«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակաբայեցիների առաջին և երկրորդ գրքերը

Մակաբայեցիների առաջին և երկրորդ գրքերը
18.09.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Եվ պատերազմական կարգի համաձայն` քաջ տղամարդկանց հիշատակության արժանի գործերը շարունակ կրկնում էր նրանց առաջ, որովհետև հենց ինքն էլ (ս. Վարդան Մամիկոնյանը` Հայոց սպարապետը) մանկությունից տեղյակ էր Սուրբ Կտակարաններին։ Եվ ձեռքն առնելով Մակաբայեցոց քաջ նկարագիրը` կարդում էր, որ բոլորը լսեն, և հորդառատ խոսքերով նրանց հասկացնում էր գործերի հանգամանքները, թե ինչպես մարտնչելով կռվեցին աստվածատուր օրենքների համար Անտիոքացիների թագավորի դեմ։ Թեպետ և նրանք նույն պատերազմի մեջ իրենց մահը գտան, բայց նրանց քաջ անունն անմոռաց մնաց մինչ այսօր ո՛չ միայն երկրի վրա, այլև երկնքում։ Հիշեցնում էր զորականներին նաև այն, թե ինչպես Մատաթիայի ազգատոհմը քակտվեց-անջատվեց նրա միաբանությունից, հնազանդվեցին թագավորի հրամանին, մեհյաններ շինեցին, պիղծ զոհեր մատուցեցին, Աստծուց շեղվեցին և մահվան պատիժ ստացան սուրբ միաբանվածների ձեռքով։ Իսկ Մատաթիան և նրա հետ եղածներն ամենևին չվհատվեցին և չթուլացան, այլ է՛լ ավելի զորացան և երկար ժամանակ ձեռնամուխ եղան պատերազմի գործին։ Այս պատմում էր և տեղնուտեղը դաշտում տեղավորում զորքը և բոլոր կողմերից հետզհետե կարգավորում այրուձին»։ (Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին»)։
«Մակաբայեցիների» այս երկու գրքերը չեն մտնում հրեական կանոնական ցուցակի մեջ, իսկ սուրբ Հերոնիմոսը և նրան հետևած բողոքականները դրանք դասեցին պարականոն գրվածքների շարքը: Այնուամենայնիվ, Եկեղեցու հայրերը վկայակոչել ու կարևորել են այդ գրքերը՝ չորրորդ դարի վերջում ընդգրկելով կանոնական գրքերի ցուցակի մեջ: Սակայն սրանց շուրջ ծավալված բանավեճերը կաթոլիկական աշխարհում դադարեցին միայն Տրիդենտինյան վեհաժողովից հետո: Լյութերն ափսոսանք է հայտնել «Մակաբայեցիների» առաջին գրքի ոչ կանոնական բնույթի վերաբերյալ:
Միայն այս երկու գրքերն են, որ մեզ տեղեկություններ են հաղորդում հելլենիստական շրջանի հրեա ժողովրդի պատմության վերաբերյալ, թեպետ և ընդամենն ընդգրկում են Հովհաննես Հյուրկանոսի (ն.Ք. 176-134 թթ.) գահակալության կեսդարյա ժամանակաշրջանը: Այդժամ հրեությունը գտնվում էր Սելևկյանների իշխանության տակ, որոնց կայսրության սահմանները տարածվում էին Միջերկրական ծովից մինչև Իրանական սարահարթ: Մայրաքաղաքն Անտիոքն էր: Սակայն այս կայսրությունը հռոմեական ու պարթևական ճնշման տակ և գահի համար ժառանգների միջև մղված պայքարի պատճառով թուլանում է:
Գրքերի թեման միանման է. Հուդա Մակաբայեցին և իր եղբայրներն Աստծու օգնությամբ վերականգնում են ազգային ինքնավարությունն ու պաշտամունքի ազատությունը, որոնք Անտիոքոս Դ-ն (ն.Ք. 175-164 թթ.) փորձում էր ճնշել: Սակայն պատմություններն անկախ են միմյանցից և միևնույն ժամանակաշրջանը չեն ընդգրկում: Երկուսն էլ մեզ հասել են հունարենով, որը և երկրորդ գրքի բնագրային լեզուն է:
Այս գրքերի անցքերը թվագրվում են ըստ սելևկյան լուսնային-արևային օրացույցի, բայց առաջին գիրքը սովորաբար հետևում է աշնանային թվարկությանը (ընդհանուր պատմական ժամանակագրության հարաբերությամբ տարեթվերի ու ժամանակային ավելի մեծ հատվածների (դարեր) որոշման համակարգ, որով ժամանակի հաշվումը սկսվում է պայմանականորեն սահմանված որևէ պատմական պահից), որը համահունչ է մակեդոնյան-անտիոքյան ժամանակաշրջանին համապատասխանող ն. Ք. 312 թ. (ըստ հուլյան տոմարի) հոկտեմբերի 7-ին: Իսկ երկրորդ գիրքը հետևում է գարնանային թվարկությանը. ժամանակաշրջանը տեղափոխվում է ապրիլի 1 (ըստ հուլյան տոմարի` ն. Ք. 311 թ. ապրիլի 3): Այս թվարկությունը կիրառում էին Բաբելոնում ու Երուսաղեմի Տաճարում: Այս գարնանային թվարկությանն են հետևում նաև Ա Մակաբ. Ա 57, Բ 70, Դ 52, Թ 3 և 54, Ժ 21, ԺԳ 41 և 51, ԺԴ 27 և ԺԶ 14:
Միայն Ա «Մակաբայեցիների» գրքի բնագիրն է ամփոփված Սինայական ձեռագրում, իսկ Ա և Բ գրքերի բնագիրը՝ Ալեքսանդրյան ձեռագրում և բազմաթիվ երկրորդական ձեռագրերում: «Մակաբայեցիների» Ա գիրքը մեկնել է հրեա նշանավոր պատմագիր Հովսեպոսը (37-100) (ում երկերում, ի շարս այլոց, արժեքավոր տեղեկություններ կան Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի և Տրդատ Ա-ի ժամանակաշրջանների վերաբերյալ։ Հայաստանի և հայերի մասին նրա տեղեկություններն արժանահավատ են և հակասում են հունա-հռոմեական հեղինակների միտումնավոր տեղեկություններին) իր «Հրեական հնախոսություն» (XII-XIII) գրքում: Նրա մեկնությունը ժամանակ առ ժամանակ օգնում է մեզ շտկելու բնագիրը, սակայն Հովսեպոսը ծանոթ չի եղել «Մակաբայեցիների» Բ գրքին:
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Մակաբայեցիների» առաջին գիրքը ստեղծագործությունների եռերգություն (նույն հեղինակի երեք գրական ստեղծագործությունները, որոնք իրար հետ կապված են ընդհանուր գաղափարով և թեմատիկ հաջորդականությամբ) է, որը նկարագրում է Հուդա Մակաբայեցու և նրա եղբայրների՝ Հովնաթանի ու Շմավոնի սխրանքը: Շմավոնը նա է, ով հիմնեց Հաշմունյանների տոհմը: Առաջաբանից հետո, ուր խոսվում է Ալեքսանդր Մեծի ու նրա հետնորդների, ինչպես նաև հրեաներին հելլենիստական սովորություններ ու պաշտամունք պարտադրելուն ուղղված Անտիոքոս Դ-ի արած փորձերի (Ա Մակաբ. Ա) մասին, նկարագրվում է Մատաթիա քահանայի ու նրա որդիների ապստամբությունը (Բ գլուխ):
Նրա երրորդ որդին՝ Մակաբե մականվամբ Հուդան, ինքն իրեն հռչակում է զորապետ և վեց տարի շարունակ (ն. Ք. 166-160 թթ.) գլխավորում պայքարը (Գ-Թ 22): Նա նախ և առաջ արշավում է Լյուսիասի և Արևելյան Եփրատի վրա, քանզի Անտիոքոս կայսրը հարձակվել էր Պարսից աշխարհի վրա (Գ-Դ 35): Այնուհետև պատմվում է Անտիոքոսի պղծած Տաճարի սրբագործման և հարևան ցեղերի վրա հարձակվելու մասին (Դ 36-5): Այս պատմությանը հաջորդում է Անտիոքոս Դ-ի մահվան պատմությունը (Զ 1-16): Բ Մակաբայեցիների գրքի հերթականությունը ճիշտ հերթականություն է (Թ գլուխ՝ Անտիոքոսի մահը և Ժ գլուխ՝ Տաճարի սրբագործումը), սակայն սա ևս խառնաշփոթությունից զերծ չէ (օրինակ՝ ԺԱ գլխի նամակները):
Լյուսիասի երկրորդ արշավանքը, որ կատարվեց Անտիոքոս Դ-ի որդի Անտիոքոս Ե-ի օրոք, պսակվում է Հուդայի հաղթանակով (Զ 17-63): Սակայն Սելևկոս Դ-ի որդի Դեմետրիոս Առաջինը խլում է իր եղբորորդու՝ Անտիոքոս Ե-ի գահը և Բաքիդեսին նշանակում Լյուսիասի տեղը: Սրանք երկուսով քահանայապետ Ալկիմոսի հրահրմամբ քշում են Հուդայի կողմնակիցներին: Բայց Հուդան փայլուն հաղթանակ է տանում Նիկանորի հանդեպ, որին թագավորը Հուդայի երկրի հրամանատար էր նշանակել (Է գլուխ): Բ «Մակաբայեցիների» գիրքն ավարտվում է Նիկանորի մահվամբ (ն. Ք. 160 թ. մարտի 28): Իսկ Ա «Մակաբայեցիների» գիրքը, հռոմեացիներին հասցեագրած զարմանալի գովաբանությունից հետո (Ը գլուխ) պատմում է այն մասին, թե ինչպես Բաքիդեսը վերադառնում է իր երկիր, և թե ինչպես Հուդան փառավոր կերպով նահատակվում է անհավասար մարտում (Թ 1-22):
Գրքի երկրորդ մասում (Թ 23-ԺԲ) մենք հանդիպում ենք Հովնաթանին (160-143), որն օգուտ է քաղում, մի կողմից, Դեմետրիոս Ա-ի և նրա որդի Դեմետրիոս Բ-ի, մյուս կողմից՝ Ալեքսանդր Բալասի և Եպիփանոսի թոռան, ապա Տրիփոնի միջև ծագած վեճերից: Տրիփոնը կառավարում է նախ Ալեքսանդրի կրտսեր որդու՝ Անտիոքոս Զ-ի, ապա իր անունից: Հովնաթանը, որին Ալեքսանդրը 152 թ. քահանայապետ էր նշանակել, հարում է Տրիփոնին, սակայն վերջինս նրան նենգությամբ ձերբակալում է: Նրա տեղը զբաղեցնում է Շմավոնը: Սակայն նա չի կարողանում խանգարել Տրիփոնին՝ իր եղբորը սպանելու (143 թ. վերջերին, նախքան սրա՝ Ասորիք վերադառնալը) (ԺԳ 23-24): Բացի այս ողբերգական դեպքից, երրորդ մասը, որ նվիրված է Շմավոնին, հաճելի պատմություն է (ն. Ք. 144-134) (ԺԳ-ԺԶ գլուխներ): Շմավոնն ամրացնում է հրեական քաղաքներն ու նվաճում Հոպպեն, Գազարան ու Երուսաղեմի միջնաբերդը (ն. Ք. 141 թ. հունիս) (ԺԳ 51): Իսկ ն. Ք. 142 թ. մայիսին նա վերականգնում է հարաբերությունները Դեմետրիոս Բ-ի հետ, որը հաստատում է ն. Ք. 145 թ. կնքված պայմանագիրը (ԺԳ 35 և ԺԱ 30): Ն. Ք. 139 թ. պարթևները գերում են Դեմետրիոս Բ-ին: Իսկ վերջինիս որդի Անտիոքոս Է-ն հետևում է հոր օրինակին (ԺԵ 1), բայց Տրիփոնից ազատվելուց հետո Շմավոնի դեմ է դուրս գալիս (ԺԵ 25-41): Շմավոնը խորին ծերության էր հասել, ուստի և իշխանությունը հանձնում է իր որդի Հովհաննես Հյուրկանոսին: Հովհաննեսը ջախջախում է Կենդեբոսին, որին Անտիոքոս Դ-ն նշանակել էր ծովեզերքի կառավարիչ (ԺԶ 1-10): Այդ իրադարձությունից հետո քիչ ժամանակ անց Շմավոնը սպանվում է իր փեսայի ձեռքով, սակայն Հովհաննեսը խափանում է Շմավոնի դեմ լարած որոգայթներն ու իշխանությունն իր ձեռքը վերցնում (ԺԶ 11-24): Շմավոնը վերահաստատել էր դաշինքը Սպարտայի ու Հռոմի (ԺԴ 16-24, ԺԵ 15-24) և կապեր հաստատել Միջերկրական ծովի արևելյան քաղաքների հետ:
ԹՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՐԱԿԱՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հեղինակն իր ստեղծագործությունն ավարտում է քահանայապետության ժամանակների մատյանի վկայակոչումով, ուր գրի են առնված Հովհաննեսի սխրանքներն ու բարի գործերը, ինչը ենթադրել է տալիս, որ այս աղբյուրն օգտագործվել է Հովհաննեսի մահից (ն. Ք. 104 թ.) հետո: Սակայն Ա «Մակաբայեցիների» գիրքը կազմողը զգալ չի տալիս, որ ինքն իրադարձություններից հեռու է եղել, և, անկասկած, այս գիրքը կազմվել է ն. Ք. 100 թ., բայց ամեն դեպքում` նախքան հռոմեական տիրապետությունը: Այլապես հռոմեացիների գովաբանությունը (Ը գլուխ) ն. Ք. 63 թ. հետո տարօրինակ կլիներ:
Հեղինակը պաղեստինցի հրեա է, որն ընդօրինակել է հին պատմական ստեղծագործությունների ոճը: Ինչ վերաբերում է հունարեն բնագրին, ապա գրեթե ապացուցված է, որ այն թարգմանվել է եբրայերենից:
Հաշմունյանների օրոք կայացած եբրայական վերածննդի մասին վկայում է Կումրանի գրականությունը (արամերենով են կազմված միայն միդրաշներն ու պատվիրանները): Պատմության ըմբռնման կերպը խոսում է հրեա ազգի պահպանողական ոգու մասին: Մարգարեների ժամանակաշրջանն արդեն ավարտվել էր, և գոյություն չունեին վախճանաբանական ու մեսիական հեռանկարներ (այդժամ դրանք գոյություն ունեին միայն ժողովրդական ու հայտնութենական գրականության մեջ): Բ «Մակաբայեցիների» հեղինակի ուշադրությունը գամված է նախ և առաջ Տաճարին, մինչդեռ Ա «Մակաբայեցիների» հեղինակի մշտական խնդրո առարկան է օրենքը, որից չի տարանջատվում ՈՒխտը. եթե հրեաները պահեն օրենքը, մերժեն հեթանոսական սովորությունները՝ ընդհուպ իրենց անձերը զոհելու աստիճան, ապա կհասնեն ՈՒխտի խոստացած բարիքներին: Եվ եթե Աստծու անունը պարապ տեղը չհիշատակվի, ապա հաղթանակը միմիայն «երկնքից» կգա: Ա «Մակաբայեցիներ» գրքի հեղինակը Հաշմունյանների կողմնակիցներից է: Սակայն նա կարծես ծանոթ չէ մի կողմից` փարիսեցիների, իսկ մյուս կողմից` սադուկեցիների ու իշխանավորների միջև առկա հակասություններին: Նա իր խոսքում գովում է խասսիդյանների աղանդը, սակայն ոչինչ չի ասում նրանցից առաջացած եսսենացիների աղանդի մասին: Ըստ Հովսեպոսի, Հովնաթանի օրոք գոյություն են ունեցել փարիսեցիներ, սադուկեցիներ և եսսենացիներ: ՈՒստի և մոլեռանդությունից զերծ այս բարեպաշտությունը մեր այս հեղինակին դարձնում է Հին Կտակարանի մնայուն արժեքների ճշմարիտ վկա:
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ, ՀԵՂԻՆԱԿԸ
«Մակաբայեցիների» երկրորդ գիրքը «Մակաբայեցիների» առաջին գրքի շարունակությունը չէ. պատմությունը սկսվում է նախքան Անտիոքոս Դ-ի գահակալությունը և ավարտվում մինչ Հուդա Մակաբայեցու մահը: Սակայն Հուդայի ազգային ասպարեզ իջնելուն նախորդող իրադարձություններն այս գրքում անհամեմատ ընդլայնված են: Գիրքը հինգ գլուխներից բաղկացած երկասիրության ամփոփումն է, որ Հասոն Կյուրենացին (ըստ Բ Մակ. Բ 24-ի «Ահա այս բոլորի մասին հանգամանորեն և ժամանակին գրված է Հասոն Կյուրենացու գրքի 5 գլուխներում։ Այս ամենն աշխատեցինք մի գրքում համառոտակի վերարտադրել») նկարագրել է անցքերին մոտ ժամանակում, այսինքն՝ ն. Ք. 160 թ. քիչ անց: Հասոն գրագիրը Կյուրեն քաղաքից է և լավագույնս իրազեկված Երուսաղեմի իրավիճակին, սելևկիացիների միջավայրին ու պետական ծառայողներին, նրանց կոչումներին: Կրթվել է հելլենիստական մշակույթով, բայց եղել է ջերմեռանդ հրեա հավատացյալ: Նա ամեն պահ հիշատակում է Աստծուն՝ մանավանդ աղոթքների մեջ, որոնք ասում է ճակատամարտերից առաջ ու հետո: Խստագույնս նախատում է իր կրոնի հակառակորդներին: Հասոնի գրքերն օգտագործած հեղինակը, ինչպես նաև ինքը` Հասոնը, անհայտության մեջ մնացին: Այս աշխատանքը վերարտադրվեց իր ժամանակի համար հայտնի եղանակներով, այնպես որ դժվարանում ենք զանազանել այն մասերը, որոնք Հասոնի կամ հեղինակի գրչից են ելել: Մենք համաձայնության ենք եկել «Մակաբայեցիների» երկրորդ գրքի հեղինակի մասին խոսել եզակի թվով: Մենք երախտապարտ ենք նաև այս գիրքն ի մի բերողին՝ տեքստում ներմուծված յոթ նամակներից առաջին երկուսն արամերենից կամ եբրայերենից թարգմանելու համար: Բ «Մակաբայեցիների» գրքի սկզբում զետեղված այս երկու նամակներում նա խորհուրդ է տալիս հանդիսավոր կերպով նշել Տաճարի օծումը, որը նրա պատմության կենտրոնական տեղն է զբաղեցնում (Ժ 1-8): Նորագույն նամակի թվագրությունը համապատասխանում է ն. Ք. 124 թ., իսկ գիրքը կազմվել է ավելի ուշ:
ՀԵՂԻՆԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինակը պատմությանը նայում է որոշակի նպատակ հետապնդող աստվածաբանական մտածողության տեսանկյունից: Բոլոր իրադարձությունները նրա մոտ մեկնաբանված են որպես Աստծու կամքի հետևանք. սա չի սահմանափակվում հալածիչների, դավաճանների պատժով ու ամբարիշտ թշնամիների պարտությամբ, այլ ընդգրկում է նաև հրեաներին ուղիղ ճանապարհ հանող իրադարձությունները: Հուդա Մակաբայեցու հաղթանակները, ըստ նրա, նահատակների` տառապանքների գնով աստվածային բարեհաճությանը կրկին արժանանալու նշանն են: Նկարագրված իրադարձություններին ուղեկցող քարոզից դասեր ու խրատներ ենք քաղում:
ՈՒստի պատահական չէ, որ «Մակաբայեցիների» գրքերը մեծ հեղինակություն են վայելել նաև հայ իրականության մեջ: Ե դարի մեծանուն հեղինակ Եղիշե վարդապետը հաղորդում է, որ հայ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու նպատակով Վարդան Մամիկոնյանն Ավարայրի նշանավոր ճակատամարտից առաջ նրանց համար այս գիրքն էր կարդում:
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ