Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ափսոս էր մարդը

Ափսոս էր մարդը
15.05.2012 | 00:00

Նախընտրական շրջան էր, զբաղված էի, մամուլին գրեթե չէի հետևում: 10-12 օր ուշացումով իմացա, որ «Իրատես de facto»-ի 1-3. 05. 2012 թ. համարում Սոկրատ Հովսեփյանը նյութ է գրել: Ասացին` փառաբանել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին, մեղադրանքներ է հասցեագրել ինձ: Թերթը գտա, կարդացի: Ա՜յ քեզ Սոկրատ, ա՜յ քեզ Հովսեփյան:

Վերջինիս ճանաչում եմ 90-ականների սկզբից: Սկզբունքային, պարկեշտ անձնավորություն էր: Դատախազությունում էր աշխատում: Հոդվածներով խստորեն քննադատում էր ՀՀՇ իշխանությունը, գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին: Ի վերջո, հեռացվեց համակարգից, բայց շարունակեց անկախ, ինքնուրույն մարդ մնալ: Հիմա Արտաշատի Այգեստան համայնքի ղեկավարն է: Ասում են` լավ գյուղապետ է:

Վերջին շրջանում հիշյալ թերթում հակադաշնակցական դրսևորումներ էր ունենում: Կարդում-մտածում էի` մարդ է, սխալվում է, բայց կարծիք ունենալու իր իրավունքն է, ի՞նչ կարող ես անել: Սակայն նրա այս մի հոդվածը զարմացրեց նույնիսկ ինձ:

Մեջբերում եմ Սոկրատին. «Նկատել եմ, որ նման չարությամբ խոսում են նրանք, ովքեր կորցրել են կուշտ ստամոքս կերակրող երանելի պաշտոնը, կամ էլ, որպես քաղաքական գործիչ, սպառել են իրենց և գնում են վաբանկ:

Այդպես սկսեցի մտածել, երբ Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ լսեցի ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ելույթը: Ելույթում մասնավորապես կոչ արեց իրենց (այսինքն` ընտրողներին) տղամարդու պես պահել, չվախենալ մարզպետից (կարծես մարզպետը բոբո է, որ կարող է հարմար պահին փոր թափել), որովհետև եթե մարզպետը չկարողանա ձայներ տանել իր կուսակցության համար, հենց այդ կուսակցության պարագլուխները նրան «ռադ են անելու»: Անկեղծ ասած, մի պահ չհավատացի լսածիս, բայց երբ հաջորդ օրը «Առավոտում» կարդացի վերոհիշյալ տողերը, սկսեցի ինքս ինձ հարցեր տալ:

-Ընկեր Աղվան, որտեղի՞ց այդքան չարություն և կոպտություն բանասերիդ մեջ: Ինչո՞ւ ես այդքան ատելություն ցանում շրջապատում մեկի նկատմամբ, որը ծառայություններ ունի, և այն էլ անձնուրաց, երկրին մատուցած»:

Արտաշատի հանրահավաքի իմ ելույթը նույն օրվա երեկոյան (ապրիլի 25-ին) տեղադրված էր մի քանի կայքերում: Հիմա մեջբերում եմ այն հատվածը, որ Սոկրատի մեջ բուռն ցանկություն է առաջացրել փառաբանելու մարզպետին, ինձ պախարակելու. «Մի քանի օր առաջ, ուրիշ մարզում, գյուղապետերը ինձ հարց են տալիս. պարոն Վարդանյան, մեր էս, մեղմ ասած, անհաջող մարզպետին ընտրություններից հետո պահելո՞ւ են: Ասում եմ` բայց ինչո՞ւ եք ինձ հարցնում: Պարզ չէ՞. եթե իր իշխանության համար շատ ձայն տարավ, կպահեն, եթե ձախողվեց, ռադ կանեն: Էդ ձայնը ապահովողները դուք եք, ձեր բնակիչներն են: Եթե չեք ուզում, որ պահեն, ու էլի ձեր հերն անիծի, գնացեք` մտածեք»:

Դու էստեղ քո մարզպետին որտե՞ղ ես տեսել, Սոկրատ: Խոսել եմ Արտաշատում, ասել եմ` ուրիշ մարզում:

Իմ հարցը նախկին ոստիկան, Կապանի նախկին ոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ, արտակարգ իրավիճակների վարչության նախկին ղեկավար, Արարատի ներկա մարզպետ, գեներալ Էդիկ Բարսեղյանը չէ: Լավ մարդ է, խոսք չունեմ: Նրան Հայաստանում բոլորն են ճանաչում: Նաև` նախորդ ընտրություններից. 1995, 1996, 1998, 2003, 2007, 2008. ՀՀՇ-ի օրոք, Ռ. Քոչարյանի օրոք:

Իմ խնդիրը դու ես: Որ մեկին գովերգելու բուռն ձգտման մեջ փորձում ես վարկաբեկել իմ կուսակցությունն ու ինձ: Վստահ եղիր` մեզ էլ են բոլորը ճանաչում: Իմացիր նաև, որ Կապանի պաշտպանության դժվար օրերի մասին էլ քեզնից քիչ բան չգիտեմ. Էդ. Բարսեղյանի լավ դերակատարությունն էլ գիտեմ, չորս ֆագոտի պատմությունն էլ, ոստիկանության շենքի մոտ ականից` 16, ու Շահումյան փողոցի հացի հերթում ինքնաթիռի ռմբակոծումից 32 զոհերի մասին էլ:

Նաև հավատում եմ, որ մարզպետ Բարսեղյանն էլ է վատ զգացել, երբ քո հոդվածում նրան Կապանի գրեթե միակ հերոս ես ներկայացրել: Քծնանքը վատ բան է, Սոկրատ:

Հանրահավաքի նույն ելույթիս մեջ նաև ասել եմ. «…համատարած 10000 դրամ ընտրակաշառքի խոստում ու բաժանում է: Մարզպետները, գյուղապետերը, իրավապահները մարդկանց կանչում են, վախեցնում, ստիպում աշխատել իշխանության համար: Իշխանություն ասելով` ես նկատի ունեմ գործող կոալիցիան: Ցուցակներ են կազմում, անձնագրերի պատճեններ հավաքում, ասում են` քեզ, քո բարեկամին գործից կազատենք, կդատենք: Անհնազանդներին հարկային ու ոստիկանություն են կանչում, գույքահարկ ու վարձավճար են զեղչում: Հանգստացե՛ք: Հանրապետության նախագահի խոսքերը (նորմալ ընտրություն անցկացնելու մասին) ձեզ չե՞ն վերաբերում: Թե՞ նորից ուզում եք մեր երկիրը ցնցումների մեջ գցել, արտաքին ուժերի ճնշումների դուռ բացել: Թե՞ մտածում եք` ինչքան երկիրը թույլ լինի, էնքան ձեր գործերը աջ կգնան: Ի՞նչ է, ուզում եք, որ Հայաստանը ղեկավարեն տեղական կամակատարնե՞րը, ծառայամիտնե՞րը, մուտիլովշչիկնե՞րը, 10 գույն փոխածնե՞րը»:

Ճի՞շտ չեմ ասել, Սոկրատ: Այո, նաև ասել եմ` տղամարդ եղեք: Հիմա քո արածը տղամարդկությո՞ւն է: Ինձ, Վահան Հովհաննիսյանին անազնվության մեջ ես մեղադրում: Ո՞ր հիմքով: Անազնվությունը, անպարկեշտությունը քո արածն է: Ցավում եմ:

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ


Հ. Գ. -Սոկրատ, երբ կարդացի հոդվածդ, զանգեցի քեզ, ելույթիս տեքստը mail-ով ուղարկեցի, խնդրեցի` ծանոթանաս և եթե ասելիք ունես, զանգես: Չես զանգել: Ամաչո՞ւմ ես: Էդ արդեն լավ է:

Իմացիր` ատելություն ու չարություն երբեք չեմ տարածել, և սպառված գործիչ էլ չեմ, Սոկրատ։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ