Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայաստանում գունավոր հեղափոխություն ծրագրելու մարմաջով տառապողները պետք է հանգստանան»

«Հայաստանում գունավոր հեղափոխություն ծրագրելու մարմաջով տառապողները պետք է հանգստանան»
21.04.2009 | 00:00

«ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԸ»
«Կարծում եմ` Լարիսա Ալավերդյանը խմբակցության հրաշալի ղեկավար է, ու բարձր եմ գնահատում նրա գործունեությունը: Մեր կուսակցությունում ընդունված է արագ փոփոխությունների եղանակը, ուստի արժե, որ բոլորը տարբեր կարգավիճակներով փորձեն իրենց ներուժը: Չէի ցանկանա վերադառնալ խմբակցության ղեկավարի կարգավիճակին, առավել ևս, որ Լարիսա Ալավերդյանն ինձնից լավ է կատարում այդ աշխատանքը»,- մեզ հետ զրույցի սկզբում պատասխանելով` «հնարավո՞ր է` կրկին ստանձնեք խմբակցության քարտուղարի հարցին պաշտոնը», ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ով վերջերս է վերադարձել լոնդոնյան գործուղումից:
-Շուրջ 12 շաբաթ Լոնդոնում էիք: Այս ընթացքում «Ժառանգության» ծավալած գործունեությունն ու ընդունած որոշումները Ձեզ համար ընդունելի՞ են:
-Նախ` նշեմ, որ գործուղումը եղել է բացառապես Միացյալ Թագավորության արտգործնախարարության, Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, որի մեջ ընդգրկված էին վերլուծական, հետազոտական կենտրոններ, ՀԿ-ներ և այլն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ունեցել եմ տարբեր բրիֆինգներ, ելույթներ։ Գործուղման ողջ ընթացքում հետևել եմ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլին: Իրավիճակին ծանոթ լինելով` զերծ եմ մնացել վերջնական կարծիք հայտնելուց, քանի որ հասարակական տրամադրություններից բավականին հեռու էի ու չէի կարող այդ զարկերակը զգալ: Կարծում եմ` «Ժառանգության» ընդունած որոշումը` չմասնակցելու ավագանու ընտրությանը, ստեղծված իրավիճակում ամենաիմաստուն որոշումն էր:
-Ասացիք` Լոնդոնում ելույթներ եք ունեցել ղարաբաղյան հակամարտության թեմայով։ Բրիտանացի քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն իրազե՞կ են խնդրին։
-Խոսեմ նախ այն ընկալումների մասին, որոնք գոյություն ունեն Արևմուտքում, մասնավորապես, Անգլիայում: Այստեղ ոչ ադեկվատ վերաբերմունք է ձևավորվել ոչ միայն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, այլև ընդհանրապես: Գուցե սրա հետևանքով էլ հաճախ մեղադրում ենք արևմտյան փորձագետներին, դիվանագետներին` մեր տարածաշրջանում ինչ-ինչ շահեր հետապնդելու համար: Այսուհանդերձ, նրանք կարծում են, թե տարածաշրջանում այսպիսի դինամիկ զարգացումների պայմաններում հնարավոր է խուսափել պատերազմների կրկնությունից: Ապրիլի 1-ին ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ունեցած իմ ելույթում ընդգծել էի նոր պատերազմներից տարածաշրջանն ապահովագրելու անհրաժեշտությունը` երկու տարվա կտրվածքով վերլուծելով հրադադարի պայմանագրի խախտման դեպքերը: Փորձագետների համար ակնհայտ դարձավ, որ չնայած, մի կողմից, ունենք բավականին ողջունելի, հույսեր ներշնչող հայտարարություններ, մյուս կողմից էլ` բացասական դինամիկա, ինչի վկայությունը շփման գծում հրադադարի պարբերական խախտումներն են, երբ ուղղակի թիրախ են դառնում նաև մոնիտորինգ իրականացնող եվրոպացի դիտորդները։ Այսպիսով, շատ դեպքերում առաջնորդվելով վիրտուալ փաստաթղթային հենքով, միջազգային փորձագետների գնահատականները լինում են ոչ ադեկվատ, քանի որ հստակ չեն ընկալում Ադրբեջանի տրամադրվածությունը։ Ստորագրված հռչակագրերի, համաձայնագրերի ազդեցությունն իրականում տեղի ունեցող գործընթացների վրա գրեթե զրոյական է։ Լոնդոնի միջազգային հարաբերությունների ինստիտուտ բանախոսելու էր հրավիրված նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։ Բանավեճի արդյունքում պարզվեց, որ մոսկովյան հռչակագրի ընդունումից հետո էլ ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են ռազմատենչ հայտարարություններ անել։ Նկատեմ, որ Արևմուտքում կա ոչ հիմնավոր լավատեսություն, թե հիմնախնդիրը մոտ ապագայում շատ արագ կլուծվի։ Ավելին, այնտեղ կարծում են, թե Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման ռիսկեր չկան։
-Մինսկի խմբի համանախագահները ևս լավատեսական հայտարարություններ են անում, թե հիմնախնդիրն առաջիկայում կլուծվի։ Միգուցե նման հիմքեր կա՞ն։
-Համանախագահներն ի պաշտոնե պարտավոր են լավատեսական հայտարարություններ անել, ապահովել համապատասխան ֆոն` նախագահների բանակցությունների ու միջազգային հանրության սպասումների մակարդակով, չնայած հրաշալի գիտեն առկա խութերը։ Բայց փորձագետները պարտավոր են առավել սթափ գնահատել զարգացումների ընթացքը։ Մեկ այլ հանգամանք ևս ինձ զարմացրեց. եվրոպացի փորձագետները կարծում են, թե Վրաստանը պետք է հիացած լինի Արևմուտքից ստացած աջակցությամբ։ Ակնհայտ է, որ վերջիններս չեն կարող իրերին նայել կովկասցի փորձագետների տեսանկյունից։ Պետք է արձանագրել, որ Արևմուտքում առավել հետաքրքրված են Վրաստանի իրավիճակով։ Բազմաթիվ փորձագետներ հասկանում են, որ Միխեիլ Սաակաշվիլին այլևս չի կարող պաշտոնավարել, ու հեղափոխությունն անխուսափելի է։ Հիմնական խնդիրը դիտվում էր վրացական ընդդիմության միավորումը և հարմար թեկնածուի ընտրությունը, քանի որ ընդդիմադիր յուրաքանչյուր լիդեր` և՛ Բուրջանաձեն, և՛ Ալասանիան, և՛ Նաթելաշվիլին, ըստ նրանց, ունեն թերություններ։
-Իսկ հայաստանյան «հեղափոխական» անցուդարձի շուրջ ինչպիսի՞ տրամադրվածություն կա Արևմուտքում։
-Բոլոր այն մարդիկ, ովքեր տառապում են Հայաստանում գունավոր հեղափոխություններ ծրագրելու մարմաջով, պետք է հանգստանան, քանի որ Հայաստանը բնավ հետաքրքրություն չի ներկայացնում որևէ մեկի համար, ու որևէ մեկը չի էլ քննարկում նման հեռանկար։ Թող այդպիսի մտավարժանքից հրաժարվեն։
-Բացի ղարաբաղյան հակամարտությունից` Հայաստանն ուրիշ ինչո՞վ է հետաքրքրում Արևմուտքին։
-Ներկայումս Միացյալ Թագավորության կառավարական և ոչ կառավարական շրջանակները հիմնականում շահագրգռված են տարածաշրջանում կոնֆլիկտի վերսկսման բացառմամբ։ Սա շատ առանցքային շահ է, ու բավականին հատկանշական Հայաստանի համար, որովհետև մեզ ևս ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը։ Սա հասկանում են նաև այնտեղ։ Հաջորդ հնարավորությունը, որ բաց է մեր դիվանագիտության համար, այն է, որ Ադրբեջանից լրջորեն հիասթափված են` վերջին շրջանում նրա կողմնորոշումների, սիրախաղերի, Արևմուտքին հրապարակավ ու ոչ հրապարակավ խոստումներ տալու պատճառով։ Այս կտրվածքով մենք բավականին մեծ հնարավորությունների դաշտ ունենք` ամրապնդելու մեր դիրքերը միջազգային քաղաքականության հարթակում։
-Այսօր հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման ֆոնին կրկին ղարաբաղյան հարցն է առաջ քաշվում։ Նախ` ինչպիսի՞ն է Արևմուտքի փորձագետների արձագանքն այս հարաբերությունների մերձեցմանը, և որքանո՞վ է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը տեղավորվում այդ շրջանակներում։
-Հայ-թուրքական սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման շուրջ հետաքրքրությունն իսկապես մեծ է։ Լավատեսությունը փոքր-ինչ զգուշավոր է։ Եթե անգամ որոշ շրջանակներ հավատում են, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա, գիտակցում են, որ այն բարդ է` ցեղասպանության ճանաչման համապատկերում։ Նրանք հրաշալի նկատում են նաև Թուրքիայի ներքին փոփոխությունները, որոնք, կարծես թե, այնքան էլ բարենպաստ չեն այդպիսի զարգացում կանխատեսելու համար։ Մյուս կողմից` այս զգուշավորությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան սերտ փոխգործակցության մեջ է ռուսական կողմի հետ։ Այս գործընթացի օրակարգն այնպիսին է, որ այլևս չի կարող բավարարել երկու կողմերին ու հատկապես հայերին։ Դատելով վերջին հայտարարություններից` հայ-թուրքական հարաբերությունների լույսի ներքո քննարկվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերություններում պետք է ներառել առկա պատմական և ժամանակակից խնդիրների ողջ համալիրը։ Իսկ ասել, թե հայ-թուրքական հարաբերությունների հիմնական առանցքը ղարաբաղյան հիմնահարցի լուծումն է, նշանակում է ընդունել, որ դա ձախողման տանող ճանապարհ է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ