Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԵՆՔ ԱՅՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԱՎԵԼԻ ՍԻՐԵՑԻՆՔ

ՄԵՆՔ ԱՅՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ԱՎԵԼԻ ՍԻՐԵՑԻՆՔ
14.10.2011 | 00:00

Եվ այսպես, ֆուտբոլի «Եվրո-2012»-ի ենթախմբային հանդիպումներն ավարտված են, հայտնի են եզրափակչի մասնակից տասնվեց թիմերից տասներկուսը (մնացած չորսը կորոշվի փլեյ-օֆի արդյունքներով, ու արդեն ամռանը կվայելենք աշխարհում ամենալայն տարածումը գտած հիասքանչ այս խաղի բերկրանքը:
Այո, եվրոպական այս եզրափակիչն էլ կլինի առանց մեզ: ՈՒ թեպետ այս ու այսպես ասելու մեջ ափսոսանքի հետ թաքնված խոր ցավ կա, սակայն ցավի կողքին էլ ներքին ուրախություն կա, ու ահա թե ինչու:
Բանն այն է, որ մինչ այժմ մենք չէինք էլ մտածել (երազելն ուրիշ բան է) ֆուտբոլային նման բարձրակարգ հանդիսությանը մեր հավաքականի հնարավոր մասնակցության մասին (գոնե մերձավոր ապագայում), որովհետև… Այս «որովհետև»-ն իր մեջ շատ որովհետևներ ունի, ու դրանցից ամենագլխավորներից մեկը երկրում համապատասխան մակարդակի ֆուտբոլ չունենալն էր: Մինչդեռ հիմա, հուրախություն բոլորիս, բանն արդեն այլ է:
Այլ է նաև մեր հոգեբանության մեջ տեղի ունեցածի կտրվածքով:
Մենք արդեն հաղթող ենք, ու որքան էլ ծանր են Իռլանդիայի հավաքականից կրած պարտության դառնությունը, Եվրոպայի եզրափակիչ դուրս չգալը, այնուամենայնիվ, պիտի փառք ասել մեր տղաներին ու շնորհակալ լինել նրանց ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլի, մարզական անհաշտ բնավորության, ունեցած հասունության և, ինչու չէ, մեր հոգիները հպարտությամբ լցնելու համար:
Իսկ խաղը խաղ էր` դրամատիզմով, ինֆարկտի հասցնելու աստիճանի լարումով, չնայած նրա դաժան ընթացքին, այնուամենայնիվ, մինչև վերջին պահը խաղավարտի ելքի նկատմամբ փայփայվող լավագույնի ակնկալիքով, խաղի մրցավար Գոնսալեսի պես «թառլան» տղու` խաղը կուրորեն, թե միտումնավոր «վարի» տալու դիտավորությամբ (կներեք, բայց չեմ կարող սեփական մոր նկատմամբ նրա որդիական անսահման սիրուց չխոսել, ով նաև այս կերպ հասավ իր մոր նկատմամբ մի այլ կարգի սիրով աշխարհասփյուռ ողջ հայության լցվելուն):
Սակայն Գոնսալեսին ու իր մորը թողնենք մի կողմ (քիչ էր մնում ասեի` մայրուղուն) ու դառնանք խաղին:
Խաղ էր, ու մենք գնացել էինք մեր խաղը խաղալու:
Գնացել էինք արդար քրտինքով մեր հացը վաստակելու, որ տվյալ պարագայում պիտի լիներ մեր հասանելիք երեք միավորը: Գնացել էինք չկոմպլեքսավորված, գնացել էինք հաղթելու անթաքույց մտադրությամբ, բայց և հասկանալով, որ եթե, Աստված մի արասցե, պարտվենք էլ, ողբերգություն չի լինի, որովհետև հայկական ֆուտբոլի այս փուլում շատ ավելի գլխավորը բռնած ուղեգծի ճշտությունն է, իսկ մենք անվիճելիորեն գնում ենք ճիշտ ուղեգծով:
Այո, գնացել էինք խաղալու, ու մեզ… չթողեցին:
Մեզ անուղղակի հասկացրին, որ մեր մրցակիցը աշխարհի վերջին առաջնության Իռլանդիա-Ֆրանսիա խաղում զոհ է եղել, ու այդ անպատվությունը, «հայեր, ինչ-որ կերպ պիտի ջրենք»:
Ես հիմա, իհարկե, հետին թվով եմ հասկանում, թե ինչու Նիկոլա Սարկոզին հենց Իռլանդիա-Հայաստան խաղից առաջ եկավ Հայաստան, էդքան քաղցր-մեղցր խոսքեր ասաց հայերիս ու ֆրանսիացիների դարավոր բարեկամության մասին, որ Իռլանդիա-Հայաստան խաղից հետո աշխարհի անօրենների հետ ֆրանսիացիներին էլ ձեռքի հետ «փուռը» չտանք մեր ասելիքում, թեպետ ֆրանսիացիներն այստեղ մեղքի իրենց ուղղակի բաժինը չունեն:
Կատակը` կատակ, բայց այս անգամ էլ մեզ զոհասեղան հանեցին (երևի մտածում են` սովոր ազգ ենք, կդիմանանք):
Խաղ էր… չէ, կռիվ էր, ու մենք գնացել էինք մեր կռիվը տալու:
Կռիվը տվեցինք:
Տղամարդո՛ւ պես:
ՈՒ, ինչպես միշտ, էլի անհավասար պայմաններում (բայց այդ ե՞րբ են մեզ հետ հավասար պայմաններում կռիվ տվել):
Ասին` տասնմեկով շատ եք:
Ասինք` տասով կխաղանք:
Ճիշտ է, մի քիչ լոթիություն արեցինք` ասելով` տասով կխաղանք, բայց, էն է-էն է, տասով էլ էր համարյա ստացվում:
Այսինքն` «համարյա»-ն ո՞րն է:
Տասով չէի՞նք, որ գոլը խփեցինք:
Անկեղծ եմ ասում` նյութ գրելուց առաջ երբեք նման դժվարության առաջ չեմ կանգնել, ինչպես հիմա, բայց ուզում եմ տղաներն անվերապահորեն հասկանան ու գիտակցեն, որ մենք իրենց պարտությունից չարացած չենք:
Հակառակը: Մենք այս պարտությունից հետո իրենց ավելի սիրեցինք, ու այս սիրո մեջ խեղճություն չկա, ինչն ամենակարևորն է:
Սիրեցինք ո՛չ նրա համար, որ իրենք մերն են:
Սիրեցինք, որովհետև բնավորություն ցույց տվեցին:
Կամք դրսևորեցին:
Ասացին` մենք մենք ենք, ու մեզ մերկ թևերով չե՛ք վերցնի (վայ, Գոնսալես, ես քո…):
Նախորդ նյութում ես ասել էի, որ, միևնույն է, Եվրոպա գնացողը մենք ենք լինելու ու… չէի սխալվել, որովհետև Եվրոպա գնացողն իսկապես մենք ենք լինելու: Եվրոպա էլ, աշխարհ էլ:
Չե՞ք հավատում. նայեք համաշխարհային մամուլը ու տեսեք` ինչեր են գրում մեր մասին: Էլ` «համակրելի հայկական այդ թիմը», էլ` «հայերը ցույց են տալիս տեխնիկապես գրագետ, ագրեսիվ ֆուտբոլ», էլ` «սա մեծ ներուժի թիմ է, և նրանից սպասելիքներն ապագայում մեծ են», էլ` «մերձավոր ապագայում Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընկերները դեռ իրենց ցույց կտան», էլ` «երբ խիզախ հայերը արցունքախառն աչքերով հրաժեշտ տվեցին, բոլորիս մեջ ինչ-որ բան մեռավ» (նկատի է առնված խաղի ժամանակ եղած անարդարությունը), էլ` «Հայաստանը չի կարողանում երկրորդ համարով խաղալ» (նկատի ունեն մեր հավաքականի հարձակողական ֆուտբոլին դավանելը, ինչը ոչ միայն ավանդույթների շարունակականության վկայություն է, այլև դրանց զարգացում), էլ` «հայերն առաջին հերթին ուժեղ են թիմային խաղով» (գնահատական, որ այնքան էլ տիպական չի եղել մեր ֆուտբոլին):
Ինչևէ: Հիմա ինչ էլ վկայակոչենք, միևնույն է, ամեն ինչ անդարձ անցյալ է, սակայն այդ անցյալի մեջ ապագային միտված հայկական ֆուտբոլի լուսե ուղին է գծագրվում, ինչը նշանակում է շատ ավելի մեծ վստահությամբ նայել մեր ֆուտբոլի վաղվա օրվան:
Իսկ սա ամենակարևորն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ