք, ադրբեջանցի): Ամիսներ հետո, երբ արդեն պատմաբանների հանձնաժողով էր ստեղծել, Ստալինը Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Խանջյանի միջոցով հայ պատմաբաններից պահանջեց, որ իրենց հարևանների համար պատմություն ստեղծեն: Այդ պարտադրանքով Մոսկվա գործուղվեց երիտասարդ պատմաբան Սուրեն Երեմյանը և ընդգրկվեց ստեղծված հանձնաժողովում:

Հանձնաժողովի աշխատանքների առաջին արդյունքները տպագրվեցին 1939-ին` « Записки института востоковедения акад. наук СССР, т. 7 »-ում: Նույն թվականին ՀԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին մի հանդիպման ժամանակ Ստալինը, բեղի տակ ծիծաղելով, հարցնում է, թե ինչպես է իրեն զգում պատմաբան Սուրեն Երեմյանը: Հարությունյանը զարմացած պատասխանում է, թե ինքը նման պատմաբան չի ճանաչում: Ստալինը հակադարձում է, թե ինչպես չգիտի նման մասնագետի, երբ ինքը կարդում է նրա գիտական աշխատանքները, և Հարությունյանի առջև է դնում Երեմյանի հոդվածը: Հոդվածը վերաբերում էր Աղվանից աշխարհի պատմության մի մասնավոր հարցի և սկսվում էր այսպես.

До настоящего времени исследователи не располагают научно-критическим изданием "Истории Албании" Моисея Каланкатуиского, армяноязычного историка нын. Советского Азербайджана. Ценность этого источника, являющегося, как думают, компиляцией двух исторических трудов-VII и X вв.,- для истории Азербайджанской ССР, особенно для периода, предшествовавшего тюркизации ее, общеизвестна. Тем не менее этот источник для истории Азербайджана привлекался исследователями далеко не в достаточной мере. В ряду сообщаемых им фактов обращает на себя внимание рассказ о посольстве князя Албании (нын. Азербайджанской ССР) Вараз-Трдата из династии Михранидов к хазарскому хакану Али-Илитверу" (3аписки института востоковедения акад. наук СССР, т. 7, стр. 129)

Ստալինի հանձնարարած շենքի հիմնաքարն արդեն դրվեց. «Այժմյան Սովետական Ադրբեջանի հայալեզու պատմաբանի պատմությունը»: Հիմնաքարը լիուլի բավարարում էր «ժողովուրդների հորը». Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը» Սովետական Ադրբեջանի պատմությունն է: Արդյո՞ք Երեմյանի այդ հայտնությունը չէ, որ ոգևորեց Ստալինին, և նույն 1939-ին «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի, Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» հետ համամիութենական մասշտաբով տոնվեց նաև Նիզամի Գյանջևու հոբելյանը:

Մնում էր բովանդակություն հաղորդել Երեմյանի մատնանշած պատմությանը, որն անխուսափելիորեն պահանջում էր ելակետային հիմնահարցերի որոշակի սրբագրումներ: Առաջին ելակետային խնդիրն այդ երկրի պատմության դերակատար ժողովրդի հայտնաբերումն էր, և հայկական սկզբնաղբյուրների օգնությամբ հեշտությամբ հայտնաբերվեց այն: Հայկական աղբյուրներում հաճախակի հանդիպող «աղվանից ժողովուրդ» արտահայտության, «Աղվանք» աշխարհագրական անվան հոգնակի սեռականը` «աղվանից»-ը, որն արտահայտում է տվյալ տարածքում ապրողի, գտնվողի իմաստը, «դարձավ» մի առանձին ժողովրդի ինքնանվանում: Եվ այդ ինքնանվանումը դարձավ Աղվանից աշխարհի պատմության ուղեկիցը, այն աստիճանի անբաժան ու անկասկածելի, որ մինչև հիմա շահարկվում է: Իրականում նման անունով ժողովուրդ երբեք չի եղել. Աղվանքը բնիկ հայերեն աշխարհագրական անուն է, աղվանիցը` նրա հոլովաձևը: Մնում է ելակետային մի խնդրի լուծում ևս: Երեմյանի բանաձևած «այժմյան Սովետական Ադրբեջանի հայալեզու պատմաբան» բառակապակցությունից «հայալեզու» արտահայտության արժեզրկումն ու դուրսմղումը, որն էլ «փառավորապես» ու հետևողականորեն իրականացրեց Յամպոլսկին: Նա ոչ միայն պատմական Աղվանքի տարածքային սահմանները հասցրեց Ադրբեջանի Հանրապետության իր ժամանակի սահմաններին, այլև ստեղծեց հատուկ տեսություն, որի համաձայն Մովսես Կաղանկատվացին ազգությամբ աղվան է, նրա պատմությունը գրված է եղել գարգարերենով, հայ հոգևորականներն այն թարգմանել են գրաբար, քաղաքական նկատառումներով կատարել աղավաղումներ, կրճատումներ ու ավելացումներ, իսկ բուն սկզբնագիրն էլ ոչնչացրել են: Ելակետային այս հարցերի լուծումից հետո տեխնիկական հարց էին արդեն Աղվանից աշխարհի մասին տարբեր դարաշրջաններում կուտակված վկայությունների վերամեկտեղումն ու ճշգրտումը, երկրատարածքի պատմաքաղաքական պատմության ստեղծումը:

Պետք է արձանագրել, սակայն, որ Ադրբեջանում շատ ուշ հասկացան, թե Դյուկանովի հանձնաժողովն ինչ էր նվիրել իրենց: Իրենք էլ մեղավոր չէին, որովհետև մինչև 1950 թիվը չունեին մի մտավորական, որ կարողանար առանց տառասխալների մի քանի էջ գրել: Բայց մի թռիչքային զարգացումով, արդեն 50-ականների վերջերին, ոչ միայն հասկացան, այլև տեսան, որ Դյուկանովի հանձնաժողովը մի ճակատագրական վրիպում է թույլ տվել, անտեսել է բուն Ադրբեջանը, որ գտնվում է Պարսկաստանի կազմում: Չէ՞ որ ընդամենը 1918-ին են իրենց մեծ եղբայրները` Թուրքիայի թուրքերը, Արևելյան Անդրկովկասը ևս դաջել «Ադրբեջան» բառով, որպեսզի այն միացնեին նվաճվելիք բուն Ադրբեջանին: Եվ ազերթուրքերը մի նախանձելի փութաջանությամբ իրենց նվիրվածին միացրին բուն Ադրբեջանը ևս:

Դա մի երկրատարածք է, որի պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 4-րդ դարի վերջերից: Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական արշավանքի ժամանակ կործանված Աքեմենյան թագավորության այդ նահանգի սատրապ Ատրոպատին Ալեքսանդրը թողեց իր իշխանության մեջ, չվերացրեց նրա իշխանությունը: Այն պատմության մեջ մտավ պարսկերեն Ատրուպատական, հայերեն` Ատրպատական, արաբերեն` Ադրբեջան անվանումներով, որն իր 2300-ամյա պատմությամբ անսպառ նյութ է տալիս հայոց Աղվանից աշխարհի պատմության հետ համատեղ` ազերթուրքական պատմություն սարքելու համար: Եվ ազերթուրքերը, իրենց ձեռնտու նենգափոխումներով ու պարտաճանաչ աշակերտի փութաջանությամբ, իրար զուգահեռ այդ պատմություններից ստեղծեցին սեփական պատմության առաջին տարբերակը. մի պատմություն, որտեղ ամեն ինչ կա, բացի իրենցից, բացի իրենց պատմությունից:

Բայց ամենից բնորոշն ու զավեշտականն այդ մոգոնված պատմության մեջ տրամաբանության ամենատարրական պահանջի բացակայությունն է: Նրանք իրենց նախնիներ են համարում մաննացիների ցեղային միավորումը, որը դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում ձևավորել էր ինքնուրույն պետություն, կարողանում էր դիմակայել ասորական ագրեսիային, ստեղծել էր զարգացած տնտեսություն ու մշակույթ: Իրենց նախնի են համարում Ատրոպատին ու նրա ստեղծած պետությունը` հարուստ պատմությամբ ու մշակույթով: Իրենցն են համարում Աղվանքը, որը, Աքեմենյան թագավորության կործանումից հետո, ձևավորեց ինքնուրույն, անկախ պետություն, կարողանում էր դիմակայել հռոմեական, բյուզանդական ու Սասանյան Պարսկաստանի կազմակերպած արշավանքներին, հարևան պետությունների հետ պահպանում էր սերտ հարաբերություններ, նրանց հետ համատեղ դիմադրում օտար նվաճողներին, ստեղծում հարուստ մշակույթ: Բայց տարբեր ծագման, տարբեր մշակույթների, կրոնական տարբեր դավանանքների տեր այդ ժողովուրդները, ազերթուրքական գրչի մի հարվածով, այնքան են սերտ հարաբերությունների մեջ մտնում իրար հետ, այնքան են հարազատանում, որ վերածվում են մի միասնական ժողովրդի` մի միասնական լեզվով: Եվ այդ միասնական, միավորող, համահարթեցնող կախարդական զորությանը հանդիպում ենք Ադրբեջանի պատմության դպրոցական դասագրքում` գրված 7-8-րդ դասարանցիների համար:

«XI-XII դարերում հիմնականում ավարտվեց ադրբեջանական ժողովրդի առաջացման պրոցեսը: Ադրբեջանական ժողովրդի առաջացման համար կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի բնակչության լեզվի ստեղծված ընդհանրությունը: Շատ դարերի ընթացքում Ադրբեջանը ենթարկվում էր թրքախոս ցեղերի հարձակումներին, ցեղեր, որոնց մի մասը բնակություն էր հաստատում նրա տերիտորիայում, անցնում էր նստակեցության և աստիճանաբար խառնվում տեղական բնակչության հետ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի բնակչության լեզուներում նկատվում էր թուրքական լեզվի տարրերի ուժեղացում:

Առանձնապես ուժեղ էր թրքախոս քոչվորների ներհոսը XI դարում, երբ երկիրը երկար ժամանակ գտնվում էր սելջուկների իշխանության տակ: Այդ պայմաններում էլ ավելի աճեց թուրքական լեզվի դերը, որն աստիճանաբար սկսեց դուրս մղել հին լեզուները: Ստեղծվում էր երկրի հյուսիսային և հարավային մասերի բնակչության համար ընդհանուր լեզու: Այդ լեզուն դարձավ ադրբեջանական լեզուն, որը մտնում էր թուրքական լեզուների ընտանիքի մեջ» (էջ 51-52):

Վերոհիշյալ այս ձևակերպումներով ինչ հիմնախնդիրներ էին լուծված համարում ազերթուրքերը: Առաջին հերթին նրանք հրաժարվում էին իրենց թուրք լինելուց և մտնում Ստալինի ձևակերպած ադրբեջանցու կեղևի մեջ (իրենց պատմության 2-րդ տարբերակում արդեն նրանք դառնալու են թուրքեր, թուրքերի հետ մի ազգ` երկու տարբեր պետություններով): Բայց քանի որ իրենց լեզուն անժխտելիորեն թուրքական լեզվաընտանիքին էր պատկանում, որը ժխտել չէին կարող, այդ լեզուն համարեցին թրքախոս ցեղերի պարտադրանքի հետևանք, քանի որ երկար ժամանակ գտնվում էին թրքախոս ցեղերի տիրապետության տակ: Մեզ մնում է բացել այդ «երկար ժամանակի» տևողության դռները: Պատմությունից հայտնի է, որ արաբական տիրապետության ժամանակ խալիֆների բանակում ծառայում էին թուրքական ծագմամբ ստվարաթիվ վարձկան զինվորականներ, որոնք տեղական ժողովուրդների հետ շփվում էին միայն պատերազմական նվաճումների առիթներով, որն իր հետ չի կարող բերել մշակութային, առավել ևս լեզվական մերձակցության հետևանքներ: Ասենք, թուրք զորավար Բուղան իր հրոսակներով Ասորիքից մտավ ու նվաճեց Հայաստանը, Վրաստանը, Աղվանքի մի պատկառելի մասը` ամենուր սփռելով ավերածություններ ու կոտորած, ու իրեն տրված հանձնարարությունը կատարած համարելով` վերադարձավ Բաղդադ: Այդ արյուն-ավերածությունների ընթացքում մշակութային կամ լեզվական ի՞նչ հարցեր կարող էին դրվել ու լուծվել:

Դրությունը միանգամայն փոխվում է, երբ թրքալեզու կոչվող ցեղերն են նվաճած երկրներ մտցնում ցեղակիցներին` նրանց ոչխարների համար ապահովելով հարուստ արոտավայրեր: Թրքախոս ցեղերի այդ արշավանքները սկիզբ առան 11-րդ դարից և շարունակվեցին մինչև Նադիր շահը: Դեպի Պարսկաստան թուրքական օղուզ ցեղի ներհոսքներ եղան 1017, 1028, 1031, 1042, 1047 թվականներին: Օղուզներին զուգահեռ ու միաժամանակ տարածքներ էին նվաճում նաև Սելջուկի անունով պատմության մեջ հայտնի սելջուկ թուրքերը, որոնք, Պարսկաստանից բացի, նվաճեցին նաև Անդրկովկասն ու Փոքր Ասիայի մեծ մասը և ավելի քան մեկ հարյուրամյակ իրենց տիրապետության տակ պահեցին այդ երկրները, մինչև արևելքից եկող նվաճողների մի այլ ալիք, թաթար-մոնղոլներ անունով, եկավ ու սելջուկների փոխարեն հաստատեց իր տիրապետությունը:

Սելջուկները իրենց նվաճումների առաջին շրջանում` 1016-1063 թթ. բավարարվում էին ավերումներով, կողոպուտներով ու գերեվարություններով, իսկ 1064-92 թթ. այդ ամենին գումարում էին նաև գրավյալ տարածքների բնակեցումը թուրքմեն ցեղերով:

Եվ ահա, ավելի քան 1300 տարվա ճանապարհ անցած Ատրոպատի հաջորդները, որ ստեղծել էին հարուստ ու ճոխ պատմություն և մշակույթ, ունեին լեզու, որը նման էր ժամանակակից թալիշների լեզվին, մոռացան ամեն ինչ և երբ Արևելքից եկած քոչվորներից լսեցին մի քանի հոդաբաշխ խոսք, մոռացան իրենց ճոխ լեզուն ու դարձան թրքախոս: Բայց այստեղ ևս մի անհրաժեշտ կարկատան են ավելացնում՝ դրությունից չոր դուրս գալու համար:

«Սակայն լեզվի փոփոխությունը ամենևին չէր նշանակում տեղական բնակչության դուրսմղում պատմության ասպարեզից: Ադրբեջանական ժողովուրդը, հանդիսանալով երկրի հին բնակիչների ուղղակի հետնորդը, պահպանեց նրանց պատմական ու կուլտուրական տրադիցիաները» (էջ 52):

Այսքան նենգափոխումների ու կեղծիքների, այսքան արհեստական հարմարեցումների անհրաժեշտություն չէր առաջանա, եթե ժամանակին ազերթուրք մտավորականները քաջություն ունենային վերևներից իրենց քաղաքական հանձնարարություններ ու պատմություն տվողներին հակադարձել, որ իրենք թուրք են, Միջին Ասիայից ներգաղթած թուրքական ցեղերի վերջին ալիքը և ոչ թե բավականին ուշացումով, մեր օրերում խոստովանեին այն և կանգնեին իրենց պատմության նոր տարբերակ ստեղծելու անհրաժեշտության առաջ:

Քանի որ Ադրբեջանի մտավորականությունն ամենահետևողական ու ագրեսիվ համառությամբ «աղվանից ժողովուրդ» հասկացությունն է շահարկում որպես հայ ժողովրդից տարբեր մի այլ ժողովրդի և աներես պնդաճակատությամբ նույնիսկ հազարավոր պատմաճարտարապետական քրիստոնեական հուշարձանների պատերի հայերեն արձանագրություններն իրենցը համարում` չբավարարվելով մեր պատմությունը, պատմական ու մշակութային գործիչներին գողանալով, անհրաժեշտաբար մենք պետք է առանձին դիտարկենք Աղվանից աշխարհի պատմության ու էթնիկական նկարագրի որոշ հարցեր:

Երբ 19-րդ դարի 30-ական թվականներին հայտնաբերվեց Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատությունը, ոչ միայն հայ մտավորական շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացավ դրա շուրջը, այլև թարգմանվեց մի քանի լեզուներով, դարձավ ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմաբանների ուսումնասիրության առարկա, ստեղծվեց պատմագիտության մի մասնավոր ոլորտ` աղվանագիտություն: Աղվանագիտության ելակետը, մանավանդ պատմական ու քաղաքական տեղաշարժերի առումով, դարձան արտաքին, առանձնապես անտիկ շրջանի հունա-հռոմեական աղբյուրները, որոնք ստույգ ու անշրջանցելի տեղեկություններ էին հաղորդում, մանավանդ դեպի Անդրկովկաս հռոմեական արշավանքների առնչությամբ: Բայց այդ տեղեկություններն ուղեկցվում էին անխուսափելի թերիմացությամբ, թյուրիմացությամբ ու հարմարեցումով: Այսպես. մարդկանց ու աշխարհագրական անունները հարմարեցնում էին իրենց լեզվամտածողությանը, և Բակուրը դառնում էր Պակուրոս, Վաղարշակը` Վուլոգես: Այդ տրամաբանությամբ էլ Աղվանքը դարձավ Ալբանիա, որը հետազոտողների համար հիմք դարձավ նման հնչունակապակցությամբ տեղանուններ ճարելու, որով Աղվանքը դարձրին «լեռների երկիր»: Կամ Ստրաբոնը նշում է, թե Աղվանքը 26 տարալեզու ցեղերից կազմված երկիր է, և հետազոտողները, չճարելով այդ ցեղերի հետքերը, հեշտությամբ նրանց ձուլման են ենթարկում` մանավանդ թրքախոս ցեղերի երկրատարածք մուտք գործելու հետևանքով: Մինչդեռ Ստրաբոնից բավականաչափ հետո Պտղոմեոսը լուրջ ճշգրտումներ է մտցրել Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի քարտեզում, որից առաջինն օգտվել է Մովսես Խորենացին: Ներկայացնելով Վիրքին ու Աղվանքին հյուսիսից սահմանակից «Սարմատացոց աշխարհը», Խորենացին հիշատակում է 53 անուն ցեղեր, որոնց կազմում են նաև այն ցեղերը, որ աղվանագետները կապել են Աղվանքի հետ, իսկ Վիրքն ու Աղվանքը ներկայացնում է ըստ գավառների, որպես միատարր էթնոտարածքներ (Ա. Մաթևոսյան, Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», «Չորրորդ գիրք», Ե., 1995 թ., էջ 171): Հունա-հռոմեական աղբյուրներն ինչքան էլ ճշգրիտ ներկայացնեն իրենց զորավարների հաղթարշավների երթուղին, միևնույն է, չէին կարող այդ երկրների ներքին կյանքը ներկայացնել այնպիսի ճշգրտությամբ, ինչպես տվյալ ժողովրդի ներկայացուցիչները։ Դժբախտաբար, աղվանագիտության բնագավառում իսպառ անտեսվել ու մինչև հիմա էլ անտեսված են ներքին, ազգային աղբյուրների հաղորդումները, այն հսկայական նյութը, որ կուտակվել է դարերի ընթացքում:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ