Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԵԹԵ ՉԵՆՔ ԳՏՆՈՒՄ ՀԱԿԱԹՈՒՅՆ և ՄԵՐ ՀԵՐԹԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՏԵԼ ԱՏՈՂՆԵՐԻՆ, ԱՊԱ ՄԵՆՔ ևՍ ԿԹԱՂՎԵՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԵԹԵ ՉԵՆՔ ԳՏՆՈՒՄ ՀԱԿԱԹՈՒՅՆ և ՄԵՐ ՀԵՐԹԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՏԵԼ ԱՏՈՂՆԵՐԻՆ, ԱՊԱ ՄԵՆՔ ևՍ ԿԹԱՂՎԵՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ
18.03.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Աշխարհում զազրելի շատ բաներ կան, որոնց համեմատությամբ տեղին ու բնական են թվում բարոյական վրդովմունքը, հոգևոր զզվանքը, արդարացի ցասումը։ Աղջիկների հանցավոր առևտուրը, պետական դավաճանությունը, չարանենգ զրպարտությունը, սուտ մատնությունները և նման այլ ոճրագործությունները պետք է դատապարտվեն, ինչը և՛ պատիժ է, և՛ մաքրման հնարավորություն... Բայց ատելությունը... Ատելությունը հոգևոր հիվանդություն, դժբախտություն է հենց ատողի և իր շրջապատի համար։ Այդ հիվանդությունն այն է, որ մարդկային սիրտը, այսինքն, նրա անձնական կյանքի զգացմունքային կենտրոնը, համառում է ժխտման մեջ, չորանում և քարանում է։ Ընդ որում անձի մեջ ամեն ինչ վերափոխվում է` նրա մտքերը, երևակայությունը, հետաքրքրությունը, գնահատականները, կատակները, ծիծաղը, խոսքը, նույնիսկ ձեռագիրը, և, իհարկե, ձգտումները, մտադրությունները, գործելակերպը։ Ամեն ինչ ենթարկված է ժխտման հոգևոր սպազմին (կծկման)։ Ամեն ինչ ներծծված է ատելությամբ և հենվում է դրա վրա։
Մարդը երջանիկ է միայն այն ժամանակ, երբ տրվում է սիրուն, և տրվում է ինքնամոռաց։ Իսկ ատելությունն այդ երջանկությունը դարձնում է անհնարին։ Ատելությունը ժխտող, բաժանող, արհամարհող է, այն նահանջում է, չարակամորեն գնահատում թշնամուն, այն չի կարող ու չի էլ ցանկանում հանձնվել։ Այն իրեն պահում է կոշտ, սառը և անհասանելի, սերը նրան թվում է «փափկամարմին» և «անմիտ» մի բան։ Մոռացության մեջ ընկնել այն չի կարող, որովհետև հավերժական սովի ու հավիտենական ցավի տարատեսակ է։ Այն նման է վերքի, և հենց ինքն էլ փորփրում է այդ անբուժելի վերքը, կարծես հաճույք զգալով սեփական ցավից։ Այն ջղակծկում է, որը դուր է գալիս իրեն, ու այդ պատճառով թույլ չի տալիս իրեն դադարել։ Դրանով արգելակվում և ջլատվում է ատողի էմոցիոնալ կյանքը։ Լճացում է տիրում նրա հոգում` ծանր, լարված, չարությամբ լի մթնոլորտ։ ՈՒ միայն նուրբ հոգևոր լսողությունը կկարողանա այդ թանձր օդի մեջ նշմարել դեռ չխեղդված սիրո մեղմ հառաչանքը։ Ատողը հիվանդ է իր ատելի թշնամիով, ով էլ լինի նա` հակառակորդ, սոցիալական դասակարգ, ուրիշ ժողովուրդ կամ ամբողջ աշխարհը։ Ներքնապես նա չի կարող անջատել ինքն իրեն սեփական թշնամուց, նրա մեջ անհագ պահանջ կա տեսնելու նրան սև գույներով, բացատրելու նրա արարքներն ամենամռայլ ձևով, ցանկանալու ամենաչար բաները, հոգու խորքում նա երազում է թշնամու կործանման մասին` ստորացնում է նրան, ստիպում է նրան տանջվել, ու վայելք է ապրում նրա երևակայական ոչնչացումից։ Նա երազում է «պատժի» մասին, վրեժխնդրության է ձգտում, վարժեցնում է սեփական հոգին չարության և գարշելի բաների։ Եվ այն ամենը, ինչը նա ծրագրում է ու ցանկանում սեփական թշնամուն, վարակում է հենց ատողի հոգու բոլոր անկյունները, խեղաթյուրում ու փչացնում նրա բնածին բարությունը, ջլատում նրա ստեղծագործական զորությունը։ Ատողը կրում է իր սեփական անեծքն ու սեփական ճակատագիրը` ծառայելով քայքայմանը և սոցիալական բաժանմանը։ Նրա հոգևոր տեսողությունը դառնում է ոչ օբյեկտիվ և անորոշ, ու նա ինչքան շատ է տրվում ատելությանը, այնքան ավելի շատ է ընկնում ցնորական վիճակի (հալյուցինացիա) մեջ։ Նա արդեն կորցնում է լուրջ և իրատեսորեն դիտելու ընդունակությունը, արդեն փնտրում է թշնամիներին ամենուրեք, արդեն ամեն ինչ չափազանցում է, արդեն նրա հայացքում նշմարվում է սկսվող հետապնդվելու մոլությունը։
Նրա աչքից ճառագում են ատելության սև ճառագայթները, որոնք թափանցում են ուրիշ հոգիներ և չար բնազդներ արթնացնում նրանց մեջ։ Նա քարոզում է կասկածամտություն, վրեժ լուծելու և սպանության տենչանքը։ Այնտեղ, որտեղ նա «աշխատում է», պատռվում են բոլոր բնական կապերը, այնտեղ համախմբվում են նախանձ, թերարժեք ու չարակամ մարդիկ։ Այնտեղ, որտեղ նա «հաջողություն» ունի, ամեն ինչ տանում է դեպի բարոյալքում, այնտեղ արյան հոտ է գալիս։ Այսօր աշխարհը հիվանդ է ատելությամբ։ ՈՒ եթե մենք չենք գտնում վստահելի հակաթույն և մեր հերթին սկսում ենք միայն ատել ատողներին, ապա մենք ևս կթաղվենք ատելության մեջ։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ