«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ցեղասպանության կանխարգելումը ժամանակակից պայմաններում

Ցեղասպանության  կանխարգելումը  ժամանակակից  պայմաններում
27.04.2012 | 00:00

Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները խիստ գնահատելի են, հետևողական քայլերի արդյունք և կարիք ունեն տրամաբանական շարունակության: Միաժամանակ, անցյալի դասերի և այսօրվա իրականության սթափ վերլուծության հիման վրա անհրաժեշտ է հաշվի առնել ցեղասպանության կանխարգելման որոշ հիմնական ուղղություններ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

Փորձը ցույց է տալիս, որ հայ իրականության մեջ ազգային մի շարք հիմնահարցերի արդյունավետ լուծումները պայմանավորված են քաղաքական, մշակութային կառույցների ու ենթակառույցների, երբեմն նաև՝ անհատական նախաձեռնությամբ սկիզբ առած գործնական տարբեր մոտեցումների առկայությամբ: Դրանք կարող են ոչ միայն տարբեր լինել իրենց բնույթով, այլև հաճախ պետք է լրացնեն մեկը մյուսին: Ասվածի վառ ապացույցը կարող է լինել Հայաստանին մասնագիտական օգնության տրամադրումը սփյուռքում հիմնադրված ու գործող զանազան կազմակերպությունների միջոցով (Ֆրեզնոյի հայ ճարտարապետների խումբը, Լոս Անջելեսի հայ ատամնաբույժների ընկերակցությունը, Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, Հայաստանի հետազոտությունների և ծրագրավորման հիմնարկը և այլն): Միաժամանակ, շատ ցավալի է, իսկ օտարների համար` առնվազն զարմանալի, պառակտվածություն տեսնել ոչ միայն միասնական ճակատով «Հայ դատի» հետապնդման ու հայկական բազմերանգ քաղաքական լոբբինգի գործունեության մեջ, այլև ապրիլի 24-ը ներազգային մակարդակով ոգեկոչելու ձեռնարկներում: Թեև միամտություն կլիներ կարծել, որ միասնական ջանքերով այս ասպարեզում գործելը թույլ կտար քաղաքական ավելի ներազդու որոշումներ ակնկալել օտար պետությունների բարձրագույն օրենսդիր, ղեկավար մարմիններից ու միջազգային ատյաններից, այսուհանդերձ, կարծում ենք, որ «Հայ դատի» հետապնդման ուղղությամբ ազգային ու պետական լավագույն ուժերի համադրումն ու համախմբումը դարձել է ազգային անհետաձգելի հրամայական:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է, ինչ Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, բացի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամենօրյա հետևողական աշխատանքներից, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի և Սենատի առողջ ուժերի հետ համատեղ քարոզչական արշավ ծավալելով, իր լրացուցիչ զորակցությունն է հայտնում նաև այնպիսի բանաձևերի մշակմանն ու ընդունմանը, որոնք առնչվում են հրեաների, հույների, քրդերի և այլ ազգերի մարդկային իրավունքների ոտնահարումների բացահայտմանն ու դրանց ճանաչման միջոցով հնարավոր բարոյական ու նյութական փոխհատուցման ուղղությամբ այդ ազգերի կողմից տարվող արդար պայքարին: Կարևորն այստեղ, մի կողմից, բախտակից համախոհների, համակիրների ձեռքբերումն ու նրանց հետ քաղաքական կապերի զարգացումն է, մյուս կողմից, ցանկացած ազգի ցեղասպանության փաստերը բացահայտելուն նպաստելով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գնալով ավելի իրական հիմքեր է ձեռք բերում: Խիստ գնահատելի են նաև առանձին պետությունների կառավարությունների հետ հայկական տարբեր կազմակերպությունների կողմից տարվող հետևողական աշխատանքները, որոնք աստիճանաբար իրենց բաղձալի արդյունքն են տալիս:

ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԵԾ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՍԵՑՈՒՄ

Ցեղասպանության ձևերից մեկը կարելի է համարել տվյալ երկրի բնակչության ստիպողական, ինչպես նաև կամավոր, զանգվածային բնույթ կրող արտագաղթը: Այն կարող է պայմանավորված լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ դրդապատճառներով, որոնք այս կամ այն չափով օբյեկտիվ (առարկայական, կամքից անկախ) կամ սուբյեկտիվ (ենթակայական, կամքից կախյալ) բնույթ են կրում Հայաստանի այսօրվա իրականության մեջ: Սակայն փաստն այն է, որ հանրապետության բնակչության մի զգալի մասը տեղահան է եղել իր ծննդավայրից, մի երկրից, որի բնակիչները տարերային աննկարագրելի աղետից՝ երկրաշարժից հետո անգամ երկար ժամանակ չէին կարողանում բաժանվել իրենց տան փլատակներից:

Տվյալ դեպքում, ցեղասպանության հիշյալ ձևը կարող է կասեցվել միայն սոցիալ- տնտեսական համապատասխան պայմանների ապահովմամբ, իրատեսական ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ, Հայաստանի ժողովրդական տնտեսության նոր համակարգի ձևավորմամբ, ապապետականացված և պետության տնօրինությանը հանձնված ձեռնարկությունների արտադրական կարողությունների վերագործարկմամբ: Բացի այդ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գլխավոր գործընթացները, փոփոխություններն ու միտումները, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսության հարուստ, բայց և սահմանափակ տնտեսական ու գործարար ներուժը, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել արտերկրի հետ համատեղ ներդրումների նպատակային օգտագործմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

Միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման ժամանակակից փուլն իր որոշակի փոփոխություններն է մտցնում միջպետական հիմնահարցերի մինչ այդ գոյություն ունեցող ավանդական ձևերում: Մասնավորապես, ակնհայտ է այն իրողությունը, որ որևէ իշխանության ձեռնարկած ցեղասպանության փորձերը ենթակա են կատարյալ ձախողման հատկապես այն երկրում, ուր, ի թիվս այլ գործոնների, ավելի մեծ թվով պետությունների և գերպետությունների տնտեսական, բնականաբար, նաև քաղաքական շահերն են ներկայացված: Հետևաբար, արտերկրի հետ համատեղ ուղղակի և պորտֆելային ներդրումների իրականացումը կարող է հետապնդել ոչ միայն տեղաբնակների սոցիալական կարիքները բավարարելու և նախկին հայաստանաբնակների հնարավոր ներգաղթը խթանելու նպատակ, այլև ի զորու է լուծելու մի շարք այլ, այդ թվում՝ ազգային և քաղաքական բնույթի հիմնահարցեր:

ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

Աշխարհաքաղաքական առկա պայմաններում կենսական անհրաժեշտություն է ճիշտ գնահատել պատմական այն առիթը, որով հայ ժողովուրդը, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, կերտում է իր պետականությունը: Գերտերությունների գլխավոր քաղաքական կողմնորոշումները հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետությունը պետք է դրանք հնարավորինս համահունչ օգտագործի սեփական քաղաքական շահերը հետապնդելու, հարևան և այլ տերությունների կողմից նոր հարձակումների վտանգն իսպառ վերացնելու համար:

Այս առումով կարևոր նշանակություն ունի արդի գերակայություններից բխող մանրակրկիտ մշակված ու հիմնավոր սոցիալ-տնտեսական ծրագրերի օգնությամբ Հայաստանի ներքին արտադրական հզորությունների և արտաքին տնտեսական օժանդակության արդյունավետ օգտագործումը: Գոյություն ունեցող և ստացվող նյութական ռեսուրսներն ավելի քան բավարար են դրանք անհապաղ շրջանառության մեջ դնելու և ծառայեցնելու հանրապետության ազգային տնտեսության համաչափ զարգացմանն ու հայոց պետականության ամրապնդմանը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

Արևմտյան և Արևելյան Հայաստանից տարբեր տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ արտագաղթած հայությունը գրեթե ամենուր իր հիմնած կառույցներով լուրջ քաղաքական ուժ է: Լինելով այս կամ այն երկրի քաղաքացիներ` հայերն իրենց մասնակցությունն են բերում տվյալ երկրի տնտեսական, քաղաքական, գիտական և մշակութային կյանքում: Սփյուռքահայության ներկայացուցիչները շատ դեպքերում որոշիչ դեր են խաղում հիշյալ բնագավառներում և իրենց դրական ազդեցությունն են ունենում թե՛ օտարների, թե՛ հայերի մոտ հայի կերպարը լավագույնս դրսևորելու գործում (Քըրք Քրքորյան, Ալեք Մանուկյան, Ջորջ Դոքմեջյան, ՈՒիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի և այլք): Բացի այդ, հայերն իրենց քվեներն են տալիս տվյալ երկրի բարձրագույն մարմիններում քաղաքական գործիչների ընտրության ժամանակ: Հաճախ հայահոծ համայնքներում (ինչպես, օրինակ, Կալիֆոռնիայի նահանգի տարբեր շրջաններում) հայերի քաղաքական ակտիվությունն իր որոշիչ դերն է խաղում այս կամ այն անհատի ընտրության, վերընտրության, իսկ հայերի հանդեպ ոչ բարենպաստ կեցվածք ունենալու դեպքում` ընտրությունը ձախողելու գործում: Այս իմաստով կարևոր են սփյուռքահայության՝ իբրև հզոր քաղաքական ուժի պահպանումը և զարգացումը, որ հիմնականում կարող է իրականություն դառնալ սփյուռքի քաղաքական, մասնագիտական, մշակութային և բարեսիրական կառույցների ամրապնդմամբ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՆԱԿԱՆ ԱՃ

Որքան էլ կարևոր է քաղաքական, տնտեսական և այլ գործոններից յուրաքանչյուրի դերը ցեղասպանության հին ու նոր ձևերի կանխարգելման գործում, այսուհանդերձ, ազգային վերածննդի կարևորագույն հիմքերից մեկը բնական աճի գործոնն է: Այս առումով թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում բոլոր հնարավոր միջոցներով պետք է խթանել հայության բնական աճը՝ ծնելությունը հասցնելով ժողովրդագրական առումով ոչ թե պարզ, այլ ընդլայնված վերարտադրության մակարդակի: Ըստ որում, քանակական աճը խթանելով, երբևէ չպետք է աչքաթող արվեն որակական հիմնահարցերը. նոր սերնդի հայեցի դաստիարակությունը, հայ եկեղեցու, հայկական դպրոցի և հայ ընտանիքի հոգևոր արժեքներին երիտասարդներին հաղորդակից դարձնելը, հանցավոր խմբավորումներից, օտարացումից և ուծացումից նրանց զերծ պահելը, ինչպես նաև հայության համար պիտանի անհատներ դաստիարակելը:

Հիշյալ և այլ հնարավորությունների օգտագործումը համադրված, հետևողական ու համբերատար գործողությունների կարիք ունի: Ազգային, քաղաքական, տնտեսական և այլ ասպարեզներում յուրաքանչյուր հայ մարդու առօրյա ձեռքբերումներով կարելի է լավագույն ձևով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին և բոլոր հնարավոր միջոցներով կանխարգելել ցեղասպանության տարբեր դրսևորումները ժամանակակից պայմաններում:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ