Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռազմաքաղաքական ուժերի նոր վերադասավորումներ

Ռազմաքաղաքական ուժերի նոր վերադասավորումներ
30.01.2009 | 00:00

ՀԱՏՈՒԿ «ԻՐԱՎՈՒՆՔԸ de facto»-Ի ՀԱՄԱՐ
Վերջին քսան-քսանհինգ տարիներին Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացները, որոնք հանգեցրին արդեն իսկ առաջացած ուժերի անհավասարակշռությանը, տարածաշրջանում քաղաքական ու ռազմաքաղաքական նոր ուժերի վերաձևավորման լրջագույն պատճառ դարձան։ ՈՒժերի հավասարակշռության խախտման առկա պայմաններում առաջատար պետություններն ակտիվորեն փորձում են որևէ կերպ մասնակցել ընթացող իրադարձություններին` իրենց համար ապահովելով առավել նախընտրելի տեղ, ինչն էլ ենթադրում է տարածաշրջանային նոր դաշինքի ձևավորում։ Սկիզբ առած գործընթացներն ունեն ոչ միայն շարունակական բնույթ, այլև հակված են զարգանալու և խորանալու տարբեր ուղղություններով։ ՈՒժերի հավասարակշռությանը միտված վերադասավորումը բավականին բարդ ու չափազանց մեծ ռիսկային խնդիր է, ինչը չի սահմանափակվում միայն տարածաշրջանային «նեղ» մասշտաբով։
Հետխորհրդային Ռուսաստանն աստիճանաբար կորցնելով տարածաշրջանում ունեցած իր հիմնական դիրքերը` ռազմավարական համագործակցության միջոցով ակտիվորեն փորձում է վերականգնել նախկին ազդեցությունն Իրանի և Իրաքի վրա, միաժամանակ պահպանել և ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Փաստենք, որ Հարավային Կովկասը հատկանշվում է նրանով, որ այդպես էլ Մեծ Մերձավոր Արևելյան տարածաշրջանի լիիրավ մաս չկազմեց։ Ընդ որում, այդ հարցում առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Իրանը։ Այսպիսով, Հարավային Կովկասն իր նշանակությամբ առանձնացավ որպես աշխարհաքաղաքական մեկուսացված տարածաշրջան, ինչն էլ, ըստ էության, նրա կառավարումն ավելի հեշտ և գործնականորեն ավելի ազդեցիկ է դարձնում։
Մինչ այժմ ստեղծված կամ դեռևս կազմավորման փուլում գտնվող աշխարհաստրատեգիական կառուցվածքները (Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան-Վրաստան, մյուս կողմից` Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան-Հունաստան-Կիպրոս-Հայաստան, ինչպես նաև ՎՈՒԱՄ և աշխարհատնտեսական կապի առումով Իրան-Հունաստան-Հայաստան) պլանավորված ծրագրային մակարդակներից այդպես էլ չտեղափոխվեցին գործնական հարթություն։ Այս առումով միակ և ընդունելի բացառությունը, որոշակի վերապահումներով, կարելի է համարել իսրայելաթուրքական դաշինքը, որը, սակայն, չի պարունակում ո՛չ ռազմական և ո՛չ էլ քաղաքական ձևակերպումներ։ Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Իսրայելը հակված չեն կիսելու իրենց առջև ծառացած խնդիրները։
Տարածաշրջանում ընթացող կառուցվածքային նոր դաշինքների ձևավորումն այնքան էլ նախընտրելի չէ ԱՄՆ-ի համար, քանզի դրանց ստեղծումը հղի է տարածաշրջանի անկառավարելիության վտանգով։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը բավականին լավ է հասկանում, որ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Եվրասիայում չկան պրոամերիկյան միակամ քաղաքական միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ նախընտրելի պայմաններ, ինչի պատճառով էլ բացարձակապես անիմաստ է համարում սահմանափակումներն ու կասեցումներն ընդդեմ ստեղծվող հզոր դաշինքի, հուսալով, որ այդ մեծ տարածաշրջանում դրանցով գոնե հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել։
Ստեղծված դժվարագույն պայմանների իրողությունը, սակայն, Հայաստանին չի կարող ստիպել արհամարհանքով վերաբերվել իրատեսական մի շարք ծրագրերի, հատկապես, եթե դրանք ուղղված են իր ազգային անվտանգությունը, աշխարհատնտեսական և ռազմական համագործակցության բազմաճյուղ նախաձեռնությունները տարածաշրջանում ապահովելուն։ Իրան-Հայաստան-Հունաստան և Իրան-Հայաստան-Թուրքմենստան աշխարհատնտեսական նոր եռանկյունիները, ըստ էության, ներկայացնում են կարևորագույն նշանակության այն կառուցվածքը, որով պայմանավորվում են Հայաստանի տնտեսության զարգացումն ու տնտեսական անվտանգությունը։ Մինչդեռ Հայաստանն է՛լ ավելի ակտիվ հետաքրքրություն պիտի ցուցաբերի և հատուկ կարգավիճակների պարագայում էլ մասամբ ապաքաղաքականացնի աշխարհատնտեսական և կոմունիկացիոն ծրագրերը` դրանք զարգացնելով ոչ թե միաբևեռ, այլ բազմաբևեռ ուղղվածությամբ։ Հայաստանի նման ձգտումները կարող են միանգամայն ընդունելի լինել նաև ԱՄՆ-ի և եվրոպական համագործակցության երկրների համար։ Միևնույն ժամանակ Թուրքիան ամենևին էլ չի թաքցնում իր աննախադեպ հետաքրքրությունները` զարգացում ապահովող ընդհանուր տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերում Հայաստանն ընդգրկելու առումով և հետապնդում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական նպատակներ։ Թուրքիան ձգտում է կազմավորել գործունյա կոմունիկացիաներ` նախ և առաջ Կարս-Նախիջևան-Մեղրի-Բաքու կառուցվածքով` գլոբալ աշխարհաստրատեգիական խնդիրների լուծման առումով իր համար նախընտրելի հարմարավետ դաշտ ապահովելու համար։ Սակայն Իրանը ծայրահեղ բացասական և անգամ թշնամական վերաբերմունք ունի այդ և նմանատիպ նախագծերի հանդեպ։ Եթե մինչ այդ Ռուսաստանը լուռ էր ընդդիմանում նման ծրագրերին, ապա այսօր չի կարողանում բարձրաձայն ընդդիմանալ մի ծրագրի, որին օժանդակում է նաև ԱՄՆ-ը։ Ստեղծված իրավիճակում Թուրքիան գերադասում է առանց նախապայմանների վերաբացել Հայաստանի հետ ունեցած սահմանները և պատրաստ է վերանայելու մինչ այժմ որդեգրած իր դիրքորոշումը ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման հարցում` դրանով իսկ Ռուսաստանին ինքնաբերաբար դուրս մղելով տարածաշրջանային ընդհանուր կոմունիկացիոն ծրագրերից։
Օգոստոսին Վրաստանի դեմ իրականացված ռազմական գործողություններն ու դեռևս պահուստային ֆոնդում գտնվող ղարաբաղյան ռեսուրսը ՌԴ իշխանությունները միշտ էլ պատրաստ են ի շահ իրենց օգտագործելու։ Եթե ռուս-վրացական զինված հակամարտության ճանապարհով Ռուսաստանն իր համար ապահովում էր նոր դիրքերի ձեռքբերում Հարավային Կովկասում, ապա Հայաստանի հետ նոր քաղաքականության միջոցով էլ ձգտում է ջերմացնել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այդ փոխհարաբերություններն արդեն կառուցվում են Ադրբեջանի սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, ինչն էլ, փաստորեն, ենթադրում է ԼՂՀ-ի ու ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին։ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «արդարացված» նոր հարաբերություններն ուղղված են ոչ միայն Սևծովյան ավազանում իր ռազմաքաղաքական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի ցանկության դեմ, այլև ապահովելու են Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերին։
Հատկանշական է որ ԱՄՆ-ի հետաքրքրությունների առանցքը տարածաշրջանում և հատկապես Կովկաս-Կասպիական տարածաշրջանում սահմանվում է էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության խնդիրներով, և առկա գլոբալ հիմնահարցերի լուծումը դիտվում է իբրև անվտանգության ապահովման միակ արդիական միջոց։ Միաժամանակ ղարաբաղյան և աբխազական հակամարտությունների կարգավորմամբ ԱՄՆ-ի ազգային ստրատեգիան նպատակ է հետապնդում ապահովել նավթի և գազի անխափան փոխադրումները դեպի Արևմուտք։ Հակառակ ամերիկյան նավթային «ԿՕՆՕԿՕ» հզոր ընկերության, որը դադարեցրել էր իր մասնակցությունն Ադրբեջանում նավթի նոր պաշարների որոնումներում, «ԷԿՍՍՕՆ», «ՄՕԲԻԼ», «ՇԵՎՐՕՆ», «ՊԵՆՆԶՕՅԻԼ», «ՅՈՒՆՕԿԱԼ» ընկերությունները շարունակեցին իրենց ակտիվ աշխատանքները։ Իսկ «Բրիթիշ Փեթրոլեում»-ն աստիճանաբար ստանձնեց Կասպից ծովում ադրբեջանական շելֆի նավթային բոլոր ծրագրերի մոնոպոլիայի խմբավարի դերը։ Այն ապահովում է նաև ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական ներկայությունը Կովկաս-Կասպիական տարածաշրջանում, սակայն, միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի համար հղի է բացառիկ վտանգավոր հետևանքներով։ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական և ռազմաստրատեգիական վերլուծական ինստիտուտներում մշակվում են բոլոր ուղղվածությունների հնարավոր դիմադրության այն կոնսպեկտները, որոնք անցանկալի կարող են լինել սեփական ծրագրերի իրականացման գործընթացներում։ Միջտարածաշրջանային հարաբերություններում առկա մտավախություններն ԱՄՆ-ի կողմից մեծ ուշադրության են արժանանում հատկապես կոնֆրոնտացիոն հնարավոր զարգացումների առումով, որոնք կարող են տեղի ունենալ տարածաշրջանում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը, որպես զինված բախումների հնարավոր միջոց և հավանական կոնֆլիկտային բլոկ։ Հարկ է նշել, որ հենց ռուս-վրացական պարտադրված ռազմական հակամարտության իրողությունը Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետևանք էր, ինչն անուղղակիորեն ուղղորդվեց հենց ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության կողմից։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը մեկ տասնամյակից ավելի է, ինչ ձգտում էր Սևծովյան ավազանում ընդլայնել իր ազդեցության ոլորտը և այս բարդ տարածաշրջանում ապահովել իր ռազմաքաղաքական ներկայությունը։ Սակայն նաև ակնհայտ էր, որ եվրոպական մի շարք երկրներ, որոնց սահմաններով էր անցնում Սևծովյան ավազանը, միանշանակ չէին ընդունելու նման ծրագրերը և ստեղծելու էին լրացուցիչ խոչընդոտներ։ Մինչդեռ ԱՄՆ-ին պետք էր ընդամենը ռազմական գործողություններ հրահրել Վրաստանի դեմ, որպեսզի, մի կողմից, արդարացվեր «իր իսկ ստեղծած» խնդիրների լուծման նոր ձևաչափերի ընդունումը, մյուս կողմից էլ` հարթվեին Եվրամիության այդպես էլ չստեղծված խոչընդոտները։
Գրեթե նույն տրամաբանությունն է իր մեջ ներառում ղարաբաղյան խնդրի «լուծումը»։ Սակայն հարկ է նշել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ձեռք է բերել մի շարք փաստարկներ, համաձայն որոնց այն ժամանակ, երբ հայկական զինված ուժերը կլքեն սահմանված նշանակության ճակատը, կիրականանա Ղարաբաղի առարկայական հանձնումը։ Արդյունքում Ռուսաստանը կպահպանի հակամարտությունը ղարաբաղյան ճակատում, բայց արդեն ավելի ցածր մակարդակի վրա, ինչը թույլ կտա նրան բարելավելու հարաբերություններն Ադրբեջանի հետ` պահպանելով հայ-ադրբեջանական հակադրությունները։ Նախկինում ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձախողումները կարող էին ստիպել Ռուսաստանին` բացառել ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ռազմական միջոցներով կարգավորման հասնելու գաղափարը, ինչը մշտապես եղել է ռուսական քաղաքականության «պահուստային ֆոնդում»։ Սակայն արդյունքում միանշանակ կարելի է փաստել, որ Ռուսաստանն ուղղակի պատմական պարտություն կկրի կարևորագույն այս ճակատում։ Հայաստանը վերջնականապես կհայտնվի ԱՄՆ-ի ուղղակի վերահսկողության ներքո, ինչին կհետևեն ամերիկացիների կողմից տարածաշրջանում գոյապահպանման սաստիկ չոր կառուցվածքներ հիմնելու քայլերը։ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հռչակագրի համատեղ ստորագրումը, որը հատկանշվում է որպես հիմնախնդրի խաղաղ կարգավորման նախաձեռնում, այնուամենայնիվ, իր մեջ պարունակում է նոր պատերազմաշինության հիմնաքարեր, եթե, իրոք, ոչինչ չներկայացնող այդ փաստաթղթին հետևեն միջազգային իրավունքի շրջանակներում ԼՂՀ-ի հիմնահարցի կարգավորման նոր ձևաչափերի ստեղծմանն ուղղված քայլերը։
Եթե Հյուսիսային Կովկասում ԱՄՆ-ին հաջողվեց իր ազդեցության ոլորտն ընդլայնել` Սևծովյան ավազանում ռուս-վրացական զինված հակամարտություն հրահրելով, ապա Հարավային Կովկասում ընթացող իրադարձություններն ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի շրջանակներում պարտադրվում են Ռուսաստանին` վերջնականապես նրան դուրս մղելու համար այս բարդ և առանձնահատուկ տարածաշրջանից։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրոյի» գործով մահվան դատապարտված
2009 թ. 4 հունվարի

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ