Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դա կարող էր տեղի ունենալ նաև Հայաստանում»

«Դա կարող էր տեղի ունենալ նաև Հայաստանում»
15.08.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Առաջին անգամ եմ հյուրընկալվում այս հարկի տակ, և թող ոտքս շահեկան լինի Ձեր ակումբի համար»,- երեկ «Իրավունք de facto»-ում այսպես սկսեց իր խոսքը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` հարավկովկասյան տարածաշրջանում վերջին օրերին մոլեգնող դրամատիկ իրադարձությունների շուրջ իր մտորումներն ու դիտարկումները ներկայացնելուց առաջ։
Նշելով, որ չի ուզում նմանվել այն քաղաքական գործիչներին, ովքեր օգոստոսի 8-ից խմորվող իրադարձությունների առնչությամբ շտապեցին հանդես գալ ժամանակավրեպ մեկնաբանություններով՝ «ներքին զգայական հարվածների տրամաբանությամբ», ՀՀԿ փոխնախագահը շեշտեց, որ Հարավային Կովկասում կարևորագույն խնդիրն այս պահին կայունության հաստատումն է, ինչը բխում է անդրկովկասյան երեք հանրապետությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական շահերից։
Այսօրվա դրությամբ իր և այլոց ունեցած ինֆորմացիան համարելով բավականին աղքատիկ՝ հանրապետական գործիչը, այդուհանդերձ, Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգությունը բնորոշեց որպես սպանդ։ «Մի բան պարզ է, որ խաղաղ ազգաբնակչության նկատմամբ ոտնձգություն է կատարվել, տեղի է ունեցել զանգվածային սպանդ, թեև այս պահին դժվար է դա միանշանակորեն որակել որպես ցեղասպանություն, մանավանդ որ մեզանում ցեղասպանություն հասկացությունը մի փոքր այլ է։ Տարիներ շարունակ մենք անընդհատ հիշեցրել ենք, որ մինչև ամբողջ աշխարհն իր վերջնական որդեգրումը չունենա՝ ցեղասպանություններն իրավական տեսանկյունից ճանաչելու ուղղությամբ, նման երևույթները շարունակական կլինեն»,- ասաց բանախոսը, հավելելով, թե վրաց-օսական և այս հողի վրա վրաց-ռուսական ռազմական հակամարտության հետևանքներն ավելի լուրջ են լինելու, քան կարելի է սպասել, որովհետև փոփոխման միտումներ են դրսևորում մեր տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացները։ «Եթե այս պարագայում ԱՊՀ կառույցներն իրենց դիրքերում լինեին և լինեին ուժեղ, կարծում եմ՝ բախման ավելի մեղմ տարբերակների ականատեսը կլինեինք այսօր»,- եզրահանգեց Գալուստ Սահակյանը, ընդսմին պատահական չհամարելով, որ վրաստանյան թեժ իրադարձություններին անմիջապես արձագանքեց Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու, ոչ այս-ոչ այն, առաջարկեց ստեղծել Հարավկովկասյան միություն՝ Եվրամիության կրկնությամբ, որտեղ առանցքային դերակատարում կունենա, բնականաբար, Թուրքիան։ Սա նշանակում է, որ մեր անհանգիստ տարածաշրջանում ազդեցության գոտիների վերաբաշխման նոր գործընթացներ են ընթանում, և մոտ ապագայում, ըստ բանախոսի, պարզ կդառնա արդեն, թե Հարավային Կովկասում սեփական շահերին հետամուտ գերտերություններից որին կհաջողվի ուժեղացնել սեփական ազդեցության տնտեսաքաղաքական լծակները։
Ինչ վերաբերում է վերջին զարգացումների համապատկերում ուրվագծվող հայ-վրացական հարաբերությունների «դինամիկային», ՀՀԿ փոխնախագահն այս հարթության մեջ որևէ լուրջ փոփոխություն չարձանագրեց, նշելով, թե հայ և վրաց ժողովուրդները ոչ միայն պատմական խոր աղերսներով են կապված միմյանց հետ, այլև տնտեսական ու աշխարհաքաղաքական գլոբալ շահերով։ «Պատահական չէ, որ վերջին իրադարձություններից հետո անմիջապես խուճապի մատնվեց նաև մեր ժողովուրդը, երբ կարճ ժամանակով ընդհատվեց Վրաստանից Հայաստան ներկրվող ապրանքների հոսքը, և մարդիկ մեկ անգամ ևս վերհիշեցին շրջափակման ծանր տարիներն ու դրանց հետևանքները»,- ասաց հանրապետական պատգամավորը, հընթացս եզրահանգելով, թե «կարող ենք ավելի դրական դիրքորոշումներ ունենալ, եթե միաբանվեն ու համատեղվեն բոլոր քաղաքական ուժերը»։
Խուսափելով հերթական անգամ իր ուսերին գուշակի առաքելություն վերցնելուց, Գալուստ Սահակյանը, այնուամենայնիվ, հիշեցրեց ոչ վաղ անցյալի վերլուծությունների արդյունքում իր արած այն հետևությունը, թե գունավոր հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմն ու նրա առաջնորդը երկիրը կարող են հասցնել աղետի եզրին։ «Դա կարող էր տեղի ունենալ նաև Հայաստանում, բայց, ի պատիվ մեր ժողովրդի, ի պատիվ մեր քաղաքական ուժերի, կարողացանք դիմագրավել դրան»,- գոհունակությամբ ընդգծեց «Իրավունք de facto» ակումբի հանրապետական հյուրը և հատուկ շեշտեց, թե վրաց-օսական հակամարտության արդյունքում սկիզբ առած գործընթացները «կապ չեն ունենալու Ղարաբաղի հետ»։
Հակադարձելով արմատական ընդդիմության այն պնդումներին, թե Հայաստանի իշխանությունները չափազանց պասիվ դիրքորոշում են որդեգրել Հարավային Կովկասում ընթացող վերջին գործընթացների նկատմամբ, Գալուստ Սահակյանը հետևյալ դիտարկումը ներկայացրեց լրագրողներին. «Կարծում եմ` Հայաստանի դիրքորոշումն այսօր բավականին հստակ ու պարզ է և ոչ երբեք պասիվ, ինչպես կարծում են որոշ ընդդիմադիր գործիչներ։ Մենք, նախ, ընդհանրապես նման խնդիրներում միջամտելու գործիքներ չունենք, սակայն մեր պետության ձգտումը հորդորով, դիվանագիտական ճանապարհներով կայուն գործընթացներին նպաստելն է ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ Հարավային Կովկասում։ Այս պարագայում Ադրբեջանն իր նախընտրական քարոզչությունը նորից կառուցեց բազմաթիվ զոհերի նկատմամբ անպատիվ մոտեցումներ ցուցաբերելով և անմիջապես արձագանքելով տեղի ունեցածին: Այդուհանդերձ, մենք պետք է կարողանանք ոչ միայն զգույշ լինել, այլև՝ շատ համարձակ, և մեր կեցվածքը պետք է խառնաշփոթի չվերածվի, ինչպես դա նկատեցինք քաղաքական որոշ գործիչների վարքագծում: Պիտի կարողանանք չվնասել միջպետական մեր հարաբերությունները»:
Ասուլիսին ներկա լրագրողներին հուզող հարցերից ամենահամառը, թերևս, հետևյալն էր. ինչո՞ւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չընդհատեց իր օլիմպիական «տուրնեն» Չինաստանում և անհապաղ չվերադարձավ Հայաստան, ինչպես դա արեց ՌԴ էքսնախագահ, վարչապետ Պուտինը:
«Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էստեղ էր, մտածեցինք, որ ինքը կկարգավորի հարցը,- լրջմիտ սարկազմով հարցը «ջրեց» Գալուստ Գրիգորիչը, հետո էլ ավելացրեց, թե նախագահի շուտափույթ վերադարձի անհրաժեշտության իմաստը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ:- Ի՞նչ է, հարձակվել էին Հայաստանի վրա, և մենք էլ անտե՞ր էինք մնացել...»:
«Գոնե անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին հետ ուղարկեին»,-
չնահանջեցին լրագրողները:
«Է, թող ուղարկեին»,- ասաց Գրիգորիչը:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ