Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ԵԹԵ ՍԱ Է ԴՐԱԽՏԸ, ԲԱ ԴԺՈԽՔԸ Ո՞ՐՆ Է»

«ԵԹԵ ՍԱ Է ԴՐԱԽՏԸ, ԲԱ ԴԺՈԽՔԸ Ո՞ՐՆ Է»
18.02.2011 | 00:00

«Ներքաղաքական կյանքում չի լինում այնպես, որ երկու տարի առաջ հայտարարվի, թե` եկեք դաշինք կազմենք ու նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գանք»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ՀԴԿ առաջնորդ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Իսկ պատճառը, ըստ բանախոսի, Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն է, երբ իշխանությունները նախօրոք ցանկանում են իրենց ապահովագրել` տարբեր խաղեր խաղալով։ «Երբևիցե որևէ մեկին պետք չէր գա այս կամ այն մարդու պաշտպանությունը, եթե հանրապետության նախագահն այս տարիներին կարողանար իրականացնել այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար։ Իսկ ժողովուրդն էլ առանց որևէ հայացք գցելու այս կամ այն քաղաքական ուժին, կասեր` ես ձայնս տալիս եմ իրեն, քանի որ նա իրագործել է այս-այս բաները։ Իսկ հիմա արհեստական իրավիճակ է ստեղծվել»,- նշեց ակումբի հյուրը` միաժամանակ անդրադառնալով կոալիցիայի գործունեությանը։ Կասկած հայտնելով, թե առաջիկա տարիներին կոալիցիայում համերաշխություն կլինի, և նոր հուշագիրն ինչ-որ բան կփոխի` Արամ Սարգսյանը փաստեց. «Սոցիալական վիճակը, գնաճն ինքնաբերաբար հանգեցնում են այն իրավիճակին, որ հասարակությունն սկսում է չվստահել իշխանություններին։ Կարծում եմ, նախագահը պետք է հայտարարեր հետևյալը` քաղաքական իրավիճակն ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունն ինձ պարտադրում են իրականացնել կտրուկ քայլեր։ Սոցիալական բևեռացումը հանգեցրել է նրան, որ մեծահարուստներն այս ճգնաժամի ընթացքում ոչ մի կորուստ չունեցան, ստվերում է նրանց 60-70 տոկոսը։ ՈՒստի նախագահը պիտի հայտարարեր` այսօր փոխում եմ խաղի կանոնները, որ երկիրն այս իրավիճակից դուրս բերեմ, ստվերն էլ բերեմ օրինական դաշտ։ Հայաստանի քաղաքական դաշտում իրենց ներկայացնում են միայն ազատական ուժերը, բայց լավ հիշում ենք, թե 90-ականներին նրանք ինչպիսի դրախտ էին խոստանում ժողովրդին։ Եթե սա է դրախտը, բա դժոխքը ո՞րն է։ Այս պահին հարկավոր է նաև ձախ ուժերի միավորում, որը հնարավորություն կտա հակակշռելու ազատական կուսակցությունների դերակատարությունը»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությանը, քաղաքական գործիչը նկատեց. «Կոալիցիայում եղած ուժերից գոնե մեկ-երկուսն ունեն իրենց նպատակներն ու դրանց հասնելու համար տարբեր ճանապարհներ են ընտրում։ Նորմալ է, երբ կոալիցիայում անհամաձայնություն կա, բայց հարցն այն է` ինչպիսի՞ ընտրության են նրանք պատրաստվում գնալու։ Շատ կասկածում եմ, որ այսօր հայտարարելով միասնական թեկնածուով հանդես գալու մասին, հինգ ամիս հետո այդ որոշումը չի փոխվի։ Սա արհեստական ու պարտադրված իրավիճակ է»։ Այն հարցադրմանը` արդյոք ԲՀԿ-ն այսօր պարտադրվա՞ծ է կոալիցիայում լինելու, Արամ Սարգսյանն ասաց. «Մի՞թե չի երևում։ Մարդիկ արդեն վեց ամիս է` առևտուր են անում։ Եթե պիտի հայտարարեին, հենց առաջին օրն էլ պիտի ասեին, եթե ոչ, երբեք չպետք է հայտարարեին։ Ինքնին հասկանալի է, որ որոշակի պարտադրանք կա։ Մեկն ասի` ինչո՞վ եք զբաղված, ընկերներ, էս երկիրը ձեռքից գնում է»։ Ավելին, բանախոսի դիտարկմամբ, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, վերջապես կբացահայտվի Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունն այս ամենում։ «Ռոբերտ Քոչարյանն անձամբ ասաց, որ չի պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ։ Այլ հարց է, թե նա ինչ արեց երկրի հետ։ Հանդես եկավ, եթե կարելի է ասել, հարցազրույցով, որը նախօրոք պատրաստված էր, ու ներկայացավ որպես սուրբ։ Իր ժամանակ երկիրը ծաղկել է, բոլոր ցուցանիշները հիանալի են, Շվեյցարիա ենք դարձել, իսկ դա ժողովուրդը չի նկատել։ Բնականաբար, այսպես մտածող մարդը ցանկանում է գալ ու շարունակել իր գործը։ Եթե ես չեմ ցանկանում քաղաքականություն մտնել, այդպիսի հայտարարություններ չեմ անի, այլ կթողնեմ` իմ փոխարեն ուրիշներն ինձ գնահատեն»,- շեշտեց ակումբի հյուրը` արձանագրելով, որ ՀԴԿ-ի առաջին կռիվը Ռոբերտ Քոչարյանի հետ եղել է հենց այս հողի վրա, այսինքն` նախորդ նախագահի գործունեությանը գնահատական տալու։ Սակայն Քոչարյանը հրաժարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը գնահատական տալուց` պնդելով, որ այդ պարագայում երկրով մեկ պետք է կախաղաններ դնել։ «Չարեց, որովհետև հավանաբար գիտեր, որ վաղն էլ իրեն պիտի նման պատասխանատվության կանչել։ Նույնը չարեց նաև Սերժ Սարգսյանը ու հիմա այդ քաղաքականության պտուղներն է քաղում»,- հավելեց բանախոսը։
Բացառելով ՀԴԿ-ի հնարավոր միավորումը ՀԱԿ-ին` Արամ Սարգսյանը հիշեցրեց ՀՀՇ-ի կառավարման տարիները. «Մենք կարճ հիշողություն չունենք և գիտենք` ով ինչի համար է պատասխանատու։ Շատ հեշտ է ամեն ինչ մոռանալ, այսօր սուրբ ներկայանալ ու ասել` այ սա եմ անելու։ Էն ժամանակ անեիք, եթե կարող էիք։ Սխալներ կարող էին լինել, բայց դրանք հանցանքներ են»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ