Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԱՐՄՆԻ ԱՐԺԵՔԸ

ՄԱՐՄՆԻ ԱՐԺԵՔԸ
16.12.2011 | 00:00

Ամեն ինչ իր գինն ունի. այսպիսին է աշխարհի կարգը, որտեղ մարդկանց միջև փոխհարաբերությունները չափվում են իրենց ունեցած փողի արժեքով։ Նույնիսկ ամենանվիրական զգացմունքի՝ սիրո մեջ էլ է սողոսկել գնաարժեքային համակարգը, բացառությամբ մեկի՝ Աստվածայինի։ Չզարմանանք, որ այդպես է, որովհետև մարդկանց միջև սիրո արտահայտման մի քանի տեսակ կա. ամենասուրբն ու ամենաբարձրը Աստվածային սէրն է։ Չկարծեք, թե սխալմունք է, որ բառամիջում օգտագործվեց «Է» տառը, քանի որ Աստված Սէր է, և Նրա օրհնյալ անունը` «Է», ինչպես Մովսես մարգարեին Տերը բացեց Իր անվան գաղտնիքը։ Նման սիրո տեսակը աստվածաբաններն անվանում են Ագապոս, ուր այս աշխարհի իշխանը՝ սատանան, մուտք չունի։ Իսկ մնացածների, այսինքն` ամուսնական, ծնողական, որդիական, ընկերական սիրո տեսակների մեջ մեղքի վիրուս է մտել, ինչում, կարծում եմ, բոլորս ենք համոզվել սեփական դառը փորձով։
Բայց այս ամենը գրվեց, որպեսզի մի կարևոր թեմայի անցնենք, որը նույնպես սիրո թեմայի մեջ է սողոսկել ինչպես վիրուս, բայց բոլորովին կապ չունի իրական սիրո հետ։ Դրա անունն է սեռական ազատ, մինչամուսնական ու շատ հաճախ էլ արտամուսնական հարաբերություններ տղամարդու և կնոջ միջև, ինչը եկեղեցու հայրերն անվանել են անասնական զգացումների մեղսալից բավարարում, կամ շնություն ու պոռնկություն։ Իսկ ժողովուրդը դրա անունը դրել է մեկ բառով՝ բոզություն (թող ընթերցողը չմտածի, որ այստեղ հայհոյախոսք կարդաց. իրականում այդ նույն բառը տասն անգամից ավելի գործածվել է նաև Աստվածաշնչում (եթե կամենաք, կարող եք կարդալ օրինակ Ծննդոց 34.31, 35. 15-23 և այլն)։ Այդ բառը ժամանակից մշակութային լեզվով անվանում են մարմնավաճառություն։ Հենց այս մասին էլ խոսելու ենք հիմա, որովհետև պարզվում է, որ դեկտեմբերի 17-ը համարվում է Մարմնավաճառների իրավունքների պաշտպանության օր (իմա՝ բոզերի իրավունքների պաշտպանության օր. եթե համարձակությունս ներեր, ապա այս հոդվածի անունը հենց այդպես էլ կդնեի, բայց նախընտրեցի հետզհետե ընթերցողին ընտելացնել այդ «արհեստի» իսկական անվանը)։ Մի տեսեք, թե էս ուր ենք հասել, հումանիստական կեղծ արժեքներով վարակված եվրոժողովուրդը մեզանում էլ է արդեն դրանց իրավունքները պաշտպանում։ Զուր չէ այս խոսքը. «Նմանը նմանին է փնտրում, գտնում ու սիրում»։ Իսկ մնացած մարդկությանը, որն ուզում է մաքուր և առաքինաբար ապրել, ո՞վ պետք է պաշտպանի աշխարհի այստեսակ ապականությունից։ Այդ նորամույծ գաղափարները չե՞ն արդյոք, որ բացահայտ, օրը ցերեկով հեռուստացույցով իբրև թե ազատամիտ, բայց իրականում անառակաբարո պայքար է սկսվել աղջիկների կուսությունը մինչ ամուսնական առագաստ պահպանելու առաքինության դեմ։ Եթե Խորենացի սուրբն հայոց ազգի իր հայտնի «Ողբ»-ի ցուցակը գրելիս այս մասին ընդամենը մի կարճ տողով նշեց` «առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացան», իսկ հիմա ինչե՜ր կգրեր մեր մասին։ Հիրավի, «ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»։
Ժամանակակից սոցիոլոգները հաշվարկել են, որ աշխարհի այդ ամենահինավուրց «արհեստը» բանեցնող կանանց տարիքը տատանվում է 16-ից մինչև 45 տարեկանի սահմանում։ Սո՛ւտ է։ Նախ կանայք սովորություն ունեն իրենց տարիքը թաքցնելու և ամեն գնով երիտասարդ երևալու, լցոնած սիլիկոնե արհեստական բարեմասնություններով խաբելու տգետներին, դրա վրա ծախսելով ահռելի գումարներ (զուր չէ, որ կանանց արտաքինի ու կոսմետիկայի վրա ծախսվող գումարը աշխարհում միլիարդավոր դոլարների է հասնում), վկա են նույնիսկ մեր փոքրիկ քաղաքում գործող սուպերկոսմետիկական խանութները, որտեղ դեմքի շպարման ներկապնակը գերազանցում է գեղարվեստական, նկարչական ներկատեսակների քանակը։ Այս ախտի մասին նույնիսկ եկեղեցու սուրբ հայրերն են անդրադարձել, որովհետև այն մարդկության ապականության ամենաառաջին գործոններից է, որովհետև այն ամենաուղիղ կապն ունի տղամարդկանց գայթակղությունների ու սերունդների ապականության և աշխարհի կործանման հետ։ Օրինակ, Գրիգոր Տաթևացին գրել է. «Ինչպես Կայենի որդի Ղամեքի կանայք՝ Ադդան ու Սելան, իրենց զարդարեցին ծարույրով ու սնգուրով խաբեցին Սեթի որդիներին և նրանք խառնակվեցին Կայենի դուստրերին, որի պատճառով ջրհեղեղը եղավ, որը ամենքին կորցրեց, բացի Նոյի սերնդից» (Տաթևացի. ամառան հատոր)։ Որպես բացատրող լրացում, ասենք, որ ծարույրը հինավուրց բառ է, որը նշանակում է աչքերն ու հոնքերը սևով ներկելու միջոց, իսկ սնգույրը, ըստ Մալխասյանցի բառարանի, բացատրվում է որպես այտերն ու շրթունքները ներկելու, շպարելու միջոց, որը ստանում են շնախաղող կոչվող բույսի մի տեսակից։ Այնպես որ, ժամանակակից մարմնավաճառները Կայենի դուստրերի դերում են, որոնք գայթակղությամբ խառնակվում են տկարամիտ տղամարդկանց հետ և այս անգամ աշխարհ հրավիրում Աստծո մաքրագործող հուրը։
Իսկ «օրինական» հազար կին ունեցող Սողոմոն թագավորը մարմնավաճառների մասին գրում է. «Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես:
Մի՛ յաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպէսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը:
Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպէսզի չկորցնես քո ունեցուածքը» (Առակներ. 5):
Իսկ որ մարմնավաճառները կարող են ունեցվածքդ էլ տանել, նաև այդ մասին է գրված. «Գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան» (Առակներ 23.21)։
Այդ նույն սոցիոլոգների հաշվարկով էլ մարմնավաճառները (նայած տարիքի) կարող են մեկ օրում «վաստկել», ոչ թե վաստակել, 100-ից 5000 դոլար։ Իսկ սուպեր-գերաստղ պոռնիկը` երբեմն էլ շատ ավելի, մեր մի քանի տարվա վաստակի չափ։ Կան հաշվարկներ, որ միայն այս փոքրիկ ու «աղքատ» Հայաստանում մարմնավաճառության շրջանառությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի է հասնում։ Թե չէ կարծում եք, ի՞նչ փողերով են գիշերային զվարճատուն-պղծատներն ու սաունա կոչվող իբր բաղնիքները պահում։
Այս էլ իմանանք, որ այս վերջին մի քանի տարում տեղի ունեցած ամենասարսափելի երկրաշարժերը, որ տեղի ունեցան Սումատրայում և Հայիթիում, և հարյուրհազարավոր մարդկանց կյանք խլեցին, ուղիղ կապ ունեին հենց մարմնավաճառության հետ։ Այն էլ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։ Կան տվյալներ, որ այդ կղզիների բնակիչներն իրենց երեխաներին ծնում ու պահում են հենց այդ նպատակի համար, ընդ որում, մանկահասակ աղջիկներն ու տղաները չափազանց թանկ էին գնահատվում, ու պղծասեր հարուստները հենց այդ նպատակի համար էին գնում այդ կղզիները։ Իսկ Հայիթի կղզու ազատասեռական բարքերի մասին դեռ հարյուր տարի առաջ մեծ վարպետությամբ պատկերել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Գոգենը, մերկանդամ հայիթուհիների իր հայտնի կտավներում, ինքն էլ լիուլի օգտվելով նրանց ծառայություններից։
Իսկ այս դարի ամենաանբուժելի հիվանդությունները, իհարկե, շատերս գիտենք, որ հենց այս սեռական սանձարձակության պատճառով են լինում։
Հիմա կասեք, այս գրածի նպատակը որն է, քանի որ բոլորս ենք տեսնում ու լսում այս ամենի մասին։ Գրվածի նպատակը մեկն է. գոնե մենք ու մեր ընտանիքները հեռու լինեն «բոզության վաստկից», քանի որ այդ խեղճերը, որոնք վաճառում են իրենց մարմինները մարդկանց, այդ նույն ժամանակ էլ իրենց հոգիներն են մատնում սատանային, ու դժոխքի կրակի տանջող որդերին։ ՈՒ թող այդ մարմինների հաճույքը գնողները չկարծեն, թե իրենք զերծ պիտի լինեն Աստծո պատժից, քանզի Պողոս առաքյալը ասում է, որ պոռնիկի հետ մերձեցողը նրա հետ մեկ է դառնում։ Նույն առաքյալը նաև զգուշացնում է բոլորիս, որ մեր մարմինն Աստծո տաճար է, որտեղ բնակվում է մեր հավիտենական հոգին, ու մեր ընտրությունից է կախված, թե այդ հավիտենականությունը որտեղ պետք է անցկացնենք. Աստծո թագավորության դրախտո՞ւմ, թե՞ սատանայի իշխանության դժոխքում։
ՈՒ չմտածենք, թե մարդասեր Տերը մոռացել է նման հոգիների փրկության մասին, քանզի դրանց հանդեպ իր անհուն սերը ցույց տվեց ավետարանական Մարիամ Մագդաղինացու միջոցով, որը, ըստ Աստծո խոսքի, մարմնավաճառ կին էր, բայց, նրա զղջման արցունքներով և Տիրոջ ներողամիտ սիրով, փրկվեց այդ հոգին և դարձավ ավետարանական առաջին սրբուհիներից մեկը։ Քանզի Նա, ով ասել է «Մի՛ շնացիր», նաև ասել է. «Ապաշխարե՛ք, որ փրկվեք»։
Ավարտենք խոսքը Տիրոջ Հայտնության գրքի վերջին գլխի այս սթափեցնող խոսքով. «Երանի՜ է նրանց, որ պահում են Աստծո պատվիրանները։ Նրանք իրավունք կունենան ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներից ներս (Երկրային Երուսաղեմի)։ Իսկ շնացողներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ